Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2017
Дата вступления в силу
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2540/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2540/02/14
2017թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 

 Ա. Սմբատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ներկայացուցիչ Կիմա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին` յուրաքանչյուրին 1/3 մասով, Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տարիել Հակոբյանը և Անահիտ Բաղիրյանը պահանջել են անվավեր ճանաչել 30.11.2001 թվականի ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի թիվ 06-078-4-2 մատյանի 067 համարի տակ կատարված բնակելի տան և տնամերձ հողամասի, թիվ 06-078-4-2 մատյանի 126 համարի տակ կատարված 0,169հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-2 մատյանի 147 համարի տակ կատարված 0,098հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-1 մատյանի 175 համարի տակ կատարված 0,064հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-1 մատյանի 285 համարի տակ կատարված 0,249հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-2 մատյանի 023 համարի տակ կատարված 0,439հա մակերեսով վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցումները, 07.08.2013 թվականին Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի նկատմամբ թիվ 13032014-06-0053, նույն համայնքի 0,169հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0013, 0,098հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0010, 0,064հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0009, 0,249հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0028, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0026 սեփականության իրավունքի վկայականներով կատարված իրավունքի պետական գրանցումները, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին ճանաչել միանձնյա սեփականատեր, Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի, ինչպես նաև Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` յուրաքանչյուրին 1/3 մասով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 17.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2015 թվականի որոշմամբ Անահիտ Բաղիրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ Դատարանի 17.07.2015 թվականի վճիռը՝ Տարիել Հակոբյանի հայցապահանջները մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել. գործի վարույթը՝ Տարիել Հակոբյանի մասով, կարճվել է, իսկ Դատարանի վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջներն ամբողջությամբ բխում են ժառանգական վեճից և պետք է լուծում ստանան ժառանգական իրավահարաբերությունների շրջանակներում: Այսինքն՝ սույն գործը՝ Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջների մասով, ծագել է քաղաքացիաիրավական բնույթ կրող վեճից և ընդդատյա է ոչ թե վարչական, այլ ընդհանուր իրավասության դատարանին: Հետևաբար սույն գործի վարույթը՝ Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջների մասով, ենթակա չէր կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների, մասնավորապես՝ 05.05.2015 թվականին տրված բժշկական տեղեկանքի ուժով Անահիտ Բաղիրյանի պահանջը՝ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին, ենթակա էր բավարարման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 843633 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան և 0,267հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի թիվ 067 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

2. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831375 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի 126 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 37-38):

3. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831592 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,098հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի 147 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

4. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831392 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,064հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-1 մատյանի 175 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 43-44):

5. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831534 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,249հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-1 մատյանի 285 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 46-47):

6. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831573 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի թիվ 023 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 49-50):

7. ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագրի համաձայն՝ Էմմա Մինբաշիրովան հանդիսանում է 30.11.2012 թվականին մահացած Վաղինակ Հակոբյանի ժառանգը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան, օժանդակ շինությունների, թիվ 0,267հա մակերեսով հողամասի և 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի՝ Վաղինակ Հակոբյանին պատկանող բաժնի 1/2 մասից, որը կազմում է ամբողջ գույքի 1/4 մասը, իսկ «հանգուցյալին պատկանող 1/2 բաժնի՝ ամբողջ գույքի 1/4 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս տրված չէ» (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

8. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0053 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 բնակելի տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և Մղարթ համայնքի ղեկավարի 14.08.2013 թվականի թիվ 10-Ա որոշման հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 35):

9. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0013 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,169հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831375 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 39):

10. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0010 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,098հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831592 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 42):

11. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0009 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,064հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831392 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 45):

12. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0028 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,249հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831534 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 48):

13. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0026 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,439հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831573 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 51):

14. Հայցվորները ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների հիմքում դրել են այն հանգամանքը, որ Մղարթ համայնքի տնտեսական գրքից տրված քաղվածքի հիման վրա Էմմա Մինբաշիրովան սխալմամբ դարձել է վիճելի անշարժ գույքերի սեփականատեր: Հայցվորները ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջի հիմքում դրել են այն հանգամանքը, որ նոտարը սխալմամբ ժառանգության իրավունքի վկայագիր է տրամադրել միայն Էմմա Մինբաշիրովային, մինչդեռ Տարիել Հակոբյանը ևս դիմում է ներկայացրել նույն նոտարին՝ Վաղինակ Հակոբյանի ժառանգությունն ընդունելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 5-20):

15. Մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Վաղիկ Հակոբյանը մահացել է 30.11.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 54):

16. 05.05.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Բաղիրյանը հիվանդ է մի շարք սիմպտոմներով 2012 թվականի դեկտեմբեր ամսից և 05.05.2013 թվականին դիմել է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի ամբուլատորիա (հատոր 2-րդ, գ.թ. 112-114):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե սեփականության իրավունքի պետական գրանցումը և ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հիմնական հայցապահանջները կարող են արդյո՞ք ընդդատյա է լինել ընդհանուր իրավասության դատարանին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության՝ եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև:

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից: Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթից. կոնկրետ գործի` առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե'ս, Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե'ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերի ընդդատության տարանջատման և դրա հիման վրա դատական այս կամ այն գործի ընդդատության որոշման իրավական խնդրին անդրադարձել է թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով 22.04.2016 թվականի որոշման շրջանակներում: Այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը` հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերել առարկայական ընդդատության և տարածքային ընդդատության կանոնների խախտման կապակցությամբ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով և նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի՝ ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, «այլ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրը նկատի է ունեցել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող ընդհանուր իրավասության դատարաններին: Մինչդեռ գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի նախատեսում:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կանոնը վերաբերում է միայն այն դեպքին, երբ գործը վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի՝ առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

I. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված հետևյալ հայցապահանջները.

1) անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան և 0,267հա մակերեսով տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները,

2) անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումները,

3) անվավեր ճանաչել 07.08.2013 թվականին Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը,

4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի,

5) ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին ճանաչել միանձնյա սեփականատեր,

6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Տարիել Հակոբյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/3 մասով, Էմմա Մինբաշիրովային ժանաչել ժառանգություն ընդունած ժառանգ` 1/3 մասով, Անահիտ Բաղիրյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/3 մասով:

 

II. Սույն գործով Դատարանն ամբողջությամբ մերժել է Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի հայցը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Անահիտ Բաղիրյանի վերաքննիչ բողոքը, իսկ Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Տարիել Հակոբյանի հայցը մերժելու մասով բեկանել է ու փոփոխել Դատարանի վճիռը՝ որոշելով Տարիել Հակոբյանի մասով սույն գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ: Իր այդ որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն պատճառաբանությունը, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի, վերացման մասին Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված պահանջն իր բնույթով վարչաիրավական է, և Տարիել Հակոբյանի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին պահանջը հիմնական է, որը կանխորոշում է մյուս պահանջների մերժման կամ բավարարման հնարավորությունը: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի, Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված այդ հայցապահանջը և դրանից ածանցվող մյուս պահանջներն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, և Անահիտ Բաղիրյանի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա չէ կարճման:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

 

III. Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված միմյանց փոխկապակցված հայցապահանջների՝ հիմնական և ածանցյալ պահանջների տարանջատման հարցին: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջները հիմնական են, և դրանց լուծումը կանխորոշում է (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների լուծման ելքը:

Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստական հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող՝ ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումների համար հիմք են հանդիսացել ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրը և ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները: Այսինքն՝ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները և ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրը դատական ակտով անվավեր ճանաչվելու հանգամանքն ինքնին կարող է հանգեցնել ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումների անվավեր ճանաչման վերաբերյալ դատական ակտի կայացման:

 

IV. Անդրադառնալով սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջների բնույթին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,

2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,

3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը. այն ծագել է պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների ճանաչման, երաշխավորման և պաշտպանության ապահովման հանրային շահի իրացման կապակցությամբ:

Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի իրավական հիմքերը սահմանող օրենսդրական կարգավորումների և իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ: Հատկանշական է, որ նմանատիպ իրավական դիրքորոշում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է Սիսիանի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Սարգսյանի թիվ 3-1920(ՎԴ) քաղաքացիական գործով դեռևս 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ` նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ անշարժ գույքի գրանցամատյանում կատարված գրանցումը (գրառումը) վարչական ակտ է: Հետևաբար, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջը հանդիսանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկա և որպես հիմնական հայցապահանջ՝ ենթակա է քննության վարչադատավարական կարգով:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջները բխում են ոչ թե մասնավոր, այլ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջները սույն գործով հիմնական են (ածանցյալ չեն), քանի որ դրանց հիմքում դրված են սույն գործով ներկայացված մյուս հայցապահանջների լուծման ելքից անկախ փաստարկներ, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Մղարթ համայնքի տնտեսական գրքից տրված քաղվածքի հիման վրա Էմմա Մինբաշիրովան սխալմամբ դարձել է վիճելի անշարժ գույքերի սեփականատեր: Այսինքն՝ նշված հայցապահանջի բավարարման կամ մերժման հարցը պայմանավորված չէ սույն գործով ներկայացված որևէ այլ պահանջի լուծման ելքով:

 

V. Սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել ժառանգության իրավունքի վկայագիրը դատական կարգով վիճարկելու իրավական կառուցակարգի բովանդակությանը:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ չէ: Հետևաբար անձն իրավունք չունի պահանջել վիճարկման հայցով վերացնել իր ենթադրյալ իրավունքները և ազատությունները խախտող ժառանգության իրավունքի վկայագիրը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից նախատեսված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական ակտով միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելուն: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող դիտարկվել նաև որպես նոտարական գործողությունը վիճարկելու պահանջ, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը (տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է նաև ժառանգության իրավունքի վկայագիրն ընդհանուր իրավասության դատարանում վիճարկելու իրավական հնարավորությանը՝ գտնելով, որ եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից. այն ծագում է մասնավոր իրավահարաբերություններից, հետևաբար ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին (տե՛ս, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի և ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկման հայցապահանջի ընդդատությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ պահանջի հիմքում ընկած է արդյոք նոտարական գործողությունների վիճարկման փաստարկը, թե՝ ոչ: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վիճարկման հայցապահանջի հիմքում ընկած է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ հայցապահանջը ծագում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճից և ընդդատյա է վարչական դատարանին, իսկ այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վիճարկման հայցապահանջի հիմքում ընկած չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ հայցապահանջը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից և ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջի ընդդատության որոշման հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հայցապահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հայցվորները վիճարկում են ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրը՝ իրենց պահանջի հիմքում դնելով այն հանգամանքը, որ նոտարը սխալմամբ ժառանգության իրավունքի վկայագիր է տրամադրել միայն Էմմա Մինբաշիրովային, մինչդեռ Տարիել Հակոբյանը ևս դիմում է ներկայացրել նույն նոտարին՝ Վաղինակ Հակոբյանի ժառանգությունն ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվում է առանձին, իսկ նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա (...):

Փաստորեն, սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիմքում դրված է այդ նոտարի կողմից առերևույթ թույլ տրված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ խախտման հիմքով վերջինիս նոտարական գործողությունների վիճարկումը: Նշված հայցապահանջի հիմքը ոչ թե ժառանգությունն ընդունելու կապակցությամբ Տարիել Հակոբյանի, Անահիտ Բաղիրյանի և Էմմա Մինբաշիրովայի միջև ծագած և ժառանգման իրավահարաբերություններից անմիջականորեն բխող վեճն է, այլ ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի՝ միայն Էմմա Մինբաշիրովային ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու գործողության և Տարիել Հակոբյանին ժառանգության իրավունքի վկայագիր չտրամադրելու անգործության վիճարկման կապակցությամբ տվյալ նոտարի և սույն գործով հայցվորների միջև ծագած վեճը: Իրավական այդ վեճի բովանդակությունը հանգում է նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու՝ որպես հանրային գործառույթի իրականացման իրավաչափության կամ ոչ իրավաչափության հարցին. տվյալ դեպքում դատական քննության առարկա է հանդիսանում նոտարի կողմից իր հանրային գործառույթի իրականացման իրավաչափության ստուգումը: Ընդ որում, ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի հանրային գործառույթի իրականացման իրավաչափությունը ենթակա է ստուգման նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու վերաբերյալ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումները խախտված լինելու կամ չլինելու հարցը պարզելու միջոցով: Այսպիսով, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ սույն գործով ներկայացված հայցապահանջի հիմքում ընկած իրավական վեճն անմիջականորեն չի բխում ժառանգման իրավահարաբերություններից. այն չի կարող համարվել ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի, ժառանգության զանգվածի կամ ժառանգման ինստիտուտի այլ տարրերի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճ: Այլ կերպ ասած՝ քննարկվող հայցապահանջը բխում է ոչ թե քաղաքացիաիրավական (ժառանգման) հարաբերություններում ժառանգների միջև ծագած վեճից, այլ նոտարի կողմից «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականության ենթադրաբար ոչ պատշաճ կատարման արդյունքում, մի կողմից, այդ նոտարի և, մյուս կողմից, Տարիել Հակոբյանի ու Անահիտ Բաղիրյանի միջև ծագած հանրային-իրավական վեճից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջը ծագում է ոչ թե մասնավոր, այլ հանրային իրավահարաբերություններից բխող վեճից:

 

VI. Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջները, ինչպես նաև դրանցից ածանցվող (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջները ծագում են հանրային իրավահարաբերությունից բխող վեճից և ընդդատյա են ոչ թե ընդհանուր իրավասության, այլ վարչական դատարանի քննությանը:

 

VII. Ինչ վերաբերում է սույն գործով ներկայացված (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու, (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջներին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ակնհայտ է, որ նշված հայցապահանջները ծագում են մասնավոր (քաղաքացիաիրավական) իրավահարաբերությունից, որը հանգում է Վաղինակ Հակոբյանի ժառանգությունն ընդունելու և ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ յուրաքանչյուր ժառանգի փոխադարձ հավակնությունների վերաբերյալ ժառանգների միջև ծագած իրավական վեճին: Հետևաբար, (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու, (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջներն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

 

VIII. Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները, (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումները և (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների մասով, ենթակա է կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, քանի որ այդ հայցապահանջների մասով գործը վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը՝ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու, (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջների մասով, ենթակա չէ կարճման, քանի որ այդ պահանջների մասով առարկայական ընդդատության կանոնների խախտում առկա չէ: Նշված հայցապահանջները ենթակա են ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ քաղաքացիական դատավարության կարգով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կարճել է սույն գործի վարույթը միայն հայցվորներից մեկի՝ Տարիել Հակոբյանի, մասով, իսկ մյուս հայցվոր Անահիտ Բաղիրյանի մասով քննել է վերաքննիչ բողոքը: Այսպես, Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված հիմնական հայցապահանջը ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու պահանջն է, ըստ էության անհիմն է գնահատել այդ պահանջը և Դատարանի վճիռը՝ Անահիտ Բաղիրյանի հայցը մերժելու մասով, թողել է օրինական ուժի մեջ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման միայն (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները, (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումները և (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների մասով: Ընդ որում, այդ պահանջների առումով սույն գործը ենթակա է կարճման ոչ թե առանձին հայցվորի, այլ բոլոր հայցվորների մասով. այդ հայցապահանջների մասով գործը կարճելու դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ դրանք ներկայացվել են միաժամանակ երկու հայցվորի՝ Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից, որոնք համատեղ դիմել են դատարան՝ իրենց իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով:

 

IX. Անդրադառնալով սույն գործով ներկայացված (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հայցապահանջի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ժառանգությունն ընդունելու համար սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվարկվում է ժառանգության բացման պահից: Այդ ժամկետը բաց թողնելու դեպքում օրենսդիրը նախատեսել է դրա վերականգնման հնարավորություն՝ դատական կարգով ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջոցով: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի, դատարանը ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի է համարում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) ժառանգը չգիտեր ժառանգության բացման մասին,

2) ժառանգը պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին,

3) նշված հանգամանքները հանդիսացել են ժամկետը բաց թողնելու պատճառ,

4) ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգը ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ պահանջով դատարան է դիմել այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեցամսյա ժամկետի ընթացքում:

Սույն գործով Դատարանը մերժել է Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հայցապահանջը՝ այն համարելով անհիմն:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով քննարկվող հայցապահանջին, գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ տվյալ դեպքում առկա չեն ժառանգություն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու իրավական հիմքեր:

Համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Անահիտ Բաղիրյանը չի ապացուցել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավական նախադրյալների առկայությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ ժամկետը բաց թողնելու պատճառն այն է, որ Անահիտ Բաղիրյանը չգիտեր և պարտավոր չէր իմանալ իր հոր՝ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի մահվան (ժառանգության բացման) մասին: Մինչդեռ օրենսդիրը հստակ սահմանել է, որ դատարանը ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի է համարում միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, որոնք սույն գործում բացակայում են: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված` Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի ամբուլատորիայի կողմից 05.05.2015 թվականին տրված տեղեկանքին, ըստ որի՝ Անահիտ Բաղիրյանը մի շարք սիմպտոմներով 2012 թվականի դեկտեմբերից հիվանդ է եղել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ ապացույցով չի հիմնավորվում այն փաստը, որ Անահիտ Բաղիրյանն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված պատճառով ի վիճակի չէր ընդունելու իր հոր ժառանգությունը:

Հետևաբար, ստորադաս դատարանները, իրականացնելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, իրավաչափորեն են հանգել այն հետևության, որ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հայցապահանջը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հայցապահանջով հայցվոր է հանդիսանում Անահիտ Բաղիրյանը, քանի որ այդ հայցապահանջն ուղղված է միայն վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանությանը: Ընդ որում, նշված պահանջից ածանցյալ է (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջը՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով, քանի որ Անահիտ Բաղիրյանին ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելը պայմանավորված է ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարվելու կամ չհամարվելու հանգամանքով: Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հայցապահանջի հետ միասին մերժման ենթակա է նաև (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջը՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով:

 

X. Անդրադառնալով (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու հայցապահանջի՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հայցվորի մասով տվյալ պահանջը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը, արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե'ս, «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ն ընդդեմ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի ղեկավարի և այլոց թիվ ԱՎԴ/0487/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու հայցապահանջով Անահիտ Բաղիրյանը չի հանդիսանում շահագրգիռ անձ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Բաղիրյանին՝ 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների՝ մերժման ենթակա լինելու պայմաններում Անահիտ Բաղիրյանը չի կարող ունենալ որևէ իրավական շահագրգռվածություն իր հորը՝ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին, վիճելի անշարժ գույքի նկատմամբ միանձնյա սեփականատեր ճանաչելու հարցում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին վիճելի անշարժ գույքի նկատմամբ միանձնյա սեփականատեր ճանաչելու՝ սույն գործով հայցվորների համար ցանկալի հետևանքը նրանց կողմից ժառանգման ենթակա գույքի (ժառանգական զանգվածի) ավելացումն է: Մինչդեռ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Բաղիրյանին՝ 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների՝ մերժման ենթակա լինելու պայմաններում Անահիտ Բաղիրյանն այլևս չի կարող հավակնել իր հոր՝ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի գույքից ժառանգություն ստանալուն: Հետևաբար, Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանից ժառանգման ենթակա գույքի՝ ժառանգական զանգվածի փոփոխումը չի կարող որևէ իրավաբանական հետևանք ունենալ անձամբ Անահիտ Բաղիրյանի համար:

Փաստորեն, (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու հայցապահանջը չի կարող ապահովել Անահիտ Բաղիրյանի իրավունքների կամ շահերի պաշտպանությունն ու վերականգնումը, իսկ Անահիտ Բաղիրյանը իրավական շահագրգռվածություն չի կարող ունենալ նշված հայցապահանջի բավարարման հարցում: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն՝ հայցվորի իրավական շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է. այդ նախապայմանը տվյալ դեպքում բացակայում է:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու հայցապահանջը՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով, ևս ենթակա է մերժման:

 

XI. Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով սույն գործի վարույթը կարճել է միայն Տարիել Հակոբյանի մասով,

- Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով սույն գործի վարույթը կարճել է Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված բոլոր, այդ թվում նաև՝ հանրային իրավահարաբերությունից չբխող վեճից ծագող հայցապահանջների մասով,

- Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է եզրահանգել, որ (4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու պահանջը, ինչպես նաև (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջները՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով, ենթակա են մերժման. այդ մասով Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը՝ կարճման ոչ ենթակա և մերժման ոչ ենթակա հայցապահանջների մասով, պետք է ուղարկվի նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այդ մասով Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումներն ըստ էության քննելու և այդ սահմաններում Տարիել Հակոբյանի՝ վերաքննության կարգով Դատարանի վճռի բողոքարկման իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու համար:

Վճռաբեկ դատարանը, ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, հանգում է հետևյալ եզրակացության.

- սույն գործի վարույթը ենթակա է կարճման (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները, (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումները և (3) ՀՀ «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների մասով, ընդ որում, այդ պահանջների մասով սույն գործի վարույթը ենթակա է կարճման ոչ միայն Տարիել Հակոբյանի, այլ նաև Անահիտ Բաղիրյանի մասով,

- սույն գործով Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված՝ (4) ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին պահանջը, ինչպես նաև երկու հայցվորների կողմից ներկայացված՝ (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջները՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով, ենթակա են մերժման,

- սույն գործը՝ (5) վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, (6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային և Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջների՝ Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված մասով, պետք է ուղարկվի նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքն այդ պահանջների մասով ըստ էության քննելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը մասնակիորեն կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության (...):

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է մասնակիորեն կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կարճման ենթակա հայցապահանջների մասով հայցադիմում ներկայացնելու, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, քանի որ թե՛ հայցադիմումի, թե՛ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարված չի եղել, և պետական տուրքի վճարումը հետաձգվել է մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը:

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման՝ սույն գործով Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված թվով 3 ոչ գույքային պահանջները մերժելու մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը թողնվում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Բաղիրյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 12.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարման ենթակա և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, և 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործը՝ թվով 2 ոչ գույքային պահանջների մասով, ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, և այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշումը.

- սույն քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման` 30.11.2001 թվականի ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 06-078-4-2 մատյանի 067 համարի տակ կատարված բնակելի տան և տնամերձ հողամասի, թիվ 06-078-4-2 մատյանի 126 համարի տակ կատարված 0,169հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-2 մատյանի 147 համարի տակ կատարված 0,098հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-1 մատյանի 175 համարի տակ կատարված 0,064հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-1 մատյանի 285 համարի տակ կատարված 0,249հա մակերեսով վարելահողի, թիվ 06-078-4-2 մատյանի 023 համարի տակ կատարված 0,439հա մակերեսով վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցումները, 07.08.2013 թվականին Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի նկատմամբ թիվ 13032014-06-0053, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 0,169հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0013, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 0,098հա մակերեսով վարելահողի թիվ 13032014-06-0010, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 0,064հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0009, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 0,249հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0028, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0026 սեփականության իրավունքի վկայականներով կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, կարճել,

- սույն քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Տարիել Հակոբյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման` ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության,

- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշման՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ պահանջը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին՝ յուրաքանչյուրին 1/3 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ պահանջները՝ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված մասով, մերժելու մասով, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշման՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատական ծախսերի լուծման մասն օրինական ուժի մեջ թողնելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դատական ծախսերը լուծելու մասը և այն փոփոխել.

- Անահիտ Բաղիրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 12.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

- Անահիտ Բաղիրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

- Անահիտ Բաղիրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

- սույն գործի՝ կարճման ենթակա մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված,

- սույն գործի՝ նոր քննության ուղարկվող մասով դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2014 թվականի որոշմամբ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2015 թվականի որոշմամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի, բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան 

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
 

Ե. Սողոմոնյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան