Գլխավոր տեղեկություն
Номер
N 123
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2017-13.05.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2017.04.03/12(581)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.03.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.03.2017
Дата вступления в силу
13.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 123

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:»:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ քվեաթերթիկի առաջին էջում, որտեղ նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, որևէ նշում չի կատարվում, քանի որ ընտրողի կամարտահայտությունն այս կամ այն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքին ընտրելու վերաբերյալ արդեն արտահայտվել է համապատասխան քվեաթերթիկի ընտրությամբ:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածը սահմանում է.

«Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն:»։

Այս իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ քվեաթերթիկի վրա ավելորդ գրառման դեպքում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով նշումի ձևից էապես տարբերվող ձևի նշում կատարելը հանգեցնում է քվեաթերթիկի անվավերության, քանի որ այն կարող է խախտել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված քվեարկության գաղտնիությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից կիրառված են երկու տարբեր եզրույթներ՝ «գրառում» և «նշում», ինչպես նաև այն, որ քվեաթերթիկի առաջին էջում կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանման կամ քվեաթերթիկում նշված՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների կողքը կատարված միատեսակ (V) նշումը չի կարող հանգեցնել քվեարկության գաղտնիության խախտմանը, և հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Քվեաթերթիկի առաջին էջում կատարված միատեսակ (V) նշումը չի կարող գնահատվել որպես ավելորդ գրառում և չի կարող հանգեցնել քվեաթերթիկի անվավերության, եթե այն կատարվել է ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանման կամ քվեաթերթիկում նշված՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան