Գլխավոր տեղեկություն
Номер
N 1259-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1006
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1259-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 355-րդ, 356-րդ և 357-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային հսկողության իրականացման ընթացքում փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության, մասնագետի, թարգմանչի ներգրավման և վարձատրության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1259-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 355-357-րդ հոդվածներին համապատասխան հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմնի կողմից փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության, մասնագետի, թարգմանչի ներգրավման և վարձատրության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմնի կողմից իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու, մասնագետ և (կամ) թարգմանիչ ներգրավելու դեպքերի վրա:

3. Հարկային մարմնի կողմից հարկային հսկողության ընթացքում փորձաքննության, մասնագետի և (կամ) թարգմանչի ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) այն փորձագետի, մասնագետի և (կամ) թարգմանչի կատարած աշխատանքների վարձատրության վրա, ովքեր հարկային հսկողության գործընթացում ներգրավվել են հարկ վճարողի հրավերով, կամ որոնց կատարած աշխատանքները մտնում են հարկային մարմնում նրանց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ.

2) այն մասնագետի կատարած աշխատանքի վարձատրության վրա, ով հարկ վճարողի գործունեության ոլորտը կարգավորող պետական կառավարման այլ մարմնի աշխատող է և հարկային հսկողության աշխատանքներում ներգրավվելու կապակցությամբ լրացուցիչ վարձատրության ենթակա չէ։

5. Հարկային հսկողության ընթացքում հարկային մարմնին փորձաքննության, մասնագետի և (կամ) թարգմանչի ծառայությունները մատուցվում են պայմանագրային հիմունքներով: Պայմանագրով սահմանվում են փորձաքննության անցկացման, մասնագիտական և (կամ) թարգմանչական աշխատանքների իրականացման կապակցությամբ կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծառայությունների մատուցման ժամկետները, արժեքը և այլ անհրաժեշտ հարցեր: Փորձագետի կամ փորձաքննության ծառայություն մատուցող կազմակերպության աշխատողների, մասնագետի և (կամ) թարգմանչի անհրաժեշտ որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով):

6. Հարկային հսկողությանը հարկային մարմնի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետի, մասնագետի և (կամ) թարգմանչի կողմից պետական, ծառայողական, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորուստը կամ այդպիսի տեղեկությունների հրապարակումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հարկային մարմնի ղեկավարի կողմից փորձաքննության նշանակման մասին որոշումը կայացվում է փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր զեկուցագրի հիման վրա:

8. Փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ նշվում են փորձաքննության անհրաժեշտության հակիրճ հիմնավորումը, փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) կամ փորձաքննության ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը, փորձագետին առաջադրվող հարցերը և փորձաքննության առարկային վերաբերող նյութերը: Փորձագետին առաջադրվող հարցերը պետք է լինեն հստակ, ամբողջական և առարկայական ձևակերպված:

9. Փորձաքննություն չի կարող նշանակվել հարկային օրենսդրության հարցերով:

10. Հարկային մարմնի ղեկավարի կողմից փորձաքննության նշանակման մասին որոշումը, կնքված պայմանագրի հիման վրա, որպես պատվեր-հայտ ներկայացվում է փորձաքննության ծառայություն մատուցող կազմակերպություն (փորձագետին), իսկ դրա պատճենը, մինչև փորձաքննությունը փաստացի սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ներկայացվում է նաև հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որի վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն:

11. Փորձաքննության առարկային վերաբերող նյութերը (այդ թվում՝ իրեր, փորձանմուշներ, փաստաթղթեր) փորձագետին են տրամադրվում (այդ թվում՝ ներկայացված լրացուցիչ միջնորդության հիման վրա) հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից՝ օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «բ» ենթակետի և 353-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

12. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից փորձագետին բացարկ հայտնելու և (կամ) իր նշած անձանց փորձագետ նշանակելու համար դիմելու դեպքում բացարկը կամ դիմումը բավարարելիս՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից փոփոխվում կամ լրացվում է փորձաքննության նշանակման մասին որոշումը, իսկ մերժման դեպքում դրա հիմնավորումը կցվում է փորձաքննության նշանակման մասին որոշմանը, ինչպես նաև ներկայացվում է բացարկ կամ դիմում ներկայացրած անձին:

13. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի՝ փորձաքննությանն առնչվող բացատրությունները, դիմումները, բացարկները կամ առարկությունները կցվում են հարկային հսկողության արդյունքներն ամփոփող փաստաթղթերին և հանդիսանում են դրանց անբաժանելի մասը:

14. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթներին համապատասխան կայացվում է նոր որոշում, ընդ որում, լրացուցիչ փորձաքննություն իրականացվում է միայն այն հարցերի մասով, որոնց մասով եզրակացությունը բավարար հստակ չէ, ոչ ամբողջական է կամ առկա չէ և ենթակա է ճշգրտման լրացուցիչ հետազոտության միջոցով:

15. Սույն կարգի համաձայն փորձաքննություն իրականացրած կազմակերպությանը (փորձագետին) վճարելու հիմք է կատարված փորձաքննության արդյունքներով հարկային մարմին ներկայացված և հարկային մարմնի կողմից փորձաքննությանն առաջադրված հարցին (հարցերին) ըստ էության պարզաբանում տվող փորձագիտական եզրակացությունը։

16. Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և ծախսերից՝ փորձաքննության ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է այդ հարցերի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն։

17. Փորձագիտական եզրակացությունը բավարար հստակ կամ ամբողջական չլինելու դեպքում լրացուցիչ փորձաքննություն նշանակվելու և այն նույն անձին վերապահվելու դեպքում լրացուցիչ վճարում չի նախատեսվում:

18. Փորձագիտական ակնհայտ կեղծ եզրակացություն տալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

III. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Մասնագետը հարկային հսկողության գործընթացում ներգրավվում է այն իրականացնելու հանձնարարագրով կամ հանձնարարագիր տված պաշտոնատար անձի հրամանով` մասնագետի ներգրավման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ հարկային հսկողության իրականացման համար ընտրված կամ այն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր զեկուցագրի հիման վրա: Հանձնարարագրում (հրամանում) նշվում են մասնագետի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), մասնագիտացումը: Հրամանի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

20. Հարկային հսկողության գործընթացում հարկային մարմնի նախաձեռնությամբ ներգրավված մասնագետին վճարելու հիմք է առաջադրված հարցի (հարցերի) վերաբերյալ գրավոր ներկայացված մասնագիտական կարծիքը։

21. Անկախ կատարված աշխատանքի ծավալից և ծախսերից՝ մասնագետի ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է այդ հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնելու անհնարինության մասին պատասխան։

 

IV. ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Թարգմանիչը հարկային հսկողության գործընթացում ներգրավվում է այն իրականացնելու հանձնարարագիր տված պաշտոնատար անձի հրամանով՝ թարգմանչի ներգրավման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր զեկուցագրի հիման վրա: Հրամանում նշվում են թարգմանչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), այն լեզուն, որով իրականացվելու է թարգմանությունը: Հրամանի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

23. Հարկային հսկողության գործընթացում հարկային մարմնի նախաձեռնությամբ ներգրավված թարգմանչին վճարումը կատարվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանագրին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան