Գլխավոր տեղեկություն
Номер
N 983-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.08.23/53(1328) Հոդ.829
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2017
Дата вступления в силу
24.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 983-Ն

 

«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ: Սահմանել, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

2. Հաստատել «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գեղամ Հակոբի Սարգսյանին (անձնագիր` AH0547205, տրված` 10.03.2008թ., 004-ի կողմից):

4. Առաջարկել հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող, 15,660,317,643.00 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և 133,249,341,00 դրամ հաշվեկշռային արժեքով 7,84668 հեկտար հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին,

բ. ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հիմնադրամի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված շարժական գույքը որպես գույքային ներդրում հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկի գործունեությունը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 10-ի N 983-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը (այսուհետ՝ վարժարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Վարժարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք), «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։

3. Վարժարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

4. Վարժարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ՝ «Մ. Մելքոնյանի անվան ՌՄՎ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ՝ фонд «Военно-спортивный лицей имени Монте Мелконяна».

4) ռուսերեն կրճատ՝ фонд «ВСЛ им. М. Мэлконяна».

5) անգլերեն լրիվ՝ «Military-Sports Lyceum after Monte Melkonyan» Foundation.

6) անգլերեն կրճատ՝ «MSL after M. Melqonyan» Foundation:

5. Վարժարանի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Դիլիջան քաղաք, Պարզ լճի 5, 24/1 և 26/1, փոստային դասիչը՝ 3905:

 

II. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

6. Վարժարանն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից, գործում է անժամկետ:

7. Վարժարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

8. Վարժարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

9. Վարժարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

10. Վարժարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

11. Վարժարանն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից վարժարանին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

12. Վարժարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, անհատականացնող այլ միջոցներ:

13. Վարժարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում վարժարանի պարտավորությունների համար, իսկ վարժարանը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Վարժարանի նպատակը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրակրթական ավագ և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:

16. Վարժարանն իր նպատակներին համապատասխան իրականացնում է՝

1) սաների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումր.

2) անհատի բազմակողմանի զարգացումը.

3) սանի առողջության պահպանումը.

4) սաների ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումը.

5) օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումը.

6) սաների՝ հետազոտական և ստեղծագործական աշխատանքների կատարման մշակույթի ձևավորումը.

7) մասնագիտական կողմնորոշման հարցի լուծումը:

17. Վարժարանն իր գործունեությունն ապահովում է՝

1) կրթական գործընթացի թափանցիկության և հրապարակայնության միջոցով.

2) սանին՝ ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելու միջոցով.

3) հանրության շրջանում կրթական և մշակութային մակարդակի բարձրացման, քաղաքացիական դիրքորոշման ամրապնդման միջոցով.

4) սաների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական, մշակութային և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

18. Վարժարանն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական պետական ծրագրին համապատասխան ապահովելու կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությունը.

2) ապահովելու ուսումնական պլանի և ուսուցման գործընթացի կազմակերպումը, ուսումնական ծրագրերի կազմումը.

3) ապահովելու համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցումը.

4) կազմակերպելու արտադպրոցական դաստիարակություն.

5) իրականացնելու առանձին առարկաների խորացված ուսուցումը, այդ թվում՝ լեռնային պատրաստություն.

6) իրականացնելու լրացուցիչ կրթական ծրագրեր, ձևավորելու և ստեղծելու գիտատեխնիկական, մարզատեխնիկական, գեղարվեստական, մարզական, տուրիստական, կենսաէկոլոգիական, ռազմահայրենասիրական և այլ ուղղվածությամբ խմբակներ.

7) կազմակերպելու սաների առողջության պահպանման միջոցառումներ՝ հաշվի առնելով տարիքային, ֆիզիկական-հոգեբանական առանձնահատկությունները, կյանքի և առողջության պահպանման պահանջները.

8) իրականացնելու սաների սոցիալական աջակցության լրացուցիչ միջոցառումներ, զարգացնելու և կատարելագործելու նյութատեխնիկական բազան և հանրակրթական զործընթացը.

9) կազմակերպելու ուսումնական և դաստիարակչական գործընթացի շարունակականությունը, ապահովելու դրա բովանդակության պահպանումը և փոխանցումը.

10) ստեղծելու սաների համար լիարժեք պայմաններ՝ կրթամշակութային, կրթական բարենպաստ, ինչպես նաև գեղարվեստագեղագիտական և ռազմամարզական ուղղվածության ոլորտներում՝ սաների ստեղծագործական զարգացման ու ինքնադրսևորման նպատակով.

11) սահմանելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու մասնաճյուղեր, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

12) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքակազմը, ընդունելու աշխատողներ, իրականացնելու ընտրովի աշխատատեղերի ընտրությունը.

13) սահմանելու և շնորհելու անվանական կրթաթոշակներ՝ ոչ բյուջետային միջոցների հաշվին, պարգևատրելու վարժարանի մեդալով կամ այլ պարգևներով.

14) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

15) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա հանրակրթական, բարձրագույն ուսումնական և գիտական կազմակերպությունների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

16) կազմակերպելու սաների ընդունելությունը.

17) իրականացնելու բարեգործական գործունեություն.

18) ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ՝ վարժարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով.

19) հիմնադրի կողմից վարժարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերը, շինությունները և հողատարածքները հանձնել վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի.

20) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

21) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն: Արգելվում է վարժարանում իրականացնել հասարակական, քաղաքական գործունեություն և դրանց կառույցների ստեղծումը՝ բացառությամբ հասարակական ծնողական, մասնագիտական, արհեստակցական, մշակութային, մարզական և շրջանավարտների կառույցների:

19. Վարժարանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

20. Վարժարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, որից ստացված արդյունքներն ուղղվում են վարժարանի նպատակների իրականացմանը: Վարժարանը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ: Վարժարանը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) հանրակրթության կազմակերպում.

2) հրատարակչական գործունեություն և արտադրանքի իրացում.

3) սննդի սպասարկման կազմակերպում.

4) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

5) հանգստի ծառայությունների մատուցում.

6) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

7) գրքերի, թերթերի, գրենական պիտույքների մանրածախ առևտուր.

8) ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.

9) հուշանվերների պատրաստում:

21. Վարժարանի ֆինանսական միջոցները ձևավորվում են՝

1) դրամական մուտքերը պետական բյուջեից, դրամաշնորհները.

2) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

3) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

4) միջազգային դրամաշնորհային ծրագրերից.

5) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

IV. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

22. Վարժարանի շահառուները հանրակրթական, ուսումնաարտադրական բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Վարժարանը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացություն.

3) օրենքով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և գործավարություն.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Վարժարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, վարժարանի հոգաբարձուների խորհրդի, մանկավարժական խորհրդի և վարժարանի տնօրենի գործառույթների իրականացմամբ:

25. Վարժարանի մարմիններն են՝

1) վարժարանի հոգաբարձուների խորհուրդը.

2) վարժարանի տնօրենը (այսուհետ՝ վարժարանի պետ)։

26. Վարժարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի ներկայացուցիչներից: Վարժարանի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որոնցից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ ի պաշտոնե, իսկ մնացած անդամներին հիմնադրի անունից առաջադրում է լիազոր մարմինը` պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

27. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, որոնք չեն կարող լինել վարժարանի այլ մարմնի անդամներ:

28. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

29. Վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

30. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ վարժարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

31. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով վարժարանի շահերից։

32. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

3) եթե դադարել են վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

4) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

5) նրա մահվան դեպքում:

33. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին վարժարանի պետի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում վարժարանի պետը տեղեկացնում է լիազոր մարմնին, հիմնադրամի մարմիններին:

34. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

35. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

36. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) վարժարանի պետի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումը, վարժարանի պետի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարժարանի պետի տեղակալներին պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման մասին որոշումների ընդունումը.

3) վարժարանի պետի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) վարժարանի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) վարժարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

6) վարժարանի բյուջեի և դրա փոփոխությունների, 1.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու վարժարանի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

7) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

8) վարժարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

9) վարժարանի կրթական, գիտական ծրագրերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) վարժարանի պետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) վարժարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) վարժարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) վարժարանի կառուցվածքի հաստատումը.

16) սույն կանոնադրությամբ նախատեսված մարմինների ձևավորումը.

17) վարժարանի հաստիքացուցակի հաստատումը.

18) վարժարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

19) վարժարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

20) վարժարանի մանկավարժական կազմի համալրման կարգի և պայմանների որոշումը.

21) վարժարանում ընդունելության կարգի հաստատումը.

22) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

37. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

38. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու վարժարանի բոլոր փաստաթղթերին։

39. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստեր և նախագահում նիստերը.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ վարժարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ինչպես նաև ուսումնասիրման) և սույն կանոնադրության 36-րդ կետի 6-րդ, 7-րդ, 18-րդ ու 19-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը՝ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) վարժարանի անունից վարժարանի պետի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

40. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

41. Վարժարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է վարժարանի պետը։

42. Վարժարանի պետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։

43. Վարժարանի պետը`

1) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարժարանի գույքի տնօրինումը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, վարժարանի անունից գործարքների կնքումը.

2) հաշվետու է վարժարանի գործունեության համար.

3) առանց լիազորագրի հանդես է գալիս վարժարանի անունից.

4) օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում տալիս է լիազորագրեր.

5) հաստատում է`

ա. տարիֆիկացիոն ցուցակը,

բ. ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը,

գ. տեղակալների, ծառայության պետերի, առարկայական մեթոդ-միավորումների նախագահների և մանկավարժական աշխատողների պլաններն ու հաշվետվությունները.

6) իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարժարանի զինծառայողներին և աշխատողներին, կնքում է աշխատանքային պայմանագրեր.

7) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և պատասխանատու է կրթության որակի ու բովանդակության համար.

8) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դասարանային և ճամբարային հավաքների կազմակերպման, անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, պատասխանատու է անձնակազմի շրջանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման համար.

9) ապահովում է վարժարանի գույքի և ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգության և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումն ու պահպանումը.

10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11) կնքում է մինչև 1.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր.

12) բանկերում բացում է հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ.

13) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում վարժարանի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, վարժարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, վարժարանի օրվա կարգացուցակը և առարկայական դասացուցակը.

14) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

15) հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում սույն կանոնադրության 36-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերում նախատեսված հաշվետվությունները և այլ փաստաթղթերը.

16) վարժարանի սաների ծնողների հետ կնքում է պայմանագիր.

17) վարժարանի անձնակազմի և սաների նկատմամբ կիրառում է օրենքով ու սույն կանոնադրությամբ սահմանված խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ.

18) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

44. Վարժարանի պետն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով։

45. Վարժարանի պետի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով նշանակվում է վարժարանի պետի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն նոր ընտրության ժամանակ հավաքում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը, ապա համարվում է ընտրված:

46. Վարժարանի պետ ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով, եթե՝

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ վարժարանում ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

47. Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է վարժարանի պետի հրամանով՝ մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի նախագահը վարժարանի պետն է: Մանկավարժական խորհրդի անվանական կազմն արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով`

1) մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են վարժարանի պետը, պետի ուսումնական և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ուսումնական մասի սպաները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, վաշտի, դասակի հրամանատար-դաստիարակները, ծնողական խորհրդի մեկական ներկայացուցիչ.

2) վարժարանի հանրակրթական առարկաների բոլոր դասավանդողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

48. Մանկավարժական խորհուրդը քննարկում է`

1) վարժարանի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն սահմանված կարգով հաստատման ներկայացնելու համար.

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթակաև հիմնական ծրագրերի իրագործման հարցերը.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) հանրակրթական դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

49. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու, ինչպես նաև սովորողներին քննություններին թույլատրելու վերաբերյալ.

2) սովորողի բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

3) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

4) վարժարանի շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների, ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

5) վարժարանի սանին կարգապահական կոպիտ խախտման և (կամ) ուսման ցածր առաջադիմության պատճառով վարժարանից ազատելու մասին.

6) վարժարանի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայացնում է վարժարանի պետի հաստատմանը.

7) վարժարանի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցերի մասին:

50. Մանկավարժական խորհրդի նիստերր գումարվում են ըստ անհրաժեշտության`

1) վարժարանի գործունեության կիսամյակային և տարեկան ամփոփումների ժամանակ.

2) վարժարանի պետի նախաձեռնությամբ.

3) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

51. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է խորհրդի անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է ժամանակավոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների պատշաճ կազմման համար: Նիստի արձանագրությունն ստորագրում է վարժարանի պետը:

52. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել: Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել ծնողներ, ծնողական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Վարժարանի պետը մանկավարժական խորհրդի նիստից առաջ տեղեկացնում է մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ՝ առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

53. Մանկավարժական խորհրդի նիստում սանին առնչվող հարցերի քննարկմանը սանի կամ նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) բացակայությունը խոչընդոտ չէ սանի վերաբերյալ սույն կանոնադրության 49-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված որոշումների ընդունման համար:

54. Մեթոդական միավորումներն ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում: Այլ դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ` հարակից առարկաների ուսուցիչներից:

55. Առարկայական մեթոդական միավորումը՝

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, մեթոդական ձեռնարկները և դրանց վերաբերյալ հանրակրթական առարկաների դասավանդողներին տալիս է երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ապահովում դրա ներդնումը գործնական աշխատանքում.

3) աջակցում է դասավանդողների որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ դասավանդողներին նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ.

6) դասավանդողներին հաղորդակից է դարձնում մանկավարժության ոլորտում նորարարություններին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) մանկավարժական խորհրդում քննարկելուց առաջ առաջարկություն է ներկայացնում վարժարանի պետին՝ ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

8) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում վարժարանի պետին.

9) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ:

56. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերն արձանագրվում են:

57. Ուսումնական վաշտերի ծնողական խորհուրդները (նախագահ և չորսից ութ անդամ) կազմավորվում են ուսումնական վաշտերի սաների ծնողների կողմից` ծնողների ընդհանուր ժողովի ժամանակ: Ծնողական խորհուրդների անդամներն ընտրվում են քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

58. Վարժարանի ծնողական խորհուրդը`

1) վարժարանի պետի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, հանրակրթական առարկաների դասավանդողներին խրախուսելու, իրենց պարտականություններում թերացող դասավանդողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ աոաջարկություններ.

2) աջակցում է վարժարանի սովորողների դաստիարակության, սոցիալական հարցերի կազմակերպման գործընթացներին, համագործակցում է վարժարանի մանկավարժական խորհրդի հետ.

3) լսում է վարժարանի պետի հաղորդումը վարժարանի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի մասին պարզաբանումներ.

4) ծնողներին ներգրավում է սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

5) ապահովում է սովորողների իրավունքների պաշտպանությունը վարժարանում.

6) ծնողներին ապահովում է իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ:

 

VII. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

59. Վարժարանն իրականացնում է հանրակրթության 3-րդ աստիճանի (ավագ դպրոցի՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական, ինչպես նաև ռազմամարզական թեքումով մասնագիտացված այլ կրթական ծրագրեր:

60. Վարժարանում կրթության տևողությունը 3 տարի է:

61. Վարժարանն իր ուսումնական պլանները կազմում է օրինակելի ուսումնական պլանների հիման վրա: Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը վարժարանը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության երաշխավորած առարկաներին:

62. Վարժարանի ուսումնական մասը մշակում է ուսումնական պլան` հաշվի առնելով վարժարանի առանձնահատկությունները և օրվա կարգացուցակը, որը հաստատվում է վարժարանի պետի կողմից:

63. Վարժարանի ուսումնական պլանում առանձին առարկաներին հատկացված ժամաքանակր չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակից:

64. Ուսումնական պլանում և դասացուցակում դասաժամերի մինչև 30%-ը պարտադիր հատկացվում է ռազմագիտության, ֆիզպատրաստության և լեռնային պատրաստության ծրագրերի իրականացմանը:

65. Հանրակրթական ուսումնական ծրագրերի ավարտից կամ յուրացումից հետո կամ այդ ծրագրերի հետ համատեղ սաների համար կարող են իրականացվել ոչ հանրակրթական, լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնք կրթական զործընթացի շարունակությունն են:

66. Սաների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունր կատարում է վարժարանը՝ հանրակրթության պետական չափորոշչին և այլ իրավական ակտերին համապատասխան:

67. Միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում՝ պետական ավարտական և միասնական քննությունների անցկացման միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության ն գիտության նախարարության սահմանած կարգի:

68. Վարժարանի շրջանավարտներին, ըստ կրթության մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումր հաստատող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ, ինչպես նաև ավարտական կրծքանշան:

69. Վարժարանում, հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան, ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

70. Վարժարանն իր գործունեությունն իրականացնում է գիշերօթիկ աշխատակարգով: Վարժարանի ուսումնական վաշտերի և դասակների հրամանատարներ` դաստիարակները, աշխատողները և դասավանդողները կարող են լինել զինծառայողներ:

71. Ռազմամարզական կրթության ծրագրի բաղկացուցիչ մասն են գործնական պարապմունքները, որոնցում ներառվում է նաև ճամբարային հավաքների իրականացումը:

72. Վարժարանում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Վարժարանի պետի հրամանով, ըստ ուսումնական պլանի, կարող է սահմանվել հնգօրյա կամ վեցօրյա տևողությամբ ուսումնական շաբաթ:

73. Վարժարանում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

74. Դասարանական պարապմունքներն անցկացվում են ըստ դասակների, իսկ դաշտայինը՝ վարժարանի պետի կողմից սահմանված կարգով: Առանձին առարկաների դասաժամերին դասարանը` անկախ դասարանի խտությունից, կարող է բաժանվել խմբերի՝ համաձայն ուսումնական պլանի:

75. Ուսումնական տարվա ընթացքում սաները մեկնում են ճամբարային հավաքների՝ ռազմական պատրաստության ծրագրի ուսումնասիրման և գործնական ունակությունների ձեռքբերման համար:

76. Վարժարանում սանի սովորելու ժամանակաշրջանը չի համարվում զինվորական ծառայություն:

77. Վարժարանում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով՝ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

78. Յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգումը, ծրագրի ավարտը, հաջորդ դասարան փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթությաև և գիտության նախարարության սահմանած կարգով:

79. Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սանին հաջորդ դասարան փոխադրելը, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

80. Սանին վարժարանից այլ ուսումնական հաստատություն կամ այլ ուսումնական հաստատությունից սովորողին վարժարան տեղափոխումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

81. Վարժարանի սանը կարող է ազատվել վարժարանից` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի համաձայն.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա.

3) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` սանի ծնողի հետ կնքված պայմանագրի պայմանները սանի կողմից չկատարվելու դեպքում.

4) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

VIII. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱԱՆԱԿԻՑՆԵՐԸ

 

82. Վարժարանի կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) վարժարանի սանը.

2) սանի ծնողը.

3) ուսումնական մասի ղեկավարը.

4) վաշտի և դասակի հրամանատար` դաստիարակը.

5) հանրակրթական առարկաներ դասավանդողը.

6) վարչական աշխատողները.

7) խորհրդակցական մարմիններում րնդգրկված ներկայացուցիչներ և այլ անձինք:

83. Վարժարանի, սանի և նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի փոխհարաբերությունները կարգավորվում են օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև վարժարանի և սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրով:

84. Սանն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական պետական ծրագրին համապատասխան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն.

2) ինքնուրույն արտահայտելու անձնական տեսակետը` հիմնավորելով այն.

3) օգտվելու ժամանակակից տեղեկատվական միջոցներից, վարժարանի շենք-շինություններից, հատուկ սարքավորումներից, այդ թվում՝ գրադարանից և այլն.

4) ստանալու անվճար սննդի ապահովում և սոցիալական աջակցություն:

85. Սանը պարտավոր է՝

1) մասնակցել ուսումնական բոլոր պարապմունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված կրթական այլ ծրագրերին ու աշխատանքներին.

2) բարեխղճորեն սովորել, տիրապետել կրթական բոլոր ծրագրերին.

3) առանց սահմանված կարգով տրված թույլտվության՝ չբացակայել վարժարանի տարածքից.

4) խնամքով վերաբերվել վարժարանի գույքին.

5) հարգել մյուս սաների իրավունքները և արժանապատվությունը.

6) պահպանել անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնները.

7) պահպանել վարժարանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, վարժարանի կանոնադրության, վարժարանի ներքին կարգապահական և այլ կանոնների ու կանոնակարգերի պահանջները.

8) բարձր պահել վարժարանի սանի բարձր կոչումը և հավատարիմ լինել վարժարան ընդունվելուց հետո հանդիսավոր կերպով տրված խոստմանը.

9) իրեն արժանապատվորեն պահել հասարակական վայրերում, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պահպանմանը.

10) խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները.

11) վարժարանի սանն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, մանկավարժական խորհրդի որոշումներով ու վարժարանի պետի հրամաններով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

86. Սանի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի՝

1) ծանոթանալու վարժարանի կանոնադրությանը, ուսումնական գործընթացը կարգավորող այլ փաստաթղթերին.

2) պաշտպանելու երեխայի շահերն ու իրավունքները.

3) համագործակցելով վարժարանի պաշտոնատար անձանց հետ` տեղեկանալու իր երեխայի առողջության, առարկայական գիտելիքների յուրացման, ինչպես նաև այլ հարցերի մասին.

4) մասնակցելու վարժարանի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

5) սանի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, խորհրդի որոշումներով, պետի հրամաններով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև պայմանագրով սահմանված այլ իրավունքներ:

87. Սաների համար կարող են կիրառվել հետևյալ խրախուսման տեսակները՝

1) տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին սանի ընտանիքին տեղեկացում.

4) վարժարանի պետի միջնորդության հիման վրա լիազոր մարմնի գերատեսչական պատվոգրով կամ կրծքանշաններով կամ մեդալներով պարգևատրում.

5) գովասանագրով պարգևատրում` տարեկան գերազանց առաջադիմության համար.

6) արժեքավոր նվերով կամ դրամական պարգևատրում.

7) վարժարանի բացված դրոշի մոտ սանի լուսանկարում.

8) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

9) վարժարանի տարածքից արտահերթ արձակում.

10) վարժարանի պատվո գրքում սանի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

11) նշանակում պայմանական դասակի հրամանատարի տեղակալ կամ պայմանական ջոկի հրամանատար.

12) պայմանական զինվորական «փոխեֆրեյտոր», «փոխկրտսեր սերժանտ», «փոխսերժանտ» և «փոխավագ սերժանտ» կոչումների շնորհում:

88. Վարժարանում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման:

89. Վարժարանի սաների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

5) պայմանական զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով.

6) վարժարանից ազատում:

90. Սանի կողմից վարժարանին հասցված նյութական վնասը վերականգնվում է օրենքով սահմանված կարգով:

 

IX. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

91. Վարժարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող են կատարել վարժարանի հիմնադիրը, ինչպես նաև վարժարանի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

92. Վարժարանի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել վարժարանի նպատակներին կամ շահառուներին:

 

X. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

93. Վարժարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Վարժարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ Վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

94. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ վարժարանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, վարժարանի պետի մասին և վարժարանի վարչակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են վարժարանի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե վարժարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XI. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

95. Վարժարանը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։

96. Վարժարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

97. Վարժարանը լուծարվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Վարժարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

98. Վարժարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Վարժարանի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։

99. Վարժարանը կարող է լուծարվել, եթե՝

1) վարժարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) վարժարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել վարժարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) վարժարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) վարժարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) վարժարանն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

100. Վարժարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։

101. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին վարժարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է վարժարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան