Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1363
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.445
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
18.04.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
18.04.2017
Дата вступления в силу
18.04.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 ապրիլի 2017 թ.

 

ԱԼՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 233.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողներ՝

Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի,

«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Կարեն Կարապետյանի, Հայկ Սահակյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի, «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի` 2016 թվականի նոյեմբերի 30-ին և «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի` 2017 թվականի փետրվարի 21-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի մարտի 14-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշմամբ որոշել է վերը նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը միավորել:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին»:

 Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ … բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

Օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը գործող խմբագրությամբ շարադրվել է, իսկ օրենսգիրքը 233.1-րդ հոդվածով լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-49-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 10.06.2014 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 21.06.2014 թվականին և ուժի մեջ է մտել 03.07.2014 թվականից:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

 ա) Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի դիմումի մասով.

դիմողները ժառանգության փաստացի ընդունման հետ կապված հայց են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի` 09.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է (ԵԿԴ/3466/02/15 քաղաքացիական գործ):

Դիմողների վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2016 թվականի որոշմամբ մերժվել է, և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դիմողները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի` 04.05.2016թ. որոշմամբ վերադարձվել է և սահմանվել է որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետ վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Դիմողների կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2016թ. որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ դիմողները վերացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.05.2016թ. որոշմամբ արձանագրված ձևական սխալները` միևնույն ժամանակ թույլ են տվել նոր սխալ, այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել են վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

բ) «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումի մասով.

«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ն ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2016թ. որոշմամբ բողոքը վերադարձվել է և սահմանվել է որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետ վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար (ԵԷԴ/0020/04/15 սնանկության գործ):

Դիմողի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 24.08.2016թ. որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ դիմողը վերացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2016թ. որոշմամբ արձանագրված ձևական սխալը` միևնույն ժամանակ թույլ է տվել նոր սխալ, այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

 

3. Ըստ դիմողներ Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի՝ ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների դրույթներին հակասող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների առկայության պայմաններում իրենք զրկված են իրենց գործի քննության իրավունքից, քանի որ առկա է օրենքով նախատեսված իրական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությանը:

Դիմողների պնդմամբ՝ իրենց կողմից վերացվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի 04.05.2016թ. որոշմամբ մատնանշված խախտումները և նոր բողոքին կից ներկայացվել էին «ՀԱՅՓՈՍՏ»-ի անդորրագիրը և էլեկտրոնային կրիչը: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 01.06.2016թ. որոշմամբ անտեսել է, որ իրենք վերացրել են թերությունները, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթը և դրանով խոչընդոտվել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքը:

Դիմողները նշում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 01.06.2016թ. որոշմամբ իրենց վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության բացառապես միայն այն պատճառով, որ «ՀԱՅՓՈՍՏ»-ի թիվ 0009 փոստային բաժանմունքում ք. Երևան - 0010 Հանրապետության 32/29 հասցեի փոխարեն գրվել է ք. Երևան - 0010 Հանրապետության 23/29 հասցեն այն դեպքում, որ իրենք նամակի վրա նշել են ճիշտ հասցեն, և պատասխանող կողմն ստացել է նամակը: Ստացվում է այնպես, որ «ՀԱՅՓՈՍՏ»-ի սխալ աշխատանքի պատճառով իրենք զրկվում են իրենց սահմանադրական իրավունքից:

Ելնելով վերոգրյալից՝ դիմողները խնդրել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63 և 73-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր:

Ըստ դիմող «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համար վճռաբեկ դատարանը պարտավոր է պահպանել դատարանի մատչելիության սկզբունքի ապահովման նպատակով ամրագրված դատավարական նորմերը: Նշված նորմերի հիման վրա վճռաբեկ դատարանն աջակցում է պաշտպանություն հայցող անձին՝ մատնացույց անելով բողոքում առկա թերությունները և սահմանելով նոր ժամկետ՝ մատնանշված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Այդ նորմերի խախտման դեպքում խախտվում է նաև անձի դատական պաշտպանության իրավունքը: Դիմողի գնահատմամբ՝ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը բողոքի ընդունելության հարցը լուծելիս թերանում է բողոքում առկա թերություններն ամբողջությամբ նշելու հարցում, ապա դատարանի նման անգործության բացասական հետևանքը չպետք է դրվի բողոք բերող անձի վրա: Վերը նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձնելիս նշել էր. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը չի ներկայացրել վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակից Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարչին ուղարկելու մասին ապացույցը՝ փոստային անդորրագիրը»: Դիմողն արձանագրում է, որ որևէ այլ սխալ վճռաբեկ դատարանի կողմից չէր նշվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը չունի նաև նոր սխալ վկայակոչելու՝ օրենքով սահմանված լիազորություն: Ընկերությունը վերացրել էր վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելիս նշված միակ թերությունը (վճռաբեկ բողոքն ուղարկվել էր սնանկության գործով ժամանակավոր կառավարչին և համապատասխան փոստային անդորրագիրը կցվել էր կրկին ներկայացված վճռաբեկ բողոքին) և վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել էր վճռաբեկ դատարան: Ստանալով կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը՝ վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքում գտել էր նոր սխալ և որոշել էր վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

Դիմողի գնահատմամբ՝ օրենսգրքի 233.1-րդ հոդվածի իրավակարգավորմանն ուղղված նպատակն է սահմանել այն սխալների շրջանակը, որոնց առկայության դեպքում առհասարակ բացառվում է վճռաբեկ բողոքը քննության առնելու հնարավորությունը: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվում և չի էլ կարող կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ այն դեռևս չի դարձել քննության առարկա: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանի որոշում գոյություն ունենալ չի կարող: Եթե վճռաբեկ դատարանն առաջնորդվի նույն տրամաբանությամբ և վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը համարի որպես բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում, ապա վերջինս պարտավոր կլինի առանց քննության թողնել նույնիսկ կրկին ներկայացված այն վճռաբեկ բողոքը, որում պահպանված են օրենսգրքի՝ վճռաբեկ բողոքին ներկայացվող բոլոր պահանջները:

Ելնելով վերոգրյալից, դիմողը խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում վճռաբեկ բողոքը վերադարձնելիս բողոքում առկա բոլոր թերությունների մատնանշումը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանի կողմից չմատնանշված և կրկին ներկայացված բողոքում չվերացված թերությունները դիտվում են որպես բողոքն առանց քննության թողնելու հիմք, ինչպես նաև այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դիտվում է որպես բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում և բողոքն առանց քննության թողնելու հիմք:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ դատարան դիմելու՝ անձի իրավունքի իրացման լիարժեք երաշխավորումն անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից առաջնահերթ կարևորություն ունի այն հարցի պատասխանը, թե որքանով է հասանելի արդարադատությունը, որքանով են արդյունավետ անձի խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման պայմանները և գործիքակազմը:

 Ըստ պատասխանողի՝ վճռաբեկ վարույթի առաջացումը կախված է մի կողմից՝ անձի մոտ վճռաբեկ բողոքարկման իրավունքի առկայությունից, մյուս կողմից՝ այդ իրավունքի իրացման դատավարական օրենքով սահմանված կարգից: Սա նշանակում է, որ վճռաբեկ վարույթի հարուցման համար բավարար չէ ունենալ բողոքարկման իրավունք, անհրաժեշտ է նաև սահմանված կարգով այն իրացնել:

Պատասխանողի կարծիքով՝ պետությունը կոնկրետ դեպքում սահմանել է դատական ակտի տեխնիկական սխալները վերացնելու հնարավորություն, բողոքը դատարանի կողմից վերադարձնելու, բողոքաբերի կողմից թույլ տրված սխալները ուղղելու և նորից ներկայացնելու իրավական հնարավորություն, ինչը կոչված է ապահովելու դատարանի մատչելիության սկզբունքի գործնական իրացումը:

Ըստ պատասխանողի՝ օրենսդիրն օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասում ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է սահմանել բողոքը վերադարձնելու դեպքում նշել «առկա թերությունները»: Վերջինս, ելնելով իրավակարգավորման նպատակից, ակնհայտորեն ընդգրկում է բողոքում առկա բոլոր թերությունները նշելու՝ դատարանի պարտականությունը:

Ինչ վերաբերում է վերոգրյալ դրույթների կիրառման պրակտիկային, ապա պատասխանողը գտնում է, որ եթե դատարանը դիմումի ընդունելության հարցին անդրադառնալիս չի նկատել որևէ թերություն, հետագայում այդ թերության նկատումը չի կարող անձին զրկել դատական պաշտպանության իրավունքից: Հակառակ տրամաբանությունը կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ անգամ վարույթ ընդունած գործերով դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո նկատի որևէ տեխնիկական սխալ և այդ պատճառաբանությամբ գործի քննության հետագա ընթացքը բացառող որոշում կայացնի՝ անձանց զրկելով արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքի գործնական իրացումից:

Պատասխանողի պնդմամբ՝ պրակտիկայում, եթե վճռաբեկ դատարանի վերադարձրած բողոքը չի ուղղվում, այն դատարանի կողմից առանց քննության է թողնվում՝ պատճառաբանելով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Նույնիսկ այն դեպքում, ըստ պատասխանողի, երբ սահմանված ժամկետում թերություններն ուղղվում են և նորից բողոք է ներկայացվում, միևնույն է, ձևական առումով արդեն իսկ նույն հիմքով նույն գործով առկա է լինում վճռաբեկ դատարանի որոշում: Հետևաբար՝ տեսականորեն այս դեպքում ևս դատարանը կարող է առանց քննության թողնել բողոքը:

Պատասխանողի կարծիքով, թեև բողոքն առանց քննության թողնելու նշված հիմքը տեսականորեն խնդրահարույց է, սակայն այն գործնական իրավական խնդիրներ չի առաջացնում, քանի որ բոլոր դեպքերում նույն սխալով վերադարձված բողոքի ներկայացումը վարույթ ընդունելը և քննելը բացառող հանգամանք է՝ անկախ այդ որոշման անվանումից, իսկ սխալի շտկման դեպքում բոլոր գործերով վարույթ ընդունելու որոշում է կայացվում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը կարծում է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ մատնանշված բոլոր թերությունները վերացնելով և բողոքը կրկին ներկայացվելուց հետո այլ թերություններ հայտնաբերվելու պայմաններում անձը գործնականում զրկվում է դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»:

 

5. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել հետևյալ հարցադրումներին՝

- արդյո՞ք Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ վճռաբեկ բողոքի հետ կապված բոլոր թերությունները չնշելը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը,

- արդյո՞ք վճռաբեկ բողոքի հետ կապված Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները վերացնելուց հետո սահմանված ժամկետում կրկին ներկայացված բողոքում նոր թերություններ հայտնաբերելը և այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելը չի խոչընդոտում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի՝ դատական պաշտպանության իրավունքն այնքանով, որ անձը զրկված լինի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից,

- արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու և բողոքն առանց քննության թողնելու՝ Վճռաբեկ դատարանի որոշումների համակարգային հարաբերակցությունը՝ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը համապատասխան, ապահովում է վճռաբեկության կարգով բողոքարկումների անհրաժեշտ հավասարակշռությունը՝ ապահովելով անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «նշելով առկա թերությունները» դրույթի մասով, ինչպես նաև 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանի արդեն իսկ կայացված որոշում համարելու մասով, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև վերոհիշյալ հոդվածների համապատասխան դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը:

 

6. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի՝ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում օրենսգրքի 231-րդ հոդվածի պահանջներին:

Օրենսգրքով վճռաբեկ բողոքի ներկայացման նախապայմաններն ըստ էության դասակարգվում են երկու խմբի:

Առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներին և ներառում են այն տեղեկությունների ցանկը, որոնք պետք է արտացոլվեն վճռաբեկ բողոքում: Մասնավորապես, բողոքում ներառվում են՝ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոք բերող անձի անունը (անվանումը), ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում առկայության դեպքում), դատավարական կարգավիճակը, դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան: Բողոքում պետք է արտացոլվի նաև բողոք բերող անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, ինչպես նաև բողոքում պետք է լինի նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները: Բացի դրանից, բողոքում պետք է բերվեն օրենքով նախատեսված հիմնավորումները, ինչպես նաև բողոքը պետք է ստորագրված լինի ու նշում պարունակի կցվող փաստաթղթերի ցանկի մասին:

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին:

Օրենսգրքի համաձայն վճռաբեկ բողոքին պետք է կցվեն՝

1) օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված ներկայացուցչի լիազորագիրը, եթե բողոքը ներկայացվում է ներկայացուցչի կողմից.

2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը.

3) բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները.

4) վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը:

Վերոհիշյալ պահանջների չպահպանումը հիմք է վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար:

Դիտարկելով օրենսգրքով սահմանված վճռաբեկ բողոքի վերադարձման կանոնակարգումները՝ սույն գործով վեճի առարկայի շրջանակներում անհրաժեշտ է հաշվի առնել, որ՝

նախ՝ բողոքը վերադարձնելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է մեկ ամսվա ընթացքում,

երկրորդ` բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են առկա թերությունները,

երրորդ` բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Հարկ է նշել, որ ինչպես բողոքի հետ կապված թերությունները հայտնաբերելու և մատնանշելու, այնպես էլ բողոքաբերի կողմից մատնանշված թերությունները վերացնելու համար օրենսդիրը սահմանում է մինչև մեկ ամիս ժամանակահատված:

Ընդ որում, երկու դեպքում էլ համապատասխան գործողությունների համար կոնկրետ ժամանակահատվածների որոշումը գտնվում է Վճռաբեկ դատարանի հայեցողության ներքո: Օրենսդիրը չի սահմանում անգամ նվազագույն ժամկետ վերադարձված բողոքի հետ կապված թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Նշելով թերությունները՝ Վճռաբեկ դատարանն իր կողմից մատնանշված թերությունների ծավալից և բնույթից ելնելով որոշում է դրանք շտկելու համար ողջամիտ ժամկետը:

Վերոհիշյալից ելնելով, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից մինչև մեկ ամիս ժամկետ նախատեսելը բավարար պայման է վճռաբեկ բողոքի հետ կապված բոլոր թերությունները հայտնաբերելու և դրանք մատնանշելու համար, իսկ օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում՝ գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում՝ նշելով առկա թերությունները» դրույթը ենթադրում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է մատնանշվեն բողոքի ներկայացման հետ կապված բոլոր այն թերությունները, որոնք բողոքի վերադարձման հիմք են հանդիսանում:

Վճռաբեկ բողոքի ընդունմանը խոչընդոտող առկա բոլոր թերությունների մասին նշելը բխում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված և արդար դատաքննության իրավունքի տարրը հանդիսացող` գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունից:

 

7. Անդրադառնալով դիմողների կողմից բարձրացված հարցին՝ արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է դիտվել բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանի արդեն իսկ կայացրած որոշում, ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված բողոքների կապակցությամբ ընդունվող որոշումների իրավակարգավորումներին, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումներին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնում ամրագրված դրույթների՝ վճռաբեկ բողոքների վերաբերյալ (բացի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքերից) Վճռաբեկ դատարանը կայացնում է երկու տեսակի որոշումներ:

Առաջինն այն որոշումներն են, որոնք կայացվում են առանց բողոքն ըստ էության քննելու: Դրանք են՝

1) բողոքը վերադարձնելու մասին (օրենսգրքի 233-րդ հոդված),

2) բողոքն առանց քննության թողնելու մասին (օրենսգրքի 233.1-րդ հոդված),

3) բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին (օրենսգրքի 233.2-րդ հոդված),

4) բողոքը վարույթ ընդունելու մասին (օրենսգրքի 234-րդ հոդված):

Երկրորդն այն որոշումներն են, որոնք Վճռաբեկ դատարանը կայացնում է բողոքը վարույթ ընդունելու և քննելու արդյունքում՝ իրացնելով օրենսգրքի 240-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:

Հարկ է նշել, որ բողոքը վերադարձնելու մասին, բողոքն առանց քննության թողնելու մասին և բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները, ի տարբերություն մյուս որոշումների, չեն կայացվում հանուն Հայաստանի Հանրապետության: Նման որոշումներ կայացնելիս Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքում նշված հիմքերի քննարկմանը:

Ըստ օրենսգրքի 226-րդ հոդվածի՝ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են՝

1) դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում:

«Բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» ձևակերպման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում իր ՍԴՈ-709 որոշման մեջ, այն է՝ «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի` վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի` բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում օգտագործվող` «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման»:

ՀՀ սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումներից ակնհայտ է, որ խոսքը վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ արտահայտված որոշման մասին է, քանզի Սահմանադրական դատարանը հստակ շեշտել է` «որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ»:

Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի՝ Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Հակառակ դեպքում, գործին մասնակցող տարբեր անձանց կողմից ինքնուրույն, սակայն նույն հիմքով բողոք բերելու պարագայում, եթե որևէ մեկի՝ վերադարձնելուց հետո նոր թերություններով ներկայացված բողոքի վերաբերյալ կայացվի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում այն հիմնավորմամբ, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, ապա հաջորդ բողոքաբերների՝ նույն հիմքով ներկայացրած բողոքները նույնպես պետք է թողնվեն առանց քննության, քանի որ կհամարվի, որ ներկայացված հիմքով արդեն իսկ առկա է Վճռաբեկ դատարանի որոշումը: Նման իրավիճակը դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում կհանդիսանա:

Բացի դրանից, ՍԴՈ-719 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ. «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից:

 Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով»:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ պատասխանողն իր գրավոր բացատրությամբ հայտնել է, որ քննարկվող խնդրին այլ լուծում է տրվում ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, որը 2016թ. սեպտեմբերի 13-ին ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգ:

 

8. Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի հետ կապված թերություններ հայտնաբերելու և այդ հիմքով բողոքն առանց քննության թողնելու արդյունքում անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման տեսանկյունից ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել իր՝ 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ վերահաստատված նախորդ մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222 որոշումներում արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներից բխող` անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության շրջանակներում Սահմանադրական դատարանը գտել է, որ. «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»:

Անդրադառնալով վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման խնդիրներին՝ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1192 որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունն ինչպես այլ, այնպես էլ վճռաբեկ վարույթում գնահատելու առումով»:

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ՝ «Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի՝ որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ»:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ՀՀ դատական դեպարտամենտի 10.04.2017թ. թիվ ԴԴ-1 Ե-2446 պատասխան գրության մեջ ներկայացված վիճակագրական տվյալները, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է բողոքն առանց քննության թողնելու մասին թվով 88 որոշում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածին համապատասխան՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է բողոքը վերադարձնելու մասին թվով 150 որոշում:

 

9. Դիտարկելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումների համակարգային փոխկապակցվածությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

նախ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, ինչպես նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումները որպես դատական ակտեր վերջնական են, ուժի մեջ են մտնում ընդունման պահից և ենթակա չեն բողոքարկման: Այդ առումով բացակայում է վերանայման ճանապարհով այդ որոշումները փոփոխելու բողոքաբերի հնարավորությունը,

երկրորդ` բողոքը վերադարձնելու նպատակը թերությունները վերացնելն է և սահմանված ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում երաշխավորելը, որ ձևական թերությունների շտկման արդյունքում դիմողը բաց չի թողնի բողոքարկման ժամկետը,

երրորդ` բացակայում է օրենսդրորեն սահմանված ուղղակի արգելք կրկին ներկայացված բողոքի հետ կապված նոր թերություններ հայտնաբերելու դեպքում բողոքը նորից վերադարձնելու հնարավորության համար: Այսինքն, օրենսգիրքը դեռևս չունի այնպիսի դրույթ, որն ուղղակիորեն պարտադրի կրկին ներկայացված բողոքի հետ կապված նոր թերություններ հայտնաբերելու դեպքում բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ,

չորրորդ` վերադարձված բողոքը կրկին ներկայացվելուց հետո հայտնաբերված նոր թերությունները ոչ բոլոր դեպքերում է, որ կարող են թույլ տրված լինել բողոքաբերի մեղքով, և այդ պարագայում բողոքն առանց քննության թողնելը կարող է անարդարացիորեն զրկել բողոքաբերին դատական պաշտպանության իր իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունից:

Միաժամանակ հարկ է հաշվի առնել, որ վճռաբեկ բողոքի բազմակի վերադարձման պայմաններում կարող է արհեստականորեն ձգձգվել բողոքարկվող դատական ակտի ուժի մեջ մտնելը, ինչը բացասական հետևանքներ կարող է առաջացնել շահագրգիռ անձանց համար: Այս առումով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ օրենսդրի խնդիրն է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք չսահմանափակելով անձի՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու արդյունավետ հնարավորությունը, միևնույն ժամանակ ապահովեն բողոքարկվող դատական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիրների լուծումը և բացառեն հնարավոր չարաշահումները:

 

10. Վերոհիշյալ խնդիրների լույսի ներքո ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել իր կողմից արտահայտված դիրքորոշումները, որոնց համաձայն՝

- «նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ։ Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ և, անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն» (ՍԴՈ-690),

- անդրադառնալով վերադաս դատական ատյանում դիմումի թույլատրելիության պահանջներին՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ. «Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն» (ՍԴՈ-719):

Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ որոշակի դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որոնց համաձայն.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000),

- սահմանափակումները չեն կարող համապատասխանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ բացակայում է ընտրված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև պատճառական կապը (Case of Marini v. Albania, application no. 3738/02, 18/12/2007):

ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներում նշել է, որ վճռաբեկ դատարան տրվող գանգատին ներկայացվող պահանջները կոչված են ապահովելու արդարադատության լավագույն կառավարում, սակայն ազգային դատարանների կողմից գանգատների ձևակերպման նկատմամբ չափազանց ձևական մոտեցումը վճռաբեկ գանգատների ընդունման հարցում կարող է հանգեցնել դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Վճռաբեկ գանգատի՝ հստակ ձևակերպված չլինելու հիմքով վարույթ չընդունելը, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման (Case of Reichman v. France, application no. 50147/11, 12/07/2016):

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է, որ պետք է խուսափել ավելորդ ձևականությունից, «բայց միաժամանակ չլինել չափազանց ճկուն, որպեսզի վճռաբեկ գանգատին ներկայացվող պահանջները չդառնան անիմաստ» (Case of Dumitru Gheorghe v. Romania, application 33883/06, 12/04/2016):

 

11. Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը նպատակ ունի արդեն իսկ ներկայացված բողոքի հետ կապված թերությունները վերացնելու համար պայմաններ ապահովել և դատարանի կողմից սահմանված ժամկետում այդ թերությունները վերացնելու պարագայում համարել, որ բողոքը բերվել է սահմանված կարգով: Այդ իսկ պատճառով, թերությունները պետք է առնչվեն սկզբնական բողոքին, իսկ բողոքաբերը պետք է շտկի վերադարձման որոշմամբ մատնանշված թերությունները:

Սակայն, շտկելուց բացի, բողոքաբերի կրկին ներկայացրած բողոքում այլ փոփոխություններ կատարելու կամ նոր ձևական սխալներ թույլ տալու պարագայում այն պետք է դիտարկվի ամբողջովին նոր բողոք՝ դրա հետ կապված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Հետևաբար, վերադարձման որոշմամբ մատնանշվածից բացի, այլ փոփոխություններ կատարելու պարագայում բողոքաբերն ստիպված կլինի կրել բողոքարկման ժամկետը բաց թողնելու հետ կապված ռիսկերը:

Վերոհիշյալ տրամաբանությանը համապատասխան, երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ գործող իրավակարգավորումների շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձված և կրկին բերված բողոքը համարվում է սահմանված կարգով ներկայացված՝ պայմանով, որ բողոքաբերը սահմանված ժամկետում վերացրել է Վճռաբեկ դատարանի մատնանշած բոլոր թերություններն ու ձևական սխալները: Հակառակ պարագայում բողոքը պետք է դիտվի որպես ամբողջությամբ նոր բերված բողոք, որի առնչությամբ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի օրենսգրքով նախատեսված որևէ որոշում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը ստիպված չի լինի կայունության սկզբունքից ելնելով վերադարձնելուց հետո ձևական սխալներով կրկին ներկայացված բողոքի վերաբերյալ ընդունել բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հետ կապված առկա բոլոր այն թերությունները, որոնք օրենքի համաձայն հիմք են վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար և որոնց շտկելուց հետո բողոքը կհամարվի սահմանված կարգով ներկայացված:

 2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վճռաբեկ դատարանի որոշում:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ՝

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` դիմող «ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի առաջին և երկրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ,

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` դիմողներ Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 ապրիլի 2017 թվականի

ՍԴՈ-1363