ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաբլոյան |
2017 թ. նոյեմբերի 16 ՆՈ-07-Ն |
Հավելված 1 |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովն (այսուհետ` Հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով:
2. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմի հաստատման պահից:
3. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ներկայացմամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումը.
2) ատեստավորման թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:
5. Հանձնաժողովը իր հիմնական խնդիրներից ելնելով`
1) Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա պետական ծառայողների ցանկը և այդ պետական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը, ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.
2) լուծում է կազմակերպական հարցեր.
3) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղերը.
4) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
5) որոշում է կայացնում փաստաթղթային ատեստավորման արդյունքում իր ընդունած «ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով» որոշման հիման վրա պետական ծառայողի թեստավորումը և հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
6) Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
7) անցկացնում է պետական ծառայողների թեստավորում.
8) ստուգում և գնահատում է պետական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
9) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
10) քննության է առնում պետական ծառայողների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները և ընդունում համապատասխան որոշումներ.
11) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած պետական ծառայողների ցուցակը.
12) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
13) պետական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
14) կազմում է քվեաթերթեր.
15) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
16) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր պետական ծառայողի վերաբերյալ ընդունում է որոշում.
17) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
18) յուրաքանչյուր պետական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
19) ատեստավորման արդյունքները ներկայացնում է պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
20) Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանն է հանձնում կնիքը, ինչպես նաև պետական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
21) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորման անցկացման կարգի խախտման դեպքում Հանձնաժողովն այդ մասին ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:
10. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ կարող է դադարեցվել Հանձնաժողովի` խախտում թույլ տված անդամի գործունեությունը:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
11. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստեր կազմելու աշխատանքները` համաձայն Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգի.
4) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
6) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
7) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը, պետական ծառայողների հետ անցկացվող հարցազրույցը.
2) պետական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) հայտարարում է թեստավորման սկիզբը.
4) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
13. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և պետական ծառայողներին տալիս հարցեր.
4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
5) մասնակցում է հարցազրույցից հետո հանձնաժողովի` յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
6) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
8) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքները պետական ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
15. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի |
Ա. Սաղաթելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|