Գլխավոր տեղեկություն
Номер
N 577-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2017-30.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.01/34(1309) Հոդ.550
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2017
Дата вступления в силу
02.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 577-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 6-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գևորգ Կոստանյանին (համաձայնությամբ) լիազորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ (այսուհետ՝ դատարան) հարաբերություններում հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (այսուհետ՝ ներկայացուցիչ):

2. Սահմանել, որ՝

1) ներկայացուցիչը դատարանում ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ թվում՝ իրականացնում է դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը.

2) իր լիազորությունները պատշաճ մակարդակով և արդյունավետ իրականացնելու նպատակով ներկայացուցիչն իրավասու է առաջարկելու իրականացնել դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել ու ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչի նշած ժամկետներում նրան տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն.

3) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ), որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ.

4) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացուցչին աջակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, որի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է տեղակալը.

5) ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան