Գլխավոր տեղեկություն
Номер
N 1035-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-17.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2017
Дата вступления в силу
30.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1035-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման

 

Քաղ. Երևան

 ___ ________ 20__ թ.

 

Հավատարմագրային կառավարման հիմնադիր Հայաստանի Հանրապետությունը, որն այսուհետև անվանվում է «հիմնադիր», որի անունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24‑ի N 1035-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս լիազորված ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, մի կողմից, և հավատարմագրային կառավարիչ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այսուհետև անվանվում է «հավատարմագրային կառավարիչ», ի դեմս գլխավոր տնօրեն Գոռ Բարոյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա շարադրանքում միասին անվանվելով «կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «կողմ», Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24‑ի N 1035-Ա որոշման իրականացման նպատակով հաշվի առնելով այն, որ հիմնադրին սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի 1 հասցեում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերը, հիմնադիրը ցանկանում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել հավատարմագրային կառավարչին, իսկ հավատարմագրային կառավարիչը համաձայն է բարեխղճորեն իրականացնել այդպիսի կառավարումը, հաշվի առնելով այն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարչի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև համապարտ պատասխանատվություն է ստանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրով հավատարմագրային կառավարչի (գնորդի) պարտավորությունների համար, հաշվի առնելով այն, որ հավատարմագրային կառավարիչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 70 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, և, որ վերջինս ու «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (համապարտ պատասխանատու) ունեն էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման, ինչպես նաև հաղորդման և բաշխիչ ցանցի սպասարկման ու շահագործման անհրաժեշտ փորձառություն, և, որ ընկերությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը բարձր լարմամբ գծերի և սարքավորումների շահագործման ու սպասարկման մասով իրականացնում են բավական մոտ, մասամբ համընկնող գործառույթներ, որոնց կենտրոնացումը թույլ կտա օպտիմալացնել որոշակի ռեսուրսներ, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել ծախսերի տնտեսում, կողմերը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկան է հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված բաժնետոմսերով հավաստվող իրավունքների՝ հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարչի կառավարմանը հանձնելը (հավատարմագրային կառավարմանը հանձնված իրավունքներն այսուհետ անվանվում են «գույք»)`

Արժեթղթերի տեսակը

սովորական անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսեր

Արժեթղթեր թողարկողը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն ստեղծված է և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գրանցված է 273.070.01958 համարով, ունի պետական գրանցման 1997 թվականի հունիսի 30-ի 03Ա061443 վկայականը, կենտրոնակայանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի 1 հասցեում։

Յուրաքանչյուր արժեթղթի անվանական արժեքը

13600 (տասներեք հազար վեց հարյուր) դրամ

Հիմնադրին պատկանող արժեթղթերի թիվը

649231 (վեց հարյուր քառասունինը հազար երկու հարյուր երեսունմեկ) հատ

Հիմնադրին պատկանող արժեթղթերի՝ ընկերության կանոնադրական կապիտալում կազմած տոկոսը

100 (հարյուր) տոկոս

և հանձնված գույքի հավատարմագրային կառավարումը` սույն պայմանագրում շարադրված պայմաններով և ի շահ` որպես շահառու հանդես եկող Հայաստանի Հանրապետության, հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվելու համար:

1.2. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է հիմնադրից ընդունել և պայմանագրի պայմաններին համապատասխան իրականացնել հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները. դրանք են՝

1.2.1. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հետևյալ հարցերով միանձնյա որոշում ընդունելու իրավունքը.

1.2.1.1. ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

1.2.1.2. ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,

1.2.1.3.ընկերության գործադիր մարմնի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

1.2.1.4. ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի հաստատումը,

1.2.1.5. ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը,

1.2.1.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ընկերության կանոնադրությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված այլ հարցեր` բացառությամբ պայմանագրի 2.4-րդ կետում նշվածների,

1.2.1.7.«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը,

1.2.1.8. անշարժ և շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին որոշումների ընդունումը, եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում 500 մլն (հինգ հարյուր միլիոն) դրամը,

1.2.1.9. ընկերության ակտիվների (ներառյալ՝ դրամական միջոցների) գրավադրման մասին որոշման ընդունումը, եթե գրավադրվող ակտիվի արժեքը գրավադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում 100 մլն (մեկ հարյուր միլիոն) դրամը,

1.2.1.10. երրորդ անձի պարտավորության կատարման ապահովման համար ընկերության կողմից երաշխավորության տրամադրման մասին որոշման ընդունումը, եթե երաշխավորության գումարը չի գերազանցում 100 մլն (մեկ հարյուր միլիոն) դրամը,

1.2.1.11. ընկերության կողմից բաժնետիրոջը և նրա կողմից լիազորված անձանց տեղեկությունների ու նյութերի հաղորդման ձևի որոշումը՝ ներառյալ զանգվածային լրատվության համապատասխան միջոցների ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով,

1.2.1.12. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգը.

1.2.2. ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու, այդ թվում՝ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը ծանոթանալու իրավունքը.

1.2.3. ընկերության լուծարման դեպքում ընկերության գույքի` հիմնադրին հասանելիք մասը` կողմերի համաձայնեցրած պայմաններով հավատարմագրային կառավարման ընդունելու իրավունքը.

1.2.4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ընկերության կանոնադրությանը համապատասխան ընկերության բաժնետոմսերով հավաստվող, ինչպես նաև սույն պայմանագրով ուղղակիորեն նախատեսված այլ իրավունքները` բացառությամբ պայմանագրի 2.4-րդ կետում նշվածների:

1.3. Հավատարմագրային կառավարիչը կառավարումն իրականացնում է սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն իրականացնել տրամադրված գույքի կառավարումը, այդ թվում` օգտվել գույքի նկատմամբ սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված իրավունքներից` սույն պայմանագրում սահմանված սահմանափակումներով:

2.2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի նկատմամբ, ի շահ հիմնադրի (շահառուի), կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ՝ բացառությամբ բաժնետոմսերի օտարման և գրավադրման:

2.3. Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում հավատարմագրային կառավարիչն ընկերության նկատմամբ ունի հիմնադրի պարտականությունները և իրավազորությունները` սույն պայմանագրի սահմանափակումներով:

2.4. Պայմանագրի սույն կետում նշված առանձին գործողություններ հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի կատարելու միայն հիմնադրի գրավոր համաձայնությամբ` տրված նրա լիազորած ներկայացուցչի կողմից` սույն պայմանագրի 3.4-րդ կետով նախատեսված կարգով: Այդպիսի գործողություններ են, որպես ընկերության միակ բաժնետեր, հետևյալ հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը`

2.4.1. ընկերության վերակազմակերպումը.

2.4.2.ընկերության կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

2.4.3. ընկերության լուծարումը.

2.4.4.ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, ընկերության լուծարային հանձնաժողովի նշանակումը.

2.4.5.ընկերության հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

2.4.6.ցանկացած միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

2.4.7. ընկերության բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան) և բաժանումը.

2.4.8.ընկերության խոշոր ֆինանսատնտեսական գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

2.4.9.ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

2.4.10. ընկերության կողմից դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

2.4.11. դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.

2.4.12. հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների և այլ միությունների հիմնադրումը.

2.4.13. հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը.

2.4.14. անշարժ և շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին որոշման ընդունումը, եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ 500 մլն (հինգ հարյուր միլիոն) դրամից ավելի է.

2.4.15. ընկերության ակտիվների (ներառյալ՝ դրամական միջոցների) գրավադրման մասին որոշման ընդունումը, եթե գրավադրվող ակտիվի արժեքը գրավադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ 100 մլն (մեկ հարյուր միլիոն) դրամից ավելի է.

2.4.16. երրորդ անձի պարտավորության կատարման ապահովման համար ընկերության կողմից երաշխավորության տրամադրման մասին որոշման ընդունումը, եթե երաշխավորության գումարը 100 մլն (մեկ հարյուր միլիոն) դրամից ավելի է.

2.4.17. ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը` օրենքով նախատեսված դեպքերում.

2.4.18. պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման և (կամ) տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.

2.4.19. ընկերության շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը:

Հիմնադրի համաձայնությունն ստանալու համար հավատարմագրային կառավարիչը պետք է հիմնադրի հասցեով ուղղի համապատասխան գրավոր հարցում՝ կցելով հայցվող որոշումը հիմնավորող փաստաթղթերը:

2.5. Հավատարմագրային կառավարչի` այդ կարգավիճակով գործելու մասին ցուցումների բացակայության դեպքում հավատարմագրային կառավարիչը երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:

2.6. Հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի երրորդ անձանց հանձնարարելու սույն պայմանագրով իր վրա դրված պարտականությունների կատարումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

2.6.1. ստացվել է այդպիսի հանձնարարությանը հիմնադրի գրավոր համաձայնությունը.

2.6.2.ի հայտ են եկել հանգամանքներ, որոնցում նման հանձնարարությունն անհրաժեշտ է հիմնադրի շահերի ապահովման համար, և հավատարմագրային կառավարիչը հնարավորություն չունի ողջամիտ ժամկետում ստանալու հիմնադրի ցուցումը:

Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր կողմից ընտրված հանձնակատարի գործողությունների համար՝ ինչպես իր սեփականի:

2.7. Հավատարմագրային կառավարիչն իր գործողություններով խոչընդոտներ չի ստեղծելու և նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված ընկերության շահագործման կանոնների ապահովմանը և շահագործման անվտանգության բարձրացմանը:

2.8. Հավատարմագրային կառավարիչը կապահովի հիմնադրի լիազորած ներկայացուցչի մուտքն ընկերության տարածք:

2.9. Հավատարմագրային կառավարման գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած գույքն ու իրավունքները (այսինքն` ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերով հավաստված իրավունքները) գույքի մաս են և անցնում են հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը՝ սույն պայմանագրով սահմանված պայմաններով:

2.10. Քանի որ հավատարմագրային կառավարիչն իրավաբանական անձ է, սույն պայմանագրով նրա իրավունքներն ու պարտականություններն իրականացվում են հավատարմագրային կառավարչի իրավասու մարմնի կողմից կամ այդպիսի մարմնի հանձնարարությամբ` հավատարմագրային կառավարչի լիազորագրով գործող որոշակի աշխատողի կողմից:

2.11. Հավատարմագրային կառավարիչը սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է իրականացնել հավատարմագրային կառավարում` նպատակ հետապնդելով ի կատար ածելու ընկերության՝ սահմանված կարգով հաստատված գործունեության տարեկան բիզնես-ծրագրերով նախատեսված գլխավոր խնդիրները և ապահովելու ցուցանիշները:

2.12. Հավատարմագրային կառավարիչը սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է ապահովել ընկերության ֆինանսատնտեսական կայուն վիճակը, մասնավորապես, ապահովել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կատարումը և վարկերի սպասարկումը։

2.13. Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կողմից շահութաբաժինների վճարումը հիմնադրի օգտին:

2.14. Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է ապահովել ընկերությունում գնումների գործընթացը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2.15. Սույն պայմանագիրն ստորագրելու պահից վեց ամսվա ընթացքում հավատարմագրային կառավարիչը ներկայացնում է հավատարմագրային կառավարման ծրագիր (այուհետ` ծրագիր), որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագիրը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի պարտավորությունները, նրա կողմից ընկերությունում իրականացվող ներդրումային ծրագրերը, ընկերության գործունեության գնահատման ֆինանսական և որակական ցուցանիշները:

2.16. Հավատարմագրային կառավարիչը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40-օրյա ժամկետում հիմնադրին է ներկայացնում ընկերության տարեկան բիզնես-ծրագրերի կատարման վերաբերյալ եռամսյակային (հաշվետու տարվա 1-ին եռամսյակի համար, 2-րդ եռամսյակի և (կամ) 6 ամսվա համար, 3-րդ եռամսյակի և (կամ) 9 ամսվա համար, 4-րդ եռամսյակի և (կամ) 12 ամսվա համար) հաշվետվություններ:

2.17. Պայմանագիրը դադարելիս` հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը հիմնադրին վերադարձնել (ընկերության բաժնետերերի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու միջոցով) ոչ ուշ, քան պայմանագիրը դադարելու պահից 45 օրվա ընթացքում: Ընդ որում, հավատարմագրային կառավարիչը հիմնադրին ներկայացնում է հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի դադարեցման ժամանակ գույքը դուրս է գրում իր արտահաշվեկշռային հաշվից:

 

3. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Հիմնադիրը պարտավոր է ապահովել սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը հավատարմագրային կառավարչի կողմից:

3.2. Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում հիմնադիրը պարտավոր է զերծ մնալ գույքի նկատմամբ ցանկացած գործողություններից, որոնց կատարումը մտնում է հավատարմագրային կառավարչի իրավասության մեջ:

3.3. Հիմնադիրն իրավունք ունի վերահսկելու հավատարմագրային կառավարչի կողմից` սույն պայմանագրի 2.4-րդ կետում և դրա բոլոր ենթակետերում նշված որոշումների ընդունումը` հավատարմագրային կառավարչին նշված որոշումների ընդունմանն իր գրավոր համաձայնությունը ներկայացնելու միջոցով: Տվյալ հարցերի համաձայնեցման համար հիմնադիրը, ի դեմս իր լիազորած պաշտոնատար անձի, պարտավոր է հավատարմագրային կառավարչի համապատասխան հարցումն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել որոշման ընդունմանն իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը: Եթե նշված ժամկետի ընթացքում հիմնադիրը չի ներկայացրել իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը, ապա որոշման ընդունումը համարվում է հիմնադրի հետ համաձայնեցված:

 

4. պայմանԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում`

4.1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն պայմանագրի 2.15-րդ կետով նախատեսված ծրագրի հաստատումից հետո և՝

4.1.2. «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պայմանագրով հավատարմագրային կառավարչի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ գրավոր հաստատումից հետո և՝

4.1.3. հավատարմագրային կառավարչին պայմանագրով իրավունքների փոխանցման մասին ընկերության բաժնետերերի ռեեստրում հատուկ գրառում կատարելուց հետո, որը հիմնադիրը պարտավորվում է ապահովել սույն պայմանագրի 4.1.2-րդ կետում նշված գրավոր հաստատումն ստանալու պահից տասն օրացուցային օրվա ընթացքում:

4.2. Սույն պայմանագիրը գործում է հինգ տարվա ընթացքում:

Սույն պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն դադարեցնելու մասին կողմերից մեկի դիմումի բացակայության դեպքում պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարեցված՝ նույն ժամկետով և միևնույն պայմաններով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

5.1. Սույն պայմանագիրը կարող է դադարեցվել`

5.1.1. հիմնադրի` դրա կատարումից հրաժարման հետևանքով պայմանագիրը դադարեցվելուց վեց ամիս առաջ հավատարմագրային կառավարչին ներկայացված ծանուցման առկայության դեպքում.

5.1.2. հավատարմագրային կառավարչի կողմից ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնելու անհնարինության դեպքում` պայմանագիրը դադարեցվելուց վեց ամիս առաջ հիմնադրին ներկայացված ծանուցման առկայության պարագայում.

5.1.3. սույն պայմանագրի կատարումը շարունակելուց հիմնադրի հրաժարման հետևանքով հավատարմագրային կառավարչի կողմից կոպիտ անփութություն թույլ տրվելու կամ նրա կողմից` հիմնադրի կամ շահառուի շահերին հակասող դիտավորյալ գործողությունների կամ անգործության դեպքում` հավատարմագրային կառավարչին պայմանագիրը դադարեցվելուց երեք ամիս առաջ ներկայացված ծանուցման առկայության պարագայում։

5.2. Սույն պայմանագրի նպատակների համար ծանուցման տակ պետք է հասկանալ տեղեկացման ուղղումը հանձնման մասին ծանուցմամբ նամակով կամ պատշաճ անձին ծանուցումը հանձնվելու ապացույցներ ստանալու՝ առաքողին հնարավորություն տվող այլ եղանակով:

5.3. Պայմանագիրը դադարելիս` հիմնադիրը հավատարմագրային կառավարչից ընդունում է հաշվետվություն հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ:

5.4. Սույն պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր երեք օրինակից:

 

6. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

6.1. Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովների որոշումները փոխարինող` հավատարմագրային կառավարչի գրավոր որոշումներով ընկերության տնօրենների խորհրդի կազմը ձևավորվելիս հավատարմագրային կառավարիչը պետք է պահպանի պարիտետի սկզբունքը, որը նախատեսում է ընկերության տնօրենների խորհրդի կազմում հավասար թիվը`

6.1.1. այն անդամների, որոնց թեկնածություններն առաջադրվել են հիմնադրի կողմից.

6.1.2. այն անդամների, որոնց թեկնածություններն առաջադրվել են հավատարմագրային կառավարչի կողմից։

6.2. Խորհրդի կողմից որոշումներ ընդունելիս՝ որոշիչ ձայնի իրավունք ունեցող տնօրենների խորհրդի նախագահը խորհրդի անդամներից մեկն է, որն ընտրվում է տնօրենների խորհրդի անդամների կողմից` հավատարմագրային կառավարչի ներկայացմամբ։

6.3. Ընկերության տնօրենների խորհրդի անդամները վարձատրություն կամ կատարված ծախսերի փոխհատուցում չեն ստանում:

6.4. Սույն պայմանագրի 6.3-րդ կետով նախատեսված պայմանին համանման դրույթը պետք է ներառվի ընկերության կանոնադրությունում։

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

7.1. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, այդ թվում` դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` կողմերի միջև բանակցությունների վարման միջոցով։

7.2. Կողմերից մեկի կողմից մյուս կողմին պահանջ ներկայացվելու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում վեճը չկարգավորվելու դեպքում ցանկացած այդպիսի վեճ ենթակա է կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանում։

7.3. Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների անբարենպաստ հետևանքների համար, որոնք սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կարող են ծագել մինչև սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահը կնքված գործարքներից և տեղի ունեցած այլ գործողություններից ու իրավաբանական փաստերից, որոնց մասին չգիտեր կամ չէր կարող իմանալ հավատարմագրային կառավարիչը։

8.2. Եթե ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հավատարմագրային կառավարչի գործողությունները (կամ անգործությունը), ապա հավատարմագրային կառավարչի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն՝ ընկերության պարտավորությունների համար։ Հավատարմագրային կառավարչի գործողությունները (անգործությունը) համարվում են ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ՝ միայն այն դեպքում, եթե հավատարմագրային կառավարիչն օգտագործել է ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորությունները՝ ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ հավատարմագրային կառավարչի այդ գործողությունները (անգործությունը) սույն պայմանագրի դրույթներին համապատասխան համաձայնեցվել են հիմնադրի հետ:

8.3. Եթե ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հիմնադրի գործողությունները (կամ անգործությունը), ապա հիմնադրի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն՝ ընկերության պարտավորությունների համար։ Հիմնադրի գործողությունները (անգործությունը) համարվում են ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ՝ միայն այն դեպքում, եթե հիմնադիրն օգտագործել է ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորությունները՝ ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով` նախօրոք իմանալով, որ այդ պատճառով ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում։

8.4. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում հիմնադրի առջև՝ հնարավոր վնասի և բաց թողնված օգուտի համար՝ օրենքով սահմանված կարգով։

8.5. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում հավատարմագրային կառավարչի առջև՝ հնարավոր վնասի և բաց թողնված օգուտի համար՝ օրենքով սահմանված կարգով։

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետություն

Լիազորված ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ


________________________
Գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3

«Տաշիր Կապիտալ»
փակ բաժնետիրական ընկերություն

Գլխավոր տնօրեն

 

ԳՈՌ ԲԱՐՈՅԱՆ


________________________
Գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, շենք 26/1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2018, N 700-Ա 23.06.2018, N 1035-Ա
12.04.2018, N 465-Ա 17.04.2018, N 1035-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան