Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2017-14.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.10/29(1304) Հոդ.469
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2017
Дата вступления в силу
11.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2017 թվականի N 449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 78-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 560,000.0 հազ. դրամ միջոցներից՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված 13,500.0 հազ. դրամ միջոցներից`

ա. 7,500.0 հազ. դրամն ուղղվում է Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած և չորս սենյակի շահառու ճանաչված մեկ ընտանիքին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը,

բ. 6,000.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 2 ընտանիքին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը` յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված 546,500.0 հազ. դրամ միջոցներից՝

ա. 543,500.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրված՝ Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված անձանց միասնական ցուցակում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն, 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1363-Ն և 2016 թվականի ապրիլի 6-ի N 356-Ն որոշումների համաձայն բնակարանային պայմանները չբարելաված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով, 2015 թվականի նոյեմբերի 15-ի N 1363-Ն որոշման 8-րդ կետով և 2016 թվականի ապրիլի 6-ի N 356-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), ինչպես նաև Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմով բացակայած՝ 2017 թվականին ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքների) բնակարանի գնման վկայագրերի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրմանը,

բ. 3,000.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված մեկ ընտանիքի ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին) տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.

3) վկայագիր ստացած, սակայն սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունից հրաժարված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝

ա. համապատասխան մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ) հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին,

բ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին`

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)`

ա. ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրել սույն որոշման 3-րդ կետի համաձայն,

բ. ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2017 թվականի հունիսի 20-ին.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններում նշված ընտանիքներին`

ա. վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն, նրանց կողմից մինչև 2017 թվականի մայիսի 25-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,

բ. վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,

գ. տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված՝ Սպիտակ և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետրի՝ 2017 թվականի հունվար ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրել Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմով բացակայած՝ 2017 թվականին ծրագրի շահառու ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 3

Երևան