Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.35
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0475/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/0475/05/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

 Ա. Աբովյան

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. Անտոյնանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով դատավարության մասնակից չդարձված անձ «Վալետտա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն)` Կազմակերպության կողմից հայտարկված ապրանքային նշանն Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի (այսուհետ` ԱԾՄԴ) 43-րդ դասի երկու ծառայությունների համար գրանցելուն Գործակալությանը պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Գործակալությանը գրանցելու իր կողմից հայտարկված «BURGER KING» ապրանքային նշանն ԱԾՄԴ-ի 43-րդ դասի` պատրաստի սննդամթերք և ըմպելիքներ տրամադրող այլ հաստատությունների կամ սպասարկման միջոցների գործարկման հետ կապված ծառայությունների և դուրս հանվող սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման ու վաճառքի ծառայությունների համար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է` Գործակալությունը պարտավորեցվել է գրանցել Կազմակերպության կողմից հայտարկված ապրանքային նշանն ԱԾՄԴ-ի 43-րդ դասի երկու ծառայությունների` պատրաստի սննդամթերքի և ըմպելիքների տրամադրման, դուրս հանվող սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման ծառայությունների համար, և Գործակալության 21.01.2011 թվականի որոշումը մասնակիորեն` ԱԾՄԴ-ի 43-րդ դասի նշված երկու ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասով, վերացվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2016 թվականի որոշմամբ դատավարության մասնակից չդարձված անձ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավարության մասնակից չդարձված անձ Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչ Հռիփսիմե Պապիկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 06.12.2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գործակալությունը Կազմակերպության կողմից հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ տվյալ ապրանքային նշանը գրանցված է Ընկերության անունով: Հետևաբար սույն գործով Դատարանի համար ակնհայտ էր, որ իր կողմից կայացվելիք վճիռն անդրադառնալու է Ընկերության իրավունքներին և շահերին, ուստի վերջինս պետք է մասնակից դարձվեր դատավարության: Ավելին, Գործակալության կողմից հայցապահանջն ընդունելու հանգամանքը չի կարող հիմք լինել Ընկերությանը սույն գործի քննությանը ներգրավելու անհրաժեշտության բացակայության մասին հետևություն անելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Կազմակերպության կողմից վիճարկվող Գործակալության կայացրած որոշումը անխուսափելիորեն և ուղղակիորեն չէր տարածվելու որևէ անձի, այդ թվում` Ընկերության վրա, հետևաբար Դատարանը պարտավոր չէր վերջինիս որպես երրորդ անձ ներգրավել: Ավելին, Դատարանի վճիռը որևէ կերպ չի շոշափում Ընկերության որևէ իրավունք կամ պարտականություն և չի տարածվում Ընկերության վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկատվության համաձայն` Ընկերությունը 10531 գրանցման համարի տակ ԱԾՄԴ-ի 43-րդ դասով (սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ, ժամանակավոր բնակատեղով ապահովման ծառայություններ) 31.05.2006 թվականին գրանցված «BURGER KING» ապրանքային նշանի իրավատերն է Հայաստանի Հանրապետությունում (հիմք` Գործակալության պաշտոնական ինտերնետային կայք, http://www.aipa.am/search_mods/tm_database/view_item.php?id=20051274, հատոր 1-ին, գ.թ. 17):

2. Գործակալության 21.01.2011 թվականի «Ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում)» որոշման համաձայն` Կազմակերպության կողմից թիվ 20101327 հայտով հայտարկված «BURGER KING» ապրանքային նշանը գրանցվել է Կազմակերպության անվամբ ԱԾՄԴ-ի 29-32-րդ դասերի ծառայությունների համար, իսկ ԱԾՄԴ-ի 43-րդ դասի ծառայությունների մասով այդ ապրանքային նշանի գրանցումը մերժվել է` նույն դասի ծառայությունների համար ավելի վաղ առաջնությամբ Ընկերության անվամբ արդեն գրանցված ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ 34-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք ապրանքային նշանի իրավատիրոջն այն վարչական գործի քննությանը մասնակից չդարձնելը, որը հարուցվել է այդ ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման լինելու հիմքով չգրանցված ապրանքային նշանը գրանցելուն պարտավորեցնելու հայցապահանջի հիման վրա:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը (տե՛ս, օրինակ, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, մի կողմից` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում նախատեսելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը` օրենսդիրը որպես վարչական դատարանի վերոնշյալ դատավարական պարտականության կատարման նկատմամբ վերադաս դատական ատյանի կողմից իրականացվող հսկողության միջոց սահմանել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման օրենսդրական կառուցակարգը երաշխավորում է վարչական դատավարության մասնակից չդարձված անձի իրավունքների և շահերի արդյունավետ իրավական պաշտպանության ապահովումը` այդ անձի բողոքի հիման վրա առանց իր մասնակցության քննված գործը լուծող դատական ակտի բեկանման ու գործի նոր քննության ընթացքում դատավարության ներգրավվելու և իր դատավարական կարգավիճակից բխող իրավունքներն իրացնելու միջոցով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ դատավարության մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է իր իրավունքներին ու պարտականություններին:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 10531 գրանցման համարի տակ ԱԾՄԴ-ի 43-րդ դասով (սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ, ժամանակավոր բնակատեղով ապահովման ծառայություններ) 31.05.2006 թվականին գրանցված «BURGER KING» ապրանքային նշանի իրավատերն է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Գործակալությունը 21.01.2011 թվականի «Ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում)» որոշմամբ մերժել է Կազմակերպության կողմից թիվ 20101327 հայտով հայտարկված «BURGER KING» ապրանքային նշանի գրանցումը ԱԾՄԴ-ի 43-րդ դասի ծառայությունների համար` նույն դասի ծառայությունների համար ավելի վաղ առաջնությամբ Ընկերության անվամբ արդեն գրանցված ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման լինելու պատճառաբանությամբ:

Սույն վարչական գործը հարուցվել է Կազմակերպության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Գործակալությանն ընդունելու բարենպաստ վարչական ակտ` գրանցելու Կազմակերպության կողմից հայտարկված «BURGER KING» ապրանքային նշանն ԱԾՄԴ-ի 43-րդ դասի` պատրաստի սննդամթերք և ըմպելիքներ տրամադրող այլ հաստատությունների կամ սպասարկման միջոցների գործարկման հետ կապված ծառայությունների և դուրս հանվող սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման և վաճառքի ծառայությունների համար:

Դատարանը հայցը բավարարել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանող Գործակալությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան ընդունել է Կազմակերպության հայցը:

Վերաքննիչ դատարանը մերժել է դատավարության մասնակից չդարձված անձ Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել անփոփոխ` պատճառաբանելով, որ Գործակալությանը Կազմակերպության կողմից հայտարկված ապրանքային նշանն ԱԾՄԴ-ի 43-րդ դասի երկու ծառայությունների համար գրանցելուն պարտավորեցնելու վերաբերյալ Դատարանի կողմից կայացված դատական ակտը «(...) որևէ կերպ չի վերաբերում [Ընկերության] իրավունքներին և պարտականություններին, այսինքն` դրանով [Ընկերության] իրավունքները չեն սահմանափակվել և նրա վրա պարտականություններ չեն դրվել (...)»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ Գործակալությունը Կազմակերպության հայտարկած ապրանքային նշանի գրանցումը` ԱԾՄԴ-ի 43-րդ դասի ծառայությունների մասով, մերժել է այն պատճառաբանությամբ, որ այն շփոթելու աստիճան նման է ԱԾՄԴ-ի 43-րդ դասի ծառայությունների համար Ընկերության անվամբ արդեն գրանցված ապրանքային նշանին: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կազմակերպությունը պահանջել է գրանցել հայտարկված ապրանքային նշանը ԱԾՄԴ-ի 43-րդ դասի միայն երկու ծառայությունների համար, իսկ պատասխանող Գործակալությունն էլ ընդունել է ներկայացված հայցապահանջը, Դատարանը բավարարել է հայցը` Ընկերությանը մասնակից չդարձնելով դատավարության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճիռը, որով Դատարանը մասնակիորեն պարտավորեցրել է Գործակալությանը գրանցել Կազմակերպության հայտարկած «BURGER KING» ապրանքային նշանը` ԱԾՄԴ-ի 43-րդ դասի թեկուզև միայն երկու ծառայությունների մասով, անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվում է Ընկերության իրավունքների և պարտականությունների վրա հետևյալ պատճառաբանությամբ.

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) նկատմամբ (մտավոր սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մտավոր սեփականության օբյեկտներ են (...) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են ապրանքային նշանները (սպասարկման նշանները):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ` գրանցված ապրանքային նշանին զուգորդումը:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ` ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը):

Վկայակոչված իրավական նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով, իսկ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, բացի վերոգրյալ երաշխիքներից, իրականացվում է նաև օրենքի ուժով: Ապրանքային նշանը` որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության օբյեկտ է, իսկ մտավոր սեփականության իրավունքը սահմանադրական նորմի ուժով պաշտպանվում է օրենքով: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածն ըստ էության կիրառելի է նաև մտավոր սեփականության նկատմամբ (տե՛ս, օրինակ, Anheuser-Busch Inc. v. Portugal գործով Եվրոպական դատարանի 11.01.2007 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշաններին իրավական պահպանություն է տրամադրվում ոչ միայն դրանց գրանցման, այլ նաև դրանց հանրահայտ ճանաչելու, իսկ որոշ դեպքերում նաև ապրանքային նշանի օգտագործման ուժով: Ապրանքային նշանի իրավական պահպանությունը նպատակաուղղված է կանխելու անարդար մրցակցությունը, երաշխավորելու ներդրումների պաշտպանվածությունը, ինչպես նաև սպառողներին զերծ պահելու կեղծ կամ ապակողմնորոշող գովազդից, անորակ ապրանքներից կամ ծառայություններից (տե՛ս, նաև «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, Ընկերությունը` որպես «BURGER KING» ապրանքային նշանի իրավատեր, օժտված է այդ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքով, որի պաշտպանության նկատառումներից ելնելով` վերջինս անպայմանորեն պետք է մասնակից դարձվեր այն դատական գործի քննությանը, որը հարուցվել է իր ապրանքային նշանին ենթադրաբար (առերևույթ) շփոթության աստիճանի նման ապրանքային նշանը մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցելուն պարտավորեցնելու հայցապահանջի հիման վրա: Այլ կերպ ասած` Ընկերությանը պատկանող «BURGER KING» ապրանքային նշանի` որպես մտավոր սեփականության օբյեկտի, իրավական պաշտպանության երաշխավորված իրացումը ենթադրում է, որ Ընկերությունը պետք է մասնակից դարձվեր սույն վարչական գործի քննությանը. սույն գործով քննության առարկան Կազմակերպության կողմից ԱԾՄԴ-ի որոշակի դասի ծառայությունների համար հայտարկված այնպիսի ապրանքային նշանի գրանցման հարցն է, որը շփոթության աստիճանի նման է Ընկերության անվամբ ԱԾՄԴ-ի նույն դասի ծառայությունների համար արդեն իսկ գրանցված ապրանքային նշանին, որպիսի հանգամանքը փաստարկված է Գործակալության 21.01.2011 թվականի որոշման մեջ, և որը միաժամանակ հիմք է հանդիսացել Կազմակերպության հայտի մերժման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ուժով գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում: Բացի այդ, օրենսդիրը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանել է նաև, որ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերությունը պետք է մասնակից դարձվեր սույն վարչական գործի քննությանը` Կազմակերպության կողմից հայտարկված ապրանքային նշանը գրանցման ենթակա լինելու վերաբերյալ իր փաստարկները կամ առարկությունները ներկայացնելու միջոցով «BURGER KING» ապրանքային նշանի նկատմամբ իր բացառիկ իրավունքի պաշտպանության երաշխավորված իրացումն ապահովելու նպատակով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատասխանողի կողմից Կազմակերպության հայցապահանջն ընդունելն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ սույն գործով կայացվելիք դատական ակտն Ընկերության վրա չտարածվելու մասին եզրահանգում կատարելու և Ընկերությանը դատավարության մասնակից չդարձնելու համար: Ընդ որում, սույն գործով Ընկերությանը դատավարության մասնակից դարձնելու հարցի լուծումը չի կարող կանխորոշվել այն հանգամանքով, որ Կազմակերպությունը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել Գործակալությանը գրանցելու իր կողմից հայտարկված ապրանքային նշանն ԱԾՄԴ-ի 43-րդ դասում ընդգրկված ոչ թե բոլոր ծառայությունների, այլ ընդամենը երկու ծառայության համար, քանի որ Ընկերությունը «BURGER KING» ապրանքային նշանի իրավատերն է ԱԾՄԴ-ի նշված դասում ընդգրկված բոլոր ծառայությունների համար: Հետևաբար Դատարանը պետք է Ընկերությանը ներգրավեր դատավարության որպես երրորդ անձ` նրան ընձեռելով արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է Ընկերության իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտ` առանց վերջինիս դատավարության մասնակից դարձնելու` խախտելով նրան որպես երրորդ անձ ներգրավելու օրենսդրական պահանջը: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պարտավոր էր բեկանել Դատարանի վճիռը, քանի որ տվյալ դեպքում առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է` Դատարանի վճիռը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձի` Ընկերության իրավունքներն ու պարտականությունները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան