«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 2168-Ն
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 13 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստուգումների ժամանակ հայտնաբերված և առգրավված` ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների`
ա) կենսառեսուրսների` վայրի խոտաբույսերի, թփերի, ծառերի, այդ թվում` փայտանյութի և վայրի կենդանիների ու դրանց արգասիքների,
բ) հողի բերրի շերտի,
գ) օգտակար հանածոների տնօրինման կարգը:
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված արագ փչացող` առգրավված կենսառեսուրսներն անհատույց հանձնվում են տվյալ մարզի կամ համայնքի (կամ հարակից մարզի կամ համայնքի) մանկատներին կամ ծերանոցներին, թանգարաններին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ընդունող կազմակերպության ղեկավարի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:
Արագ փչացող կենսառեսուրսներ են համարվում որսված` անկենդան վայրի կենդանիները (գազաններ, թռչուններ, ձկներ, խեցգետիններ և ջրային ու ցամաքային այլ կենդանիներ), որոնք ենթակա են օգտագործման միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկումից հետո:
(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
3. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` առգրավված կենդանի վայրի կենդանիները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից ազատ են արձակվում բնական միջավայր` տվյալ մարզպետարանի բնապահպանական բաժնի և համապատասխան անտառպետության աշխատողների մասնակցությամբ:
Կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված կենդանիները, ազատ են արձակվում իրենց բնակության միջավայր (ապրելավայր, արեալ):
Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը տեսագրվում:
(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
4. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված թփերն ու խոտաբույսերը, բացառությամբ դեղաբույսերի, ոչնչացվում են:
Ոչնչացման ենթակա թփերն ու խոտաբույսերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված` 3 մարդուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված է նաև համապատասխան անտառտնտեսության ներկայացուցիչը: Ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:
Առգրավված դեղաբույսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ի տնօրինում:
(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
5. Դատական կարգով բռնագրավված` սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված օգտակար հանածոները, ենթակա են իրացման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով: Իրացումից ստացված գումարը եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Մինչև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` աճուրդային կարգով կենսառեսուրսների իրացումը` առգրավված ծառերը, ներառյալ փայտանյութը և օգտակար հանածոները, տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից, համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող մոտակա կազմակերպության (բնության հատուկ պահպանվող տարածքի, անտառտնտեսության, դենդրոպարկի և այլն) տնօրինությանը:
(5-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
6. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` առգրավված հողի բերրի շերտը մարզի տարածքների հողերի բարելավման, կանաչապատման և վերականգնման նպատակով անհատույց հանձնվում է առգրավման վայրի համապատասխան տարածքային կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և մարզպետի կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
7. Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում:
(7-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
(հավելվածը փոփ. 30.11.17 N 1588-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |