Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1366
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.552
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.05.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2017
Дата вступления в силу
25.05.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 մայիսի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված` «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին` Մոսկվայում:

Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 3 հոդվածներից, որոնք սահմանում են դրույթներ Համաձայնագրին միանալու և դրանից բխող իրավունքներն ու պարտականություններն ամբողջ ծավալով ստանձնելու վերաբերյալ (հոդված 1), Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված Համաձայնագրում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու` Կողմերի պարտավորվածության վերաբերյալ (հոդված 2), ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի մասին:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պարտավորություն՝ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանա 2000 թվականի փետրվարի 11-ի` «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին համաձայնագրին:

Միանալով այդ Համաձայնագրին` Հայաստանի Հանրապետությունն ամբողջ ծավալով ձեռք է բերում դրանից բխող իրավունքները և ստանձնում պարտավորություններ, որպիսիք են, մասնավորապես.

- աջակցել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծմանը՝ «Պաշտպանական համակարգեր» ռուսաստանյան ֆինանսաարդյունաբերական խմբի հիման վրա, բելառուսական ձեռնարկությունների և կազմակերպությունների ընդգրկմամբ՝ դրա ստեղծման մասին պայմանագրով նախատեսված պայմաններով և կարգով (հոդված 1),

- Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ծրագրերի կատարման շրջանակներում արտադրվող ռազմական և երկակի նշանակության արտադրանքի իրացումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության օրենսդրություններով սահմանված կարգով (հոդված 4),

- Համաձայնագրի իրագործման ընթացքում ապահովել պետական գաղտնիք համարվող տվյալների պաշտպանությունը (հոդված 9):

 

3. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրի երկրորդ հոդվածի համաձայն` միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման հիմնական նպատակն է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի օգտագործումը՝ հակաօդային պաշտպանության, երկակի ու քաղաքացիական նշանակության այլ տեսակների արտադրանքի՝ բարձր տեխնոլոգիական և համաշխարհային շուկայում մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության աշխատանքների կատարման համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 մայիսի 2017 թվականի

 ՍԴՈ-1366

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան