Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1375
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.06.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.12/44(1319) Հոդ.689
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
27.06.2017
Дата вступления в силу
27.06.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

27 հունիսի 2017 թ.

 

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող Ա. Աբրահամյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արուսյակ Աբրահամյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթն Արուսյակ Աբրահամյանի՝ 2017 թվականի մարտի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ից:

Օրենքի` «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետը սահմանում է. «Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

9. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար`

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի չափով

…»:

Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետում ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ (9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 07.07.05 ՀՕ-148-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-60-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն), որոնցից վերջինը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-282-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Անուշ Ղազարյանը դիմելով դատարան` պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ք. Երևան, Մանուշյան փողոց թիվ 86 հասցեի նկատմամբ Մակեդոն Ղազարյանի անվամբ տոմարագրելու վերաբերյալ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջանային խորհրդի գործկոմի 31.05.1984 թվականի թիվ 10/10 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել նույն գույքի վերաբերյալ Մակեդոն Ղազարյանի և Վահան Գևորգյանի միջև 20.07.1993 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Վահան Գևորգյանի և Գևորգ Համբարձումյանի միջև 17.08.1998 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Գևորգ Համբարձումյանի և Կարինե Հարությունյանի միջև 13.04.1999 թվականին կնքված թիվ 4-592 առուծախի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Կարինե Հարությունյանի անվամբ տրված 26.04.2013 թվականի թիվ 765 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Կարինե Հարությունյանի մահից հետո նրա ժառանգներ Արուսյակ և Սարգիս Աբրահամյանների անվամբ տրված 26.11.2014 թվականի թիվ 34216 և թիվ 34217 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ճանաչել ք.Երևան, Մանուշյան փողոց թիվ 86 հասցեի հողամասի և օրինական կառույցների նկատմամբ հայցվոր Անուշ Ղազարյանի սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի 30.10.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ վերջինիս՝ 07.07.2016 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության և Արուսյակ Աբրահամյանի, Սարգիս Աբրահամյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և ՀՀ վարչական դատարանի` 30.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Նշված որոշման դեմ Արուսյակ և Սարգիս Աբրահամյանների ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ 14.09.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` 07.07.2016 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը կից ապացույցներ չներկայացնելու հիմքով և, միաժամանակ, սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:

Սարգիս Աբրահամյանի անունից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր՝ 12.10.2016 թվականի որոշմամբ թողել է առանց քննության` ՀՀ վճռաբեկ դատարանի` 14.09.2016 թվականի որոշմամբ մատնանշված սխալները մասնակի շտկելու պատճառաբանությամբ, նշելով, որ. «… բողոքաբերը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.09.2016 թվականի որոշմամբ մատնանշված սխալները վերացրել է մասնակի, այն է` սույն գործով ներկայացված ընդհանուր 11 պահանջների պարագայում վճարել է միայն մեկ պահանջի համար սահմանված պետական տուրքի գումարը, և պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ առկա չէ միջնորդություն պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ»:

Նույն պահանջով կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև Արուսյակ Աբրահամյանի անունից, որով, միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բաց թողնելը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր՝ 16.11.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` հիմնավորելով, որ. «… բողոք բերած անձի միջնորդությունը դրանում առկա պատճառաբանություններով հիմնավոր չէ, և ենթակա է մերժման, քանի որ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ Արուսյակ Աբրահամյանի ներկայացուցչի կողմից վկայակոչված պատճառները հարգելի չեն»:

 

3. Դիմողը վիճարկվող նորմի վերլուծության հիման վրա գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին և 63-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը ենթակա է գանձման առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի համար 20.000-ական դրամ հաշվարկով, այսինքն, ըստ դիմողի, վիճարկվող նորմի ձևակերպումը նշանակում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը պետք է վճարի ոչ թե յուրաքանչյուր վճռաբեկ բողոքի համար 20.000 դրամ, այլ 20.000-ական դրամ՝ առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի հաշվարկով:

Դիմողը նշում է նաև, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, քանի որ ընթերցումից բավական բարդ է եզրակացնել, որ պետական տուրքի չափը կախված է լինելու ոչ թե վճռաբեկ բողոքների, այլ դրանցում ներառված հայցապահանջների քանակից:

ՀՀ Սահմանադրության, ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումների վրա հիմնվելով՝ դիմողը կարծում է, որ վիճարկվող նորմի ձևակերպումը հնարավորություն չի տալիս կանխատեսելու պետական տուրքի վճարման չափը, ինչի արդյունքում խաթարվել են դատարանի մատչելիության և արդար դատաքննության սկզբունքները:

 

4. Պատասխանողը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից, վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի՝ 02.12.2014 թվականի ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, վկայակոչելով նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013 թվականի N 129 որոշման 8-րդ կետը, պատասխանողն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատարանների կողմից ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013 թվականի N 129 որոշման 8-րդ կետով սահմանված կարգին չհետևելը վիճարկվող նորմին հակասահմանադրականություն չի կարող հաղորդել: Ըստ պատասխանողի՝ պրակտիկայում իրավական որոշակիությանն առնչվող իրավական ակտերի կիրառման բազմաթիվ դեպքերում խնդիրը կարող է լուծվել ոչ թե դրանց հակասահմանադրական ճանաչման, այլ ողջամիտ մեկնաբանության, օրենքի կամ իրավունքի անալոգիա կիրառելու պարագայում:

Անդրադառնալով դիմողի ներկայացրած իրավիճակին` պատասխանողը գտնում է, որ այն իրականում խոսում է ոչ թե դրույթի հակասահմանադրական լինելու, այլ ձևավորված հակասական դատական պրակտիկայի մասին, ինչի վերացմանն էլ ուղղված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Այս իմաստով, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 14.03.2017թ. ՍԴՈ-1357 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, պատասխանողը հարկ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի պահանջի կիրառման ընթացքում այն այլ ատյանի դատարանների կողմից տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառելը հիմք չէ հակասական պրակտիկայի ձևավորման մասին խոսելու համար:

Ըստ պատասխանողի՝ այլ հարց է, որ պրակտիկան դեռևս չի տվել այն հարցի պատասխանը, թե միևնույն հայցադիմումի (վերաքննիչ, վճռաբեկ բողոքների) մեջ ինչպիսի հայցապահանջների առկայությունն է գնահատվում որպես առանձին ոչ գույքային պահանջներ: Մասնավորապես՝ մեկնաբանված չէ այն հարցը, թե արդյոք հիմնական և ածանցյալ պահանջների դեպքում առավել նպատակահարմար ու արդյունավետ է նման հայցապահանջները դիտարկել որպես մեկ ամբողջություն, գանձման ենթակա պետական տուրքի չափի որոշման հարցում առաջնորդվել այդ սկզբունքով: Ըստ պատասխանողի՝ վերոնշյալ հիմնախնդիրներն առայժմ տեսության մեջ և պրակտիկայում պատշաճ ուշադրության չեն արժանացել:

 

5. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողը, բացահայտելով վիճարկվող նորմի բովանդակությունը, իր դժգոհությունն է արտահայտում, որ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմը կիրառել է իր կողմից տրված մեկնաբանությամբ: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դիմողը բարձրացնում է իրավական նորմի կիրառման իրավաչափության հարց: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իրավական նորմի կիրառման իրավաչափության վերաբերյալ իր՝ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց … ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Դիմող և պատասխանող կողմերի վկայակոչումները հակասական դատական պրակտիկայի մասին` վեճի առարկա նորմի սահմանադրականության խնդիր չեն բովանդակում: Հնարավոր նման հակասական պրակտիկան պետք է հաղթահարվի ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 92-րդ հոդվածի հիման վրա` օրենքի միատեսակ կիրառության ճանապարհով, ինչի ապահովմանն է կոչված ՀՀ վճռաբեկ դատարանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Արուսյակ Աբրահամյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

27 հունիսի 2017 թվականի

ՍԴՈ-1375

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան