ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵԷԴ/0129/01/15 |
ԵԷԴ/0129/01/15 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ս. Համբարձումյան |
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի |
2016 թվականի դեկտեմբերի 23-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հովհաննես Վաչագանի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1.ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2014 թվականի նոյեմբերի 28-ին հարուցվել է թիվ 12823114 քրեական գործը:
2014 թվականի դեկտեմբերի 9-ին Հովհաննես Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2015 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի դատավճռով Հովհաննես Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3(երեք) տարի ժամկետով:ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2(երկու) տարի ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մայիսի 31-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Դավթյանի պաշտպան Մ.Ալավերդյանը,որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ պաշտպան Մ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, և գործը նշանակվել է քննության:
Մեղադրող Ռ.Երիցյանի կողմից նույնպես բերվել է վերաքննիչ բողոք, որով վերջինս,ի թիվս այլնսի, խնդրել է հարգելի համարել և վերականգնել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը:
Վերաքննիչ դատարանը,քննարկելով վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին մեղադրողի միջնորդությունը, 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ մերժել է այն, իսկ բերված վերաքննիչ բողոքը` թողել առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի՝2016 թվականի օգոստոսի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դավթյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. ՀՀ գլխավոր դատախազությունում Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենն ստացվել է 2016 թվականի հուլիսի 8-ին, վերաքննիչ բողոքը փոստին հանձնելու միջոցով բերվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին(տե՛ս նյութեր, թերթ 21, 23):
6.Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտում արձանագրել է.«Առաջին ատյանի դատարանի դատավճիռը հրապարակվել է 2016 թվականի մայիսի 31-ին, իսկ վերաքննիչ բողոքին կից առկա է ապացույց այն մասին, որ դատավճռի պատճենը դատախազությունում ստացվել է 2016 թվականի հուլիսի 8-ին: Նշված փաստական հանգամանքների պայմաններում բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը մեղադրողի կողմից ստանալու պահից 25 օրվա ընթացքում և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավճռի օրինակը մեղադրողի կողմից ստացվել է 2016 թվականի հուլիսի 8-ին, ապա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի մայիսի 31-ի դատավճռի բողոքարկման ժամկետը վերջանում է 2016 թվականի օգոստոսի 2-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել դատական ակտն ստանալու պահից 31-րդ օրը` 2016 թվականի օգոստոսի 8-ին:
(…):
Հաշվի առնելով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է`վերաքննիչ բողոքը ժամկետանց է, գտնում է, որ մեղադրող Ռ.Երիցյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին` պետք է մերժել, իսկ բերված վերաքննիչ բողոքը` թողնել առանց քննության(…)»(տե՛ս նյութեր, թերթ 26):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերը,վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052, 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062և 2016 թվականի ապրիլի 26-ի թիվ ՍԴՈ-1268 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ ստորադաս դատարանի` 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:
Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի դատավճիռը դատախազությունում ստացվել է 2016 թվականի հուլիսի 8-ին, այսինքն` օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ, ինչպիսի պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի`2016 թվականի ապրիլի 26-ի թիվ ՍԴՈ-1268 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշումների ուժով, բողոքարկման մեկամսյա ժամկետը չէր կարող նվազեցվել և հաշվվել 25 օր:
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ հաստատված համարելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը հասանելի է եղել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ, միևնույն ժամանակ վերաքննիչ բողոքը համարել է ժամկետանց:
8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի դատավճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետը անձի կամքից անկախ հանգամանքներով բաց թողնելու դեպքում այն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. բողոքաբերի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ստանալու և դրանից հետո մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու պայմաններում իրավասու է արդյոք Վերաքննիչ դատարանը մերժել բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին մեղադրողի միջնորդությունը:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին:(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն`
«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`
1) առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`
«Վերաքննիչ բողոք բերվում են.
1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Վ]երադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով (…)»:
12. ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտը բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետի հաշվարկման, այն` անձի կամքից անկախ հանգամանքներով բաց թողնելու իրավահարաբերությունները կարգավորող նորմերի սահմանադրականության հարցերին` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «[Բ]ողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: [Ս]ահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի /հասանելի դարձվի/ անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար (…)»(տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշման 6-րդ կետը):
-« (…) «առնվազն 27 օր ժամանակը» չի կարող դիտարկվել բողոք ներկայացնելու համար հաշվարկման ենթակա ինքնուրույն և առավելագույն ժամկետ: Միայն այն դեպքում, երբ դատական ակտի հրապարակման պահից օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) պետք է ունենա առնվազն 27 օր ժամանակ, որպես նվազագույն ժամկետ, հիմնավոր բողոք ներկայացնելու համար,
(…)
[Ա]յն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետից հետո, ապա պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները(…)»(տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի ապրիլի 26-ի թիվ ՍԴՈ-1268 որոշման 7-րդ կետը):
- «[Ս]ահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (...), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել ևս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլև որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:
(...) ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը» (տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշման 9-րդ կետը)»:
13. ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր հերթին, մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված դրույթները, արձանագրել է.«[Ա]ռաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում շահագրգիռ անձից անկախ պատճառներով նրան չհանձնվելու կամ հասանելի չդարձվելու հանգամանքը հիմք է այդ ակտը վերաքննության կարգով բողոքարկելու` օրենքով սահմանված և ակտի հրապարակման պահից հաշվարկվող մեկամսյա ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու համար:(…)»(տե'ս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150 որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի՝2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշման մեջ տեղ գտած 27-օրյա (հետևաբար նաև` 25-օրյա) ժամկետի կիրառելիությանը, արձանագրել է.«(…)«առնվազն 27 օր ժամանակը», նույն տրամաբանությամբ նաև 25 օր ժամանակը համապատասխան բողոք ներկայացնելու համար հաշվարկման ենթակա ինքնուրույն և առավելագույն ժամկետներ չեն. դրանք վերաբերում են միայն դատական ակտի հրապարակման պահից օրենքով նախատեսված՝ համապատասխանաբար եռօրյա և հնգօրյա ժամկետներում բողոքաբերի կողմից դատական ակտն ստանալու կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալու դեպքերին:
Միևնույն ժամանակ, (...) դատական ակտն օրենքով սահմանված ժամկետներից ուշ ստանալու դեպքում այն բողոքարկելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի բացթողումն իրավունքի ուժով վերականգնելու դատարանի պարտականությունը, հետևաբար նաև՝ անձի համապատասխան իրավունքը չեն կարող անսահմանափակ բնույթ կրել: Հակառակ մոտեցումը կհակասի դատական ակտերի կայունության և իրավական որոշակիության (res judicata) սկզբունքներին: Նման պայմաններում, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի վերը մեջբերված իրավական դիրքորոշումների տրամաբանության հաշվառմամբ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ երբ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներով նրան հասու չի դարձվում, նրա կողմից օրենքով սահմանված և դատական ակտի հրապարակման պահից հաշվարկվող մեկամսյա ժամկետից հետո բողոք բերելու դեպքում դատարանը պարտավոր է ժամկետի բացթողումն իրավունքի ուժով հարգելի համարել, եթե շահագրգիռ անձի կողմից բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու պահից մեկամսյա ժամկետում, և միաժամանակ ներկայացվել է բացթողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետը՝ որպես դատարանի հիշյալ պարտականության ծագման համար հիմք ընդունելը պայմանավորված է ինչպես այն հանգամանքով, որ բողոքարկվող դատական ակտը բողոքաբերի կամքից անկախ պատճառներով է վերջինիս ուշ հասու դառնում, այնպես էլ նրանով, որ օրենքով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ համապատասխան դատական ակտը կարող է բողոքարկվել դրա հրապարակման պահից մեկամսյա ժամկետում» (տե'ս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի`2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150 որոշումը):
14. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ`Վճռաբեկ դատարանը նույնպես արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում շահագրգիռ անձից անկախ պատճառներով նրան հասանելի չդարձվելու հանգամանքը հիմք է այդ ակտը վերաքննության կարգով բողոքարկելու` օրենքով սահմանված և ակտի հրապարակման պահից հաշվարկվող մեկամսյա ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու համար: Վերջինս գործուն երաշխիք է դատական ակտերը բողոքարկելու անձի իրավունքի ապահովման համար: Դրա հետ մեկտեղ, դատարանի նման պարտականությունը, հետևաբար նաև բողոքաբերի համապատասխանող իրավունքը պետք է ունենա որոշակի ժամանակային սահմանափակումներ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Տ.Հովհանիսյանի գործով որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումն այն մասին, որ դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 18-րդ կետը):
ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի ապրիլի 26-ի թիվ ՍԴՈ-1268 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու դատարանի պարտականության ժամանակային առավելագույն սահման չպետք է դիտարկվի 25 օրը: Միևնույն ժամանակ քրեական դատավարության պատշաճ իրականացումը, ինչպես նաև գործին մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի սահման ողջամիտ է համարում մեկամսյա ժամկետը, որը պետք է հաշվարկվի դատական ակտը բողոքաբերին հասու դառնալու պահից: Հիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում օրենքով սահմանված ընդհանուր կանոնը, որի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել դրա հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, և ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ բողոքարկման համար բավարար համարվող ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից (տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշման 9-րդ կետը):
15.Սույն գործի փաստերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը հրապարակվել է 2016 թվականի մայիսի 31-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենն ստացվել է 2016 թվականի հուլիսի 8-ին(տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Վերոնշյալ որոշման դեմ փոստին հանձնելու միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացվել 2016 թվականի օգոստոսի 8-ին, որով բողոքաբերը նաև միջնորդել է բաց թողնված ժամկետը հարգելի համարել և այն վերականգնել(տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը պետք է մերժել, իսկ բերված վերաքննիչ բողոքը` թողնել առանց քննության` պատճառաբանելով, որ բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը մեղադրողի կողմից ստանալու պահից 25 օրվա ընթացքում, մինչդեռ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել դատական ակտն ստանալու պահից 31-րդ օրը(տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ստանալու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մերժել բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին մեղադրողի միջնորդությունը՝վերջինիս կողմից վերաքննիչ բողոքը 25-օրյա ժամկետում չներկայացնելու պատճառաբանությամբ:
Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված կարգով և սահմանված ժամկետների պահպանմամբ (տե՛ս սույն որոշման 3-րդ, 5-6-րդ կետերը) և գտնում է, որ Վերաքննիչ դատարանը,բողոք բերելու ժամկետը հաշվարկելով դատական ակտն ստանալու պահից 25-օրյա ժամկետով և այդ հիմնավորմամբ վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ, 380-րդ հոդվածների խախտում: Վերջիններս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Կ.Կիրակոսյանի վերաբերյալ որոշման իրավական դիրքորոշումների (տե՛ս Կ.Կիրակոսյանի վերաբերյալ 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08 որոշման 14-րդ կետը) հաշվառմամբ`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկվի Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության(2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հովհաննես Վաչագանի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 31-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին մեղադրող Ռ.Երիցյանի միջնորդությունը մերժելու, վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Լ. Թադևոսյան |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |