Գլխավոր տեղեկություն
Номер
N 1257-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-16.06.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1004
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1257-Ն

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի, այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)՝ էլեկտրոնային եղանակով դուրսգրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի վավերացման և հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը:

2. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգը ծրագրային համակարգ է, որում ներառվում են հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրումն ապահովող, հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկությունների համադրման և այլ հարակից ծրագրեր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի, դրանց մասին և հաշվարկային փաստաթղթերի շրջանառությանն առնչվող այլ տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

3. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել հետևյալ ձևերով՝

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.

3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով։

4. Հարկ վճարողները կարող են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել սույն կարգի 3-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետով սահմանված ձևերով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագիր կիրառողները` նաև սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հաշվարկային փաստաթղթերը պետք է պարունակեն չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որը հաշվարկային փաստաթուղթը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հաշվարկային փաստաթղթերը պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և (կամ) ստացած հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեն օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր (այսուհետ` ԷՆՊ) կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձինք:

7. Անձինք, անկախ տվյալ պահին ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող համարվելու հանգամանքից, կարող են վավերացնել էլեկտրոնային եղանակով ստացված հաշվարկային փաստաթղթերը:

8. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը հաշվառվում են հարկային մարմնում:

9. Սույն կարգին համապատասխան՝ անձինք ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել՝ անկախ դուրսգրման պահին օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:

10. Նույն գործարքի շրջանակներում հարկային հաշվի, հաշիվ-վավերագրի կամ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի հետ միաժամանակ ՀԴՄ-ի կտրոն տրամադրելու դեպքում հարկային հաշվի, հաշիվ-վավերագրի կամ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի «Լրացուցիչ տվյալներ» բաժնում նշվում է նույն գործարքի շրջանակներում տրամադրված ՀԴՄ-ի կտրոնի համարը:

11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողներին, աշխատանքներ ընդունողներին և (կամ) ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

12. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվարկային փաստաթուղթը ենթակա չէ փոփոխման:

13. Հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներից ելնելով, հաշվարկային փաստաթղթերի վավերականության ստուգման համար:

14. Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը և (կամ) դրանց սերիա-համարները չեղարկվում և (կամ) անվավեր են ճանաչվում կամ ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր են դուրս գրվում հարկ վճարողների կողմից` համապատասխանաբար օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով, 41-րդ հոդվածով և 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով:

15. Հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման («Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր») ծրագրի միջոցով:

16. Ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը կարող են էլեկտրոնային եղանակով դուրս գրվել միայն իրական ժամանակում:

17. Էլեկտրոնային եղանակով ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագրում ընտրում է դրա միջոցով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից համապատասխան ձևը, այնուհետև՝ հաշվարկային փաստաթղթի տեսակը:

18. Լրացված ուղեկցող հաշվարկային փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման) և լրացման ենթակա նվազագույն տվյալները: Ուղեկցող հաշվարկային փաստաթղթի լրացման ենթակա նվազագույն տվյալներ են համարվում ուղեկցող փաստաթղթի հաշվարկային մասում առնվազն մեկ գործարքի մասին տվյալները: Լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է պարունակեն օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները:

19. Վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով ապահովվում է հարկ վճարողի կողմից կիրառվող՝ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալները «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագիր ներմուծումը, այդ ծրագրից հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրեր տվյալների արտահանումը: Հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերից տվյալների արտահանման համար անհրաժեշտ այլ ծրագրային ապահովումն իրականացվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Տվյալների արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրերի ձևաչափը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

II. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

20. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հաշվարկային փաստաթղթեր (այսուհետ` ինտերնետային հաշվարկային փաստաթղթեր) դուրս գրելու իրավունք ունեն սույն կարգի 6-րդ կետով սահմանված պայմանները բավարարող անձինք:

21. Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիրը (այսուհետ` սույն բաժնում՝ ծրագիր) տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

22. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում):

23. Ծրագիրն առաջին անգամ գործարկվելու համար պահանջում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի մուտքի անվան (login) և գաղտնաբառի (password) մուտքագրում:

24. Մեկ համակարգչում ծրագիրը կարող է տեղադրվել մեկ անգամ: Ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ-ն, օգտագործողի անունը, գաղտնաբառը) մուտքագրելով: Ծրագրով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկություններ և այլ գործողություններ են կատարվում այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:

25. Հաշվարկային փաստաթղթերում այն դուրս գրողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:

26. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցում և ինտերնետային ցանցից դուրս ռեժիմներում: Ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում հնարավոր է լրացնել միայն սևագիր հաշվարկային փաստաթղթեր կամ խմբագրել դրանք: Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում ինտերնետային ցանցին միացած լինելու դեպքում (ինտերնետային ցանցում ռեժիմում):

27. Հարկ վճարողը հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված՝ հաշվարկային փաստաթղթի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, ապրանքի տեղափոխության բեռնագիր) և ձևը (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից հաշվետու, ԱԱՀ-ի վերադարձի) և լրացնում այն: Հաշվարկային փաստաթղթերի ձևերը (բացառությամբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի) սահմանվում են հարկային մարմնի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 751-Ն որոշմամբ:

28. Գործարքի կողմ չհանդիսացող հարկ վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ ստանալու դեպքում ստացողի կողմից պետք է կիրառվի ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի տվյալ հաշվարկային փաստաթղթի շրջանակներում գործարքի կողմ չհանդիսանալու համապատասխան ֆունկցիան, որը հնարավորություն կտա տվյալ հաշվարկային փաստաթուղթը ջնջելու ստացողի ստացած հաշվարկային փաստաթղթերի դարանից:

29. Լրացված ինտերնետային հաշվարկային փաստաթուղթը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:

30. Դուրս գրված ինտերնետային հաշվարկային փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում:

31. Ինտերնետային հաշվարկային փաստաթուղթ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրով լրացվող հաշվարկային փաստաթղթի ձևի մեջ ներմուծելու միջոցով, եթե այդ տվյալները գրանցված են հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերից ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիր տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

32. Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում լրացված տվյալները (հաշվարկային փաստաթղթերը) հնարավոր է արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, եթե այդ ծրագրերն ունեն համապատասխան ծրագրային միջոցներ, որոնք ապահովում են հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով տվյալներ ընդունելու հնարավորություն: Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրից հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր տվյալների ներմուծման համար անհրաժեշտ ծրագրային միջոցների առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

33. Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր և այլ անձանց կողմից տվյալ հարկ վճարողի անվամբ (որպես ապրանքների գնորդ, աշխատանքներ կամ ծառայություններ ստացող կամ հանձնակատարի, գործակալի կամ համատեղ գործունեության մասնակցի կողմից) դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, հաստատելու էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի ստացումը` հաշվարկային փաստաթղթում դնելով էլեկտրոնային ստորագրություն:

34. Ծրագիրը թույլ է տալիս դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի ցանկերը, հաշվետվությունը վերածել «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի` այդ ծրագրի հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

35. Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում չգրանցվող հաշվարկային փաստաթուղթ կամ հաշվարկային փաստաթղթերի համակարգում գրանցվում է դուրս գրված հաշվարկային փաստաթղթում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր ճանաչված կամ չեղարկված սերիա-համարով հաշվարկային փաստաթուղթ:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

36. Հարկային մարմնից ստացված` հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ, օպտիկամանրաթելային կապով), եթե հարկ վճարողն ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը: Սույն բաժնում նշվող «ուղարկում», «ստացում» կամ «տրամադրում» բառերը նշանակում են միայն կապի միջոցով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ տեղեկատվության (տվյալների) ուղարկում, ստացում կամ տրամադրում, եթե սույն կարգով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

37. Հարկային մարմնից ստացված հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներով հաշվարկային փաստաթղթեր կարող են դուրս գրել այն անձինք՝

1) ովքեր կիրառում են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր).

2) որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի թիվը գերազանցում է հազարը, և՝

3) ովքեր բավարարում են սույն կարգի 6-րդ կետով սահմանված պայմանները:

38. Սույն կարգի կիրառման առումով՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (այսուհետ` բիլինգային համակարգեր) են համարվում այն ծրագրերը, որոնք, օգտագործելով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների ծավալի հաշվառման (օրինակ, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման ժամանակահատվածի և (կամ) ծավալի հաշվառման) այլ ծրագրերի կամ հաշվիչ սարքերի հաշվարկած տվյալները կամ մատակարարված ապրանքների քանակի հաշվառման ծրագրերի կամ այլ հաշվիչ սարքերի տվյալները, գեներացնում (կազմում) են հաշվարկային փաստաթղթեր` ապրանքներ ձեռք բերողներին, աշխատանքներ ընդունողներին և (կամ) ծառայություններ ստացողներին ներկայացնելու (տրամադրելու) և հատուցում ստանալու նպատակով: Որպես հատուկ ծրագրեր չեն կարող համարվել հաշվապահական հաշվառման ծրագրերը, որոնց միջոցով ևս հնարավոր է կամ իրականացվում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում:

39. Հարկային մարմնից ստացված հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բիլինգային համակարգ կիրառող անձինք) հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից կիրառվող համակարգչային ծրագրով ուղարկված հայտի հիման վրա:

40. Բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ստացման հայտ ներկայացնող ծրագիրը մշակվում է բիլինգային համակարգ կիրառողի կողմից։

41. Էլեկտրոնային հայտը ներկայացնելու ձևաչափը (protocol) սահմանում է հարկային մարմինը և գրավոր տրամադրում է բիլինգային համակարգ կիրառողին` բիլինգային համակարգի կիրառումից առնվազն 3 ամիս առաջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողը պատրաստ է այդ համակարգը կիրառել ավելի վաղ ժամկետից կամ առանց ձևաչափ ստանալու:

42. Էլեկտրոնային հայտը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի՝ վավերական էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր անձի ստորագրությունը հարկային մարմնում գրանցվում է էլեկտրոնային հաշվետվություններն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան:

43. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ստուգվում է հայտում պարունակվող էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում ապահովվում է հայտի հետագա ընթացքը: Եթե հայտում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ուղարկվում է ստորագրության անվավեր լինելու հիմքով հայտը մերժելու վերաբերյալ հաղորդագրություն:

44. Վավերական հայտի (այսուհետ` հայտ) դեպքում ծրագիրն ստուգում է հայտով պահանջված քանակությունները տվյալ անձի համար սահմանված` հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ռեզերվային սահմանաչափում լինելու հանգամանքը:

45. Բիլինգային համակարգ կիրառող յուրաքանչյուր անձի համար սահմանվում (հաշվարկվում) է հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ռեզերվային սահմանաչափ: Հարկային մարմնից ստացվող հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարներով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգը տվյալ հարկ վճարողի նկատմամբ կիրառելու առաջին չորս ամսում հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը որոշվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա, իսկ հետագա ամիսներին հաշվարկվում է նախորդ երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի ընդհանուր թվի 120 տոկոսի չափով:

46. Եթե հայտում պահանջված սերիա-համարների թիվը տրամադրվելու դեպքում չի խախտվում հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրային համակարգի միջոցով գեներացվում և հարկ վճարողի ծրագրին են ուղարկվում պահանջվող թվով սերիա-համարներ: Սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը համարվում է խախտված, եթե չմարված սերիա-համարների և հայտով պահանջված սերիա-համարների ընդհանուր թիվը գերազանցում է հարկ վճարողի համար սահմանված ռեզերվային սահմանաչափը: Սույն կետի կիրառման առումով՝ չմարված սերիա-համարներ են համարվում հարկ վճարողին տրամադրված այն սերիա-համարները, որոնցով համարակալված հաշվարկային փաստաթղթերի մասին հարկային մարմին չի ներկայացվել սույն կարգով սահմանված տեղեկատվությունը:

47. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

48. Եթե հայտով պահանջված սերիա-համարների քանակությունը տրամադրելու դեպքում խախտվում է հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հայտը մերժվում է, և հարկ վճարողին է ուղարկվում ռեզերվային սահմանաչափը խախտելու մասին հաղորդագրություն: Մերժում ստանալուց հետո բիլինգային համակարգ կիրառողի կողմից կարող է ուղարկվել նոր հայտ:

49. Ստացված սերիա-համարները տեղադրվում են բիլինգային համակարգում՝ դրանցով համարակալված հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու համար:

50. Բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված` հարկային մարմին ներկայացման ենթակա տեղեկատվությունը, մինչև այդ հաշվարկային փաստաթղթերը որևէ ձևով գնորդներին (ապրանքներ ձեռք բերողներին, աշխատանքներ ընդունողներին և (կամ) ծառայություններ ստացողներին) տրամադրումը, պետք է ուղարկվի հարկային մարմին: Մինչև հարկային մարմնի կողմից հաշվարկային փաստաթղթերի տվյալ (ցանկացած) սերիա-համարով հաշվարկային փաստաթղթի մասին ներկայացման ենթակա տեղեկատվության ստացումը՝ տվյալ սերիա-համարով հաշվարկային փաստաթուղթն անվավեր է, իսկ տվյալ սերիա-համարը հաշվարկային փաստաթղթերի համակարգի կողմից դիտվում է որպես գոյություն չունեցող:

51. Բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա են`

1) հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները.

2) հաշվարկային փաստաթղթում պարտադիր լրացման ոչ ենթակա, սակայն բիլինգային համակարգի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում լրացված և ապրանքներ մատակարարողին (աշխատանքներ կատարողին և (կամ) ծառայություններ մատուցողին), ապրանքներ ձեռք բերողին (աշխատանքներ կատարողին և (կամ) ծառայություններ ստացողին), պայմանագրին վերաբերող տվյալները.

3) տվյալ հաշվարկային փաստաթղթով մատակարարվող ապրանքների ընդհանուր արժեքին, հաշվարկված ԱԱՀ-ի ընդհանուր գումարին, հաշվարկային փաստաթղթի համաձայն վճարման ենթակա ընդհանուր գումարին, իսկ ընդհանուր քանակությունը (ծավալը) հաշվարկելու հնարավորության դեպքում` նաև մատակարարված ապրանքների ընդհանուր քանակին (աշխատանքների կամ ծառայությունների ընդհանուր ծավալին) վերաբերող տվյալները:

52. Հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալների (տեղեկատվության) ցանկը սահմանում է հարկային մարմինը` ելնելով օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներից: Հարկային մարմնի կողմից սահմանվող` հաշվարկային փաստաթղթում պարտադիր լրացման ենթակա տվյալները պարտադիր են բիլինգային համակարգ կիրառող բոլոր հարկ վճարողների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, ելնելով գործունեության ոլորտի առանձնահատկություններից, առանձին հարկ վճարողների համար պարտադիր լրացման ենթակա առանձին տվյալներ ենթակա են փոփոխման:

53. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերը համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տրամադրվել են ապրանքներ ձեռք բերողներին (աշխատանքներ կատարողներին և (կամ) ծառայություններ ստացողներին), թե՝ ոչ:

54. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով` հարկային մարմնի կողմից սահմանված ծավալներով:

55. Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ որպես համապատասխան լիազորությամբ գրանցված անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

56. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրի միջոցով պետք է ստուգվի էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում պետք է ապահովվի ստացված տեղեկությունների հետագա ընթացքը: Եթե տեղեկություններում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկ վճարողին ուղարկվում է համապատասխան հաղորդագրություն: Ոչ վավերական ստորագրությամբ հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկությունները հաշվարկային փաստաթղթերի համակարգում չեն գրանցվում:

57. Ներկայացված տեղեկությունները վավերական լինելու դեպքում ստուգվում է հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի մասին ստացված տեղեկատվության մեջ հաշվարկային փաստաթղթում պարտադիր լրացման ենթակա տվյալները յուրաքանչյուր հաշվում լրացված լինելու հանգամանքը: Այն հաշվարկային փաստաթղթերը, որոնցում բացակայում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում չեն գրանցվում: Հարկ վճարողին ուղարկվում է հաղորդագրություն բիլինգային համակարգի միջոցով կազմված հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկատվության ընդունումը մերժելու վերաբերյալ:

58. Բիլինգային համակարգ կիրառողներից ստացված և հաշվարկային փաստաթղթերի համակարգում գրանցված բոլոր հաշվարկային փաստաթղթերն ստորագրվում են հարկային մարմնի կողմից հատուկ առանձնացված էլեկտրոնային ստորագրությամբ և գրանցվում ապրանքներ ձեռք բերողների, աշխատանքներ կատարողների և (կամ) ծառայություններ ստացողների համար վարվող՝ ստացված հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դարանում, բիլինգային համակարգ կիրառողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի մասին կազմվող էլեկտրոնային տեղեկանքում: Ստացված սերիա-համարներով հաշվարկային փաստաթղթերը գրանցվում են վավերական հաշվարկային փաստաթղթերի ցանկում:

59. Բիլինգային համակարգ կիրառողից ստացված` այն հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկատվությունը, որոնցում լրացված են պարտադիր լրացման ենթակա բոլոր տվյալները, գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում` դրանց հետագա ընթացքն ապահովելու համար:

60. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

61. Անհրաժեշտության դեպքում (գործունեության դադարեցում, այն գործունեության դադարեցում, որի մասով կիրառվում է բիլինգային համակարգը և այլն) հարկ վճարողի նախաձեռնությամբ նախկինում ստացված սերիա-համարները վերադարձվում են հարկային մարմին:

 

IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

62. Հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ) միջոցով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և սույն կարգի 6-րդ կետով սահմանված պայմանները բավարարող անձինք:

63. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում իրական ժամանակում՝ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում:

64. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք՝ այն օբյեկտներում, որոնցում օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր կարող են դուրս գրվել նաև տրանսպորտային միջոցներում տեղադրված ՀԴՄ-ների միջոցով:

65. Հարկային մարմնում որպես հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 64-րդ կետում նշված օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հաշվարկային փաստաթղթեր» համակարգերից համապատասխան հաշվարկային փաստաթղթի համակարգն ընտրելուց հետո:

66. ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս՝

1) դուրս գրելու հաշվարկային փաստաթղթեր.

2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում՝ այլ էլեկտրոնային եղանակներով դուրս գրված) և ստացված հաշվարկային փաստաթղթերը.

3) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հաշվարկային փաստաթղթեր.

4) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հաշվարկային փաստաթղթերը.

5) ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթի հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).

6) ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա ստեղծելու հաշվարկային փաստաթղթերում լրացվող տվյալների բառարաններ:

Սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված գործողությունները՝ ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ՝ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում:

67. Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հաշվարկային փաստաթղթի ձևը, սակայն պետք է պարունակի հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:

68. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա՝ մատակարարի (աշխատանք կատարողի կամ ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունները, ազգանունները), գտնվելու կամ բնակության վայրը, ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում՝ գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անունները, ազգանունները), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:

69. Հարկ վճարողը հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հաշվարկային փաստաթղթի տեսակը և լրացնում այն: Հաշվարկային փաստաթուղթը կարող է լրացվել հաշվարկային փաստաթղթի նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:

70. ՀԴՄ-ի միջոցով լրացված հաշվարկային փաստաթուղթը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ: Հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հաշվարկային փաստաթուղթը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:

71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում չգրանցվող հաշվարկային փաստաթուղթ կամ հաշվարկային փաստաթղթերի համակարգում գրանցվում է դուրս գրված հաշվարկային փաստաթղթում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղարկված սերիա-համարով հաշվարկային փաստաթուղթ:

 

V. ՃՇԳՐՏՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

72. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր՝ օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:

73. Նույն գործարքի շրջանակներում հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ միաժամանակ ՀԴՄ-ի կտրոն տրամադրելու և հետագայում գործարքն օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն ճշգրտելու դեպքում ճշգրտվում է հարկային հաշիվը կամ հաշիվ-վավերագիրը:

74. Ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում արտացոլվում են վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր դուրս գրելու համապատասխան հիմքի առաջացման օրը:

75. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը վերաբերող ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր չի կարող դուրս գրվել, եթե այդ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված պայմաններով կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության արդյունքի հետհանձնումն ուղղակի անհնարին է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է օրենսգրքի 56-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ ապրանքի տեղափոխության բեռնագրի) անվավեր ճանաչման և չեղարկման կարգը:

2. Սույն կարգում «ապրանքների մատակարարում», «աշխատանքների կատարում», «ծառայությունների մատուցում», «գործարք» հասկացությունները կիրառվում են օրենսգրքում կիրառված իմաստով, իսկ «կնքված պայմանագիր» հասկացությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես, օրենսգրքի 436-րդ, 448-րդ հոդվածներով) սահմանված իմաստով՝ անկախ կնքման ձևից (օրինակ, բանավոր):

3. Սույն որոշմամբ սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն անվավեր են ճանաչվում դուրս գրող անձի կողմից օրենսգրքի 56-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան, իսկ չեղարկվում են դուրս գրող անձի կողմից՝ օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում:

4. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթն անվավեր է ճանաչվում ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան:

5. Հաշվարկային փաստաթղթերը (այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը և ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը), ինչպես նաև բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված` հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունը չեղարկվում են ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Հաշվարկային փաստաթղթի չեղարկման ֆունկցիան կիրառելուց դուրս գրողի կողմից ընտրվում է օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը): Ընդ որում, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է տվյալ հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերողի, աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացողն ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառելու և ստորագրելու դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան մերժման ֆունկցիան կիրառելով՝ մերժվում է հաշվարկային փաստաթղթի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Այդ դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման մերժման վերաբերյալ, և հաշվարկային փաստաթուղթը չի կարող համարվել չեղարկված և պահպանում է վավերական կարգավիճակը, իսկ այն դեպքում, երբ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձը չեղարկման հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո'չ հաստատում և ո'չ էլ մերժում է ստացված հաղորդագրությունը, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված: Հաշվարկային փաստաթղթի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են գնորդին, աշխատանքների արդյունքը հանձնվել է աշխատանքն ընդունողին կամ ծառայությունները մատուցվել են ստացողին, սակայն հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այլ անձի անունով, և վերջինս ստորագրել է ստացված հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո ապրանք ձեռք չբերողը, աշխատանք չընդունողը և (կամ) ծառայություն չստացողը, ում անունով դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթը, ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո տվյալ անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառվելու և ստորագրվելու դեպքում միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման

 

ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը և նախկինում դուրս չգրված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

2. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացվում է թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով, որոնք պետք է պարունակեն օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները՝ բացառությամբ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:

3. Օրենսգրքի 410-րդ հոդվածի կիրառման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթղթերի բացակայության և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ տվյալ փաստի վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող իրավասու անձանց (այսուհետ՝ իրավասու անձ) կողմից կազմվում է արձանագրություն:

4. Արձանագրության մեջ նշվում են այլ ուղեկցող փաստաթղթում ներառված հետևյալ տվյալները՝ հարկ վճարողի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), մատակարարվող (առաքվող, տեղափոխվող) ապրանքի անվանումը, քանակը, գինը, ուղեկցող փաստաթղթի դուրսգրման փորձի կատարման վայրի հասցեն, ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը) և կապի ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:

 

III. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՈՒՐՍ ՉԳՐՎԱԾ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

5. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումների հետևանքով հաշվարկային փաստաթղթերը չեն կարող դուրս գրվել ու վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ և համարվում են սևագիր տարբերակներ:

6. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:

 

IV. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

7. Հարկ վճարողի կողմից ուղեկցող այլ փաստաթղթի դուրսգրման դեպքում, արձանագրության կազմման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու անձանց կողմից, հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.taxservice.am) հրապարակված տեղեկատվության հիման վրա, ստուգվում է հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքի առկայությունը:

8. Հարկային մարմնի պաշտոնական կայքում հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում իրավասու անձանց կողմից հարցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

9. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստերի առկայության դեպքում հարկ վճարողի նկատմամբ օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված տուգանք չի կիրառվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան