Գլխավոր տեղեկություն
Номер
N 910-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2017-25.03.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.08.09/50(1325) Հոդ.782
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2017
Дата вступления в силу
19.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2017 թվականի N 910-Ն

 

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել՝

1) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

2) հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 910-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) մշտական անդամներ՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ):

2. Հանձնաժողովի հրավիրված անդամ՝ ներկայացվող սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրի ոլորտը կարգավորող (համակարգող) պետական կառավարման մարմնի ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 910-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր)՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովի գործառույթներն են՝

1) ծրագրերը, ավելացված արժեքի հարկով հարկելու տեսանկյունից, որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

2) ծրագրերը, ավելացված արժեքի հարկով հարկելու տեսանկյունից, որպես արտոնյալ որակավորելը մերժելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

3) արտոնյալ որակավորված ծրագրերի փոփոխման վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

4) արտոնյալ որակավորված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.

5) արտոնյալ որակավորված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը:

5. Հանձնաժողովն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու նպատակով կարող է դիմել ծրագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրած Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմին: Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինը հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, վերլուծական նյութերը և այլ փաստաթղթեր հավաքում, ամփոփում և ներկայացնում է հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ:

6. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք: Կախված ներկայացված ծրագրի ոլորտից` որպես հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նիստին մասնակցում է ծրագրի ոլորտը կարգավորող (համակարգող) պետական մարմնից ներկայացուցիչ: Ընդ որում, եթե ծրագրի ոլորտը կարգավորում է այն մարմինը, որի անդամն արդեն իսկ համարվում է հանձնաժողովի մշտական անդամ, հանձնաժողովի աշխատանքներին ծրագրի ոլորտը կարգավորող (համակարգող) պետական մարմնից անդամներ չեն հրավիրվում:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների (այդ թվում՝ հրավիրված) ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

8. Հանձնաժողովը տրամադրում է՝

1) ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն.

2) ծրագրերի՝ որպես արտոնյալ որակավորումը մերժելու վերաբերյալ եզրակացություն.

3) որպես արտոնյալ որակավորված ծրագրերի փոփոխման կամ փոփոխումը մերժելու վերաբերյալ եզրակացություն.

4) ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն.

5) ծրագրերի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու վերաբերյալ եզրակացություն:

9. Հանձնաժողովն ընդունում է՝

1) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի՝ որպես արտոնյալ որակավորման մասին հայտի քննարկումը կասեցնելու վերաբերյալ որոշում.

2) հանձնաժողովի գործունեության հետ կապված որոշումներ:

10. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ հանձնաժողովի նախագահի փոխարինման դեպքում՝ հանձնաժողովի նախագահին փոխարինողի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված եզրակացության կամ որոշման մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

11. Հանձնաժողովի եզրակացությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:

12. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում հանձնաժողովի բնականոն աշխատանքը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

3) վարում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները կամ որոշումները:

13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի մյուս մշտական անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ:

14. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

15. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը և օրակարգում ներառված հարցերին վերաբերող նյութերը հանձնաժողովի անդամներին է ներկայացվում հանձնաժողովի նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 910-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ` ծրագիր)՝ որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման հետ կապված հարաբերությունները:

2. Որպես արտոնյալ կարող են որակավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը:

3. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակներում տեղաբաշխվող սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի վրա, որոնց մասով ավելացված արժեքի հարկի գումարները նախատեսվում են համապատասխան տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով:

4. Սույն կարգի պահանջները տարածվում են միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դուրս՝ այլ աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի վրա:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դուրս՝ այլ աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի՝ արտոնյալ որակավորման կամ որպես արտոնյալ որակավորված ծրագիրը փոփոխելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու համար հանձնաժողով է ներկայացվում հայտ: Ներկայացվող հայտում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները, նշվում են դրա կատարողները և ստացողները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կից ներկայացվում է ծրագրի իրականացման արդյունավետության և Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման խթանման ուղղվածության վերաբերյալ հիմնավորումը: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

6. Ծրագիրը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում համապատասխան ոլորտը համակարգող պետական կառավարման մարմնի կողմից:

7. Հանձնաժողով պետք է ներկայացվի յուրաքանչյուր ծրագրի մասին առանձին հայտ: Բացի ծրագրի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում՝ ծրագրի մասին համապատասխան պետական կառավարման մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

8. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջները, կամ դրանցում ներառված տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, կամ անհրաժեշտություն է առաջանում ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ապա հանձնաժողովը կասեցնում է հայտի քննարկումը և 3-օրյա ժամկետում կասեցման մասին հանձնաժողովի որոշումն ուղարկում է հայտը ներկայացրած պետական կառավարման մարմին: Հայտի քննարկումը վերսկսվում է կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո:

9. Հայտը պետք է ներկայացվի ծրագրի մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ:

10. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

11. Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի կողմից հայտի քննարկման առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր է: Հայտի լրացուցիչ քննարկման անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտի քննարկումը կարող է հետաձգվել: Հանձնաժողովի կողմից հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն երկու օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնող պետական կառավարման մարմնի ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար:

12. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված ծրագրերն արտոնյալ են որակավորվում, եթե միաժամանակ բավարարում են հետևյալ չափանիշները՝

1) ծրագրի շրջանակներում իրականացվելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքներ.

2) ծրագրի շրջանակներում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված չեն (այդ թվում՝ համաֆինանսավորման տեսքով).

3) ներկայացված ծրագրերն ուղղված են սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներում տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը.

4) ծրագրի՝ արտոնյալ որակավորման արդյունքում նույն ոլորտում գործող այլ տնտեսավարող սուբյեկտների համեմատությամբ չեն սահմանվում հարկման խտրական մոտեցումներ:

13. Ծրագիրն արտոնյալ որակավորելու, որակավորելը մերժելու, որակավորված ծրագիրը փոփոխելու կամ դրա փոփոխումը մերժելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը և այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հայտը ներկայացրած պետական կառավարման մարմին: Հայտի մերժումը կամ հայտի քննարկման կասեցումն արձանագրվում են՝ նշելով համապատասխան հիմնավորումը:

14. Հանձնաժողովի եզրակացությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ծրագրի անվանումը.

2) ծրագրի արժեքը.

3) ծրագիրն իրականացնողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը).

4) ֆինանսավորման աղբյուրները։

15. Ծրագրի՝ արտոնյալ որակավորման մասին հայտը մերժվում է, եթե հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջները, կամ հիմնավորված, կամ հավաստի չեն:

16. Ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցվում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված չափանիշների խախտումների հայտնաբերման կամ արտոնյալ որակավորված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացվելու դեպքերում: Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված չափանիշների խախտումներ կարող են հայտնաբերվել հարկային մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքում:

17. Ծրագրերի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը դադարում է: Սույն կետով նախատեսված դեպքում նախկինում չվճարված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ծրագրերի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցվելու և ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը դադարելու դեպքում նախկինում չվճարված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները ենթակա չեն վճարման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու հիմք հանդիսացած խախտումները եղել են անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

18. Ծրագրի իրականացման ընթացքում փոփոխություններ առաջանալու դեպքում ծրագիրն իրականացնողը կամ համապատասխան ոլորտը համակարգող պետական կառավարման մարմինը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի հանձնաժողովին: Ծրագիրն իրականացնողը կարող է ինքնակամ հրաժարվել արտոնությունից՝ իր դիմումի համաձայն, որի հիման վրա հանձնաժողովի կողմից տրամադրվում է արտոնության դադարեցման վերաբերյալ եզրակացություն: Այս դեպքում արտոնությունները դադարեցվելու արդյունքում ավելացված արժեքի հարկի՝ նախկինում չվճարված գումարը վճարելու պարտավորություններ չեն առաջանում:

19. Ծրագիրը՝ որպես արտոնյալ որակավորելու, որակավորված ծրագիրը փոփոխելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցնելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը և այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկային մարմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 910-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան