Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1352
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.09/15(1290) Հոդ.219
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.02.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
28.02.2017
Дата вступления в силу
28.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 փետրվարի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի (Կորպորացիա) միջև շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին՝ Երևանում:

Համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորացիայի միջև համագործակցության ընդհանուր շրջանակը: Կորպորացիայի կողմից ֆինանսավորվելիք կոնկրետ ծրագրերի հատուկ դրույթներն ու պայմանները կսահմանվեն Կորպորացիայի կողմից՝ յուրաքանչյուր առանձին ֆինանսավորման պայմանագրում:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) ընդունել, որ Կորպորացիան միջազգային ֆինանսական հաստատություն է, որը գնումների թափանցիկության, ներդրումների կատարման ընթացքում արդյունավետ կառավարման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության ու ազգային պարտքի վերաձևակերպմանը չմասնակցելու առումով վարում է այլ միջազգային ֆինանսական հաստատություններին համանման քաղաքականություն.

բ) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործունեության առնչությամբ Կորպորացիան օգտվի միջազգային համաձայնագրերով միջազգային կազմակերպություններին տրված անձեռնմխելիությունից.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հատվածին ֆինանսավորում տրամադրելիս Կորպորացիային ազատել մրցակցային եղանակով իրականացվող գնումների գործընթացից.

դ) ապահովել Համաձայնագրի շրջանակում Կորպորացիայի կողմից ֆինանսավորվող պետական հատվածի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման պարտավորությունից ազատումը.

ե) Կորպորացիային ազատել վճարման սահմանափակումներից և ընթացիկ ու կապիտալ հաշիվների սահմանափակումներից, որոնք որևէ կերպ կանխում կամ խոչընդոտում են իր հանձնառությունների կատարմանը կամ ֆինանսավորման գործունեությանը.

զ) ապահովել Կորպորացիայի կողմից ֆինանսավորվող ներդրումների նպատակային օգտագործումը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և ուղղված են Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորացիայի պայմանավորվող պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող ներդրումների համար տրամադրվող ֆինանսական միջոցների օգտագործման հարցում երկարաժամկետ համագործակցության հիմք ստեղծելուն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1352

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան