ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1241-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 6 377 000 դրամ գնահատված արժեքով, 74 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)` (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Ջերմուկ, Շահումյան 7/1)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ՝
1) կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 11 Երևան |