Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.17
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0380/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0380/02/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

 Կ. Հակոբյան

 

 Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ Արմինե Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Մանուշակ Գալստյանի, Կարեն Բալայանի, Մարիամ Մաթևոսյանի, Արփինե Մարտիրոսյանի, Արմեն Սարգսյանի, Հասմիկ Ասլանյանի, Նինա Մխիթարյանի, Արմեն Ավետիսյանի, Մելինե Գասպարյանի, Մանուկ Վարտանյանի, Նորիկ Ավետիսյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մանուշակ Գալստյանը, Կարեն Բալայանը, Մարիամ Մաթևոսյանը, Արփինե Մարտիրոսյանը, Արմեն Սարգսյանը, Հասմիկ Ասլանյանը, Նինա Մխիթարյանը, Արմեն Ավետիսյանը, Մելինե Գասպարյանը, Մանուկ Վարտանյանը, Նորիկ Ավետիսյանը պահանջել են իրենց կողմից օգտագործվող բնակարանները ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել դիմողների սեփականության իրավունքն իրենց կողմից օգտագործվող բնակարանների նկատմամբ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2016 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձինք Արմինե Հայրապետյանի, Էլեոնորա Օգանովայի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.07.2015 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն՝ Մանուկ Վարտանյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք թիվ 10/2 շենքի 320-րդ բնակարանի նկատմամբ ճանաչելու մասով, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության։ Վճիռը՝ մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Հայրապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմինե Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են անհրաժեշտ և բավարար ապացույցներ վիճելի բնակարանի նկատմամբ նրա իրավունքների վերաբերյալ, որից հետևում է, որ կայացված դատական ակտը վերաբերել է Արմինե Հայրապետյանի իրավունքներին և պարտականություններին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը նախկին «Քիմռեակտիվ» գործարանի ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի 10.08.1988 թվականի թիվ 37 համատեղ որոշման հիման վրա բնակվելու իրավունքով հատկացվել է Արամ Ավետյանին, որի համաձայն՝ վերջինիս 12.08.1996 թվականին տրվել է նշված հասցեում բնակվելու իրավունքի թիվ 1 օրդերը, իսկ «Լույս» համատիրության վարչության անդամների 20.01.2015 թվականի որոշմամբ նշված բնակարանը հատկացվել է Արմինե Հայրապետյանին և նրա որդուն, որի հիման վրա 26.01.2015 թվականին վերջինիս տրվել է այդ հասցեում բնակվելու իրավունքի թիվ 1 օրդերը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արմինե Հայրապետյանը, հանդիսանալով անկողնային հիվանդ Արամ Ավետյանի հարևանը, նրա կյանքի վերջին տարիներին՝ մինչ մահվան օրը, հոգացել է նրա խնամքը, ապրուստի միջոցները և բուժման ծախսերը, անձամբ կատարել է նրա բնակարանի կոմունալ և այլ վճարումները, իսկ 09.09.2014 թվականին հաշվառվել է Արամ Ավետյանին հատկացված վիճելի բնակարանում, որը «Լույս» համատիրության 20.01.2015 թվականի որոշմամբ հատկացվել է Արմինե Հայրապետյանին և նրա որդուն:

Նինա Մխիթարյանին 10.01.2002 թվականին վիճելի բնակարանում բնակվելու օրդեր չէր կարող տրվել, քանի որ նա Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենք է տեղափոխվել միայն 2007 թվականին, նրան հատկացվել է նույն շենքում մեկսենյականոց բնակարան, սակայն այլ հասցեում: Նման պայմաններում Նինա Մխիթարյանը մինչև 2007 թվականը և 2012 թվականի ապրիլ ամսից հետո չէր կարող վճարել նաև վիճելի բնակարանի բոլոր կոմունալ ծախսերը, կատարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները և բնակարանի պահպանման հետ կապված ծախսերը, հետևաբար առկա չէ նրա կողմից վիճելի բնակարանը տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2016 թվականի որոշումը և այն փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը նախկին «Քիմռեակտիվ» գործարանի ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի 10.08.1988 թվականի թիվ 37 համատեղ որոշման հիման վրա բնակվելու իրավունքով հատկացվել է Արամ Ավետյանին: Նշված որոշման հիման վրա վերջինիս 12.08.1996 թվականին տրվել է նշված հասցեում բնակվելու իրավունքի թիվ 1 օրդերը (հատոր 3-րդ, գ.թ. 31):

2. «Լույս» համատիրության 15.10.2015 թվականի տեղեկանքի համաձայն՝ Արմինե Հայրապետյանը խնամել է Արամ Ավետյանին և հոգացել է նրա բուժման ծախսերը, Արամ Ավետյանի հետ համատեղ, ինչպես նաև նրա մահից հետո բնակվել է Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանում, վճարել է կոմունալ վարձավճարները (հատոր 3-րդ, գ.թ. 38-39):

3. Ըստ կենցաղային աղբահանության վճարման կտրոնների՝ Արմինե Հայրապետյանը 2015 թվականի հունվար, մայիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին կատարել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանի կենցաղային աղբահանության վճարումները, իսկ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված բաժանորդի էպիկրիզի համաձայն` Արմինե Հայրապետյանը 2014 թվականին կատարել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանի էլեկտրաէներգիայի վճարումները՝ հանդիսանալով «Էլեկտրական էներգիայի մատակարարման» 23.09.2014 թվականի պայմանագրով վիճելի բնակարանի բաժանորդ: Միաժամանակ Արմինե Հայրապետյանի կողմից 2003-2013 թվականների համար վճարվել է վիճելի բնակարանի բնակվարձը՝ 40.000 ՀՀ դրամի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 44-52):

4. Արմինե Հայրապետյանի հարևաններ Ոսկեհատ Գևորգյանի, Արմենուհի Մկրտչյանի, Ալվարդ Գրիգորյանի, Ալիսա Նալբանդյանի, Հասմիկ Սանդրոյանի, Ռիմա Հարությունյանի, Անուշ Քալանթարյանի, Արամայիս և Էլյա Ղազարյանների 30.08.2014 թվականի հայտարարության համաձայն (հաստատված՝ «Մուշ» համատիրության նախագահ Թ. Մարտիրոսյանի կողմից)՝ Արմինե Հայրապետյանն Արամ Ավետյանի հետ համատեղ բնակվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանում, խնամել է նրան և հոգացել է նրա բուժման ծախսերը (հատոր 3-րդ, գ.թ. 40):

5. «Լույս» համատիրության 20.01.2015 թվականի քաղվածքի համաձայն՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի որոշմամբ որոշվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանն անհատույց օտարել Արմինե Հայրապետյանին (հատոր 3-րդ, գ.թ. 37):

6. «Լույս» համատիրության 26.01.2015 թվականի թիվ 1 օրդերի համաձայն՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը հատկացվել է Արմինե Հայրապետյանին և նրա որդուն (հատոր 3-րդ, գ.թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված Դատարանի վճիռը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ու պարտականություններին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում՝ պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե'ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Նինա Մխիթարյանը պահանջել է Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը ճանաչել տիրազուրկ և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը: Նինա Մխիթարյանի դիմումը Դատարանի վճռով բավարարվել է:

Արմինե Հայրապետյանը, որպես գործին մասնակից չդարձված անձ վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի վճիռը, նշել է, որ այն վերաբերում է իր իրավունքներին՝ բողոքին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

- «Քիմռեակտիվ» գործարանի ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի 10.08.1988 թվականի թիվ 37 համատեղ որոշումը, համաձայն որի՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը բնակվելու իրավունքով հատկացվել է Արամ Ավետյանին, և վերջինիս 12.08.1996 թվականին տրվել է նշված հասցեում բնակվելու իրավունքի թիվ 1 օրդեր.

- «Լույս» համատիրության 15.10.2015 թվականի տեղեկանքը, համաձայն որի՝ Արմինե Հայրապետյանը խնամել է Արամ Ավետյանին և հոգացել է նրա բուժման ծախսերը, Արամ Ավետյանի հետ համատեղ, ինչպես նաև նրա մահից հետո բնակվել է Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանում, վճարել է կոմունալ վարձավճարները.

- Արմինե Հայրապետյանի հարևաններ Ոսկեհատ Գևորգյանի, Արմենուհի Մկրտչյանի, Ալվարդ Գրիգորյանի, Ալիսա Նալբանդյանի, Հասմիկ Սանդրոյանի, Ռիմա Հարությունյանի, Անուշ Քալանթարյանի, Արամայիս և Էլյա Ղազարյանների 30.08.2014 թվականի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Արմինե Հայրապետյանը Արամ Ավետյանի հետ համատեղ բնակվել է վերը նշված բնակարանում խնամել է նրան և հոգացել է նրա բուժման ծախսերը.

- «Լույս» համատիրության 20.01.2015 թվականի քաղվածքը, համաձայն որի՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի որոշմամբ որոշվել է Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանն անհատույց օտարել Արմինե Հայրապետյանին.

- «Լույս» Համատիրության 26.01.2015 թվականի թիվ 1 օրդերը, համաձայն որի՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը հատկացվել է Արմինե Հայրապետյանին և նրա որդուն.

- Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանի կենցաղային աղբահանության, էլեկտրաէներգիայի, բնակվարձի՝ Արմինե Հայրապետյանի կողմից կատարված վճարումները հավաստող անդորրագրերը.

- «Էլեկտրական էներգիայի մատակարարման» 23.09.2014 թվականի պայմանագիրը, ըստ որի՝ վիճելի բնակարանի էլեկտրաէներգիայի գծով բաժանորդ է Արմինե Հայրապետյանը:

Վերաքննիչ դատարանը Արմինե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Քիմռեակտիվ» գործարանի ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի 1988 թվականի որոշմամբ վեճի առարկա բնակարանը բնակվելու իրավունքով հատկացվել է ոչ թե բողոքաբեր Արմինե Հայրապետյանին, այլ՝ Արամ Ավետյանին, հետևաբար նշված որոշումը բողոքաբերի համար որևէ իրավունքներ այդ բնակարանի նկատմամբ չի կարող առաջացնել: Միաժամանակ անդրադառնալով «Լույս» համատիրության վարչության անդամների 2015 թվականի որոշմանը՝ նշել է, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ նշված բնակարանը հանդիսացել է «Լույս» համատիրության սեփականությունը, և վերջինս էլ, որպես դրա սեփականատեր, իրավունք է ունեցել բնակարանը հանձնելու բողոքաբեր Արմինե Հայրապետյանին` նրան տալով համապատասխան օրդեր: Ավելին, սույն գործը դատարանում քննելիս, վճիռ կայացնելիս, ինչպես նաև սույն վերաքննիչ բողոքը ներկայացնելիս Արմինե Հայրապետյանը նշված բնակարանի նկատմամբ սահմանված կարգով ճանաչված, գրանցված որևէ իրավունքներ չի ունեցել և չունի, հետևաբար բողոքարկվող դատական ակտը որևէ կերպ վերջինիս իրավունքներին չի կարող վերաբերել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտվել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցները: Մասնավորապես, սույն գործում առկա և Արմինե Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Լույս» համատիրության 20.01.2015 թվականի քաղվածքի, «Լույս» համատիրության 26.01.2015 թվականի թիվ 1 օրդերի, Արմինե Հայրապետյանի հարևանների, վիճելի բնակարանի նկատմամբ՝ Արմինե Հայրապետյանի կողմից կատարված վճարումները հավաստող անդորրագրերի, «Էլեկտրական էներգիայի մատակարարման» 23.09.2014 թվականի պայմանագրի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ նշված փաստաթղթերն ուղղակիորեն տեղեկություններ են բովանդակում Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանն Արմինե Հայրապետյանի կողմից փաստացի տիրապետվելու փաստի վերաբերյալ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը, որով բավարարվել է Նինա Մխիթարյանի պահանջը՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանը տիրազուրկ ճանաչելու և այդ բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, ըստ էության շոշափում է նաև Արմինե Հայրապետյանի իրավունքները, այսինքն՝ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, մինչդեռ վերջինս սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, ինչն անհիմն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործը հարուցվել և քննվել է հատուկ վարույթի կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝

1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:

Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց:

Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի՝ թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով՝ առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա։ Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի Աշոտ Սիմոնյանի՝ թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Նինա Մխիթարյանի` Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջին, գտնում է, որ վերոնշյալ փաստերի հաստատման հետ կապված առկա է իրավունքի մասին վեճ հետևյալ պատճառաբանությամբ. մասնավորապես՝ իրավունքի վերաբերյալ վեճի մասին ուղղակիորեն վկայում է այն հանգամանքը, որ Արմինե Հայրապետյանի կողմից ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ դրանք վերաբերում են նույն վեճի առարկա բնակարանի (Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարան) փաստացի տիրապետմանը, որի նկատմամբ Նինա Մխիթարյանը Դատարանի 10.07.2015 թվականի վճռով ճանաչվել է սեփականատեր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու դիմումի կապակցությամբ վեճ է ծագել Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 բնակարանի սեփականության իրավունքի վերաբերյալ: Բացի այդ, առերևույթ առկա է փոխադարձ կապ վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման փաստի և այդ բնակարանի նկատմամբ Արմինե Հայրապետյանի իրավունքների ծավալի փոփոխության միջև:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի հիմքով սույն գործով դիմումը` Նինա Մխիթարյանի պահանջի մասով, առանց քննության թողնելու համար։ Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն գործով 11.02.2015 թվականի դիմումով դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է իր կողմից օգտագործվող բնակարանը (տարբեր հասցեներում գտնվող) ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը, որը Դատարանի 10.07.2015 թվականի վճռով բավարարվել է ամբողջությամբ: Նշված վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է գործին մասնակից չդարձված անձանց Արմինե Հայրապետյանի և Էլեոնորա Օգանովայի, ինչպես նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի կողմից: Վերաքննիչ դատարանի 21.04.2016 թվականի որոշմամբ Արմինե Հայրապետյանի և Էլեոնորա Օգանովայի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.07.2015 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն՝ Մանուկ Վարտանյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք թիվ 10/2 շենքի 320-րդ բնակարանի նկատմամբ ճանաչելու մասով, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության։ Վճիռը՝ մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով Վերաքննիչ դատարանի 21.04.2016 թվականի որոշումը վճռաբեկության կարգով Արմինե Հայրապետյանի կողմից բողոքարկվել է միայն Դատարանի վճիռը՝ դիմումը՝ Նինա Մխիթարյանի պահանջի մասով, օրինական ուժի մեջ թողնելու մասով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է վերանայման միայն այդ մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև վճռաբեկ ատյանում:

Նկատի ունենալով, որ Արմինե Հայրապետյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 25), իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն՝ այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերողի անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Հայրապետյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Նինա Մխիթարյանի կողմից։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2016 թվականի որոշման՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2015 թվականի վճիռը՝ դիմումը՝ Նինա Մխիթարյանի պահանջի մասով, բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և դիմումը՝ ըստ պահանջի Նինա Մխիթարյանի՝ Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի թիվ 72 հանրակացարանային բնակարանը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, թողնել առանց քննության:

2. Նինա Մխիթարյանից հօգուտ Արմինե Հայրապետյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նինա Մխիթարյանից հօգուտ Արմինե Հայրապետյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան