ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3314/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3314/05/14 |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտյոմ Նազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտյոմ Նազարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշումը և այդ որոշման դեմ բերված վարչական բողոքի վերաբերյալ Ոստիկանության պետի կողմից 06.06.2014 թվականին ընդունված թիվ 17-4-8960 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արտյոմ Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշումը, ինչպես նաև այդ որոշման դեմ բերված վարչական բողոքի վերաբերյալ Ոստիկանության պետի կողմից 06.06.2014 թվականին ընդունված «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին 30.04.2014 թվականի թիվ 1401616158 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» թիվ 17-4-8960 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2015 թվականի որոշմամբ Արտյոմ Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Նազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ՝ պարզելու համար սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ստորադաս դատարանները, մասնավորապես, հաստատված են համարել, որ վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է որևէ կասկած չհարուցող ակնհայտ համընկնում: Մինչդեռ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ այն մասին, որ Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշմամբ Արտյոմ Նազարյանին մեղսագրվող արարքը կատարվել է բնակավայրում, որտեղ սահմանված է 60կմ/ժ առավելագույն արագություն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.09.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշման համաձայն` Արտյոմ Նազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Արտյոմ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող «VOLKSWAGEN» մակնիշի «24ՏO479» պետհամարանիշի տրոնսպորտային միջոցի վարորդը 20.04.2014 թվականին` ժամը 09:58-ին Սուրենավան գյուղում երթևեկել է 72կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 2կմ/ժ-ով (գ.թ. 8).
2. Արտյոմ Նազարյանը վարչական կարգով բողոքարկել է Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշումը, որի քննարկման արդյունքում Ոստիկանության պետի կողմից 06.06.2014 թվականին ընդունված թիվ 17-4-8960 որոշման համաձայն՝ Արտյոմ Նազարյանի վարչական բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ բողոքարկվող վարչական ակտը՝ անփոփոխ (գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բնակավայրում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված վարչական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք անձը ենթարկվել վարչական պատասխանատվության բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար այն պայմաններում, երբ առկա է ողջամիտ կասկած ենթադրյալ իրավախախտման կատարման վայրը ճանապարհային երթևեկության կանոնների իմաստով բնակավայր հանդիսանալու փաստի առնչությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` ներկայումս գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, իսկ 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
Նույն օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...) բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով (...):
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, երթևեկության արագության վերաբերյալ կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի՝ «Երթևեկության արագությունը» վերտառությամբ VII բաժնի 65-72-րդ կետերով:
Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 65-րդ կետի համաձայն՝ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...):
Նույն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 68-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ (...):
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 69-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ (...) (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):
Նույն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 70-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:
Բացի այդ, ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները:
Այսպես, նշված որոշման թիվ 3 հավելվածի I բաժնի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:
Նույն որոշման թիվ 3 հավելվածի՝ «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 52.27-րդ կետի համաձայն՝ 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշանները կիրառվում են այն բնակավայրերի սկիզբը նշելու համար, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները: Նշանները տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի վրա` բնակելի կառուցապատման փաստացի սահմանի վրա (...):
Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն է նախատեսել երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար: Նշված հոդվածում նկարագրված արարքը, ըստ էության, դրսևորվում է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության այն կանոնի խախտմամբ, որի համաձայն՝ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ:
ՀՀ կառավարության վկայակոչված որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 68-70-րդ կետերի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ճանապարհային երթևեկության առավելագույն արագության սահմանումը պայմանավորված է ճանապարհի տվյալ վայրի՝ բնակավայրի սահմաններում կամ բնակավայրի սահմաններից դուրս գտնվելու հանգամանքով: Այսպես, որպես ընդհանուր կանոն` բնակավայրերում երթևեկության առավելագույն արագությունը սահմանված է 60կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 90կմ/ժ, իսկ բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում կարող է թույլատրվել նշված առավելագույն արագությունից տարբերվող երթևեկության արագություն՝ դրա համար հատուկ նախատեսված ճանապարհային երթևեկության նշանի կիրառմամբ:
Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման ենթակա հարցը վերաբերում է մեխանիկական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բնակավայրերում սահմանված երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար առաջացող վարչական պատասխանատվության կիրառման խնդիրներին: Այդ նկատառումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ճանապարհային երթևեկության ոլորտում «բնակավայր» հասկացության էությանը:
Այսպես` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով բնակավայր հասկացությունը բնորոշվում է որպես այնպիսի կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով: Այսինքն՝ ճանապարհային երթևեկության ոլորտում բնակավայր է համարվում միայն այն կառուցապատ տարածքը, որի մուտքն ու ելքը նշված են հատուկ ճանապարհային նշաններով: Այդ ճանապարհային նշաններից են 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշանները, որոնք տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի` բնակելի կառուցապատման փաստացի սահմանի վրա և կիրառվում են բնակավայրերի սկիզբը նշելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ կառուցապատ տարածքում բնակավայրերի համար սահմանված երթևեկության առանձնահատուկ կանոնները, այդ թվում նաև՝ առավելագույն արագության կանոնը, կարող են ունենալ իրավաբանական նշանակություն և առաջացնել իրավական հետևանքներ, եթե այդ կառուցապատ տարածքը համապատասխանում է բնակավայր հասկացության հատկանիշներին: Այլ կերպ ասած՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներն այս կամ այն կառուցապատ տարածքում կարող են գործել միայն այդ կառուցապատ տարածքի մուտքերի վրա նշված ճանապարհային նշաններից որևէ մեկի տեղադրված լինելու դեպքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակավայրերում սահմանված երթևեկության 60կմ/ժ առավելագույն արագության կանոնը կարող է գործել միայն այն դեպքում, երբ տվյալ կառուցապատ տարածքի մուտքի վրա՝ բնակելի կառուցապատման փաստացի սահմանի վրա տեղադրված է 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշաններից որևէ մեկը: Այսինքն՝ վերոնշյալ պայմանների առկայության պարագայում է միայն հնարավոր փաստել, որ տվյալ կառուցապատ տարածքում երթևեկության սահմանված առավելագույն արագությունը 60կմ/ժ է (ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված բացառությունների բացակայության դեպքում), որը գերազանցելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն մեխանիկական տրանսպորտային միջոցի համար ճանապարհային երթևեկության առավելագույն արագության սահմանված ռեժիմի փոփոխությունը, ընդհանուր կանոնի համաձայն, պայմանավորված է տվյալ տրանսպորտային միջոցի՝ բնակավայր մուտք գործելու հանգամանքով: Այսպես, բնակավայրից դուրս գտնվող ճանապարհներին վարորդը, որպես կանոն, կարող է երթևեկել առավել բարձր արագությամբ, քան բնակավայրի սահմաններում գտնվող ճանապարհներին, քանի որ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ բնակավայրերից դուրս երթևեկության առավելագույն արագությունը 90 կմ/ժ է (ավտոմայրուղիներում՝ 110 կմ/ժ), իսկ բնակավայրերում՝ 60կմ/ժ: Այսինքն՝ երթևեկության առավելագույն արագությունը սահմանող ճանապարհային նշանների բացակայության դեպքում, որպես կանոն, բնակավայրերից դուրս երթևեկելիս տրանսպորտային միջոցների նկատմամբ տարածվում է երթևեկության առավելագույն արագության 90 կմ/ժ-ի (ավտոմայրուղիներում՝ 110 կմ/ժ-ի) ռեժիմը, իսկ բնակավայրերում երթևեկելիս՝ 60կմ/ժ-ի ռեժիմը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը, բնակավայրից դուրս գտնվող ճանապարհով վարելով որևէ մեխանիկական տրանսպորտային միջոց, մուտք է գործում բնակավայր, այդ անձի նկատմամբ սկսում է գործել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված՝ բնակավայրում երթևեկության թույլատրելի արագության ռեժիմը, որը ենթադրում է, որ վարորդը պետք է երթևեկի բնակավայրում թույլատրելի առավելագույն 60կմ/ժ արագությունը չգերազանցող արագությամբ, եթե ճանապարհի այդ հատվածում 60կմ/ժ արագությունից տարբերվող երթևեկության արագություն սահմանված չէ: Ընդ որում, մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր տրանսպորտային միջոցի արագությունը համապատասխանեցնել բնակավայրում թույլատրելի առավելագույն արագության ռեժիմին, եթե տվյալ բնակավայրի մուտքի վրա տեղադրված է 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշաններից որևէ մեկը, քանի որ միայն այդ պարագայում է կառուցապատ տարածքը համարվում բնակավայր՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմաստով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը կարող է բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության հետևյալ պայմանների, iոter alia, միաժամանակյա առակայության դեպքում.
1) իրավախախտումը կատարվել է այնպիսի վայրում, որը համապատասխանում է ճանապարհային երթևեկության ոլորտում «բնակավայր» հասկացության հատկանիշներին, այսինքն՝
- իրավախախտման վայրը կառուցապատ տարածք է,
- այդ կառուցապատ տարածքի մուտքերի վրա տեղադրված է 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշաններից որևէ մեկը,
2) իրավախախտման կատարման վայրում բնակավայրերում սահմանված 60կմ/ժ առավելագույն արագությունից տարբերվող երթևեկության արագություն թույլատրված չէ (ճանապարհի տվյալ հատվածում 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը կիրառված չէ):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածով սահմանված իրավանորմերի վերլուծությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե'ս, օրինակ, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման փաստը համարվում է հաստատված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ՝ իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկնման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև՝ ընթացիկ փուլի անհրաժեշտությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, և օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում հարուցված վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները (տե'ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական վարույթն ընթացիկ փուլով անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Նշված ընդհանուր կանոնը կիրառելի է, inter alia, այն դեպքերի համար, երբ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդի համար տեղի է ունեցել երթևեկության սահմանված առավելագույն արագության ռեժիմի փոփոխություն, սակայն որևէ ողջամիտ կասկած չի կարող առաջանալ ենթադրյալ իրավախախտման կատարման վայրի՝ բնակավայր հասկացության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ իրավախախտման կատարման վայրի՝ բնակավայր հանդիսանալու փաստն անվիճելի է անկախ այն հանգամանքից, թե տվյալ բնակավայրի կոնկրետ որ փողոցում է կատարվել իրավախախտումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշ դեպքերում այդ վարչական վարույթը պետք է ունենա ոչ միայն միայն հարուցման և եզրափակիչ, այլ նաև ընթացիկ փուլ: Ըստ Վճռաբեկ դատարանի եզրահանգման՝ բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական վարույթը պետք է ունենա ընթացիկ փուլ` որպես վերը նշված ընդհանուր կանոնից բացառություն, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) տվյալ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդի համար տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության առավելագույն արագության սահմանված ռեժիմի փոփոխություն,
2) ողջամիտ կասկած է առաջացել այն հարցի շուրջ, թե արդյոք տվյալ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդի կողմից 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագության գերազանցումը տեղի է ունեցել բնակավայրում, թե՝ ոչ:
Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ որևէ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդ, բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհով երթևեկելով այդպիսի ճանապարհների համար սահմանված առավելագույն արագության ռեժիմով, մուտք է գործում բնակավայր, և ողջամիտ կասկած է առաջացել ենթադրյալ իրավախախտման կատարման վայրի՝ բնակավայր հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցի կապակցությամբ, ապա այդ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար միայն այն պարագայում, երբ վարչական վարույթի ընթացիկ փուլում հաստատվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող՝ սույն որոշմամբ նկարագրված փաստական հանգամանքների առկայությունը:
Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ճանապարհային երթևեկության առավելագույն արագության սահմանված ռեժիմի փոփոխության և ենթադրյալ իրավախախտման կատարման վայրի՝ բնակավայր հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ ողջամիտ կասկածի առկայության դեպքում բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում նկարագրված զանցակազմի առկայությունը կարող է հաստատվել կամ հերքվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան միջոցներ ձեռնարկելով, քանի որ միայն այդ փուլում է հնարավոր ձեռք բերել տեղեկություններ և ապացույցներ այն մասին, թե ենթադրյալ իրավախախտման կատարման վայրը ճանապարհային երթևեկության կանոնների իմաստով հանդիսանում է արդյոք բնակավայր, թե՝ ոչ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշման համաձայն` Արտյոմ Նազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Արտյոմ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող «VOLKSWAGEN» մակնիշի «24ՏO479» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 20.04.2014 թվականին` ժամը 09:58-ին, Սուրենավան գյուղում երթևեկել է 72կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 2կմ/ժ-ով:
Արտյոմ Նազարյանը վարչական կարգով բողոքարկել է Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշումը, որի քննարկման արդյունքում Ոստիկանության պետի կողմից 06.06.2014 թվականին ընդունված թիվ 17-4-8960 որոշման համաձայն՝ Արտյոմ Նազարյանի վարչական բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ բողոքարկվող վարչական ակտը՝ անփոփոխ:
Դատարանը, հայցը մերժելով, մասնավորապես, պատճառաբանել է, որ «(...) հայցվորն արագության սահմանված չափի գերազանցումով երթևեկել է Սուրենավան գյուղի տարածքում, իսկ այդ գյուղի տարածք մուտք գործելուց առաջ հայցվորը տեղյակ է եղել, որ մուտք է գործում բնակավայր, անկախ այն հանգամանքից` մուտքից առաջ համապատասխան բնակավայրի վերաբերյալ ճանապարհային նշան առկա է եղել, թե ոչ (...)»։
Վերաքննիչ դատարանը մերժել է Արտյոմ Նազարյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, մասնավորապես, նշել է, որ «(...) [Արտյոմ Նազարյանի] այն պնդումը, որ մինչև տեսանկարահանող սարքին հասնելը որևէ բնակավայրի տեղակայման մասին տեղեկացնող տեղեկատվության նշանի չի հանդիպել, հիմք չի կարող հանդիսանալ (...) սույն գործով վիճարկվող վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար (...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշմամբ Արտյոմ Նազարյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել լուսանկարահանող տեխնիկական միջոցի՝ արագաչափ սարքի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման՝ բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար, որի առկայությունը վարչական մարմինը հաստատված է համարել այդ տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված լուսանկարի հիման վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ լուսանկարը հնարավորություն չի տալիս պարզելու այն հարցը, թե լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է արդյոք որևէ կասկած հարուցող ակնհայտ համընկնում:
Այսպես` Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ բնակավայրում սահմանված 60կմ/ժ երթևեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել հետևյալ պայմանների, inter alia, միաժամանկյա առակայության դեպքում.
1) իրավախախտումը կատարվել է այնպիսի վայրում, որը համապատասխանում է ճանապարհային երթևեկության ոլորոտում «բնակավայր» հասկացության հատկանիշներին, այսինքն՝ իրավախախտման վայրը կառուցապատ տարածք է, որի մուտքերի վրա տեղադրված է 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշաններից որևէ մեկը,
2) իրավախախտման կատարման վայրում թույլատրված չէ երթևեկել բնակավայրերում սահմանված 60կմ/ժ առավելագույն արագությունից ավելի բարձր արագությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
Վերոգրյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ։ Թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը չի կատարել իր այդ դատավարական պարտականությունը և չի պահանջել անհրաժեշտ ապացույցներ սույն գործի քննության ու լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես, սույն գործի փաստական կողմի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Արտյոմ Նազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության բնակավայրում սահմանված արագությունը գերազանցելու համար, իսկ գործի քննության ընթացքում չէր կարող առկա չլինել ողջամիտ կասկած այն հարցի շուրջ, թե ենթադրյալ իրավախախտման կատարման վայրը ճանապարհային երթևեկության կանոնների իմաստով հանդիսանում է արդյոք բնակավայր, թե՝ ոչ: Հետևաբար, տվյալ դեպքում Դատարանը պետք է պարզեր այն հանգամանքը, թե Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշմամբ Արտյոմ Նազարյանին մեղսագրվող ենթադրյալ իրավախախտման կատարման պահին այդ իրավախախտման կատարման վայրը ճանապարհային երթևեկության կանոնների իմաստով համապատասխանում էր արդյոք բնակավայր հասկացության չափանիշներին, թե՝ ոչ: Մասնավորապես, սույն գործով Դատարանը պետք է պարզեր՝ արդյոք վիճարկվող վարչական ակտով արձանագրված արագության գերազանցումը կատարվել է այնպիսի կառուցապատ տարածքում, որի մուտքերի վրա ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տեղադրված է եղել 5.23.1 և 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» նշաններից որևէ մեկը:
Մինչդեռ Դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ Ոստիկանության 30.04.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401616158 որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջական վերհանման և դրանց վերաբերյալ բոլոր հնարավոր ապացույցների ձեռքբերման ուղղությամբ, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո բարձրացված հարցադրումներին պատասխանելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |