Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1383
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1109
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.11.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
07.11.2017
Дата вступления в силу
07.11.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 նոյեմբերի 2017 թ.

 

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լևոն Բարսեղյանի` 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին:

 Օրենքի` «Ոչ գույքային վնասի հատուցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 104-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով»:

Օրենքի վիճարկվող դրույթը ենթարկվել է փոփոխության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-10-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 5-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 29-ին:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողը և ևս 11 հոգի որոշել են 2011 թվականի սեպտեմբերի 21-ին, որպես բողոքի ակցիա, անցկացնել քայլերթ: Քայլերթն իրականացնելիս ժամը 09:55-ի սահմաններում, ըստ դիմողի, «ոստիկանները թևանցուկ են արել դիմողին և հավաքի մասնակիցներից ևս մեկին, ուժի գործադրմամբ տարել են ՀՀ ոստիկանության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժանմունք: ... Դիմողին Ոստիկանությունում պահել են մինչև 13:05: Դիմողը Ոստիկանությունում գտնվել է փաստացի անազատության մեջ»:

Դիմողի անունից նրա ներկայացուցիչը 2011 թվականի նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ոստիկանության: Վարչական դատարանը ՎԴ/6895/05/11 գործով 2013 թվականի հուլիսի 15-ի վճռով դիմողի հայցը բավարարել է՝ ճանաչելով դիմողի մի շարք իրավունքների խախտման փաստը և ոստիկանների գործողությունների ոչ իրավաչափությունը:

Վերոնշյալ վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դիմողի անունից նրա ներկայացուցիչը 2014 թվականի նոյեմբերի 10-ին «Վնասի հատուցման պահանջի մասին» դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով հատուցել դիմողի կրած գույքային վնասը՝ դատական նիստերին մասնակցելու համար օգտագործված բենզինի գումարը (87.000.00 (ութսունյոթ հազար) ՀՀ դրամ), ներկայացուցչի վարձատրության գումարը (470.000.00 (չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ), դիմողի կրած ոչ գույքային վնասը (2000 (երկու հազար) եվրոյին համարժեք դրամ` գումարած դրա վրա հաշվարկվող բոլոր տեսակի հնարավոր հարկերը), ինչը ոստիկանության՝ 09.12.2014 թվականի թիվ 30/20378 գրությամբ մերժվել է:

Այնուհետև դիմողի անունից նրա ներկայացուցիչը 2015 թվականի հունվարի 29-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ոստիկանության` վնասը հատուցող վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ինչը վարչական դատարանի ՎԴ/0263/05/15 գործով 2016 թվականի մարտի 10-ի վճռով մասնակի բավարարվել է. անվավեր է ճանաչվել ոստիկանության 09.12.2014 թվականի թիվ 30/20378 գրությունը, պարտավորեցվել է ոստիկանությանն ընդունել դիմողի գույքային և ոչ գույքային վնասը հատուցող վարչական ակտ՝ 200.000 ՀՀ դրամի չափով՝ որպես ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ գույքային վնաս, 300.000 ՀՀ դրամի չափով` որպես ներկայացուցչի վարձատրության գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:

Հայցը մասնակի բավարարելիս Վարչական դատարանը եզրահանգել է. «Փաստորեն անհերքելի է այն փաստը, որ Պատասխանող վարչական մարմնի գործողություններով խախտվել են Լևոն Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները: Անհերքելի է նաև, որ վնասի հատուցման համար Հայցվորը նախ դիմել է վնաս պատճառած մարմնին` սույն վարչական գործով Պատասխանողին, որը, սակայն, մերժել է վնասի հատուցման վերաբերյալ դիմումի բավարարումը: Որպիսի հանգամանքը հիմք է վնաս կրած անձի կողմից վնասի հատուցում պահանջելու համար»:

Վերոնշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել դիմողի ներկայացուցչի և ոստիկանության կողմից, որոնք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ մերժվել են՝ անփոփոխ թողնելով վարչական դատարանի 2016 թվականի մարտի 10-ի վճիռը:

Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի մարտի 7-ի որոշմամբ:

 

3. Դիմողն օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը վիճարկում է երկու տեսանկյունից՝ օրենքի բացի և օրենքի վիճարկվող նորմում առկա «համարժեք չափ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված, դիմողի կարծիքով, ոչ իրավաչափ մեկնաբանության տեսանկյունից:

Վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները՝ դիմողն օրենքի բացը փաստարկում է նրանով, որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, օրենքի վիճարկվող նորմում թվարկված են ավելի քիչ իրավունքներ, որոնց խախտման դեպքում անձը ձեռք է բերում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունք: Դրա հետևանքով, ըստ դիմողի, թեև դատական կարգով հաստատվել էր, որ վարչաիրավական հարաբերություններում վարչական մարմնի կողմից խախտվել էին դիմողի՝ խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները, սակայն այդ իրավունքներից միայն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար է նրան տրամադրվել ոչ նյութական վնասի հատուցում, քանի որ օրենքը չի սահմանել մյուս երեք իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պայման և կարգ: Մինչդեռ, ըստ դիմողի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) և Սահմանադրությունը երաշխավորում են Կոնվենցիայով սահմանված բոլոր իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման իրավունք, և պետություններին պարտավորեցնում են իրենց օրենսդրությամբ երաշխավորել, ապահովել և պաշտպանել այդ իրավունքները:

Դիմողի համոզմամբ` խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքների մասով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պայմանների և կարգի սահմանված չլինելն օրենսդրական բաց է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով արդյունավետ դատական պաշտպանության, վնասի հատուցման և այն հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնց նկատմամբ միջամտությունը տեղի է ունեցել անկախ այդ իրավունքների խախտումը հանրային իշխանության մարմինների կողմից ճանաչված լինելու փաստից:

Վկայակոչելով վնասի փոխհատուցման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) մի շարք իրավական դիրքորոշումներ՝ դիմողն օրենքի վիճարկվող նորմում առկա «համարժեք չափ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ոչ իրավաչափությունը փաստարկում է նրանով, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմում առկա «համարժեք չափով» եզրույթին տրվել է ինքնավար մեկնաբանություն, որն էականորեն տարբերվում է Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված «արդարացի փոխհատուցում» եզրույթին հաղորդած բովանդակությունից:

Ըստ դիմողի՝ ներպետական դատական ատյանների կողմից վնասների հատուցումը պետք է սահմանվի այնպիսի չափով, ինչպիսին իրավակիրառական պրակտիկայում ձևավորել է Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրած վճիռներով, այլապես անձը կպահպանի «զոհի» կարգավիճակը` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով, ինչպես նաև կունենա Եվրոպական դատարան դիմելու և արդարացի փոխհատուցում պահանջելու իրավունք:

Դիմողը գտնում է, որ իրավունքների խախտման «համարժեք չափի»-«արդարացի փոխհատուցման» համաչափության մասշտաբը Հայաստանի մասնակցությամբ Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված չափն է, հետևաբար՝ «համարժեք չափով» եզրույթը, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին /համաչափության սկզբունքը/:

 

4. Պատասխանողն առարկելով դիմողի փաստարկներին և արձանագրելով ոլորտում իրավական բացի առկայությունը՝ խնդրում է գործի վարույթը կարճել:

Իր խնդրանքը հիմնավորելու համար պատասխանողը վկայակոչում է 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները և գտնում է, որ իրավունքի բացի հարցը, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ օրենքով պաշտպանվող ոչ գույքային իրավունքների թվարկումն ավելի նեղ է, քան Կոնվենցիայով նախատեսված իրավունքները, գտնվում է Սահմանադրական դատարանի իրավասությունից դուրս և ենթակա է հաղթահարման օրենսդիր մարմնի կողմից:

Միաժամանակ, պատասխանողն ընդգծում է, որ «… Դիմողն իր խախտված իրավունքների պաշտպանության ինչպես մինչդատական փուլում, այնպես էլ դատական պաշտպանության ընթացքում ոչ գույքային վնասի դիմաց հատուցման ենթակա գումարի չափը չի պայմանավորել առանձին խախտված իրավունքների գույքային համարժեքության գնահատմամբ, այլ ներկայացրել է մեկ միասնական գումարային պահանջ, որպես իր բոլոր խախտված իրավունքների դիմաց իր համար ընդունելի համարժեք հատուցում»:

Պատասխանողի կարծիքով՝ իրականում դատարանի կողմից դրամական հատուցման չափը նվազեցվել է ոչ թե այն հիմնավորմամբ, որ օրենքի վիճարկվող դրույթը չի նախատեսում հատուցում բոլոր խախտված իրավունքների համար, այլ՝ հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքները և դիմողի իրավունքների խախտման ծավալներն ու տևողությունը:

Պատասխանողի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ այն պարագայում, եթե դատարանի կողմից հատուցման ենթակա գումարի սահմանված չափը համապատասխաներ դիմողի կողմից ներկայացված պահանջին, ապա վերջինս հազիվ թե բարձրացներ օրենքի վիճարկվող դրույթում իրավակարգավորման բացի առկայության կամ բացակայության հարցը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքները, որ դիմողն իր ոչ գույքային իրավունքների խախտման դիմաց արդեն իսկ ստացել է դրամական փոխհատուցում, և որ դիմողին մտահոգում է ոչ թե մի շարք կոնվենցիոն իրավունքների իրավական պաշտպանության մեխանիզմների բացակայությունը, այլ վերջնական դատական ակտով սահմանված դրամական հատուցման չափը, պատասխանողը գտնում է, որ դիմողը նպատակ է հետապնդում հասնել իր նկատմամբ կայացված դատական ակտի վերանայման: Այդ կապակցությամբ պատասխանողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ամրագրված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման:

 

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած առաջին հիմնախնդրի` օրենսդրական բացի առնչությամբ հարկ է, նախ և առաջ, ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիաիրավական և վարչաիրավական օրենսդրության վերլուծության համատեքստում պարզել, թե առկա իրավակարգավորման պայմաններում երաշխավորվե՞լ է, արդյոք, անձի` ոչ նյութական վնասի դիմաց հատուցում ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը:

Վնասի (այդ թվում` ոչ նյութական) հատուցման իրավունքն իր ամրագրումն է գտել թե՛ միջազգային, թե՛ ներպետական օրենսդրության մեջ: Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (կից Արձանագրություններով) սահմանվում են ոչ միայն հիմնական իրավունքներն ու ազատությունները, այլև դրանց խախտման դեպքում արդարացի փոխհատուցման իրավունքը: ՀՀ Սահմանադրության` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող 2-րդ գլխում ամրագրված է նաև վնասի հատուցման իրավունքը: Մասնավորապես, Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

Մինչև 2014 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում էին ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավակարգավորումները: 2013 թվականի նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1121 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով վերջինս բարոյական վնասը չէր դիտում որպես վնասի տարատեսակ և չէր ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Միաժամանակ, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված` բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը»:

Վերոնշյալից բխում է, որ Սահմանադրական դատարանը բարոյական վնասի հատուցման հնարավորությունը դիտարկել է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման տեսանկյունից և չի սահմանափակվել կոնկրետ իրավունքներ նշելով, քանի որ յուրաքանչյուր իրավունքի ամրագրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն այդ իրավունքի պաշտպանություն ու պատասխանատվության սահմանում դրա խախտումների դեպքում, այլև դրա խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցում: Միայն այդ պարագայում իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգը կլինի լիարժեք և արդյունավետ:

Նշված որոշումից հետո, 2014 թվականի մայիսի 19-ի` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, ինչպես նաև 2015 թվականի դեկտեմբերի 21-ի` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդրվեց պատճառված ոչ նյութական վնասի դեպքում դրամական հատուցման պահանջի ինստիտուտը:

Նշված փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանվում է.

«1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը»:

Միաժամանակ, նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. 1) կյանքի իրավունքը. 2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը. 3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը. 4) արդար դատաքննության իրավունքը. 5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. 6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը. 7) հավաքների և միավորման ազատության իրավունքը. 8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը. 9) սեփականության իրավունքը»: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն անձին պատճառված վնասի արդարացի փոխհատուցման իրավունքի իրացման միջազգային իրավական սկզբունքների և դրանց իրացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրված իրավական մոտեցումներից ելնելով սահմանել է այն իրավունքները, որոնց խախտման դեպքում անձը ձեռք է բերում վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք՝ միաժամանակ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցման կարգի սահմանումը վերապահելով օրենքի կարգավորմանը: Դրան համապատասխան՝ նշված օրենքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով են կարգավորվում «…վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները», որպիսի կանոնը տարածվում է նաև վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում իրականացվող ցանկացած գործունեության վրա: Իսկ վարչարարությամբ հասցված վնասի հետ կապված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով վարչական ակտերի բողոքարկման (այդ թվում՝ դատական ընդհանուր) կարգը նախատեսված է օրենքի 69-րդ, 70-րդ հոդվածներով և 4-րդ բաժնի 10-րդ գլխում սահմանված այլ նորմերով:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձանց հասցված վնասի (գույքային և ոչ գույքային բնույթի) հետ կապված հարաբերությունները՝ պայմանավորված հանրային իշխանության մարմինների գործունեությամբ, իրավակարգավորման ենթարկելիս առաջնահերթ հիմք են ընդունվել ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածով երաշխավորված՝ այդպիսի վնասի հատուցման իրավունքի բովանդակությունը և դրա իրացման ու պաշտպանության իրավական ընդհանուր սկզբունքները, մասնավորապես.

- անձն ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք,

- վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով,

- անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը,

- վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

6. Անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ սույն գործով քննության առարկա իրավակարգավորումների սահմանադրականության խնդրին՝ Սահմանադրական դատարանը կարևորում է «պատճառված վնաս» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա ճիշտ, միակերպ և ամբողջական ընկալման անհրաժեշտությունը ոչ միայն նորմատիվ իրավական կարգավորման, այլև իրավակիրառման բնագավառներում: Մասնավորապես, ինչպես հետևում է օրենքի 7-րդ բաժնի նորմերի համալիր վերլուծությունից, օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում պահանջելու նախապայման, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որին օրենքի 100-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն կարող է հետևել վարչարարության հետևանքով վնաս պատճառած մարմնին հատուցման պահանջ ներկայացնելը: Այսինքն, պահանջի իրավունքն անձը ձեռք է բերում վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման նորմատիվ պայմանը հետապնդում է իրավական հիմնավոր նպատակ և միտված է պատճառված վնասի հատուցման (վարչական կամ դատական կարգով) Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացման համար իրավական բարենպաստ պայմաններ (նախադրյալներ) ստեղծելուն:

Միաժամանակ, օրենքի վիճարկվող 104-րդ հոդվածի 1-ին մասի նորմից անմիջականորեն բխում է, որ անձը ձեռք է բերում ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու իրավունք, եթե խախտվել են նրա ազատությունը, անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, արատավորվել է նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունը: Այսինքն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցման իրավունքը նախատեսված է սահմանափակ թվով սահմանադրական իրավունքների (ՀՀ Սահմ. 23, 25, 27, 31 և 32-րդ հոդվածներ) խախտման դեպքերում: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպես պետք է իրացվի անձի՝ վնասի հատուցման իրավունքը, եթե ոչ իրավաչափ վարչարարությամբ խախտվեն սահմանադրական այնպիսի իրավունքներ, որպիսիք նախատեսված չեն վիճարկվող նորմում: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել է առավել թվով այնպիսի իրավունքներ, որոնց՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտման դեպքերում անձն իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունք ունի:

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում անձին պատճառված վնասի հատուցման, այսինքն` նաև այդ վնասի պատճառման արդյունքում խախտված սահմանադրական այլ հիմնական իրավունքների վերականգնման անհրաժեշտ ընթացակարգեր օրենսդիրը քննության առարկա օրենքում և, մասնավորապես՝ վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում չի նախատեսել, ինչի արդյունքում չեն երաշխավորվել ՀՀ Սահմանադրության ինչպես 50-րդ, այնպես էլ 62-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունը, որպիսի պարագայում անձն անկարող է ակնկալել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասում չթվարկված սահմանադրական հիմնական իրավունքների խախտմամբ իրեն պատճառված ոչ նյութական վնասի՝ նաև դատական կարգով հատուցում:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների արդյունքում էականորեն սահմանափակվում է անձի՝ իր մի շարք հիմնարար իրավունքների խախտման արդյունքում պատճառված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու իրավական հնարավորությունն այն դեպքում, երբ անձին սահմանադրական մակարդակով վերապահված է այդպիսի իրավունք: Հետևաբար, օրենսդրի խնդիրն է օրենքում համապատասխան իրավակարգավորմամբ սահմանել հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում անձանց խախտված սահմանադրական հիմնական իրավունքների վերականգնման, ինչպես նաև պատճառված ոչ գույքային վնասի արդարացի հատուցման ինչպես վարչական, այնպես էլ դատական ընթացակարգեր:

 

7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում վերոնշյալ հիմնախնդիրը դիտարկել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (կից Արձանագրություններով) սահմանված արդարացի բավարարման, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված և անմիջական գործողություն ունեցող՝ վնասի հատուցման իրավունքի և վիճարկվող նորմի համադրման համատեքստում:

Կոնվենցիայի` «Արդարացի բավարարումը» վերտառությամբ 41-րդ հոդվածով սահմանվում է. «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն երաշխավորում է Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված բոլոր իրավունքների խախտման արդյունքում պատճառված վնասի հատուցման իրավունքը (գույքային և ոչ գույքային), ուստի Սահմանադրության 81-րդ հոդվածով (Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան) ամրագրված դրույթների ապահովման նկատառումներից ելնելով, հաշվի առնելով սույն որոշման 6-րդ կետում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է օրենսդրությամբ ապահովել այն բոլոր իրավունքների խախտման արդյունքում պատճառված վնասի հատուցման իրավունքը, որոնք ամրագրված են նաև Կոնվենցիայով:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածից բխում է, որ «վնաս» եզրույթը ներառում է գույքային և ոչ գույքային վնասը, և վնասի հատուցման իրավունքը տարածվում է անձի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների խախտմամբ պատճառված գույքային և ոչ գույքային վնասի նկատմամբ, ուստի բոլոր դեպքերում, երբ տեղի է ունենում Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների խախտում, անձն անվերապահ ձեռք է բերում այդ խախտումների արդյունքում իրեն պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունք: Այդ է վկայում նաև Սահմանադրության 62-րդ և 81-րդ հոդվածների համալիր վերլուծությունը, որի արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ վնասի հատուցման իրավունքը ներառում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական ակտերով ամրագրված բոլոր հիմնարար իրավունքների խախտման արդյունքում պատճառված վնասը: Նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի յուրաքանչյուր իրավունքի սահմանմամբ ոչ միայն պետք է երաշխավորվի դրա իրացումը, պաշտպանությունը, խախտման դեպքում՝ իրավական պատասխանատվության անխուսափելիությունը, այլև՝ իրավունքի խախտման արդյունքում անձի կրած վնասների (այդ թվում` բարոյական) հատուցման երաշխավորումը: Վնասի հատուցման իրավունքն ամրագրելով հանդերձ, Սահմանադրությունը հատուցման պայմանների և կարգի սահմանումը վերապահել է օրենքի կարգավորմանը, սակայն օրենքով սահմանված յուրաքանչյուր կարգավորում պետք է համահունչ լինի միջազգային և ներպետական օրենսդրությամբ անձին տրված իրավունքներին և ապահովի դրանց խախտման դեպքում պատճառված վնասի հատուցումը, հակառակ պարագայում այդ իրավունքները ձեռք կբերեն զուտ ձևական և հռչակագրային բնույթ:

Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը բխում է ինչպես մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների ընդհանուր բովանդակությունից ու դրանց դատական պաշտպանության սահմանադրաիրավական սկզբունքներից (ՀՀ Սահմ. 61-րդ, 63-րդ հոդվածներ), այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից Արձանագրություններով) դրույթներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից:

 Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կայացրած մի շարք վճիռներում (Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության /գանգատ թիվ 23978/06, 27.11.2012/, Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության /գանգատ թիվ 22999/06, 12.06.2012/ և այլն) հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում անձին պատճառված բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում չտրամադրելը գնահատել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից Արձանագրություններով) համապատասխան դրույթների խախտում: Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներով սահմանել է փոխհատուցում այնպիսի իրավունքների խախտման համար, որոնք նախատեսված չեն սույն գործով վիճարկվող նորմով (օրինակ` Սափեյանն ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 35738/03, 13.01.2009, Գասպարյանն ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 35944/03 և այլ գործերով ՄԻԵԴ-ը սահմանել է փոխհատուցում հավաքների և միավորման ազատության խախտման համար):

Նշվածի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրության` «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածին, որով, մասնավորապես, սահմանվում է. «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու իրավական հնարավորությունը սահմանափակ թվով իրավունքների խախտման հիմքերով սահմանափակված լինելու պայմաններում, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ելնելով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի իրավական բովանդակությունից և դրան համապատասխան վնասի հատուցման ինստիտուտը կիրառելու սահմանադրաիրավական անհրաժեշտությունից, ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցման իրավունքն իրավակիրառական պրակտիկայում պետք է ճանաչել իրացնելի թե' միջազգային, թե ներպետական օրենսդրությամբ (այդ թվում՝ Սահմանադրությամբ) անձին ընձեռված իրավունքների խախտման դեպքերում:

 

8. Սահմանադրական դատարանը սույն գործի քննության առարկայի շրջանակներում կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի՝ «Վարչական ակտերի դատական վերանայման վերաբերյալ» թիվ (2004)20 հանձնարարականը, որով սահմանվել են վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության առաջնային նպատակներ՝ ուղղված՝ ա) խախտված օրինականության վերականգնմանը (կետ 87) և բ) իրավունքի խախտման հետևանքով ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասի հատուցմանը (կետ 89):

Այսպես, հիշատակված հանձնարարականի 87-րդ կետով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մասնակից պետություններին առաջարկվում է «... երաշխավորել դատարանի իրավունքը` ընդունելու անհրաժեշտ միջոցներ խախտված օրինականության վերականգնման համար: Նկատի են առնվում ապահովման միջոցներ, ընթացակարգային որոշումներ և ըստ էության որոշումներ, այսինքն՝ հնարավոր նյութական վնասը կանխելու լիազորություններ», ընդ որում՝ «... պարտավորեցնել ընդունելու վարչական ակտ կամ որոշում հայեցողության ազատության սահմանափակման դեպքում, ինչպես նաև որոշումների ընդունման հնարավորության կանխում հայեցողության ազատության սահմանափակման դեպքում, եթե վարչակազմը գործել է սltra vires (լիազորությունների գերազանցմամբ)»:

Նույն հանձնարարականի 89-րդ կետը սահմանում է, որ՝ «... դատարանն իրավասու է ոչ միայն ըստ էության քննել գործը, այլ նաև բողոքի բավարարման դեպքում սահմանել փոխհատուցում: Սկզբունքորեն թույլատրելի է խախտման արդյունք հանդիսացող ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասի փոխհատուցումը: Ընդհանուր առմամբ, որոշման վերացումը ինքնին հանդիսանում է փոխհատուցում»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը՝ վնասի հատուցման սահմանադրաիրավական սկզբունքներին համարժեք կիրառելի է այն դեպքերում, երբ իրավակիրառական պրակտիկայում պահպանվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ (2004)20 հանձնարարականի վերոհիշյալ դրույթները:

 

9. Օրենքի վիճարկվող նորմում առկա «համարժեք չափ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հայաստանի դեմ կայացրած որոշումներին դրա համապատասխանության առնչությամբ դիմողի բարձրացրած հիմնախնդրի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս հարցում դիմողի հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ ոչ նյութական վնասի հատուցման չափ սահմանելիս ՀՀ վարչական դատարանը, հիմնավորելով դիմողի վկայակոչած՝ ՄԻԵԴ որոշումների և սույն գործի դատավարական նախապատմության շրջանակներում առկա փաստական հանգամանքների նույնանման չլինելու փաստը, որոշել է որպես հատուցման չափ սահմանել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ «համարժեք չափ» եզրույթը կիրառված է օրենսդրական տարբեր ակտերում, սակայն դրանցից և՛ ոչ մեկով տրված չէ այդ եզրույթի սպառիչ մեկնաբանությունը: Առհասարակ, «համարժեք» եզրույթը նշանակում է նույն արժեքը կամ նույն նշանակությունն ունեցող: Սակայն կոնկրետ գործով հիմնավոր որոշում կայացնելու համար անհրաժեշտ է «համարժեք չափով» հասկացության իմաստն ու նշանակությունը բացահայտել յուրաքանչյուր կոնկրետ գործի քննության շրջանակներում՝ ելնելով տվյալ գործի հանգամանքներից, որոնց օրենքով սպառիչ թվարկումն օբյեկտիվորեն անհնար է: Նշված եզրույթի մեկնաբանությունը պետք է տրվի իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում, որպիսի հանգամանքը միանշանակ արդարացված է` պայմանավորված տվյալ եզրույթի առավելապես իրավագործնական նշանակությամբ: Նման տեսակետը հաստատվում է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով: Մասնավորապես, 2004 թվականի դեկտեմբերի 21-ի` Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova) վճռում Եվրոպական դատարանի կողմից արձանագրվել է՝ «...որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին, հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (eqսitableոess) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

Նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է նաև ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն չափ. մասնավորապես` հատուցման չափը չի կարող գերազանցել`

● նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը` նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

● նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը` նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում /հոդվ. 1087.2, 7-րդ մաս/:

Միաժամանակ, նշված հոդվածով սահմանվում է նաև, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել դիտարկվող հոդվածի 7-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը դատարանին է վերապահել յուրաքանչյուր կոնկրետ գործով ոչ նյութական վնասի հատուցման համարժեք չափի սահմանումը` միևնույն ժամանակ ամրագրելով այն առավելագույն չափանիշները (հատուցման առավելագույն չափը), որոնցով պետք է առաջնորդվի դատարանը վնասի հատուցման վերաբերյալ գործ քննելիս: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոչ նյութական վնասի հատուցման «համարժեք չափի» կոնկրետ բովանդակությունը, ելնելով Սահմանադրության 62-րդ հոդվածի իրավակարգավորումից, պետք է բացահայտվի իրավակիրառ գործունեության արդյունքում:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վիճարկվող օրենքում ոչ նյութական վնասի դրամական հատուցման առավելագույն չափերն ու համապատասխան չափանիշներն ամրագրված չլինելու պայմաններում, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ոչ իրավաչափ վարչարարությամբ անձին պատճառած ոչ նյութական վնասի դրամական հատուցման հարցը քննելիս վարչական մարմինը պարտավոր է հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2-րդ հոդվածներով սահմանված՝ ոչ նյութական վնասի դրամական հատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել անձին պատճառված ոչ նյութական վնասի դրամական հատուցման չափը որոշելիս:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի հատուցման հնարավորությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու բոլոր հիմնական իրավունքների խախտման դեպքերում:

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասում առկա «համարժեք չափ» եզրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դիտարկվող եզրույթը, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ներառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2-րդ հոդվածներով սահմանված՝ ոչ նյութական վնասի դրամական հատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև համապատասխան չափանիշները, որոնք պետք է հաշվի առնի վարչական մարմինն անձին պատճառած ոչ նյութական վնասի դրամական հատուցման չափը որոշելիս:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` հաշվի առնելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1383