ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5066/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5066/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ա. Սմբատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արփինե Հարությունյանի ընդդեմ Կազմակերպության՝ աշխատանքային ստաժը ճիշտ հաշվարկելու, աշխատավարձ բռնագանձելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արփինե Հարությունյանը պահանջել է իրեն վերականգնել աշխատանքի, յոթ տարվա կատարած անօրինական աշխատանքը համարել աշխատանքային ստաժ և Կազմակերպությունից բռնագանձել այդ տարիների համար հասանելիք աշխատավարձը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է 14.09.2006 թվականից մինչև 20.11.2013 թվականը Կազմակերպությունում Արփինե Հարությունյանի կատարած աշխատանքը հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, Կազմակերպությունից բռնագանձել չվճարված աշխատավարձ՝ 14.09.2006 թվականից սկսած մինչև 20.11.2013 թվականը: Մնացած մասով հայցը մերժվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 28.06.2016 թվականին տվել է թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթը:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Հանեսյանը (այսուհետ` Հարկադիր կատարող) դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու մասին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 04.11.2016 թվականի որոշմամբ Հարկադիր կատարողի դիմումը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2016 թվականի թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.01.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.11.2016 թվականի «Կատարողական թերթի պարզաբանումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ, 143-րդ և 220-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վճռում որևէ փաստ առկա չէ աշխատավարձի չափի կամ դրա հաշվարկման վերաբերյալ, իսկ Դատարանը թեև կատարողական թերթի պարզաբանումը մերժել է, սակայն միևնույն ժամանակ որոշման մեջ փաստացի պարզաբանում տալով՝ նշել է, որ հաշվարկման է ենթակա 13.09.2006 թվականից մինչև 21.10.2013 թվականը Կազմակերպությունում մեներգչուհու (սոպրանոյի) աշխատավարձի չափով գումար, այսինքն՝ Հարկադիր կատարողի համար 2006 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածի հաշվարկման մեխանիզմ է սահմանել, այն էլ՝ սխալ:
Դատարանը կատարողական թերթի պարզաբանմամբ, նախ՝ նոր հիմք է ավելացրել, երկրորդ՝ հետադարձ ուժ է տվել Արփինե Հարությունյանի՝ 2013 թվականի նոյեմբերից ստացած աշխատավարձի չափին, երրորդ՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմի պահանջը՝ փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռի բովանդակությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ վերացնել կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 26.01.2017 թվականի որոշումը»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռով Արփինե Հարությունյանի հայցն ընդդեմ Կազմակերպության՝ աշխատանքային ստաժը ճիշտ հաշվարկելու, աշխատավարձ բռնագանձելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է 14.09.2006 թվականից մինչև 20.11.2013 թվականը Կազմակերպությունում Արփինե Հարությունյանի կատարած աշխատանքը հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, Կազմակերպությունից բռնագանձել չվճարված աշխատավարձ՝ 14.09.2006 թվականից սկսած մինչև 20.11.2013 թվականը: Մնացած մասով հայցը մերժվել է: Վճռում որևէ նշում չկա աշխատավարձի չափի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 153-166):
2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.06.2016 թվականին տրվել է թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթը (հատոր 3-րդ, գ.թ. 41-42):
3) Հարկադիր կատարողը 17.08.2016 թվականին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու մասին՝ խնդրելով տալ պարզաբանում, թե որքան է կազմում կատարողական թերթով նախատեսված՝ Կազմակերպությունից հօգուտ Արփինե Հարությունյանի բռնագանձման ենթակա աշխատավարձի գումարը՝ սկսած 14.09.2006 թվականից մինչև 20.11.2013 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 79):
4) Դատարանի 04.11.2016 թվականի որոշմամբ Հարկադիր կատարողի դիմումը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2016 թվականի թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ, մերժվել է: Միաժամանակ որոշման պատճառաբանական մասում Դատարանը նշել է, որ «վճռով հաստատված փաստերից հետևում է, որ հաշվարկման է ենթակա 13.09.2006 թվականից մինչև 21.10.2013 թվականը Կազմակերպությունում մեներգչուհու (սոպրանոյի) աշխատավարձի չափով գումար» (հատոր 3-րդ, գ.թ. 115-117):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում կատարողական թերթի պարզաբանման մասին դատական ակտերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. դատավարական ի՞նչ պահանջների պետք է համապատասխանի կատարողական թերթի պարզաբանման մասին որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վճռի պարզաբանումը վճռի եզրափակիչ մասում թերությունների վերացման միջոցներից մեկն է, որն ուղղված է շտկելու վճռում առկա անհստակություններն ու երկիմաստությունները՝ շարադրելով այն առավել պարզ և հասկանալի: Վճռի պարզաբանումն ուղղված է այնպիսի թերությունների վերացմանը, որոնք կարող են դժվարացնել դատական ակտի կատարումը: Հետևաբար դատարանը պարզաբանում է, թե ինչ է նկատի ունեցել վճռի եզրափակիչ մասում և ինչպես պետք է հասկանալ վճիռը:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ օրենսդիրը վճռի պարզաբանման նպատակահարմարության հստակ չափորոշիչներ չի սահմանել, ուստի, հաշվի առնելով, որ վճռի պարզաբանումը դատարանի իրավասությունն է, այլ ոչ թե պարտականությունը, բոլոր դեպքերում վճռի պարզաբանման անհրաժեշտության հարցը դատարանը լուծում է ինքնուրույն: Վճռի պարզաբանման անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի միայն վճռի եզրափակիչ մասում այնպիսի անհստակությունների առկայությամբ, որոնք կարող են երկակի մեկնաբանության տեղիք տալ կամ դժվարացնել վճռի կատարումը: Դատարանն իրավասու չէ վճռի պարզաբանման արդյունքում փոփոխել վճռի բովանդակությունը կամ լուծել այնպիսի հարցեր, որոնք չեն քննարկվել այդ դատական ակտով (տե´ս, Հրաչիկ Ավետիսյանն ընդդեմ Սուսաննա Ավետիսյանի և մյուսների թիվ ԼԴ/0376/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական ակտում պետք է նշվի դատական ակտի եզրափակիչ մասը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան՝ այն պարզաբանելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի պարունակում կատարողական թերթի պարզաբանմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթներ, սակայն շարադրված իրավադրույթների վերլուծությունից բխում է, որ վճռի կատարողական թերթում նշվում է վճռի եզրափակիչ մասը, հետևաբար կատարողական թերթի պարզաբանման նկատմամբ լիովին կիրառելի են վճռի պարզաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերոգրյալ իրավակարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: Մասնավորապես՝ կատարողական թերթի պարզաբանմամբ վերացվում են վճռի եզրափակիչ մասում տեղ գտած այն անհստակություններն ու երկիմաստությունները, որոնք ոչ միանշանակ մեկնաբանության տեղիք են տալիս կամ դժվարացնում են դատական ակտի կատարումը կատարողական վարույթի ընթացքում: Այլ կերպ ասած, կատարողական թերթի պարզաբանումն ըստ էության վճռի եզրափակիչ մասի պարզաբանումն է, որի մեկնաբանման և կատարման կապակցությամբ անորոշություն է առաջացել դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին, իսկ 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ: Նույն հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և եզրահանգումը քննարկվող հարցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային որոշմամբ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ներպետական իրավունքի նորմերը պետք է լինեն բավարար չափով հասանելի, հստակ և կանխատեսելի իրենց կիրառման մեջ (տե՛ս, Broniowski v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռը, 147-րդ կետ): Բացի այդ, համաձայն Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների` օրենսդրական նորմերը պետք է կիրառվեն ողջամիտ հստակությամբ և կապակցվածությամբ, որպեսզի հնարավոր լինի որքան հնարավոր է խուսափել իրավական անորոշություններից և երկիմաստություններից: Եվրոպական դատարանն ընդգծել է նաև պետությունների բարձրագույն դատական ատյանների դերն իրավական անորոշությունը հնարավորինս հաղթահարելու հարցում (տե՛ս, Beian v. Romania գործով Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, 33-րդ և 39-րդ կետեր):
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն թե՛ օրենսդրական, թե՛ վարչական և թե՛ դատական գործունեության արդյունք հանդիսացող իրավական անորոշություններից խուսափելու համար: Փաստորեն, իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է ոչ միայն օրենսդրական ձևակերպումների, այլև դատարանների կայացրած որոշումների հստակություն և կանխատեսելիություն: Ընդ որում, դատական ակտերը պետք է ուղղված լինեն օրենսդրական անհստակությունների վերացմանը և չպետք է պարունակեն անհասկանալի և անորոշ եզրահանգումներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտի որոշակիության խնդրին, արտահայտել է դիրքորոշում առ այն, որ դատական ակտը պետք է լինի որոշակի. այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերին ներկայացվող իրավական որոշակիության պահանջը, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է գործով ներկայացված բոլոր պահանջներին տա այնպիսի պատասխան, որը բացառում է կողմերի հարաբերություններում անորոշությունը, ինչպես նաև դատական ակտը կողմերի հայեցողությամբ տարբեր եղանակներով կատարելու հնարավորությունը (տե՛ս, Անի Սարգսյանն ընդդեմ Արմեն Փերոյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.
Դատարանի վճիռը գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտն է, վեճի վերաբերյալ դատարանի վերջնական որոշումը, այդ պատճառով էլ օրենսդիրն առավել մանրամասնորեն է կարգավորել վճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները: Օրենսդրի կողմից դատարանի այլ ակտերին ներկայացվող պահանջների վերաբերյալ նույն մանրամասնությամբ իրավակարգավորումներ չսահմանելը չի նշանակում, որ այդ որոշումները կարող են լինել ոչ բավարար չափով օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Պարզապես գործի քննության արդյունավետության շահերից ելնելով՝ չի պահանջվում, որ դատարանն իր յուրաքանչյուր որոշումը հիմնավորի և պատճառաբանի նույն մանրամասնությամբ, ինչ որ գործով կայացվող վերջնական դատական ակտը: Այսպիսով, վճռի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ դատավարական պահանջները որոշակիորեն վերաբերում են նաև դատարանի կողմից կայացվող որոշումներին, այսինքն՝ դատարանի յուրաքանչյուր որոշում պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:
Կատարողական թերթի պարզաբանման մասին որոշումը դատարանի կողմից կայացվող դատական ակտերից մեկն է, որով վերացվում է վերջնական դատական ակտում առկա անորոշությունը, իսկ դատական ակտի անորոշությունը վերացնող դատական ակտն իր հերթին պետք է լինի օրինական, հիմնավորված, պատճառաբանված և չի կարող պարունակել անորոշություն: Մասնավորապես՝ այդ ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերը պետք է համապատասխանեն միմյանց, ակտի եզրափակիչ մասը պետք է բխի դրա պատճառաբանական մասում կատարված եզրահանգումներից, իսկ ակտի եզրափակիչ մասում կատարված եզրակացությունը չի կարող կասկածի տակ դրվել նույն ակտի պատճառաբանական մասում կատարված այլ եզրահանգումներով: Հակառակ դեպքում անորոշությունը վերացնող դատական ակտը ոչ միայն չի ծառայի օրենսդրությամբ սահմանված նպատակներին, այլև իր հերթին կառաջացնի նոր անորոշություն և դատական ակտի կատարման նոր դժվարություններ:
Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռով վճռվել է՝ 14.09.2006 թվականից մինչև 20.11.2013 թվականը Կազմակերպությունում Արփինե Հարությունյանի կատարած աշխատանքը հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, Կազմակերպությունից բռնագանձել չվճարված աշխատավարձ՝ 14.09.2006 թվականից սկսած մինչև 20.11.2013 թվականը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.06.2016 թվականին տրված թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթի կապակցությամբ Հարկադիր կատարողը 17.08.2016 թվականին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու մասին՝ խնդրելով տալ պարզաբանում, թե որքան է կազմում կատարողական թերթով նախատեսված՝ Կազմակերպությունից հօգուտ Արփինե Հարությունյանի բռնագանձման ենթակա աշխատավարձի գումարը:
Դատարանի 04.11.2016 թվականի որոշմամբ Հարկադիր կատարողի դիմումը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2016 թվականի թիվ ԵԿԴ/5066/02/14 կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ, մերժվել է: Դատարանը կատարողական թերթի պարզաբանումը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռում և դրա հիման վրա 28.06.2016 թվականին տրված կատարողական թերթում առկա չեն այնպիսի անհստակություններ, որոնք կարող են երկակի մեկնաբանության տեղիք տալ կամ դժվարացնել վճռի կատարումը: Դատարանը, նկատի ունենալով, որ վերը նշված վճռով հաստատված է համարվել 13.09.2006 թվականից մինչև 21.10.2013 թվականը փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայությունը և Կազմակերպության կողմից Արփինե Հարությունյանին կատարված աշխատանքի դիմաց աշխատավարձի տեսքով հատուցման վճարման պարտականությունը, ինչպես նաև այն, որ Արփինե Հարությունյանը Կազմակերպությունում աշխատել է որպես մեներգչուհի (սոպրանո), որոշման պատճառաբանական մասում գտել է, որ վճռով հաստատված փաստերից հետևում է, որ հաշվարկման է ենթակա 13.09.2006 թվականից մինչև 21.10.2013 թվականը Կազմակերպությունում մեներգչուհու (սոպրանոյի) աշխատավարձի չափով գումար: Միաժամանակ Դատարանը գտել է, որ վճռում բռնագանձման ենթակա գումարի չափի բացակայությունը պայմանավորված է կողմերի միջև առկա և Դատարանի կողմից հաստատված իրավահարաբերությունների առանձնահատկությամբ, ուստի վճռում և դրա հիման վրա տրված կատարողական թերթում առկա չեն անհստակություններ:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ Դատարանի 04.11.2016 թվականի «Կատարողական թերթի պարզաբանումը մերժելու մասին» որոշման մեջ շարադրված պատճառաբանական մասն ընդամենը բխում է թիվ ԵԿԴ/5066/02/14 քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքներից և չի կարող մեկնաբանվել որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/5066/02/14 վճռի բովանդակության և էության փոփոխություն, ուստի բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Դատարանի 04.11.2016 թվականի «Կատարողական թերթի պարզաբանումը մերժելու մասին» որոշմամբ փոխվել է 25.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/5066/02/14 վճռի բովանդակությունը և էությունը, անհիմն է:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանն իր որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերով հանգել է այն եզրակացության, որ կատարողական թերթում անորոշություն, հետևաբար և դրա պարզաբանման անհրաժեշտություն չկա և մերժել է կատարողական թերթը պարզաբանելու մասին դիմումը: Միաժամանակ Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում կասկածի տակ է դրել նույն որոշման եզրափակիչ մասում իր իսկ կատարած եզրակացությունը և ըստ էության տվել է կատարողական թերթի պարզաբանում: Մինչդեռ որոշման պատճառաբանական մասում կատարելով եզրահանգում այն մասին, որ վճռի եզրափակիչ մասում, հետևաբար և կատարողական թերթում առկա է դատական ակտի միանշանակ ընկալմանը և կատարմանը խոչընդոտող անորոշություն, Դատարանը որոշման եզրափակիչ մասում պետք է հանգեր այն եզրակացության, որ այդ անորոշությունը ենթակա է վերացման և նշեր դրա վերացման կոնկրետ եղանակը: Վերաքննիչ դատարանն էլ վերաքննիչ բողոքը քննելով ի վերջո չի պատասխանել վերաքննիչ բողոքով բարձրացված այն հարցին, թե Դատարանի բողոքարկվող որոշմամբ ի վերջո կատարողական թերթի պարզաբանում տրվել է, թե՝ ոչ: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի որոշումն ունի ներքին հակասություն, և Դատարանի որոշումն ուժի մեջ թողնելով՝ չի վերացրել Դատարանի՝ բողոքարկվող որոշմամբ ստեղծված իրավական անորոշությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված անորոշությունը կարող է վերացվել Հարկադիր կատարողի ներկայացրած դիմումի նոր քննության ընթացքում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ Հարկադիր կատարողի դիմումը քննելու համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Հանեսյանի՝ կատարողական թերթը պարզաբանելու մասին դիմումի նոր քննության համար:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|