Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.31
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2017
Дата вступления в силу
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0229/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/0229/05/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան  

Դատավորներ՝

 Ա. Աբովյան
   Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Մաթևոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Մաթևոսյանը պահանջել է իր առողջական վիճակը ճանաչել ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2016 թվականի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է և սույն վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2016 թվականի որոշմամբ Գագիկ Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 22.02.2016 թվականի «Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, վարչական գործի վարույթը կարճելու» մասին որոշումը՝ գործի վարույթը կարճելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ, 80-րդ, 81-րդ, 96-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն վարչական գործի վարույթը վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճելու արդյունքում խախտվել է Գագիկ Մաթևոսյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, քանի որ հայցադիմում ներկայացնելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներին վերաբերող պահանջները չպահպանելը չի կարող հանգեցնել անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության հնարավորության բացառմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին ուղղված 19.08.2014 թվականի թիվ 62-14 գրությամբ խնդրել է Գագիկ Մաթևոսյանին իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ հայտնել, թե պատժի կրման ընթացքում նրա մոտ ի՞նչ հիվանդություն է ախտորոշվել և ընկնում է արդյո՞ք այդ հիվանդությունը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում, թե՝ ոչ, և, եթե ոչ, ապա ինչ պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի 19.08.2014 թվականի թիվ 62-14 գրությանն ի պատասխան՝ Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը 02.09.2014 թվականի թիվ Ե-40/18-8-5143 գրությամբ Արթուր Գրիգորյանին հայտնել է, որ նշված գրության հարցադրումն իր իրավասության սահմաններում չէ և այն ուղարկվել է Նախարարության քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժին (հատոր 1-ին, գ.թ. 11).

3) Նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը 28.11.2014 թվականի թիվ 10/9355-1Ս գրությամբ հայտնել է Արթուր Գրիգորյանին, որ Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին հանձնարարվել է ուսումնասիրել դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի բժշկական հետազոտությունների արդյունքները և հնարավորինս սեղմ ժամկետներում զեկուցել Նախարարության քրեակատարողական վարչություն (հատոր 1-ին, գ.թ. 12).

4) 05.12.2014 թվականի թիվ 93-14 դիմումով Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին խնդրել է հայտնել, թե ի՞նչ եզրակացություն է արվել Գագիկ Մաթևոսյանի բժշկական հետազոտությունների արդյունքներով (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատարան դիմելիս օրենքով նախատեսված հայցատեսակի ընտրության և դատական ենթակայության հարաբերակցության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) հանրային-իրավական այս կամ այն վեճը վարչական դատարանի առջև բարձրացնելու համար օրենքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին ենթադրում է արդյո՞ք, որ տվյալ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանի քննությանը,

2) հայցվորի կողմից ոչ ճիշտ հայցատեսակով վարչական դատարան դիմելն ինքնին կարող է արդյո՞ք հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառաբանությամբ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության. (...)

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheօrghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը՝ որպես իրավաբանական գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ՝ վարչական մարմիններ, առևտրային արբիրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումը օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «որևէ դատարան» բառակապակցության ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն՝ գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար, վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Այլ կերպ ասած՝ հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել: Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանում քննության: Այլ կերպ ասած, այս կամ այն վիճելի իրավահարաբերությունը (իրավունքի մասին վեճը կամ այլ հարցը) վարչական դատավարության կարգով դատարանի առջև բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար: Փաստորեն, վարչական դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը կամ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կարճել վարչական գործի վարույթը միայն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական պաշտպանության չի դիմել օրենքով նախատեսված ճիշտ հայցատեսակով կամ հայցվորը դատարան է դիմել սխալ հայցատեսակով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը, նախկին որոշումներից մեկում նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման.

1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը,

2) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը ոչ թե պետք է որոշում կայացնի վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու մասին, այլ պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

3) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը 19.08.2014 թվականի գրությամբ խնդրել է Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին հայտնել, թե պատժի կրման ընթացքում Գագիկ Մաթևոսյանի մոտ ինչ հիվանդություն է ախտորոշվել և ներառված է արդյո՞ք այդ հիվանդությունը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում, թե՝ ոչ, և, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ: Նշված գրությանն ի պատասխան՝ Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը հայտնել է, որ այդ գրության հարցադրումն իր իրավասության սահմաններում չէ, և այն ուղարկվել է Նախարարության քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժին: Նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը 28.11.2014 թվականի գրությամբ Արթուր Գրիգորյանին հայտնել է, որ Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին հանձնարարվել է ուսումնասիրել դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի բժշկական հետազոտությունների արդյունքները և հնարավորինս սեղմ ժամկետներում զեկուցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Դրանից հտո Արթուր Գրիգորյանը Նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին ուղղված 05.12.2014 թվականի գրությամբ խնդրել է հայտնել, թե ինչ եզրակացություն է արվել նշված հետազոտությունների արդյունքներով, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչը դատարան է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով՝ պահանջելով Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը ճանաչել ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող։

Դատարանը 05.02.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցչի հայցադիմումը՝ գտնելով, որ տվյալ դեպքում վարչական մարմնից Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքը կարող է իրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված գործողության կատարման հայցի միջոցով: Մինչդեռ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 07.04.2015 թվականի որոշմամբ Դատարանի 05.02.2015 թվականի որոշումը վերացրել է այն պատճառաբանությամբ, որ մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու իրավական հնարավորություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված չէ, և Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցչի հայցադիմումն օրենքի ուժով ընդունվել է Դատարանի վարույթ:

Այնուհետև Դատարանը 22.02.2016 թվականի որոշմամբ կարճել է սույն վարչական գործի վարույթը՝ հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանն իր որոշումը, ըստ էության, հիմնավորել է այն փաստարկով, որ տվյալ դեպքում հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով:

Վերաքննիչ դատարանը 23.09.2016 թվականի որոշմամբ մերժել է Գագիկ Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 22.02.2016 թվականի «Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, վարչական գործի վարույթը կարճելու» մասին որոշումը՝ գործի վարույթը կարճելու մասով, թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Գագիկ Մաթևոսյանի կողմից ներկայացված ճանաչման հայցը՝ իր առողջական վիճակը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող ճանաչելու մասին, չի համապատասխանում ճանաչման հայցատեսակով վարչական դատարան դիմելու սուբյեկտիվ իրավունքի գոյության համար պարտադիր նախապայմաններին, հետևաբար այն ենթակա չէ դատարանում քննության: Այսպես, ըստ Վերաքննիչ դատարանի, սույն գործի փաստերից հետևում է, որ Գագիկ Մաթևոսյանի և վարչական մարմնի միջև վեճը չի ծագել նրա առողջական վիճակը ՀՀ կառավարության նշված որոշմանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ, «(...) այլ նրանց միջև ծագած վեճը եզրագծվում է Գագիկ Մաթևոսյանի կողմից փնտրվող տեղեկությունը չտրամադրելով (...)»: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) վարչական մարմնի կողմից Գագիկ Մաթևոսյանին տեղեկություն չտրամադրելու փաստով եզրագծված վեճի լուծման համար վերջինս իր իրավունքների դատական պաշտպանության նպատակով կարող էր (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողության կատարման հայց ներկայացնել, որով կարող էր պահանջել կատարելու որոշակի գործողություններ, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը, այն է՝ տրամադրել փնտրվող տեղեկությունը (...)»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով Գագիկ Մաթևոսյանը դատարան է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով՝ խնդրելով ճանաչել այն իրավահարաբերության առկայությունը, որ ազատազրկման դատապարտված և պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշմամբ հաստատել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը` համաձայն այդ որոշման թիվ 2 հավելվածի, որի 26-րդ կետը վերաբերում է տեսողության սրության արտահայտված իջեցմանը, իսկ 27-րդ կետը զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացմանը:

Սակայն սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ մինչև վերը նշված պահանջով վարչական դատարան դիմելը Գագիկ Մաթևոսյանն իր ներկայացուցչի կողմից Նախարարությանը (համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին) ներկայացված հարցումների միջոցով ցանկացել է ընդամենը տեղեկություններ ստանալ այն հարցի կապակցությամբ, թե իր առողջական վիճակը համապատասխանում է արդյոք ՀՀ կառավարության վերոգրյալ որոշմամբ վկայակոչված կետերին, սակայն այդպես էլ սպառիչ պատասխան չի ստացել իր կողմից պահանջվող տեղեկատվության վերաբերյալ: Այդուհանդերձ, սույն գործում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ Գագիկ Մաթևոսյանն իրավական վեճ է ունեցել Նախարարության հետ իր առողջական վիճակը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշմամբ սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկին համապատասխանող ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ: Մինչդեռ ներկայացված հայցադիմումով Դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է ոչ թե Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը որոշակի հիվանդություններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ վարչական մարմնից տեղեկություններ ստանալուն կամ չստանալուն, այլ վարչական մարմնի կողմից Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը որոշակի հիվանդություններին համապատասխանող ճանաչելուն կամ չճանաչելուն:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ստորադաս դատարանները գտել են, որ Գագիկ Մաթևոսյանի և Նախարարության միջև առաջացած վեճը վերաբերում է միայն Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը որոշակի հիվանդությանը համապատասխանելու վերաբերյալ վարչական մարմնից տեղեկություններ ստանալու կամ չստանալու հարցին, և այդ վեճը վարչական դատավարության կարգով քննելու համար պատշաճ հայցատեսակը ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է, այլ նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցը: Այսպիսով, ստորադաս դատարանները հայցվորի կողմից ոչ ճիշտ հայցատեսակ ընտրված լինելու պատճառաբանությամբ հանգել են այն եզրակացության, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, գտնում է, որ տվյալ դեպքում Գագիկ Մաթևոսյանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի առերևույթ սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ սույն գործով ներկայացված հայցը՝ Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող ճանաչելու պահանջի մասին, ենթակա չէ դատարանի քննությանը: Այլ կերպ ասած՝ Գագիկ Մաթևոսյանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի առերևույթ սխալ ընտրության դեպքում Դատարանը չէր կարող որոշում կայացնել հայցը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով վարչական գործի վարույթը կարճելու մասին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Մաթևոսյանը, իր առողջական վիճակը ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 26-րդ և 27-րդ կետերին համապատասխանող ճանաչելու պահանջով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնել իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը: Եթե Դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Գագիկ Մաթևոսյանը սեփական սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ, ապա Դատարանը պարտավոր էր կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է՝ առաջարկել Գագիկ Մաթևոսյանին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ: Այսինքն, եթե Դատարանը գտել է, որ Գագիկ Մաթևոսյանի կողմից ներկայացված առերևույթ ոչ ճիշտ հայցատեսակը չի կարող ապահովել վերջինիս իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, ապա Դատարանը պարտավոր էր առաջարկել Գագիկ Մաթևոսյանին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում Դատարանը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկով Գագիկ Մաթևոսյանի հայցադիմումը վերադարձրել է վերջինիս, սակայն Դատարանի այդ որոշումը վերացվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից, և Գագիկ Մաթևոսյանի հայցադիմումն ընդունվել է Դատարանի վարույթ՝ ի սկզբանե ներկայացված հայցապահանջով: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը կատարել գործը դատաքննության նախապատրաստելու փուլում՝ Գագիկ Մաթևոսյանին պատշաճ կարգով առաջարկելով ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (պատշաճ կարգով մատնանշելով ճիշտ հայցատեսակը):

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը չէր կարող կարճվել Գագիկ Մաթևոսյանի հայցը դատական քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելով սույն վարչական գործի վարույթը, վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող հայցատեսակները կարգավորող դատավարական կանոնների նկատմամբ ցուցաբերել է չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում, որի արդյունքում Գագիկ Մաթևոսյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվել է այն աստիճան, որ խաթարվել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գագիկ Մաթևոսյանի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար վիճելի իրավահարաբերությունից բխող ճիշտ հայցատեսակը պարզելու, այն հայցվորին պատշաճ կարգով մատնանշելու և այդ պարտականության կատարումից հետո սույն գործի հետագա ընթացքը որոշելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.09.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան