ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի որոշում Գործ թիվ 3-1989 (ՎԴ), 05-2153 |
Գործ թիվ 3-1989 (ՎԴ), 05-2153 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Սաղաթելյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի Անահիտ Սաղաթելյանի՝ պետական մարմնի օրենքին հակասող իրավական ակտն անվավեր ճանաչելու և խախտված իրավունքը վերականգնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անահիտ Սաղաթելյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի30.04.2004 թվականի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հ. Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ ՆՀ-66-Ա հրամանագիրը և պարտադրել նրան ընդունելու Անահիտ Սաղաթելյանի՝ օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 26.05.2005 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է։
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Թումանյան, Տ. Սահակյան, Ա. Խառատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.07.2005 թվականի վճռով Անահիտ Սաղաթելյանի դիմումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Սաղաթելյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 20.10.2015 թվականի վճռով հաստատվել է, որ Անահիտ Սաղաթելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի 30.04.2004 թվականի թիվ ՆՀ-66-Ա հրամանագրի ցանկացած դատական վերանայման հնարավորության սահմանափակումը խեղաթյուրել է նրա՝ «դատարան դիմելու իրավունքի» էությունը: Մասնավորապես՝ Անահիտ Սաղաթելյանը զրկված է եղել դատավորի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը դատարանում կամ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի պահանջները բավարարող որևէ այլ իրավասու մարմնում վիճարկելու հնարավորությունից: Դրանով իսկ խախտվել է Անահիտ Սաղաթելյանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքը։
Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 20.01.2016 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի 23.09.2005 թվականի որոշման նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել այն, և(կամ) վարույթ ընդունել և քննել Վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճիռը և Դատարանի 26.05.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության խորհրդի 27.04.2004 թվականի եզրակացությունը՝ ՀՀ նախագահը 30.04.2004 թվականի թիվ ՆՀ-66-Ա հրամանագրով որոշել է դադարեցնել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները (հատոր 1-ին, գ.թ. 25)։
2. Դատարանի 26.05.2005 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 150-152)։
3. Վերաքննիչ դատարանի13.07.2005 թվականի վճռով Անահիտ Սաղաթելյանի դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 187-188)։
4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 232-233)։
5. Անահիտ Սաղաթելյանի թիվ 7984/06 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 20.10.2015 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Անահիտ Սաղաթելյանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի խախտում: Եվրոպական դատարանը գտել է, որ այն ժամանակ, երբ Անահիտ Սաղաթելյանի գործն ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության խորհրդի կողմից, այն չէր կարող դիտարկվել անկախ և անկողմնակալ դատարան: Հետևաբար Անահիտ Սաղաթելյանը պետք է ունենար ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկով ՀՀ նախագահի կայացրած հրամանագրի լրացուցիչ վերահսկողության հնարավորություն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական մարմնի կողմից: Մինչդեռ Անահիտ Սաղաթելյանը զրկված է եղել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը վիճարկելու նպատակով որևէ դատարանի կամ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները բավարարող որևէ այլ իրավասու մարմնի մատչելիությունից: Արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ Անահիտ Սաղաթելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի ցանկացած դատական վերանայման հնարավորության սահմանափակումը խեղաթյուրել է նրա՝ «դատարան դիմելու իրավունքի» էությունը: Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականություննների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով։
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և(կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ)։
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցներն հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և,վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitutio in integrum սկզբունք) նպատակով:
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutio in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitutio in integrum սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, 104-րդ կետ)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 30.04.2004 թվականի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հ. Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ ՆՀ-66-Ա հրամանագիրը և պարտադրել նրան ընդունելու Անահիտ Սաղաթելյանի՝ օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտ։
Դատարանը կարճել է գործի վարույթը՝ գտնելով, որ ՀՀ նախագահի հրամանագրի վիճարկման վերաբերյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության։
Վերաքննիչ դատարանը մերժել է Անահիտ Սաղաթելյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ վիճարկվող հրամանագիրն ընդունելիս ՀՀ նախագահը գործել է ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, և հրամանագիրն ընդունվել է օրենքով սահմանված ընթացակարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը 23.09.2005 թվականի որոշմամբ բեկանել է Վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճիռը և կարճել գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա չէ քննության ընդհանուր իրավասության դատարանում։
Անահիտ Սաղաթելյանի թիվ 7984/06 գանգատի հիման վրա 20.10.2015 թվականին կայացրած վճռով Եվրոպական դատարանը հաստատել է, որ տեղի է ունեցել Անահիտ Սաղաթելյանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի խախտում: Եվրոպական դատարանը, մասնավորապես,նշել է, որ այն ժամանակ, երբ Անահիտ Սաղաթելյանի գործն ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության խորհրդի կողմից, այն չէր կարող դիտարկվել անկախ և անկողմնակալ դատարան: Հետևաբար Անահիտ Սաղաթելյանը պետք է ունենար ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկով ՀՀ նախագահի կայացրած հրամանագրի լրացուցիչ վերահսկողության հնարավորություն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական մարմնի կողմից: Մինչդեռ Անահիտ Սաղաթելյանը զրկված է եղել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը վիճարկելու նպատակով որևէ դատարանի կամ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները բավարարող որևէ այլ իրավասու մարմնի մատչելիությունից: Արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ Անահիտ Սաղաթելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի ցանկացած դատական վերանայման հնարավորության սահմանափակումը խեղաթյուրել է նրա՝ «դատարան դիմելու իրավունքի» էությունը (տե՛ս, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.10.2015 թվականի վճիռը, 44-րդ, 48-րդ, 50-րդ, 51-րդ կետեր)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի խախտմանը։ Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառության ոլորտում ընդգրկվող վեճերը դատարաններից տարբերվող մարմինների կողմից լուծվելու դեպքում այդ մարմինները կամ պետք է բավարարեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, կամ պետք է ենթակա լինեն այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները (տե՛ս, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.10.2015 թվականի վճիռը, 39-րդ կետ)։ Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող՝ ՀՀ նախագահի 30.04.2004 թվականի թիվ ՆՀ-66-Ա հրամանագիրն ընդունվել է ՀՀ արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա, որով ՀՀ արդարադատության խորհուրդն առաջարկել է ՀՀ նախագահին Անահիտ Սաղաթելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Մինչդեռ ՀՀ արդարադատության խորհուրդը չի բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով դատարանին ներկայացվող անկախության և անկողմնակալության չափանիշները, իսկ Անահիտ Սաղաթելյանը զրկված է եղել ՀՀ նախագահի հրամանագիրը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է Անահիտ Սաղաթելյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.10.2015 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Անահիտ Սաղաթելյանի խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Անահիտ Սաղաթելյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի կենսագործումը, որը պետք է տեղի ունենա ՀՀ նախագահի 30.04.2004 թվականի թիվ ՆՀ-66-Ա հրամանագրի՝ դատական կարգով բողոքարկման վերաբերյալ գործի ըստ էության քննության և լուծման եղանակով։ Ուստի մինչև Անահիտ Սաղաթելյանի կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի13.07.2005 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 01.01.2008 թվականը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը նախատեսված էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված վարչական արդարադատության ինստիտուտի ներդրման արդյունքում հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերի (օրենքով նախատեսված որոշ բացառություններով) ընդդատությունը 28.11.2007 թվականին ընդունված և 01.01.2008 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 8-րդ հոդվածի 1-ին մասով հանձնվել է վարչական դատարանին, իսկ նշված օրենսգրքի 164-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլուխը ճանաչվել է ուժը կորցրած: 05.12.2013 թվականին ընդունված, 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը ևս սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը, այդ թվում՝ հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Միաժամանակ նկատի ունենալով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ դատավորի պաշտոնը հանրային ծառայության մեջ ընդգրկվող պետական պաշտոն է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախագահի 30.04.2004 թվականի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հ. Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ ՆՀ-66-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու և ՀՀ նախագահին Անահիտ Սաղաթելյանի՝ օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին սույն գործը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա է վարչական դատարանին: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վարույթի վերաբացումից հետո սույն գործը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով՝ ՀՀ վարչական դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդհոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշումը վերանայելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշումը. բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|