ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1024-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային N 13 շենքի (այսուհետ՝ շենք) 12 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2017 թվականի ինն ամսում հատկացնել 43,940.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված ընտանիքներին՝
1) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է`
ա. մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի համաձայն,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
2) տրամադրվող վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաները և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված՝ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում Արթիկի համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետրի՝ ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալը.
3) տրամադրվող վկայագրում որպես բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագրի տրամադրման օրվանից հաշված 3 ամիսը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
4) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
5) շենքի բնակարանների սեփականատերերին` շենքում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող բնակարանը համայնքին նվիրաբերելու և հետագայում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
6) պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են ֆինանսական աջակցություն ստացող անձանց միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին`
1) համայնքի միջոցների հաշվին իրականացնել շենքի ապամոնտաժման աշխատանքները.
2) շենքի բնակեցումից ազատված բնակարանների, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկատվությունը և սահմանված կարգով տրված քանդման թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` բնակեցումից ազատված բնակարանների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման սահմանափակումները կիրառելու և քանդված բնակարանների նկատմամբ նախկինում կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Արթիկի համայնքի ղեկավարին` քանդման ենթակա բնակելի շենքի բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և հաշվառում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,027,266.8 հազ. դրամ» բառերը փոխարինել «981,103.8 հազ. դրամ» բառերով.
2) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում «251,424.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «205,261.0 հազ. դրամ» բառերով.
3) N 6 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|