Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.54
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.04.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
12.04.2017
Дата вступления в силу
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԲ-02/16

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Դանիելյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

   
  քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2006 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ դիմող Արայիկ Զալյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` Ա.Զալյանի, Մ.Սերոբյանի և Ռ.Սարգսյանի պաշտպան Զ.Փոստանջյանի հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Ս.Մանուկյանը 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ հայտնել է, որ թիվ 90800104 քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ եղած հայտարարությունների ստուգման ուղղությամբ և 2005 թվականի մայիսի 18-ի դատավճռով փաստել է, որ դրանք անհիմն են ու մեղադրյալների կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2006 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ` քրեական գործ հարուցելուց դատախազի հրաժարվելու փաստի վերաբերյալ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի պաշտպան Զ.Փոստանջյանի բողոքը համարել է անհիմն և մերժել է:

3. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2006 թվականի մարտի 14-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի փետրվարի 1-ի որոշումը թողել է անփոփոխ, իսկ պաշտպան Զ.Փոստանջյանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշմամբ պաշտպան Զ.Փոստանջյանի՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

5. Ա.Զալյանի, Ռ.Սարգսյանի և Մ.Սերոբյանի գանգատների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2016 թվականի մարտի 17-ին Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատներ թիվ 36894/04 և 3521/07) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը:

Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 17-ի` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` դիմող Ա.Զալյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

6. Դիմող Ա.Զալյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2006 թվականի հունիսի 1-ի որոշման վերանայման վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Ս.Մանուկյանի` 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ արձանագրվել է. «(…) [Թ]իվ 90800104 քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ եղած հայտարարությունների ստուգման ուղղությամբ, իսկ ձեռք բերված ապացույցները քննարկվել և գնահատվել են գործով 18.05.05թ. կայացված դատավճռում: Դատարանը գտել է, որ մեղադրյալների այդ հայտարարությունները անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում (…)» (տե՛ս նյութեր, թերթ 5):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) ՀՀ գլխավոր դատախազության 26.12.2005թ. պատասխանը կայացված է օրենքին համապատասխան և անձանց իրավունքները կամ ազատությունները խախտված չեն այդ գործողությամբ, նշված պատասխանը բխում է ՀՀ քր. դատ. օր-ի 17-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներից, (...) Ռազմիկ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից կեղծ հայտարարությունների ստուգման ուղղությամբ, իսկ ձեռք բերված ապացույցները քննարկվել և գնահատվել են գործով կայացված դատավճռում և այժմ էլ գործը գտնվում է ՀՀ Քրեական և Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում, որը համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 385-րդ հոդվածի կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով և գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով կարող է գործը քննել լրիվ ծավալով (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 29-30):

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, փաստել է. «(...)Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի վերաքննությունը դեռևս ավարտված չէ, դատարանը գտնում է, որ ներկա փուլում պաշտպանի բողոքը բավարարելու հիմքեր չկան (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 46-47):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վկայակոչելով Եվրոպական դատարանի` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` բողոքաբերն ընդգծել է, որ նշված դատական ակտով հիմնավորվել է իր, Մ.Սերոբյանի և Ռ.Սարգսյանի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման փաստը:

Այսպես՝ բողոք բերած անձը նշել է, որ քննարկվող գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուների նկատմամբ թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումներ, մասնավորապես` պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուներին խոշտանգումների ենթարկելու առնչությամբ:

Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ առկա է իրեն, Մ.Սերոբյանին և Ռ.Սարգսյանին բռնության ենթարկած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նյութաիրավական և դատավարական անհրաժեշտություն:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է հարուցել դատական ակտի վերանայման վարույթ, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել՝ Առաջին ատյանի դատարանին ուղղված` 2006 թվականի հունվարի 8-ի բողոքը բավարարել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտման արձանագրման փաստն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը Ա.Զալյանի մասով վերանայելու հիմք է:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Այդ] նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպքում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը: Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայացվողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը» (տե՛ս «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0867/07/14 որոշման 15-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…):

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշումները):

15. Այսպես` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ա.Զալյանի (Առաջին դիմումատու), Ռ.Սարգսյանի (Երկրորդ դիմումատու) և Մ.Սերոբյանի (Երրորդ դիմումատու) նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (ընդ որում, նույն գործով Եվրոպական դատարանը փաստել է նաև, որ Ա.Զալյանի նկատմամբ տեղի են ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի խախտումներ):

15.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Ե]թե անհատը հիմնավոր բողոք է ներկայացնում, կամ, (…) անում է արժանահավատ հայտարարություն այն մասին, որ նրա նկատմամբ ոստիկանության կամ պետական այլ նման ծառայողների կողմից ցուցաբերվել է այնպիսի վերաբերմունք, որը խախտում է 3-րդ հոդվածը, այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է կատարել արդյունավետ պաշտոնական քննություն: Ինչպես 2-րդ հոդվածով սահմանված քննությունը, այնպես էլ տվյալ քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և պատժին (…):

(…) Քննություն իրականացնելու պարտավորությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ՝ միջոցների». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ ավարտվի այն եզրակացությամբ, որը համապատասխանում է դիմումատուի նշած դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը, և հայտարարությունների արժանահավատությունը հաստատվելու դեպքում, այն նաև պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանը, ու հիմնավոր լինելու դեպքում` նրանց պատժելուն: Այսպիսով, վատ վերաբերմունքի մասին ծանրակշիռ հայտարարությունների քննությունը պետք է լիակատար լինի: Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա` քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցներն ապահովելու համար, ինչը ներառում է, iոter alia, առերեսումը, դատաբժշկական ապացույցները և այլն: Քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ դրանց համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (…):

(…) Ի վերջո, (…) որպեսզի պետական ծառայողների դրսևորած ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ իրականացվող քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև՝ գործնական իմաստով անկախություն (…)» (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 267-269-րդ կետերը):

15.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) [Ի]շխանությունները, ամենաուշը 2004 թվականի մայիսի 25-ին, տեղեկացվել են երեք դիմումատուների նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին, երբ առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել, inter alia, գլխավոր դատախազին և զինվորական դատախազին (…): Այդ բողոքը բավականաչափ մանրամասն էր, պարունակում էր ճշգրիտ ամսաթվեր, վայրեր, ենթադրյալ կատարողների անունները և ցուցաբերված վատ վերաբերմունքի որոշ մեթոդներ, և, Դատարանի կարծիքով, կարող է համարվել, արժանահավատ հայտարարություն: Անկախ այն հանգամանքից, որ այս բողոքը հիմնավորող բժշկական ապացույց չկա, Դատարանը հետևողական է իր (…) եզրահանգմանն առ այն, որ արժանահավատ բժշկական եզրակացությունները բացակայում են գլխավորապես իշխանությունների կողմից սահմանված ներպետական ընթացակարգերը չպահպանելու պատճառով (…): Ճիշտ է, որ առաջին դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացմամբ: Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում այդ ուշացումն այնքան երկար, որ բողոքը ipso facto (փաստի ուժով) զրկվի իր իրական էությունից և բավարարվելու հեռանկարից: Բացի այդ` Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ ժամանակահատվածում դիմումատուներն օրենքի խախտմամբ պահվել են իշխանության այն մարմնի համակարգում գործող վայրում, որի աշխատակիցները վատ վերաբերմունք ցուցաբերած ենթադրյալ անձինք էին, և զրկված են եղել արտաքին աշխարհի հետ որևէ կապից, որը, հավանաբար, դիմումատուների մոտ առաջացրել է անօգնականության և վախի զգացողություններ և ծառայել որպես կանխարգելիչ միջոց: Հետևաբար, զարմանալի չէ, որ առաջին դիմումատուն իր բողոքը ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ նրան թույլ են տվել հանդիպել իր ընտրած պաշտպանին (…): Ի վերջո, Դատարանը նշում է, որ առաջին դիմումատուի բողոքին հաջորդել է մեկ այլ բողոք, որը ներկայացվել է պաշտպան Զ.Փ-ի կողմից 2004 թվականի հունիսի 8-ին, ով նույնպես պնդում էր, որ երեք դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք (…): Վատ վերաբերմունքի մասին երկրորդ և երրորդ դիմումատուները հետագա հայտարարություններ են արել, համապատասխանաբար, 2004 թվականի հունիսի 10-ին և 16-ին (…): Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ դիմումատուները ներկայացրել են վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ հիմնավոր բողոք, և իշխանությունները պարտավոր էին այդ հայտարարությունների առնչությամբ իրականացնել արդյունավետ քննություն (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 270-րդ կետը):

15.3. Անդրադառնալով դիմումատուների նկատմամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) [Հ]աշվի առնելով այն փաստը, որ բողոքը ներկայացնելու ժամանակահատվածից ի վեր բավական ժամանակ էր անցել, դատախազության մարմինները պետք է արագ արձագանքեին 2004 թվականի մայիսի 25-ի բողոքին և անմիջապես քայլեր ձեռնարկեին արված հայտարարությունները ստուգելու ուղղությամբ: Ձգձգումները կարող էին պոտենցիալ կերպով հանգեցնել ապացույցների կորստին և անդառնալի վնաս պատճառել քննության արդյունավետությանը: Սա համապատասխանում է իրականությանը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուներն այդ ժամանակ որևէ արժանահավատ բժշկական զննություն չեն անցել: Ավելին, դատախազության մարմինները տեղեկացված են եղել այն փաստի մասին, որ դիմումատուները պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում բավականին երկար ժամանակ և պետք է անհանգստացած լինեին այդ փաստով: Նրանք դիմումատուներին, ենթադրյալ կատարողներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ հավաքելու օրինական լիազորություններ ունեին և պետք է անհապաղ ձեռնարկեին այդպիսի քննչական գործողություններ: Ավելին, ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 180-րդ հոդվածով, պահանջվում է, որ այդպիսի քննությունն իրականացվի հանցագործության վերաբերյալ բողոքն ստանալուց հետո առնվազն տասն օրվա ընթացքում (…):

(…) [Փ]ոխարենը, դատախազության մարմինները չեն իրականացրել որևէ քննություն, առավել ևս անհապաղ քննություն: Գրեթե ոչ ոք, բացառությամբ երկրորդ դիմումատուի, չի հարցաքննվել` ոչ առաջին և երկրորդ դիմումատուները, ոչ էլ վկաները և ենթադրյալ կատարողները, և ջանքեր չեն գործադրվել ապացույցներ հավաքելու համար՝ ներառյալ բժշկական զննություն նշանակելը և հանցագործության վայրը զննելը: Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուի հարցաքննություններին, ապա Դատարանը նշում է, որ 2004 թվականի մայիսի 18-ի հարցաքննությունն անցկացվել է ենթադրյալ կատարողներ հանդիսացող երկու քննիչների կողմից և, ամեն դեպքում, ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին մանրամասնորեն շարադրված հարցեր չեն տրվել (…), մինչդեռ 2004 թվականի հունիսի 29-ից 30-ի հարցաքննությունն անցկացվել է 2004 թվականի մայիսի 25-ի բողոքից ավելի քան մեկ ամիս անց, և դրան ընթացք չի տրվել (…): Հետևաբար, նույնիսկ այս գործողությունները չեն կարող համարվել վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները քննելու լուրջ փորձ: Ավելին, զինվորական դատախազը ոչ միայն չի նշանակել բժշկական զննություն, այլև այդ գործընթացը դարձրել է պայմանական՝ դիմումատուներից պահանջելով ներկայացնել լրացուցիչ, որոշակի տեսակի պահանջ, չնայած, որ 2004 թվականի մայիսի 25-ի բողոքը պարունակում էր բավարար պատճառներ՝ նման զննություններ նշանակելու համար: Քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները մերժվել են զինվորական դատախազի կողմից վերջինիս գրությամբ՝ գրեթե առանց պատճառաբանման (…): Մասնավորապես, դրանք մերժելու միակ պատճառն այն էր, որ դիմումատուները վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ չեն արել 2004 թվականի ապրիլի 27-ի դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվել է նրանց նկատմամբ նախնական կալանք նշանակելու հարցը (…):

(…) [Ը]ստ երևույթին, վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ որոշակի քննությունն իրականացվել է Սյունիքի մարզի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից` դիմումատուների [գործով] դատաքննության ընթացքում, բայց այն Վճռաբեկ դատարանի կողմից անուղղակիորեն համարվել է ոչ պատշաճ, և դատարանը որոշել է բեկանել դիմումատուների մեղադրական դատավճիռը՝ ներառյալ այն հիմքով, որ անհրաժեշտ էր իրականացնել վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների լրացուցիչ քննություն (…) (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 271-273-րդ կետերը):

15.4. Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ հատուկ ցուցումներ է արձանագրել, սակայն քննություն իրականացնող մարմինները չեն ցուցաբերել բավական շահագրգռվածություն՝ այս հարցը պատշաճորեն լուծելու առումով, և ապացուցվել է համակարգի անարդյունավետությունը: Հետևաբար իշխանության մարմինները վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ չեն իրականացրել արդյունավետ քննություն՝ ինչպես պահանջում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 276-րդ կետը):

15.5. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 277-րդ կետը):

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հաշվի առնելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը՝ Ա.Զալյանի մասով վերանայելու հիմք է:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը Ա.Զալյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է:

18. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում պետությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում պարտավորվում են իրականացնել արդյունավետ քննություն: Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և, հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103): Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով: Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները: Նման պարագայում խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, Gafgen v. Germany գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 22978/05, Krastanov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 50222/99) (տե՛ս Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15 որոշման 16.1-րդ կետը):

19. Հաշվի առնելով Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 15.1.-15.4.-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հիմք ընդունելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը՝ Ա.Զալյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է:

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշման` Ա.Զալյանի մասով վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի ու Վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի մարտի 14-ի որոշումները` Ա.Զալյանի մասով պետք է բեկանել և գործն այդ մասով ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը` Արայիկ Զալյանի մասով վերանայել:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի մարտի 14-ի որոշումները` Արայիկ Զալյանի մասով բեկանել ու գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Դանիելյան

Դատավորներ`

  Լ. Թադևոսյան
    Հ. Ասատրյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան