Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2017
Дата вступления в силу
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4546/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/4546/05/14
2017թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Հ. Բեդևյան
Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Զաքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անդրանիկ Զաքարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` «Վարչական տույժ նշանակելու մասին» 13.08.2014 թվականի թիվ Վ-34/3 որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անդրանիկ Զաքարյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 13.08.2014 թվականի թիվ Վ-34/3 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 08.09.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2016 թվականի որոշմամբ Անդրանիկ Զաքարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.09.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Զաքարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ վարչական մարմնի կողմից վարչական վարույթ իրականացնելիս անտեսվել են այն փաստերը, որ մետաղյա դարպասը և պարիսպը կառուցվել են 1989 թվականին Էմիլ Զաքարյանի կողմից, և վերջինս է կատարել ենթադրյալ «հողազավթումը», ինչն ապացուցվում է նաև ներկայացված լուսանկարներով: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից սահմանված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայություն` պետական կամ համայնքային հողի ինքնակամ զավթում և դրա հետևանքները չվերացնելը: Մինչդեռ վարչական վարույթի գործում առկա ապացույցներով հերքվում է Անդրանիկ Զաքարյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողը զավթելու փաստը:

Բացի այդ, վարչական մարմինը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, հնարավորություն չի ընձեռել վարչական վարույթի մասնակիցներին արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչն էլ անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.12.2011 թվականի թիվ 2846281 վկայականի համաձայն` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 տան և նույն հասցեում գտնվող 0,025456հա և 0,018305հա մակերեսներով հողամասերի ընդհանուր և բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Անդրանիկ Զաքարյանը (հատոր 1-ին, գ.թ. 26-27)։

2) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 01.08.2014 թվականին կազմված թիվ 015676 արձանագրության համաձայն` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի սեփականատեր Անդրանիկ Զաքարյանը վերոնշյալ հասցեին կից իրականացրել է 170քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում, որը փաստացի սահմանազատվել է մետաղյա դարպասի և քարե պարսպի միջոցով: Անդրանիկ Զաքարյանի ներկայացուցիչն առարկել է՝ նշելով, որ այդ պարիսպը և դարպասը կառուցել է Էմիլ Զաքարյանը 1989 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 23):

3) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 01.08.2014 թվականին կազմված թիվ 015676 արձանագրության հիման վրա Քաղաքապետարանի հարուցած վարչական վարույթի քննության արդյունքում 13.08.2014 թվականին կայացված թիվ Վ-34/3 որոշմամբ Անդրանիկ Զաքարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով. նրան առաջադրվել է տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի դիմաց գտնվող` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը զավթելու` փաստացի մետաղական դարպասի և քարե պարիսպի միջոցով սահմանազատելու համար (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` սույն գործով վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի տարրերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքին կից՝ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցված քարե պարսպի և մետաղյա դարպասի առկայության փաստն ինքնին բավարար է եզրահանգելու համար, որ դրանք կառուցվել են տվյալ անձի կողմից, և հիմք է վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (…) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տարածքային կառավարման մարմինները քննում են նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով (…): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները քննում են նույն օրենսգրքի (…) 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով (…) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ (...) եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են, ի թիվս այլնի, նաև յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է`վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել է դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող՝ նրանց համար ավելի բարենպաստ օրենք, և եթե դա նախատեսված է այդ օրենքով։

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումը հակաիրավական, մեղավոր այնպիսի գործողություն կամ անգործություն է, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն, իսկ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսել պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար: Ընդ որում, այդ իրավանորմի կառուցվածքային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով սահմանված զանցակազմն ունի հետևյալ դրսևորումները․

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը,

2) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածը, inter alia, սահմանում է նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը քննելու տարածքային ենթակայության կանոնները, որոնց վերլուծությունից բխում է, որ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու կապակցությամբ վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը պատկանում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին՝ յուրաքանչյուրին իր տնօրինության ներքո գտնվող հողերի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավանորմով սահմանված զանցանքի ոտնձգության օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք ոտնահարվում են իրավախախտի կողմից, այն է՝ պետությանը և համայնքին պատկանող հողամասերի սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները: Ընդ որում, այդ զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարրերն են հետևյալ արարքները.

- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և

- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու հետևանքները չվերացնելը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածը մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված այն կանոնի լույսի ներքո, ըստ որի՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա իրավանորմով նախատեսված պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ է զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող վերոգրյալ երկու արարքների միաժամանակյա առկայությունը, քանի որ պատասխանատվություն նախատեսող նորմի կիրառումը պայմանավորված է «և» շաղկապով բաժանված պայմաններով:

Անդրադառնալով խնդրո առարկա զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարր հանդիսացող պայմաններից առաջինին, այն է՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված երկու պայմանից.

- պետք է կատարված լինի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում,

- հողամասի զավթումը պետք է լինի ինքնակամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ զավթումը դրսևորվում է որոշակի գործողություններ կատարելով, որոնք մատնանշում և հաստատում են անձի կողմից հողամասի փաստացի սահմանազատումը և տիրապետումը: Այլ կերպ՝ զավթումն առկա է, երբ անձը պետությանը կամ համայնքին պատկանող հողամասը որևէ կերպ առանձնացրել է (օրինակ՝ պարսպապատել կամ ցանկապատել է) և պահում է իր տիրապետության ներքո: Հետևաբար զավթումը կարող է դրսևորվել միայն գործողությամբ, իսկ անգործությամբ զավթում չի կարող իրականացվել: Ընդ որում, օրենքն արգելում է միայն ինքնակամ զավթումը, այսինքն՝ պատասխանատվություն առաջացնելու համար պետք է բացակայի պետությանը կամ համայնքին պատկանող հողամասն անձի սեփականությանը, տիրապետմանը կամ օգտագործմանն օրենքով նախատեսված որևէ հիմքով անցնելու փաստը:

Անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող երկրորդ պարտադիր տարրին՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու հետևանքները չվերացնելուն, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության առաջացման համար միայն հողամասի ինքնակամ զավթումը բավարար չէ, այլ անհրաժեշտ է, որ անձը վարչական պատասխանատվության ենթարկվելու պահի դրությամբ վերացրած չլինի հողամասը զավթելու հետևանքները, այսինքն՝ դադարեցրած չլինի դրա սահմանազատումն ու տիրապետումը: Հետևաբար, եթե անձը պետությանը կամ համայնքին պատկանող հողամասի ինքնակամ զավթում իրականացնելուց հետո մինչև պատասխանատվության ենթարկվելը, կվերացնի դրա հետևանքները (օրինակ՝ կքանդի կառուցած պարիսպը կամ ցանկապատը), ապա չի կարող ենթարկվել նշված իրավանորմով նախատեսված վարչական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ խնդրո առարկա իրավախախտման սուբյեկտը հակաիրավական, մեղավոր արարքը կատարած անձն է, տվյալ դեպքում` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած և դրա հետևանքները չվերացրած անձը: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվում է զանցակազմի օբյեկտիվ կողմն իրականացրած անձը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն առաջանալու համար անհրաժեշտ է, որ զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող երկու արարքներն էլ կատարվեն միևնույն սուբյեկտի կողմից, այսինքն՝ նույն անձը պետք է ինքնակամ զավթի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և պատասխանատվության ենթարկվելու պահի դրությամբ վերացրած չլինի դրա հետևանքները:

Ինչ վերաբերում է զանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իրավախախտի հոգեբանական վերաբերմունքն է հակաիրավական արարքի և դրա հետևանքների նկատմամբ, որը, որպես ընդհանուր կանոն, կարող է արտահայտվել մեղքի երկու ձևով էլ, ինչպես դիտավորության, այնպես էլ անզգուշության: Վարչական իրավախախտման փաստակազմից յուրաքանչյուրի բացակայությունը հանգեցնում է հենց իրավախախտման փաստի բացակայությանը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը. կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները, իսկ նույն օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատարածքների ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու լիազորությունը վերապահել է տվյալ համայնքի ղեկավարին, իսկ Երևան քաղաքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարին: Ընդ որում, Երևան քաղաքում ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները կազմակերպվում են Երևանի քաղաքապետի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարը), իրացնելով համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու՝ օրենսդրի կողմից իրեն վերապահված լիազորությունը, կարող է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ տիրապետող անձին նախազգուշացնել իր կողմից թույլ տրվող ապօրինի հողօգտագործման մասին և առաջարկել վերջինիս՝ վերացնել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները: Նման պայմաններում համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող զավթված հողամասն ինքնակամ տիրապետող անձի կողմից տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները չվերացնելու դեպքում վերջինս ենթակա կլինի պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ հողամասի ինքնակամ զավթումն ի սկզբանե կատարվել է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի) նախազգուշացման պահին այն փաստացի տիրապետող անձի, թե այլ անձի կողմից:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն առկա է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) տեղի է ունեցել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում՝ պետությանը կամ համայնքին պատկանող հողամասը որևէ անձի կողմից առանձնացվել է և գտնվում է նրա տիրապետության ներքո,

2) հողամասի զավթումն ինքնակամ է՝ առկա չէ դրա տիրապետման օրինական հիմք,

3) պատասխանատվության ենթարկելու պահի դրությամբ ինքնակամ զավթում իրականացրած անձը չի վերացրել դրա հետևանքները,

4) ինքնակամ զավթումն իրականացրել է և դրա հետևանքները չի վերացրել միևնույն սուբյեկտը,

5) վերոնշյալ արարքները կատարելիս անձը գործել է մեղավորությամբ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման կատարման համար նաև հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձը համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի) կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին,

2) համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձն այդ նախազգուշացումից հետո չի վերացրել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները՝ անկախ այն հանգամանքից, որ ի սկզբանե ինքնակամ զավթումն իրականացրած անձը և հողամասը փաստացի տիրապետող և իրավասու մարմնի առաջարկով դրա հետևանքները չվերացրած անձը տարբերվում են միմյանցից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները։ Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտումը, և արդյոք անձը մեղավոր է այն կատարելու մեջ։ Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները՝ ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով ապացուցման բեռի բաշխման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը

 

Սույն գործի փաստերի համաձայն` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2846281 վկայականում որպես Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 տան և նույն հասցեում գտնվող 0,025456հա և 0,018305հա մակերեսներով հողամասերի նկատմամբ ընդհանուր և բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է նշված Անդրանիկ Զաքարյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության համապատասխան բաժնի պաշտոնատար անձի կողմից 01.08.2014 թվականին կազմվել է թիվ 015676 արձանագրությունը, որի համաձայն` Երևան համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասը զավթվել է Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի գույքի սեփականատեր Անդրանիկ Զաքարյանի կողմից: Ըստ նշված արձանագրության՝ Անդրանիկ Զաքարյանի ներկայացուցիչն առարկել է՝ նշելով, որ այդ պարիսպը և դարպասը կառուցել է Էմիլ Զաքարյանը 1989 թվականին: Այդ արձանագրության հիման վրա վարչական մարմնի` Քաղաքապետարանի հարուցած վարչական վարույթի իրականացման արդյունքում Անդրանիկ Զաքարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, 13.08.2014 թվականի թիվ Վ-34/3 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի դիմաց գտնվող` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը զավթելու` փաստացի մետաղական դարպասի և քարե պարսպի միջոցով սահմանազատելու համար:

Դատարանն Անդրանիկ Զաքարյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի թույլ տրված իրավախախտման մեջ հայցվորի մեղավորության հարցի պարզաբանումը և փաստելով, որ զավթված հողամասը գտնվում է սեփականության իրավունքով հայցվորին պատկանող հողամասին կից և նրա տիրապետման ներքո` գտել է, որ իրավախախտումն իրավաչափորեն է վերագրվել հայցվորին: Ավելին` վարչական վարույթի նյութերում առկա` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 29.12.2011 թվականի թիվ 2846281 վկայականի հետազոտմամբ Դատարանը փաստել է, որ 29.12.2011 թվականի դրությամբ դրանում պատկերված հողամասի հատակագիծը եզրագծված է բացառապես հայցվորին փոխանցված օրինական հողամասի սահմաններում: Իսկ ինքնակամ զբաղեցված ու հայցվորին փոխանցված որևէ հողամասի գծապատկեր արտատպված չէ, հետևաբար հիմնավոր չի համարել հողամասն այլ անձի կողմից դեռևս 1989 թվականին զավթված լինելու մասին հայցվոր կողմի փաստարկը: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ գործի քննությամբ ձեռք բերված որևէ պատշաճ ապացույցով չի հիմնավորվել հողազավթումն այլ անձի կողմից կատարված լինելու հայցվորի փաստարկն այն պայմաններում, երբ հայցվորը կրել է այդ փաստն ապացուցելու բեռը:

Վերաքննիչ դատարանը, Անդրանիկ Զաքարյանի վերաքննիչ բողոքը մերժելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությունը ստուգելիս Դատարանը, հիմնվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ և 124-րդ հոդվածների վրա պետք է պարզեր, թե արդյոք վարչական վարույթն իրականացրած վարչական մարմինը՝ տվյալ դեպքում Քաղաքապետարանը, վարչական վարույթ իրականացնելու ընթացքում ձեռք է բերել բավարար ապացույցներ հետևյալի մասին.

1) առկա է Քաղաքապետարանի տնօրինության ներքո գտնվող հողամասի ինքնակամ զավթման և դրա հետևանքները չվերացնելու փաստ, որը թույլ է տալիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հարուցել և իրականացնել վարչական վարույթ,

2) զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները կատարվել են միևնույն անձի կողմից՝ մեղավորությամբ, կամ այդ արարքները կատարվել են տարբեր անձանց կողմից, սակայն իրավասու մարմնի նախազգուշացումից հետո հողամասն ապօրինի տիրապետող անձը չի վերացրել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները:

Այսինքն՝ սույն գործով Քաղաքապետարանն է կրում միջամտող վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը: Մասնավորապես՝ Քաղաքապետարանը պարտավոր էր պարզել վարչական գործի փաստական հանգամանքները, այդ թվում՝ իրավախախատման օբյեկտիվ կողմը կազմող արարքներն Անդրանիկ Զաքարյանի կողմից կատարված լինելու փաստը, մինչդեռ սույն վարչական գործում առկա՝ Քաղաքապետարանի կողմից 01.08.2014 թվականին կազմված թիվ 015676 արձանագրությունից հետևում է, որ վարչական մարմնի համապատասխան աշխատակիցը նշել է միայն, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի սեփականատեր Անդրանիկ Զաքարյանը վերոնշյալ հասցեին կից իրականացրել է 170քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում, որը փաստացի սահմանազատվել է մետաղյա դարպասի և քարե պարսպի միջոցով, սակայն վարչական վարույթի ընթացքում այդպես էլ չի պարզվել Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի սեփականատեր Անդրանիկ Զաքարյանի կողմից մետաղյա դարպասի և քարե պարսպի կառուցման փաստը, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զավթված հողամասն Անդրանիկ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից և նրա տիրապետության ներքո գտնվելու հանգամանքը կարող է փաստել միայն վերջինիս կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարր համարվող արարքներից միայն երկրորդի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու հետևանքները չվերացնելու մասին, և բավարար չէ եզրահանգելու, որ հողամասի զավթումը ևս իրականացրել է Անդրանիկ Զաքարյանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կատարած իրավական վերլուծություններից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար Քաղաքապետարանը պետք է ապացուցեր զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող երկու արարքներն էլ Անդրանիկ Զաքարյանի կողմից կատարված լինելը, որը չի ապացուցվել:

Ավելին` այն հանգամանքը, որ վարչական վարույթի նյութերում առկա՝ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի նկատմամբ հայցվորի անվամբ իրականացված սեփականության իրավունքի գրանցման մասին թիվ 2846281 վկայականի լուսապատճենում պատկերված հողամասի հատակագիծը եզրագծված է բացառապես հայցվորին փոխանցված օրինական հողամասի սահմաններում, իսկ ինքնակամ զբաղեցված ու հայցվորին փոխանցված որևէ հողամասի գծապատկեր արտատպված չէ, բավարար չէ եզրահանգելու, որ հողամասի զավթումն իրականացրել է Անդրանիկ Զաքարյանը: Այսինքն՝ վարչական վարույթի ընթացքում այդպես էլ չի պարզվել Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 92 հասցեի սեփականատեր Անդրանիկ Զաքարյանի կողմից հողամասն ինքնակամ զավթելու փաստը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Անդրանիկ Զաքարյանը՝ որպես Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասն առերևույթ ապօրինի տիրապետող անձ, իրավասու մարմնի (համապատասխան վարչական շրջանի ղեկավարի) կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին և այդ նախազգուշացումից հետո չի վերացրել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայել են Անդրանիկ Զաքարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։ Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով և ենթակա էր անվավեր ճանաչման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով:

Հաշվի առնելով, որ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով պետք է կրի Քաղաքապետարանը, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի «Վարչական տույժ նշանակելու մասին» 13.08.2014 թվականի թիվ Վ-34/3 որոշումը:

2. Երևանի քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Երևանի քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Երևանի քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան