Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.18
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.11.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
01.11.2016
Дата вступления в силу
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0303/01/15

ԵԿԴ/0303/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան
Դատավորներ` Ա. Խաչատրյան
                          Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

ա. պողոսՅԱՆԻ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ
դատախազ`

Ա. Մադոյանի

 

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Արկադիի Մադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մադոյանի պաշտպան Ա.Արզումանյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի օգոստոսի 11-ին Ն.Ստեփանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է թիվ 12137515 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թիվ 12137515 քրեական գործի վարույթը կարճվել է Արթուր Մադոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածներով, իսկ Նունե Ստեփանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Երևան քաղաքի դատախազի՝ 2015 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ թիվ 12137515 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը վերացվել է:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Մադոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Ա.Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2015 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Ա.Մադոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2015 թվականի դեկտեմբերի 17-ին Ա.Մադոյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի դատավճռով Ա.Մադոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացվել է՝ ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունն այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքին վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Ա.Մադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

3. Մեղադրող Տ.Ուզոյանի և տուժող Ն.Ստեփանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Մադոյանի պաշտպան Ա.Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Մադոյանի պաշտպան Ա.Արզումանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, 2015 թվականի օգոստոսի 2-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոսի 34 շենքի 10 բնակարանում իր դուստր Յանա Մադոյանին տեսակցելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին կին Նունե Ստեփանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով 3-4 անգամ հարվածել է վերջինիս՝ աջ բազկի ս/3 ներսային մակերեսի արյունազեղման ձևով նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 129):

6.Դատաբժշկական փորձաքննության թիվ 2219 եզրակացությամբ արձանագրվել է.«(...) [Ն.Ստեփանյանի] աջ բազկի ս/3-ի ներսային մակերեսին առկա է 2*1,7սմ չափսերի դժգույն կարմրավուն գույնի թույլ կապտավուն երանգով արյունազեղում:

(...)Ն.Ստեփանյանի ստացած մարմնական վնասվածքը աջ բազկի ս/3-ի ներսային մակերեսի արյունազեղման ձևով պատճառվել է բութ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 9-10):

6.1. Տուժող Ն.Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Մադոյանը բնակարանում վիճաբանության ընթացքում ձեռքերով 3-4 անգամ հարվածել է իր ձեռքերին, որի հետևանքով առաջացել է մեկ վնասվածք՝ կապտուկ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 67):

6.2. Ամբաստանյալ Ա.Մադոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ «(…)[Վ]իճաբանության ժամանակ Ն.Ստեփանյանին չի հարվածել, ավելին նրան չի հրել, քանի որ նա գտնվել է իրենից մոտ 2 մետր հեռավորության վրա, իսկ իրենց միջև` իրեն ավելի մոտ գտնվել է Ս.Մադոյանը: (…) Ամբողջ վիճաբանությունը տևել է 3-4 րոպե:

Կապված երեխաների նախաքննական ցուցմունքների հետ` կարծում է, որ այդ մեղադրող ցուցմունքները նրանք տվել են նախկին կնոջ հորդորներով, քանի որ ավագ դստերը խոստացել էր գնել iPհօո 6 հեռախոս, իսկ կրտսերին` ճանապարհորդություն ԱՄՆ` Դիսնեյլենդ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 66-67):

6.3. Վկա Սիլվա Մադոյանը 2015 թվականի օգոստոսի 25-ի իր ցուցմունքում հայտնել է.«(…)[Զ]գում էի ոնցա հայրս հարվածում մորս ձեռքերով ձեռքերին, (…) պապան մամային մոտավորապես խփել է 3 անգամ(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 31-32):

2015 թվականի դեկտեմբերի 7-ին առերես հարցաքննվելով հոր՝ Ա.Մադոյանի հետ, Ս.Մադոյանը հայտնել է. «(…) [Ե]ս պարզապես նախորդ ցուցմունքներում հարվածել ասելով ի նկատի եմ ունեցել հրելը, որի համար զղջում եմ, խնդրում եմ հիմք ընդունել իմ ներկայիս ցուցմունքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 106-107):

Լրացուցիչ հարցաքննության ընթացքում վկան հայտնել է.«(…) [Պ]արզապես նախկինում մի փոքր սխալ ցուցմունք եմ տվել և այդ սխալը առերեսման ժամանակ շտկել եմ: Նախկինում ես ցուցմունքը տվել եմ ենթադրությունների հիման վրա, իսկ այժմ, ավելի ճիշտ առերեսման ժամանակ ես տվել եմ ճշմարիտ ցուցմունք և խնդրում եմ այն ընդունել որպես հիմք» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 108):

Դատաքննական ցուցմունքում վկա Ս.Մադոյանը նշել է, որ ծնողների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հայրը չի հարվածել մորը: Պարզաբանելով հիշյալ ցուցմունքների հակասական լինելը՝ վկան պնդել է, որ նախաքննական ցուցմունքները տվել է փոքր-ինչ շփոթված, հոր վրա բարկացած վիճակում, այդ իսկ պատճառով ներկայացրել է, թե իբր եղել են հարվածներ վերջինիս կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 69):

6.4. Անչափահաս վկա Յանա Մադոյանը 2015 թվականի նոյեմբերի 12-ին տվել է հետևյալ ցուցմունքը. «(…) Ես տեսա, որ հայրս մորս հրելով և ձեռքերին հարվածելով, նրան հրեց տան ներս և ինքն էլ մտավ ներս: Նա տան ներսում էլ էր շարունակում մորս հետ վիճելը, մինչև Սիլվան հորս հրելով դուրս հանեց տնից և փակեց դուռը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 86-87):

Նախաքննության մարմնի կողմից կազմված մեղադրական եզրակացությունում նշվել է, որ Յանա Մադոյանը 2015 թվականի նոյեմբերի 12-ին տված ցուցմունքով հայտնել է, որ հայրը 3-4 անգամ ձեռքերով հարվածել է մոր ձեռքերին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 128):

Յ.Մադոյանը դատարանում ժխտել է այն հանգամանքը, որ հայրը հարվածներ է հասցրել մորը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 70):

7. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(…)Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ժամանակ, բացի տուժողի՝ իրեն հարվածներ հասցնելու մասին ցուցմունքից` նմանատիպ տվյալներ են ձեռք բերվել նաև վկա Սիլվա Մադոյանի սկզբնական ցուցմունքով: Հոր կողմից մորը հարվածներ հասցնելու մասին /առանց դրանց քանակը կոնկրետացնելու/ գործի նախաքննությամբ ցուցմունք է տվել նաև անչափահաս վկա Յանա Մադոյանը:

Այդուամենայնիվ, դատարանը գտնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Մադոյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից, քանի որ Սիլվա Մադոյանի և Յանա Մադոյանի կողմից նախաքննության սկզբում տրված ցուցմունքները ոչ միայն չհաստատվեցին դատաքննության ժամանակ, այլ նաև հերքվեցին հենց վերջիններիս կողմից: Ավելին, իր՝ նախաքննության սկզբնական ընթացքում հոր դեմ տրված ցուցմունքը փոխել և նրա կողմից մորը չհարվածելու մասին ցուցմունք է տվել նաև Սիլվա Մադոյանը դեռևս նախաքննության ընթացքում:

(...)

Դատարանը, համադրելով [վկա Սիլվա Մադոյանի] դատաքննական և նախաքննական ցուցմունքները, դրանցից առավել փաստարկված է դիտում դատաքննականը, քանի որ արժանահավատ է համարում այն, որ վկան, նախաքննական ցուցմունքները շարադրելիս, նոր տեղի ունեցած դեպքի ազդեցության ներքո, ինչպես նաև պայմանավորված` ԱՄՆ մեկնելը հոր կողմից խոչընդոտելու հանգամանքներով, ելնելով նաև տարիքային առանձնահատկություններից ու այդ պահին գտնվելով հոգեբանական լարված վիճակում ու լինելով շփոթված ու զայրացած, նախաքննական մարմնին է ներկայացրել մեղադրող բնույթի ցուցմունքներ, որոնք, իրականում, չեն համապատասխանել Ա.Մադոյանի դրսևորած վարքագծին և նրա կողմից իրականացրած գործողություններին:

(...)

(...) համադրելով անչափահաս Յանա Մադոյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները, դատարանն ընդգծում է, որ նա վիճաբանության ժամանակ հիմնականում գտնվել է հարևան սենյակում` ժամանակ առ ժամանակ իր կողմից բացվող ու փակվող դռան արանքից հետևելով ծնողների գործողություններին:

Այլ խոսքով, դատարանը փաստում է, որ վկան, լինելով հարևան սենյակում, անմիջականորեն չի գտնվել դեպքի` վիճաբանության վայրում, և դրա մանրամասներին ականատես է եղել միայն դուռը բացելու և փակելու ժամանակ: Այդ պայմաններում, սակայն ևս վկան դատարանում հստակ նշեց, որ իր նայելու ժամանակ հոր կողմից մորը հարված հասցնելու փաստի ականատես չի եղել:

Այս առումով, դատարանը ցանկանում է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը ցանկացած ձևով փորձելով հիմնավորել ամբաստանյալի մեղքը, անչափահաս Յանա Մադոյանի նախաքննական ցուցմունքն արտացոլելով մեղադրական եզրակացության մեջ, անհիմն նշել է, թե «...Տանը վիճաբանությունը շարունակվել է, որի ընթացքում հայրը 3-4 անգամ ձեռքերով հարվածում մորը....» (...):

(...) անչափահաս վկա Յանա Մադոյանն իր կողմից տրված միակ նախաքննական ցուցմունքում հարվածների քանակի մասին որևէ տվյալ չի նշել, այլ միայն հայտնել է, որ՝«...հայրս մորս հրելով և ձեռքերին հարվածելով նրանց հրեց ներս ու ինքն էլ մտավ ներս...»:

Հիշյալ ցուցմունքում, սակայն քննիչը չի դետալացրել, թե քանի հարված է հասցրել Մադոյանը կնոջը, բնակարանի որ հատվածում և ինչպես է դա տեսել անչափահաս վկան ու որ պահին հատկապես:

(...)

Վերոգրյալ ապացույցների համակարգային վերլուծության արդյունքում, դատարանն արձանագրում է, որ Ն.Ստեփանյանի` իր նկարագրած ձևով ու պայմաններում մարմնական վնասվածք ստանալու կամ ֆիզիկանան ցավ պատճառելու հանգամանքը հաստատվում է միայն իր` տուժողի ցուցմունքով:

(…) [Հ]ետազոտված ապացույցների ընդհանուր ամբողջությունը վերլուծելով և գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված հիշյալ որոշումների լույսի ներքո, դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման, գործով հավաքված ապացույցների և դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հետ, հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ Ա.Մադոյանը 3-4 անգամ հարվածել է Ն.Ստեփանյանի ձեռքերին, որի արդյունքում վերջինիս մարմնի վրա առաջացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 71-102):

8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության, փաստել է. «(…) [Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով] վկա Սիլվա Մադոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներին, անարժանահավատ է համարել վերջինիս նախաքննական ցուցմունք[ը] (…):

Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. Վկա Սիլվա Մադոյանը դեպքի շուրջ բացատրություն է տվել դեպքից 6 օր անց` 08.08.2015 թվականին` հայտնելով, որ «/.../ հայրս ձեռքերս առաջ էր մեկնում դեպի մայրս, որի ժամանակ 2-3 անգամ փորձում էր հարվածել և հարվածները դիպան մայրիկիս ձեռքերին, դրանից հետո ես բացել եմ դուռը և հայրիկիս դուրս հրավիրել և նա հեռացել է: /.../»:

Այնուհետև Սիլվա Մադոյանը նույն հանգամանքների շուրջ որպես վկա հարցաքննվել է 25.08.2015 թվականին, որի ժամանակ նույնպես պնդել է, որ հայրը մոտավորապես 3 անգամ հարվածել է մորը։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ վկա Սիլվա Մադոյանի նման ցուցմունքներ տալը պայմանավորված է եղել նրա տարիքային առանձնահատկություններով, ինչպես նաև հոգեբանական լարված վիճակով պայմանավորված:

Դատարանն անդրադառնալով անչափահաս վկա Յանա Մադոյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներին, արձանագրել է, որ վերջինս իր կողմից տրված նախաքննական ցուցմունքում հարվածների քանակի մասին որևէ տվյալ չի նշել, իսկ քննիչը չի դետալացրել, թե քանի հարված է Ա.Մադոյանը հասցրել կնոջը, բնակարանի որ հատվածում և ինչպես է դա տեսել անչափահաս վկան ու որ պահին հատկապես:

(...)

Վերը նշվածի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

Թեև անչափահաս վկա Յանա Մադոյանի նախաքննական ցուցմունքով չի հաստատվում ամբաստանյալ Ա.Մադոյանի կողմից տուժող Ն.Ստեփանյանի ձեռքերին հասցված հարվածների քանակի մասին տվյալ, սակայն վկան իր նախաքննական ցուցմունքով հստակ հայտնել է, թե ինչպես են հայրը և մայրը վիճել դռան դիմաց, իսկ ինքը վիճաբանությանը հետևել է դռան արանքից և տեսել, թե ինչպես է հայրը հրել մորը և հարվածել նրա ձեռքերին:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում Դատարանի դատողություններն այն մասին, որ քննիչը չի դետալացրել, թե բնակարանի որ հատվածում է ամբաստանյալը հարվածներ հասցրել տուժողին և ինչպես է դա տեսել անչափահաս վկան ու որ պահին հատկապես:

(…)

Վերաքննիչ դատարանը` Դատարանի կողմից հետազոտված ապացույցները վերլուծելով և գնահատելով Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ 01.11.2012 թվականի թիվ ԱՐԴ/0176/01/11 նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է, որ ամբաստանյալ Ա.Մադոյանը ձեռքերով 3-4 անգամ (մեկից ավելի) հարվածներ է հասցրել տուժող Ն.Ստեփանյանի ձեռքերին, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ և առողջության թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այն է` աջ բազկի ս/3-ի ներսային մակերեսի արյունազեղման ձևով:

(…)

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի հետևություններն այն մասին, որ գործի քննությամբ ձեռք չի բերվել ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Ա.Մադոյանը հարվածներ է հասցրել տուժողի մարմնին, այդ թվում` ձեռքերին, հիմնազուրկ են, չեն բխում սույն գործի փաստական տվյալներից, Դատարանը պատշաճ գնահատության չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքներն, ինչի արդյունքում չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: (…) Վերաքննիչ դատարանի սույն որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ:

(…)

Գործի նոր քննության ընթացքում ընդհանուր իրավասության դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտի գործով ձեռք բերված և սույն դատավճռի հիմքում դրված բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության և գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, այդ ապացույցներն ենթարկի բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, դրանց վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով և հանգի համապատասխան եզրակացության` ամբաստանյալ Ա.Մադոյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 63-70):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 358-րդ և 371-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել այս կամ այն ապացույցների որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տալիս կամ դրանց մի մասը արժանահավատ, իսկ մյուսներն անարժանահավատ համարելիս: Գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ ոչ միայն չեն հիմնավորում Ա.Մադոյանի մեղավորությունը, այլև բացառում են մեղավորության ողջամիտ հավանականությունը: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունք չէ, գործում առկա ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ չեն վերլուծվել: Ավելին, բողոքաբերի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է ամբաստանյալ Ա.Մադոյանի կողմից ձեռքերով 3-4 անգամ տուժող Ն.Ստեփանյանի ձեռքերին հարվածներ հասցնելը, արդեն իսկ հաստատված է համարել Ա.Մադոյանին մեղսագրված արարքի կատարումը:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝2016 թվականի մարտի 10-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ վերաքննիչ դատարանի լիազորության իրացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

I. Վերաքննիչ դատարանի լիազորությունները, դատական ակտին ներկայացվող պահանջները.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Ա.Մադոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը պահպանել է արդյոք դատական ակտին ներկայացվող պահանջները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը (...)»:

Մեջբերված նորմը վերլուծության ենթարկելիս Հ.Մակարյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Վ]երաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը՝ նպատակ ունենալով՝

ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,

բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,

գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,

դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից (...)» (տե՛ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ կետը):

Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Ը]նդհանուր կանոնի համաձայն ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:

 (...) Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալը ստորադաս դատարանի կողմից չպահպանելու համար որպես բացառիկ հանգամանք կարող է հանդիսանալ գործի նոր քննության ընթացքում առաջացած այնպիսի հանգամանքը, որը չի կարող հանգեցնել Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխությանը, սակայն պայմանավորում է տվյալ գործի ելքը (օրինակ` համաներման ակտի ընդունումը, արարքի ապաքրեականացումը, քրեական գործի վարույթը բացառող այլ հանգամանքի ի հայտ գալը և այլն)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 18-րդ կետը):

14. Վերահաստատելով և զարգացնելով Հ.Մակարյանի ու Գ.Խնուսյանի գործերով ձևավորած նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Խնուսյանի գործով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները, mutatis mutandis, վերաբերելի են նաև վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ կայացվող դատական ակտին: Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկում նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ, ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները, որպես կանոն, կանխորոշվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես՝ դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Վերջին հանգամանքը, սակայն, ենթադրում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանած նոր քննության ծավալով կարող է ուղղորդել գործի նոր քննությունը, այլ ոչ թե կանխորոշել դրա արդյունքը: Հակառակ պարագայում կարող է առաջանալ ոչ միայն իրավական անորոշության վիճակ (օրինակ՝ այն դեպքում, երբ անձի մեղավորությունը հաստատված համարելու հետ մեկտեղ գործն ուղարկվում է ստորադաս դատարան, ապա նոր քննության արդյունքներով կարող է առաջանալ հետևյալ իրավիճակը՝ մի կողմից ապացույցների գնահատման արդյունքում առաջին ատյանի դատարանի մոտ ձևավորված եզրահանգում, մյուս կողմից` վերադաս դատարանի կողմից նույն հարցի վերաբերյալ արված կատեգորիկ եզրահանգում, և միշտ չէ, որ այդ եզրահանգումները կարող են համընկնել), այլև կխախտվի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն`«Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`

 (...)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

(...)»:

Նույն օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են դատարանի որոշումները»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են` (…) 5) (…) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի (…) որոշումները, վճիռները կամ դատավճիռները (…)»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Իրավական ակտերում պետք է բացառվեն (…) ներքին հակասությունները»:

Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանըԳ.Ղազարյանի գործով ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին:(...) [Դ]ատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, (...) հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

Վերահաստատելով Գ.Ղազարյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Ա.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է.«(...) [Դ]ատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող` վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը» (տե՛ս Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը):

16. ՎերահաստատելովԳ.Ղազարյանի ու Ա.Հարությունյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս դատարանների պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների հիման վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, իրարամերժ դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի:

17. Սույն գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Մադոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը և գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության, փաստել է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է, որ ամբաստանյալ Ա.Մադոյանը ձեռքերով 3-4 անգամ (մեկից ավելի) հարվածներ է հասցրել տուժող Ն.Ստեփանյանի ձեռքերին, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ և առողջության թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ավելին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ գործի քննությամբ ձեռք չի բերվել ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Ա.Մադոյանը հարվածներ է հասցրել տուժողի մարմնին, այդ թվում` ձեռքերին, հիմնազուրկ են, չեն բխում սույն գործի փաստական տվյալներից, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատության չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

Հարկ է նկատել, որ վերոնշյալ դատողություններին զուգահեռ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ իր կողմից արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ: Իսկ արդյունքում փաստել է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտի գործով ձեռք բերված և դատավճռի հիմքում դրված բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության և գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, և հանգի համապատասխան եզրակացության` ամբաստանյալ Ա.Մադոյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից նշել է, որ գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է ամբաստանյալ Ա.Մադոյանին մեղսագրված արարքի կատարումը, իսկ մյուս կողմից՝ արձանագրել, որ իր եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ: Իսկ արդյունքում դիրքորոշում է արտահայտել առ այն, որ գործի նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը պետք է հանգի համապատասխան եզրակացության՝ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:

Վերոգրյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ դատողությունները ոչ միայն իրարամերժ ու հակասող են, զուրկ են ներքին միասնությունիցև տրամաբանական կապից, այլև մեղադրանքը հաստատված համարելուն զուգահեռ գործը նոր քննության ուղարկելով՝Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կանխորոշել է գործի քննության արդյունքը՝ ստեղծելով իրավական անորոշության վիճակ և խախտելով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ա.Մադոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը չի պահպանել դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ, 394-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածների խախտումներ:

II. Ապացույցների բավարարությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալԱ.Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասին դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալ հանցավոր արարքի համար. «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (…)»:

Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին հարվածներ հասցնելով, ընդ որում, հարվածները կարող են հասցվել ինչպես ձեռքերով կամ ոտքերով, այնպես էլ բութ և կոշտ գործիքի գործադրմամբ՝ բազմաթիվ (մեկից ավելի) անգամ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մեկնաբանության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն՝ ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:(...)

(...)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ, ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ է պատճառվել (...)» (տե՛ս Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 19.1-րդ և 27-րդ կետերը):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

21.1. «Ապացույցների բավարարություն» բնորոշմանը, այն որոշելու չափանիշներին, չափանիշներից յուրաքանչյուրի էությանն ու նշանակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր կողմից նախկինում ընդունված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը: Ինչ վերաբերում է ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներին, ապա Վճռաբեկ դատարանը նշել է, որ դրանք են՝ 1) անմեղության կանխավարկածը, 2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը, 3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը):

Անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից անմեղության կանխավարկածին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է. «[Ք]րեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է (…): Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

(…) [Ա]նմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:

(…)

(…)«հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ և 33-րդ կետերը):

Իսկ անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից մյուսին՝ դատավարական որոշումների հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Ընդ որում, հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

22. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինն Ա.Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա իր դուստր Յ.Մադոյանին տեսակցելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին կին Ն.Ստեփանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով 3-4 անգամ հարվածել է վերջինիս՝ աջ բազկի ս/3 ներսային մակերեսի արյունազեղման ձևով նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաստատված չհամարելով Ա.Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, արդյունքում նրա նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ՝ իր դատական ակտը հիմնավորելով նրանով, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Ա.Մադոյանի մեղքը հիմնավորված համարելու համար: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով վկա Ս.Մադոյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքներին և համադրելով դրանք, արդյունքում փաստել է, որ դրանցից առավել փաստարկված է դատաքննական ցուցմունքը, քանի որ արժանահավատ է համարում այն, որ վկան նախաքննական ցուցմունքները շարադրելիս նոր տեղի ունեցած դեպքի ազդեցության ներքո, ինչպես նաև պայմանավորված ԱՄՆ մեկնելը հոր կողմից խոչընդոտելու հանգամանքներով, ելնելով նաև տարիքային առանձնահատկություններից, այդ պահին գտնվելով հոգեբանական լարված վիճակում ու լինելով շփոթված ու զայրացած՝ նախաքննական մարմնին է ներկայացրել մեղադրող բնույթի ցուցմունքներ, որոնք իրականում չեն համապատասխանել Ա.Մադոյանի դրսևորած վարքագծին և նրա կողմից իրականացրած գործողություններին: Իսկ անդրադառնալով անչափահաս վկա Յ.Մադոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներին և համադրելով դրանք՝ Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, փաստել է, որ Յ.Մադոյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ հայրը հարվածել է մոր ձեռքերին, սակայն հարվածների քանակի մասին որևէ տվյալ չի նշել, իսկ քննիչն էլ չի մանրամասնել, թե քանի հարված է ամբաստանյալը հասցրել տուժողին, բնակարանի որ հատվածում և ինչպես է դա տեսել անչափահաս վկան ու որ պահին հատկապես: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանի համոզմամբ՝ նախաքննական մարմինը ցանկացած ձևով փորձել է հիմնավորել ամբաստանյալի մեղքը՝ Յ.Մադոյանի նախաքննական ցուցմունքը մեղադրական եզրակացության մեջ արտացոլելով այնպես, ըստ որի՝ վերջինս հայտնել է, որ հայրը 3-4 անգամ է ձեռքերով հարվածել մորը: Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ ապացույցների համակարգային վերլուծության արդյունքում Ն.Ստեփանյանի` իր նկարագրած ձևով ու պայմաններում մարմնական վնասվածք ստանալու կամ ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքը հաստատվում է միայն իր` տուժողի ցուցմունքով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Մասնավորապես անդրադառնալով վկա Ս.Մադոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներին, դրանց առնչությամբ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վկա Ս.Մադոյանը դեպքից շուրջ 6 օր անց՝ 08.08.2015 թվականին, հայտնել է, որ հայրը 2-3 անգամ փորձում էր հարվածել, և հարվածները դիպան մոր ձեռքերին: Այնուհետև Ս.Մադոյանը նույն հանգամանքների շուրջ հարցաքննվել է 25.08.2015 թվականին, որի ժամանակ նույնպես պնդել է, որ հայրը մոտավորապես 3 անգամ հարվածել է մորը:Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի համոզմամբ անհիմն են Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ վկա Ս.Մադոյանի կողմից նման ցուցմունքներ տալը պայմանավորված է եղել նրա տարիքային առանձնահատկություններով, ինչպես նաև հոգեբանական լարված վիճակով: Ինչ վերաբերում է անչափահաս վկա Յ.Մադոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների առնչությամբ Առաջին ատյանի դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին, Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, փաստել է, որ թեև Յ.Մադոյանի նախաքննական ցուցմունքով չի հաստատվում ամբաստանյալ Ա.Մադոյանի կողմից տուժող Ն.Ստեփանյանի ձեռքերին հասցված հարվածների քանակի մասին տվյալ, սակայն վկան իր նախաքննական ցուցմունքով հստակ հայտնել է, թե ինչպես են հայրը և մայրը վիճել դռան դիմաց, իսկ ինքը վիճաբանությանը հետևել է դռան արանքից և տեսել, թե ինչպես է հայրը հրել մորը և հարվածել նրա ձեռքերին:Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վկաներ Ս.Մադոյանի և Յ.Մադոյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներից արժանահավատ են վերջիններիս նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննության ընթացքում նրանց կողմից նման ցուցմունքներ տալը պայմանավորված է եղել նրանով, որ վկաները, հոր նկատմամբ ունեցած կարեկցանքից ելնելով, փորձել են օգնել վերջինիս` խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

23.Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-21.1.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ վկա Ս.Մադոյանի նախաքննական ցուցմունքներն (սկզբնական) անարժանահավատ համարելու՝ Առաջին ատյանի դատարանի փաստարկները անհիմն դիտարկելիս Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել հիմնավոր և պատշաճ կերպով պատճառաբանված դատողություններ: Այսպես՝ դեպքից միառժամանակ անց տվյալներ հաղորդելը որևէ կերպ չի ենթադրում, որ այդպիսի տվյալների հաղորդումն այլևս չէր կարող պայմանավորված լինել անձի տարիքային առանձնահատկություններով կամ հոգեբանական լարված վիճակով: Այլ կերպ՝ այն հանգամանքը, որ վկա Ս.Մադոյանը հոր կողմից մորը մոտավորապես 3 անգամ հարվածելու մասին տվյալ է հաղորդել դեպքից միառժամանակ անց,որևէ կերպ չի բացառում այն, որ Ս.Մադոյանի կողմից այդպիսի տվյալներ հաղորդելը չէր կարող պայմանավորված լինել նրա տարիքային առանձնահատկություններով կամ հոգեբանական լարված վիճակով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկա Ս.Մադոյանի նախաքննական ցուցմունքներն (սկզբնական) անարժանահավատ համարելու՝ Առաջին ատյանի դատարանի փաստարկները Վերաքննիչ դատարանի կողմից նման պատճառաբանություններով անհիմն դիտարկելը չի կարող համարվել իրավաչափ:

Ինչ վերաբերում է վկա Յ.Մադոյանի նախաքննական ցուցմունքներին, ապա Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ թեև Յ.Մադոյանը հոր կողմից մոր ձեռքերին հասցված հարվածների քանակի մասին որևէ տվյալ իր կողմից տրված ցուցմունքում չի նշել,այնուամենայնիվ, նախաքննության մարմինը Յ.Մադոյանի հիշյալ ցուցմունքները մեղադրական եզրակացության մեջ արտացոլել է այնպես, ըստ որի՝ վերջինս հայտնել է, որ հայրը 3-4 անգամ է ձեռքերով հարվածել մորը (տե՛ս սույն որոշման 6.4.-րդ կետը): Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում մեղադրական եզրակացությունում ապացույցների աղավաղված ձևով ներկայացումը՝ ընդգծելով, որ նախաքննական մարմնի այդպիսի գործողությունն անմիջականորեն հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 6-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով նախատեսված օրինականության սկզբունքի խախտմանը:

Վերոգրյալի հետ մեկտեղԱրևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով այն փաստը, որ վկա Յ.Մադոյանի նախաքննական ցուցմունքով չի հաստատվում ամբաստանյալ Ա.Մադոյանի կողմից տուժողի ձեռքերին հասցված հարվածների քանակի մասին որևէ տվյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ցուցմունքի հիման վրա հնարավոր չէ ողջամիտ կասկածից վեր հաստատված համարել Ա.Մադոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի հանցակազմի առկայությունը:

24. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև սույն գործում առկա ապացույցների ամբողջությունը վերլուծելով և գնահատելով սույն որոշման 20-20.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հնարավոր չէ ապացուցված համարել, որ ամբաստանյալ Ա.Մադոյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ մասնավորապես այն, որ Ա.Մադոյանը 3-4 անգամ հարվածել է Ն.Ստեփանյանի ձեռքերին, որի արդյունքում վերջինիս մարմնի վրա առաջացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

25.Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասին դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 127-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ:

26. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է վերջինիս կողմից կայացված դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, այդ թվում` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ամբաստանյալ Ա.Մադոյանի, տուժող Ն.Ստեփանյանի, վկաներ Յանա և Սիլվա Մադոյանների ցուցմունքները, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, եկել է հիմնավոր եզրահանգման ամբաստանյալի անմեղության հարցում: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի արդարացման դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արթուր Արկադիի Մադոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝2016 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝2016 թվականի մարտի 10-ի արդարացման դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան