Գլխավոր տեղեկություն
Номер
N 2085-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2017-10.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1569
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2005
Дата вступления в силу
07.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 2085-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.11.17 N 1588-Ն)

 

Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանության և ընդերքի պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:

(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման


բնապահպանության եվ ընդերքի ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(վերնագիրը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

Սույն իրավական ակտով սահմանվում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ և կին պետական տեսուչների ամառային և ձմեռային համազգեստների նկարագրերը:

(նախաբանը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

 

1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ տեսուչի ձմեռային համազգեստը`


ա) գլխարկ` ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (N 3 հավելված, նկար N 1),

բ) կիսավերարկու` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 1),

գ) տաբատ` կանաչավուն գույնի բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 1),

դ) վերնաշապիկ` երկարաթև` բաց կանաչավուն գույնի բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար, ուղիղ թևքածալերով (N 3 հավելված, նկար N 1),

ե) բաճկոն` կանաչավուն գույնի բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետծալված օձիքով: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ՝ կափույրներով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 1),

զ) ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 1)։

(1-ին կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տղամարդ տեսուչի ամառային համազգեստը`

ա) գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 հավելված, նկար N 2),

բ) տաբատ` գարնանային` կանաչ բամբակյա կտորից` ուղիղ ուրվագծով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները` ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 հավելված, նկար N 2),

գ) վերնաշապիկ` կարճաթև` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ, ուղիղ թևքածալով (N 3 հավելված, նկար N 2),

դ) բաճկոն` գարնանային-աշնանային` կանաչ գույնի բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը՝ ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում՝ վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 2),

ե) ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 հավելված, նկար N 2)։

(2-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին տեսուչի ձմեռային համազգեստը`

ա) գլխարկ` ականջակալներով, ձմեռային` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (N 3 հավելված, նկար N 3),

բ) կիսավերարկու` ձմեռային` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսից, ձախ կողմում ունի ծոցագրպան: Կիսավերարկուի ձախ թևքի վերևի մասում կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկար N 3),

գ) կիսաշրջազգեստ` բրդյա, ամենօրյա` կանաչավուն գույնի, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում՝ կափույրով ճեղքվածքով: Աստառը` մետաքսից: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 3 հավելված, նկար N 3),

դ) բաճկոն` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 հավելված, նկար N 3),

ե) վերնաշապիկ` երկարաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 3),

զ) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրության: Լեզվակը միացված է առաջամասին (N 3 հավելված, նկար N 3)։

(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)


4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին տեսուչի ամառային համազգեստը`


ա) բաճկոն` սինթետիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն իրավական ակտի 3-րդ կետի «դ» ենթակետում նկարագրված բրդյա բաճկոնին (N 3 հավելված, նկար N 4),

բ) կիսաշրջազգեստ` բամբակյա, ամենօրյա` մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 3 հավելված, նկար N 4),

գ) վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասերում՝ սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 3 հավելված, նկար N 4),

դ) կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով (N 3 հավելված, նկար N 4)։

(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)


5. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ամառային համազգեստը`

դաշտային կոստյում` բամբակյա մուգ կանաչ գույնի գործվածքից, տրիկոտաժե կիսաթև շապիկով, կեպիով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

ա) բաճկոն` բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից, միափեշ, հետծալված օձիքով, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին՝ 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

դ) կեպի` բամբակյա գործվածքից, ճակատային մասի կենտրոնում ամրացված է գլխարկանշանը (N 3 հավելված, նկարներ NN 6 և 8),

ե) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային:

(5-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)


6. Բնապահպանական պետական տեսուչի դաշտային ձմեռային համազգեստը`

դաշտային կոստյում` բրդյա մուգ կանաչ գույնի գործվածքից, գլխարկով (ականջակալներով) (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

ա) բաճկոն` մուգ կանաչ գույնի բրդյա կտորից, միափեշ, տաք ներդիրով, աստառը` մետաքսյա, հետծալված օձիք, հանովի` ոչխարի մորթուց վրադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

բ) տաբատ` ուղիղ կարվածքով` տաք միջադիրով, 2 կողային գրպանով, իսկ առջևի մասում տեղադրված է շղթա (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

գ) կաշվե գոտի` բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով և զենքի համար նախատեսված պատյանով (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

դ) գլխարկ` ականջակալներով, ձմեռային, մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշանը (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7),

ե) կիսաճտքավոր կոշիկ` երեսացուն կարված է սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց, երեսամասից կապվում է քուղերով կամ կոճկվում է շղթայով, ներբանները` ռելիեֆային (N 3 հավելված, նկարներ NN 5 և 7)։

(6-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

7. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի գլխարկանշանը սույն որոշման N 2 հավելվածում նկարագրված խորհրդանիշն է` 2,25 անգամ փոքրացված չափսերով:

(7-րդ կետը խմբ. 30.11.17 N 1588-Ն)

8. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչները համազգեստը կրում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:

 (8-րդ կետը խմբ. 30.11.17 N 1588-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 30.11.17 N 1588-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
  Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմնի ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(վերնագիրը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի ձախ թևքին, ինչպես նաև նույն տարբերանշանի փոքր` 40-29 մմ չափսի գլխարկանշանը` գլխարկի առաջնային մասի կենտրոնում (N 4 հավելված, նկարներ NN 5 և 6),

Տարբերանշանի կենտրոնում` երկրագնդի քարտեզի ուրվագծի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` տերևի տեսքով: Տերևի վրա Հայաստանի Հանրապետության ոսկեդեղնավուն քարտեզն է` Սևանա լճի երկնագույն, ընդգծված պատկերով: Երկրագնդի շրջանակի գույնը վերևից երկնքի կապույտից ներքևում փոխվում է կանաչի: Շրջանակը ներառված է կապույտ` շեղակի մգացված շերտերով վահանի մեջ: Երկրագնդի շրջանակի վերևի աջ անկյունում արեգակի պատկերն է` լուսափնջերով, որոնք շարունակվում են մինչև վահանի վերևի ծայրերը: Վահանի եզրագծում 10 մմ ոսկեգույն տառերով գրված է «ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», իսկ երկրագնդի ուրվագծի ներքևի մասում՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Երկրագնդի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների փոխկապվածությունը Երկրագնդի գլոբալ հիմնախնդիրների հետ: Վահանը խորհրդանշում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

 

            

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

Ձև


1-4 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստները

 

Ներմուծեք նկարագրությունը_13811

 

 Նկար N 1  Նկար N 2  Նկար N 3  Նկար N 4
  

Ներմուծեք նկարագրությունը_13812

Նկար N 5

Նկար N 6

Նկար N 7

Նկար N 8

 

(հավելվածը խմբ. 30.11.17 N 1588-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_13813

 Նկար N 9

 

Ներմուծեք նկարագրությունը_13814

 Նկար N 10  

(հավելվածը խմբ. 30.11.17 N 1588-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան