ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՐԱԴ/0025/01/15 |
ԱՐԱԴ/0025/01/15 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ս. Համբարձումյան |
Ա. Խաչատրյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2016 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Շահեն Թովմասի Հովսեփյանի պաշտպան Հայկազ Գալստյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 2015 թվականի մայիսի 7-ին հարուցվել է թիվ 29153315 քրեական գործը:
2015 թվականի մայիսի 11-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության ավագ քննիչ Վ.Հարությունյանի կողմից:
2. 2015 թվականի մայիսի 19-ին կասկածյալ Շահեն Թովմասի Հովսեփյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
2015 թվականի մայիսի 26-ին Շ.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Շ.Հովսեփյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2015 թվականի հոկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Շ.Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով:
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, գործով մեղադրող Մ.Արզումանյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 7-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին:
Իր հատուկ կարծիքն է շարադրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճիռը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ մերժվեր:
5. Շ.Հովսեփյանի պաշտպան Հ.Գալստյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Շ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ «(...) նա, 2015 թ-ի փետրվար ամսին, քննությամբ չպարզված օրը, ժամը 15:00-ի սահմաններում գնացել է Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ 1 հասցեում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի վարչական տարածք` մետաղական ջարդոններ հավաքելու, որտեղ էլ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, երկաթյա ձողի գործադրմամբ կոտրել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստարանի մուտքի դռան կախովի կողպեքը, ապօրինի մուտք գործել պահեստարան և գաղտնի հափշտակել զգալի չափի 19.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խառը տեսակի ապրանքներ` էլեկտրական սարքավորումների թվով 5 իրաններ, 5 մետր երկարության պղնձյա հաղորդալար, 1 հատ հարթաշուրթ, 1 հատ կցաշուրթ և 2 հատ պտուտակահան, որի հետևանքով Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 179-180):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. (...) [Ս]ույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները այն մասին, որ Շահեն Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 19.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խառը տեսակի ապրանքներ, դատաքննության ընթացքում հերքվեցին:
(...)
Դատաքննությամբ հիմնավորվեց, որ Շահեն Հովսեփյանը մուտք է գործել ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող, ինստիտուտի հաշվեկշռից դուրս գրված ապրանքների պահեստ և գողացել է հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարի (արժեքի) ապրանքներ:
Նշված դատողությունը դատարանը հիմնավորում է գնահատելով.
ա/ տուժողի ներկայացուցչի, վկաների դատարանում տված ցուցմունքները, այն մասին, որ պահեստում պահվել են ինստիտուտի հաշվեկշռից դուրս գրված, արժեք չներկայացնող ապրանքները, այդ թվում սարքավորումներ, դետալներ, մետաղական տուփեր և իրաններ, եղել է նաև մետաղական ջարդոն, որ ալյումինե իրանները և շուրջ մեկ մետր երկարությամբ պղնձյա լարերը հանդիսացել են ջարդոն, իսկ գործիքները օգտագործված և հնամաշ,
բ/ քննիչի կողմից կազմված՝ լուսանկարչական հավելվածներով քննչական փորձարարության մասին արձանագրությունը, որով հիմնավորվում է, որ նշված պահեստում անկանոն տեղադրված և թափված են եղել ինչպես ապակոմպլեկտավորված սարքավորումներ, մետաղական դետալներ, այնպես էլ առկա է մետաղական ջարդոն և այլ տեսակի թափոն,
գ/ ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության թիվ 15-1303 եզրակացությունը այն մասին, որ փորձաքննության ներկայացված թվով 2/երկու/ հատ տարբեր տեսակի ու չափսերի մետաղական արկղերի իրանները դիտարկվել են ՀՀ շուկայում որպես օգտագործվող պիտանի դետալ, սակայն դրանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն ՀՀ շուկայում չհայտնաբերելու պատճառով դրանք գնահատվել են որպես մետաղական ջարդոն՝ մեկ կգ ալյումինի արժեքը 300 ՀՀ դրամով,
դ/ ամբաստանյալ Շահեն Հովսեփյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները այն մասին, որ պահեստում եղած մետաղական ջարդոնի միջից վերցրել է հինգ հատ ծռմռված իրաններ, պղնձյա լարի կտորներ՝ հինգ հատ, յուրաքանչյուրը շուրջ մեկ մետր երկարությամբ, որ պահեստում որևէ սարքավորման վրայից մետաղական իրան չի հանել և նման նպատակ չի ունեցել:
Այսպիսով, դատաքննությամբ հիմնավորվեց, որ Շահեն Հովսեփյանի կողմից գողացված առարկաների առավելագույն արժեքը չի գերազանցում 5000 ՀՀ դրամը (...):
(...)
Այսպիսով դատարանը չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալ Շահեն Հովսեփյանի մեկնաբանելով հաստատված է համարում, որ նրա կողմից ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ դուրս գրված ապրանքների պահեստից գողացված առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, այսինքն Շահեն Հովսեփյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածով սահմանված հանցակազմը:
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 252-256):
7.1. Ամբաստանյալ Շ.Հովսեփյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մետաղական ջարդոնները վաճառել է 6.800 ՀՀ դրամով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 86):
Ամբաստանյալ Շ.Հովսեփյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ պահեստից իր կողմից գողացված, ինչպես նաև իր և Գևորի կողմից հավաքված մետաղական ջարդոնները վաճառել են գյուղ եկած մետաղաջարդոնի գնումով զբաղվող անծանոթի, ով դրա դիմաց վճարել է 6800 ՀՀ դրամ, որից 1000 դրամը տվել է Գևորին, իսկ մնացածը ծախսել իր կարիքների համար (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 250):
7.2. Տուժողի ներկայացուցիչ Վ.Վարդանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինստիտուտին պատճառվել է ընդհանուր` 19.200 ՀՀ դրամ գույքային վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 119-121):
Տուժողի ներկայացուցիչ Վ.Վարդանյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել առ այն, որ «իրականում նշված պահեստում պահվում են ինստիտուտի հաշվեկշռից տասը և ավելի տարի առաջ դուրս գրված, ոչ պիտանի սարքավորումներ, դետալներ, այնտեղ կա նաև մետաղական ջարդոն: Այդ սարքավորումները և դետալները արժեք չեն ներկայացնում, սակայն դրանց պահեստամասերը, այդ թվում նաև մետաղական տուփերի իրանները երբեմն օգտագործվում են որպես հումք: (...) Ինչ վերաբերում է նրան, որ նշել է, թե նշված ապրանքները գտնվում են ինստիտուտի հաշվեկշռում, ապա դա շփոթմունք է, պնդում է, որ նշված ապրանքները՝ իրանները և պղնձյա հաղորդալարերի կտորները ինստիտուտի հաշվապահական հաշվեկշռում չեն գտնվել` արժեք չներկայացնելու պատճառով, դրանք ընդամենը հնարավոր է գնահատել որպես հումք կամ ջարդոն՝ մեկ կիլոգրամը հաշվելով շուրջ 100 ՀՀ դրամ, իսկ գործիքները եղել են հնամաշ և իր կարծիքով դրանց շուկայական արժեքը չի կարող գերազանցել 1200 ՀՀ դրամը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 250):
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Ամբաստանյալ Շ.Հովսեփյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների ուսումնասիրությունից և վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջինս, գումար վաստակելու նպատակով, ըստ էության, սիստեմատիկաբար զբաղվել է մետաղական թափոններ հավաքելով և այն մետաղի ընդունման կետերին հանձնելով:
Դեպքի օրը` իր նյութական կարիքները հոգալու համար, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով Շ.Հովսեփյանը որոշել է մուտք գործել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստարան և հափշտակել մետաղական ջարդոններ, ինչն իրականացրել է պահեստարանի դռան կողպեքը կոտրելու միջոցով պահեստարանի դուռը բացելու և այնտեղ մուտք գործելու եղանակով` հստակ գիտակցելով, որ կողպեքը ջարդելով պահեստարան մուտք գործելն արդեն իսկ ենթադրում է, որ այնտեղից կարող է հափշտակել առնվազն զգալի չափի նյութական արժեքներ, քանի որ դրանից ավելի ցածր արժեք ունեցող առարկաները /ջարդոնը/ կարող էր գտնել /գողանալ/ նաև դրսում` առանց պահեստարան մուտք գործելու, ինչն էականորեն բարձրացնում է արարքի հասարակական վտանգավորության աստիճանը:
Այդ մասին է վկայում այն փաստը, որ վերջինս, պահեստից իր կողմից գողացված մետաղական ջարդոնները վաճառելով գյուղ եկած մետաղաջարդոնի գնումով զբաղվող անծանոթին, դրա դիմաց ստացել է 5000 ՀՀ դրամը գերազանցող գումար, ինչն օգտագործել է իր անձնական կարիքները հոգալու համար:
Ինչ վերաբերում է դատավճռի հիմքում դրված ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության 20.07.2015 թվականի թիվ 15-1303 եզրակացությանը, ըստ որի` հափշտակված իրերի արժեքը չի գերազանցում 5000 ՀՀ դրամը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի գործողությունների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս, մինչև պահեստարան մուտք գործելը, արդեն իսկ գիտակցել է, որ մուտք գործելով պահեստարան, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, պետք է հաղթահարի որոշակի խոչընդոտներ, ինչն իրեն հնարավորություն կտա հափշտակելու զգալի չափը գերազանցող գումար, որով կարող է բավարարել իր անձնական կարիքները:
Վերոգրյալից հետևում է, որ թեև ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության 20.07.2015 թվականի թիվ 15-1303 եզրակացության համաձայն` ամբաստանյալ Շ.Հովսեփյանի կողմից գողացված առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, սակայն սույն քրեական գործով ձեռք բերված և վիճելի դատական ակտի հիմքում դրված ապացույցների վերլուծության ու գնահատության արդյունքում` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, երկաթյա ձողի գործադրմամբ կոտրելով Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստարանի մուտքի դռան կախովի կողպեքը, ապօրինի մուտք է գործել պահեստարան և գաղտնի հափշտակել խառը տեսակի այնքան ապրանքներ, ինչն ըստ իր նախնական դիտավորության` անհրաժեշտ և բավարար է համարել իր կարիքները հոգալու համար:
Վերոգրյալ փաստն իր հաստատումն է գտել ամբաստանյալ Շ.Հովսեփյանի կողմից վաճառված գողոնի արժեքով, որն ինչպես արդեն նշվել է, գերազանցում է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը` սույն գործի քննության ընթացքում բազմակողմանի ուսումնասիրության և օբյեկտիվ գնահատության չի ենթարկել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրեն` Վահան Հրանտի Վարդանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, և չի պատճառաբանել, թե ինչու է արժանահավատ համարել և նախապատվությունը տվել Վ.Վարդանյանի դատաքննական ցուցմունքներին` արձանագրելով, որ նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ փաստում է, որ սույն որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի կամ որևէ այլ անձի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ, այլ ընդամենն արձանագրում է, որ Դատարանի դատավճռում արված եզրահանգումներն այն մասին, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի կողմից պահեստարանից գողացված առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, հիմնված չեն գործով ձեռք բերված բոլոր ապացույցների վերլուծության և գնահատման վրա, և բավարար չեն հանգելու հետևության, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հանցակազմը:
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 48-56):
9. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը հատուկ կարծիք է շարադրել՝ արտահայտելով հետևյալ դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանի` վերը նշված եզրահանգումները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վիճարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
(...) Դատարանն ամբաստանյալ Շահեն Հովսեփյանի արարքի որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար, անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում սույն գործի շրջանակներում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն Վերաքննիչ դատարանի կողմից պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:
(...) Վերաքննիչ դատարանի որոշմամբ ներկայացված պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, դրանք հանդիսանում են Վերաքննիչ դատարանի կողմից` գործով ձեռք բերված ապացույցների յուրովի մեկնաբանման արդյունք: (...)
(...)
(...) Դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից պետք է թողնվեր օրինական ուժի մեջ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 66-80):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:
Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված չեն գործի տվյալների վրա, այլ դրանք հանդիսանում են Վերաքննիչ դատարանի՝ գործի տվյալներից չբխող ենթադրություններ, որոնք հերքվում են հենց Շ.Հովսեփյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը շինություններից մեկի պատուհանից ներս նայելով՝ տեսել է մետաղական ջարդոններ ու որոշել այնտեղից մետաղական ջարդոններ գողանալ: Ընդ որում, Շ.Հովսեփյանը վերցրել է բացառապես այն ջարդոնները, որոնք ծռմռված են եղել և անկանոն նետված են եղել պատի անկյունում, այսինքն՝ պետքական չեն եղել:
11. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ պահեստարանից գողացված ապրանքների շուկայական արժեքը չի գերազանցում 5000 ՀՀ դրամը, իսկ այն, որ մետաղական ջարդոնները հանձնելուց հետո ստացվել է 6.800 ՀՀ դրամ գումար, ապա հարկ է նշել, որ այդ գումարը վճարվել է ամբողջ հավաքված ջարդոնի դիմաց, որը ներառում է նաև դրսից հավաքված ջարդոնը, որպիսի հանգամանքը հիմնավորվում է գործի նյութերով:
Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գողոնը տուժող ընկերության հաշվեկշռային գույք չհանդիսանալու, այդ իրերը ոչ պիտանի լինելու հիմքով հաշվեկշռից դուրս գրված լինելու և պահեստարանում որպես թափոն պահվելու հանգամանքը: Բողոքաբերը շեշտել է, որ այս հանգամանքի վերաբերյալ իր ցուցմունքներում մանրամասն նշել է տուժողի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ պահեստում պահվում են ինստիտուտի հաշվեկշռից տասը և ավելի տարի առաջ դուրս գրված, ոչ պիտանի սարքավորումներ, դետալներ, մետաղական ջարդոն, որոնք արժեք չեն ներկայացնում, սակայն երբեմն օգտագործվում են որպես հումք:
12. Բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները իրենց համակցության մեջ, իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ Շ.Հովսեփյանի արարքում առկա չէ հանցակազմ, քանի որ տուժող ընկերության պահեստարանից գողացված ապրանքների շուկայական արժեքը չի գերազանցում 5000 ՀՀ դրամ գումարը: Իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն բեկանել է արդարացման դատավճիռը, դրանով թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Շ.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
15. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝
«1.Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով՝
(…)
3. Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից
(…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
(…)»:
Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված է գողության հիմնական (հասարակ) հանցակազմը, որում արտահայտված են հանցագործության տվյալ տեսակին բնորոշ հիմնական հատկանիշները, այն է՝ (1) ուրիշի գույքի (2) զգալի չափերով (3) գաղտնի հափշտակություն: Հանցագործությունների որակման տեսանկյունից հիմնական հանցակազմի նշանակությունն այն է, որ դրա հատկանիշները ընդգրկվում են հանցակազմի բոլոր դրսևորումների մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նկարագրված են գողության՝ համապատասխանաբար ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներով զուգորդված հանցակազմերը, որոնք իրենց մեջ ներառելով գողության հիմնական հանցակազմի հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մաս)՝ նախատեսում են համապատասխան արարքը որակյալ դարձնող առանձին հատկանիշներ:
Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հասարակ, և նույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված որակյալ հանցակազմերը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ արարքը ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, հավաստել, որ առկա են հասարակ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները: Այլ կերպ՝ եթե անձի արարքում բացակայում է գողության հասարակ (հիմնական) հանցակազմի պարտադիր հատկանիշներից որևէ մեկը, ապա այն այլևս չի կարող որակվել ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով:
16. Անմեղության կանխավարկածի սկզբունքն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է.
«(…)
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ կամ ենթադրություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների կամ ենթադրությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12, Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշումները):
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը Շ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա «ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, երկաթյա ձողի գործադրմամբ կոտրել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստարանի մուտքի դռան կախովի կողպեքը, ապօրինի մուտք գործել պահեստարան և գաղտնի հափշտակել զգալի չափի 19.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խառը տեսակի ապրանքներ` էլեկտրական սարքավորումների թվով 5 իրաններ, 5 մետր երկարության պղնձյա հաղորդալար, 1 հատ հարթաշուրթ, 1 հատ կցաշուրթ և 2 հատ պտուտակահան, որի հետևանքով Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ.
ա) նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն այն մասին, որ Շ.Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 19.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խառը տեսակի ապրանքներ, դատաքննության ընթացքում հերքվեցին,
բ) դատաքննությամբ հիմնավորվեց, որ Շ.Հովսեփյանը մուտք է գործել ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող, ինստիտուտի հաշվեկշռից դուրս գրված ապրանքների պահեստ և գողացել հափշտակություն կատարելու պահին` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարի (արժեքի) ապրանքներ: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ դա հիմնավորվում է ինչպես քննիչի կողմից կազմված՝ լուսանկարչական հավելվածներով քննչական փորձարարության մասին արձանագրությամբ և ամբաստանյալ Շ.Հովսեփյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով, այնպես էլ ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ և տուժողի ներկայացուցչի ու վկաների՝ դատարանում տված ցուցմունքներով այն մասին, որ պահեստում պահվել են ինստիտուտի հաշվեկշռից դուրս գրված, արժեք չներկայացնող ապրանքները,
գ) չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի մեկնաբանելով՝ դատարանը հաստատված է համարում, որ նրա կողմից ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ դուրս գրված ապրանքների պահեստից գողացված առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, այսինքն՝ Շ.Հովսեփյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված հանցակազմը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում, ի թիվս այլնի, փաստել է, որ.
ա) գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով Շ.Հովսեփյանը որոշել է մուտք գործել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին պատկանող պահեստարան և հափշտակել մետաղական ջարդոններ, ինչն իրականացրել է պահեստարանի դռան կողպեքը կոտրելու միջոցով պահեստարանի դուռը բացելու և այնտեղ մուտք գործելու եղանակով` հստակ գիտակցելով, որ կողպեքը ջարդելով պահեստարան մուտք գործելն արդեն իսկ ենթադրում է, որ այնտեղից կարող է հափշտակել առնվազն զգալի չափի նյութական արժեքներ, քանի որ դրանից ավելի ցածր արժեք ունեցող առարկաները /ջարդոնը/ կարող էր գտնել /գողանալ/ նաև դրսում` առանց պահեստարան մուտք գործելու: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ այդ մասին է վկայում այն փաստը, որ վերջինս, պահեստից իր կողմից գողացված մետաղական ջարդոնները վաճառելով գյուղ եկած մետաղաջարդոնի գնումով զբաղվող անծանոթին, դրա դիմաց ստացել է 5000 ՀՀ դրամը գերազանցող գումար, ինչն օգտագործել է իր անձնական կարիքները հոգալու համար,
բ) ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության եզրակացությանը, ըստ որի` հափշտակված իրերի արժեքը չի գերազանցում 5000 ՀՀ դրամը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի գործողությունների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս մինչև պահեստարան մուտք գործելը արդեն իսկ գիտակցել է, որ մուտք գործելով պահեստարան՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար պետք է հաղթահարի որոշակի խոչընդոտներ, ինչն իրեն հնարավորություն կտա հափշտակելու զգալի չափը գերազանցող գումար, որով կարող է բավարարել իր անձնական կարիքները,
գ) Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ուսումնասիրության և օբյեկտիվ գնահատության չի ենթարկել Վ.Վարդանյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները և չի պատճառաբանել, թե ինչու է արժանահավատ համարել և նախապատվությունը տվել Վ.Վարդանյանի դատաքննական ցուցմունքներին` արձանագրելով, որ նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ իր որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի կամ որևէ այլ անձի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ, այլ ընդամենը արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում արված եզրահանգումներն այն մասին, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի կողմից պահեստարանից գողացված առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, հիմնված չեն գործով ձեռք բերված բոլոր ապացույցների վերլուծության և գնահատման վրա, և բավարար չեն հանգելու հետևության, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հանցակազմը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
Այսպես, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Շ.Հովսեփյանը «հստակ գիտակց[ել է], որ կողպեքը ջարդելով պահեստարան մուտք գործելն արդեն իսկ ենթադրում է, որ այնտեղից կարող է հափշտակել առնվազն զգալի չափի նյութական արժեքներ, քանի որ դրանից ավելի ցածր արժեք ունեցող առարկաները /ջարդոնը/ կարող էր գտնել /գողանալ/ նաև դրսում` առանց պահեստարան մուտք գործելու, ինչպես նաև այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալը «մինչև պահեստարան մուտք գործելը, արդեն իսկ գիտակցել է, որ մուտք գործելով պահեստարան, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, պետք է հաղթահարի որոշակի խոչընդոտներ, ինչն իրեն հնարավորություն կտա հափշտակելու զգալի չափը գերազանցող գումար»՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք չեն բխում գործի նյութերից, հիմնված են ոչ թե օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների, այլ ենթադրությունների վրա, ուստի չեն կարող հիմնավոր համարվել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալ Շ.Հովսեփյանը «պահեստից (…) գողացված մետաղական ջարդոնները վաճառելով գյուղ եկած մետաղաջարդոնի գնումով զբաղվող անծանոթին, դրա դիմաց ստացել է 5000 ՀՀ դրամը գերազանցող գումար», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական գործում առկա չէ որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե 5.000 դրամը գերազանցող գումարը Շ.Հովսեփյանը ստացել է բացառապես պահեստից գողացված մետաղական ջարդոնների դիմաց: Ավելին, Շ.Հովսեփյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ գնորդն իրեն վճարել է 6.800 դրամ ամբողջ հավաքված ջարդոնի դիմաց (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը): Ուստի Վերաքննիչ դատարանի նշյալ դատողությունը նույնպես չի կարող հիմնավոր համարվել:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ուսումնասիրության և օբյեկտիվ գնահատության չի ենթարկել տուժողի ներկայացուցիչ Վ.Վարդանյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները և չի պատճառաբանել, թե ինչու է արժանահավատ համարել և նախապատվությունը տվել Վ.Վարդանյանի դատաքննական ցուցմունքներին` արձանագրելով, որ նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ (տե՛ս սույն որոշման 7.2-րդ և 8-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իր կողմից վերը արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում Վերաքննիչ դատարանի սույն փաստարկը չէր կարող բավարար հիմք համարվել Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանելու համար հատկապես այն պարագայում, երբ ապրանքագիտական և նյութագիտական համալիր փորձաքննության եզրակացությունից հետևում է, որ համապատասխան առարկաների շուկայական առավելագույն արժեքը չի գերազանցում հափշտակություն կատարելու պահին` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը (տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը):
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանությունները չկառուցելով գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ոչ իրավաչափ որոշում է կայացրել արդարացման դատավճիռը բեկանելու մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:
20. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալ Շ.Հովսեփյանի, իրավաչափորեն հաստատված է համարել, որ վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հանցակազմը: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Շահեն Թովմասի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի արդարացման դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|