Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.07.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2017
Дата вступления в силу
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0547/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0547/02/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

Մ. Հարթենյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2016 թվականի որոշման դեմ ըստ հայցի Գյուղապետարանի ընդդեմ Հրանտ Մկրտչյանի` գումարի բռնագանձման և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է Հրանտ Մկրտչյանից բռնագանձել 218.640 ՀՀ դրամ, ինչպես նաև լուծել 12.05.2003 թվականին Գյուղապետարանի և Հրանտ Մկրտչյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Վարդանյան) (այսուհետ՝ Դատարան) 28.09.2015 թվականի վճռով հայցը՝ 12.05.2003 թվականին Գյուղապետարանի և Հրանտ Մկրտչյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասով, բավարարվել է, իսկ գործի վարույթը՝ 218.640 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.09.2016 թվականի որոշմամբ Հրանտ Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ, 78-րդ, 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև հողի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարները չվճարելու վերաբերյալ Հրանտ Մկրտչյանին ուղղված Գյուղապետարանի ծանուցումը ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը պատասխանողը պատշաճ կարգով ստացել է՝ դրա վերաբերյալ ստորագրելով համապատասխան հանձնման հավաստագրում: Դատարանը ևս հայցադիմումը և դրա կից փաստաթղթերը պատասխանող Հրանտ Մկրտչյանին պատշաճ կարգով ուղարկել է նշված հասցեով, որոնք, համաձայն գործում առկա հանձնման հավաստագրերի, Հրանտ Մկրտչյանը ստացել է և ստորագրել այդ կապակցությամբ: Պատասխանողը պատշաճ ծանուցվել է նաև դատական նիստի վայրի և ժամանակի մասին, ինչը հաստատվում է Վերաքննիչ դատարանին ներկայացված` «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 16.03.2016 թվականի գրությամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հրանտ Մկրտչյանի կողմից իր փաստացի բնակության վայրի փոփոխվելու մասին տեղեկություններ չներկայացնելու պարագայում վերջինս է կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքները, առավել ևս, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս անձամբ պատշաճ ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին: Այսինքն՝ սույն գործով պատասխանող Հրանտ Մկրտչյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործի փաստերը և չկիրառելով համապատասխան դատավարական նորմը, սխալ եզրահանգման է եկել պատասխանողի` դատական նիստերի մասին ծանուցված չլինելու փաստի վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.09.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.05.2003 թվականին Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի համայնքի ղեկավարի՝ որպես վարձատուի, և Հրանտ Մկրտչյանի՝ որպես վարձակալի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) 07.05.2015 թվականին Գյուղապետարանի կողմից Հրանտ Մկրտչյանին ուղարկված թիվ 1 ծանուցման համաձայն՝ վերջինս նախազգուշացվել է վարձակալության ընթացիկ վճարումների խախտման և 02.05.2003 թվականի Գյուղապետարանի հետ կնքած վարձակալության պայմանագիրը լուծելու առաջարկի մասին: Նշված ծանուցումը ուղարկվել է Հրանտ Մկրտչյանին ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն հասցեով՝ պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 7, 13):

3) Դատարանի 04.08.2015 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, ինչպես նաև 31.08.2015 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 15, 17):

4) 16.09.2015 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 20, 21):

5) Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը ստորագրվել և ստացվել է (հատոր 1-ին, գ.թ. 27, 28)։

6) «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 16.03.2016 թվականի թիվ Ել. 2/3-727 գրության համաձայն՝ թիվ RRxxxxxx637AM պատվիրված նամակը՝ հասցեագրված Հրանտ Մկրտչյանին «ՀՀ ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, «Հայփոստ» ՓԲԸ-ի Վարդենիսի թիվ 01 փոստային բաժանմունքում ստացվել է 07.05.2015 թվականին և նույն օրը հանձնվել է հասցեատիրոջը (հատոր 1-ին, գ.թ. 88):

7) Փոստատար Արթուր Սաղաթելյանի կողմից տրված «Հայտարարության» համաձայն՝ Գյուղապետարանի կողմից 07.05.2015 թվականին Հրանտ Մկրտչյանին ուղարկված բոլոր ծանուցումները պատշաճ կարգով հանձնվել են Հրանտ Մկրտչյանին՝ ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև նրան վերաբերող բոլոր ծանուցումները նրա կողմից պատշաճ ստացվել է առանց որևէ առարկության, որևէ անգամ հասցեի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել (հատոր 1-ին, գ.թ. 54)։

8) Սույն գործով չի վիճարկվել Գյուղապետարանի 07.05.2015 թվականի ծանուցումը, 31.08.2015 թվականի և 16.09.2015 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցումները, Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը Հրանտ Մկրտչյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ անդորրագրերի վրա առկա ստորագրությունները Հրանտ Մկրտչյանին պատկանելու փաստը:

9) ՀՀ Վարդենիսի քաղաքապետարանի կողմից 20.10.2015 թվականին տրված թիվ 3796 տեղեկանքի համաձայն՝ Հրանտ Մկրտչյանը 23.01.2012 թվականից հանդիսացել է «ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2» հասցեի բնակիչ (հատոր 1-ին, գ.թ. 42):

10) 30.10.2013 թվականին տրված՝ Հրանտ Մկրտչյանի անձնագրում կատարված է նշում առ այն, որ 23.01.2012 թվականից Հրանտ Մկրտչյանը փաստացի բնակվել է «ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, տուն 2» հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 43):

11) ՀՀ Վարդենիս նոտարական տարածքի նոտարական գրասենյակի նոտար Տիգրան Սարգսյանի կողմից 29.06.2016 թվականին տրված թիվ 369/16 գրության համաձայն՝ Հրանտ Մկրտչյանը մահացել է 09.12.2015 թվականին, և նրա ժառանգությունն ընդունվել է Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյանների կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին։

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթներ են պարունակվում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-49-Ն) կատարված փոփոխությունները և լրացումները ներառող խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Հետագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ անդրադարձել է նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան մասերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի կողմից գործի քննությանը Հրանտ Մկրտչյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով վերջինիս հասցեագրված ծանուցագրերը, որոնք ուղարկվել են «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, ստացվել և ստորագրվել են, այդուհանդերձ, վերոգրյալը դեռևս բավարար չէ միանշանակ հետևություն անելու առ այն, որ Հրանտ Մկրտչյանը եղել է պատշաճ կարգով ծանուցված, քանի որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Վարդենիսի քաղաքապետարանի կողմից 20.10.2015 թվականին տրված թիվ 3796 տեղեկանքը, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Հրանտ Մկրտչյանը դեռևս 23.01.2012 թվականից, այն է` մինչև սույն գործով հայցվորի կողմից պահանջ ներկայացնելը, հանդիսացել է «ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2» հասցեի բնակիչ, որը, համաձայն վերաքննիչ բողոքին կից ներկայացված Հրանտ Մկրտչյանի անձնագրի լուսապատճենի, հանդիսանում է նաև վերջինիս հաշվառման հասցեն:

 

Մինչդեռ համադրելով սույն գործի փաստերը և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գյուղապետարանի կողմից 07.05.2015 թվականին «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է ծանուցագիր, որը ստորագրվել և ստացվել է: Դատարանի 04.08.2015 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, 31.08.2015 թվականին և 16.09.2015 թվականին նշանակված դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումները պատվիրված նամակներով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին դարձյալ ուղարկել են «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որոնք նույնպես ստորագրվել և ստացվել են: Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ Հրանտ Մկրտչյանին ուղարկվել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով, որը նույնպես ստորագրվել և ստացվել է: Փոստատար Արթուր Սաղաթելյանի կողմից տրված «Հայտարարության» համաձայն՝ Հրանտ Մկրտչյանին «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեով ուղարկված բոլոր ծանուցումները պատշաճ կարգով հանձնվել են Հրանտ Մկրտչյանին՝ ընտանիքի անդամների ներկայությամբ և առանց հասցեի վերաբերյալ որևէ առարկության: Բացի այդ, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի գրության համաձայն՝ վերոնշյալ հասցեով Հրանտ Մկրտչյանին հասցեագրված պատվիրված նամակը 07.05.2015 թվականին հանձնվել է նրան: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանողի կողմից երբևիցե չի վիճարկվել Գյուղապետարանի 07.05.2015 թվականի ծանուցումը, 31.08.2015 թվականի և 16.09.2015 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցումները, Դատարանի 28.09.2015 թվականի վճիռը Հրանտ Մկրտչյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ անդորրագրերի վրա առկա ստորագրությունները Հրանտ Մկրտչյանին պատկանելու փաստը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից Հրանտ Մկրտչյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահպանմամբ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ թեև Վարդենիսի քաղաքապետարանի տեղեկանքի և Հրանտ Մկրտչյանի անձնագրի համաձայն՝ Հրանտ Մկրտչյանի՝ պետական մարմիններին հայտնի հասցեն եղել է «ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փողոց, 6-րդ փակուղի, թիվ 2» հասցեն, սակայն գործում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործի քննության ընթացքում Հրանտ Մկրտչյանը դատական ծանուցագրերը ստացել է «ք. Վարդենիս, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 տուն» հասցեում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տեղի չի ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի և ըստ այդմ նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ Հրանտ Մկրտչյանի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների սահմանափակում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի, այն է՝ ծանուցման ընթացակարգի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման՝ դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը՝ առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը՝ նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Հրանտ Մկրտչյանի իրավահաջորդներ Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Գյուղապետարանի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ (20.000 ՀՀ դրամ + 218.640*3%, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից)՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2015 թվականի վճռին:

2. Հրանտ Մկրտչյանի իրավահաջորդներ Սուսաննա, Նարե, Ռոզա, Վարսենիկ, Հայկ և Անդրանիկ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի գյուղապետարանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան