Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0174/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0174/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյանի  

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյանի

   Ա. Խառատյանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Ս. Անտոնյանի

   

Վ. ավանեսյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) և Մամիկոն Օհանյանի ներկայացուցիչ Վահե Մնացականյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ և Ալիսա Մանուկյանների, Անահիտ Հարությունյանի (այսուհետ՝ Հայցվորներ) ընդդեմ Ծառայության, Մամիկոն Օհանյանի՝ բնակարանի էլեկտրոնային աճուրդը, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրն ու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Չարենցավանի նոտարական տարածքի նոտարի կողմից 12.12.2011 թվականին վավերացված ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 07.06.2013 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Սեդրակյան) 13.08.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ն. Տավարացյան, Տ. Նազարյան, Կ. Հակոբյան) 24.12.2014 թվականի որոշմամբ Դեզդեմոնա Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սիսակյան) (այսուհետ՝ Դատարան) 25.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.11.2015 թվականի որոշմամբ Մամիկոն Օհանյանի և Ծառայության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 25.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ծառայությունը և Մամիկոն Օհանյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը վարչական վարույթի շրջանակներում իրականացված վարչարարության տեսակ է, և դրա իրավաչափության քննությունը միանշանակ պետք է իրականացվի վարչական դատավարության կարգով:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 18-րդ, 20-րդ և 30-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին, ինչը նշանակում է, որ հարկադիր կատարողի համար սահմանված չէ իր գործողությունների և կայացված որոշումների մասին կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձանց ծանուցելու պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2015 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ կարճել գործի վարույթը:

 

2. Մամիկոն Օհանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը, 92-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հայցվորները ներկայացրել են հայց, որով պահանջել են անվավեր ճանաչել հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը վաճառելու մասին հարկադիր կատարողի որոշումը, այսինքն՝ սույն գործի շրջանակներում Դատարանը քննել է վարչական մարմնի կողմից կայացված որոշման ու դրա հիման վրա իրականացրած գործողությունների իրավաչափությունը՝ դրանով թույլ տալով առարկայական ընդդատության վերաբերյալ կանոնների խախտում, ինչն էլ հանգեցրել է Մամիկոն Օհանյանի արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, 303-րդ հոդվածի 2-րդ կետը, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով չի կիրառվել գործարքի անվավերության հետևանք, մասնավորապես՝ Դատարանի վճռով չի նշվել, թե պայմանագրի անվավերության դեպքում ինչ է ստանալու Մամիկոն Օհանյանը, ումից, երբ և ինչ եղանակով պետք է հետ ստանա գույքի համար վճարած գումարը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջները փոխկապակցված են, ներկայացվում և քննվում են միասին, ուստի յուրաքանչյուր դեպքում վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով՝ դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև այդ գործարքի անվավերության հետևանքներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2015 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27.04.2011 թվականին տվել է թիվ ԿԴ3/0360/02/10 կատարողական թերթը՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 119):

2) Ծառայության 22.06.2011 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի (հատոր 2-րդ, գ.թ. 121):

3) Ծառայության 12.09.2012 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառվել է (հատոր 2-րդ, գ.թ. 122):

4) Հայցվորները 10.04.2014 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան՝ բնակարանի էլեկտրոնային աճուրդը, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրն ու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի հայցապահանջներով գործերի առարկայական ընդդատության հարցին:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե՝

ա) ո՞րն է սույն գործով ներկայացված հիմնական հայցապահանջը,

բ) ինչպիսի՞ առարկայական ընդդատություն ունի այդ հայցապահանջը:

 

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե´ս, Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը`ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե´ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Հայցվորները հայցադիմում են ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Չարենցավանի նոտարական տարածքի նոտարի կողմից 12.12.2011 թվականին վավերացված ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 07.06.2013 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերության պահանջն ուղղակիորեն կապված է հայցվորների մյուս պահանջների հետ, քանի որ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերության փաստի հաստատումը կամ հերքումն էական նշանակություն կունենա հայցվորների մյուս պահանջների, այն է՝ այդ աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ առուվաճառքի պայմանագիրը, այդ պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների լուծման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական է ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավավեր ճանաչելու մասին պահանջը, իսկ Չարենցավանի նոտարական տարածքի նոտարի կողմից 12.12.2011 թվականին վավերացված ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և 07.06.2013 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներն ածանցյալ են, քանի որ առաջին պահանջի լուծումը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը:

 

բ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։ Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե´ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող իրավահարաբերության: Նշվել է նաև, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե՛ս, Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը՝ իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից։ Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր իրավահարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ ու բավարար պայմանն է։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ միայն իրավունքներով, այլև մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն՝ օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու ու կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով հիմնական է ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավավեր ճանաչելու մասին պահանջը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի ընդդատության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել վերը նշված հիմնական պահանջի ընդդատությունը, քանի որ սույն գործը պետք է քններ այն դատարանը, որին ընդդատյա է այդ պահանջը:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքների այն հիմքին, որ սույն վեճը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում, գտել է, որ վերաքննիչ բողոքներում վկայակոչված այդ փաստարկն անհիմն է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով հայցվորները վիճարկել են իրենց համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու արդյունքում կատարված աճուրդը, կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, հանգել է այն հետևության, որ սույն գործով վեճի առարկան հրապարակային սակարկությունների արդյունքում կատարված աճուրդն անվավեր ճանաչելն ու անվավերության հետևանքներ կիրառելն է, որոնք կարգավորվում են քաղաքացիաիրավական հարաբերություններին վերաբերող իրավական նորմերով, հետևաբար սույն վեճը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Հայցվորների կողմից ներկայացված երեք փոխկապակցված հայցապահանջներն ունեն տարբեր առարկայական ընդդատություն: Ընդ որում, սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած հիմնական պահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճից հետևյալ պատճառաբանությամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին« ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

4.1) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են նույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող Ծառայությունը՝ որպես պետական իշխանություն իրականացնող մարմին, կոչված է ապահովելու դատական ակտերի հարկադիր կատարումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին, մասնավորապես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, իրականացվում է նաև գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու միջոցով, այն է` սակարկություններով վաճառելու և այն հետագայում իրացնելու միջոցով: Ընդ որում, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածների հիմքով անցկացվող սակարկությունների, որտեղ որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացվելու դեպքում սակարկությունները կազմակերպվում և անց են կացվում Ծառայության կողմից՝ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթին համապատասխան:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քննության ենթակա հիմնական պահանջով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը Ծառայությունն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին է:

Սույն գործով քննության ենթակա հիմնական հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ Ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` դատական ակտի կատարման ապահովմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման վարույթում Ծառայությունը, կատարելով օրենքով սահմանված իր պարտականությունը, կազմակերպել և իրականացրել է բնակարանի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, իսկ վեճն առաջացել է Ծառայության կողմից իր հանրային իշխանական այդ լիազորություններն իրականացնելու կապակցությամբ: Հետևաբար կողմերի միջև ծագել են ոչ թե քաղաքացիական, այլ հանրային իրավահարաբերություններ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն վեճը բխում է քաղաքացիաիրավական հարաբերություններից և ենթակա էր քննության ընդհանուր իրավասության դատարանում:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 22.06.2011 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հիմնական պահանջի հիման վրա հարուցված սույն գործն ընդդատյա չէր ընդհանուր իրավասության դատարանին, որպիսի պայմաններում ենթակա են կիրառման ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքները:

Անդրադառնալով այդ հետևանքներին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերել առարկայական ընդդատության և տարածքային ընդդատության կանոնների խախտման կապակցությամբ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության՝ եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի՝ ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ, ընդ որում, «այլ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանները: Մինչդեռ գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի նախատեսում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կանոնը վերաբերում է միայն այն դեպքին, երբ գործը վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի՝ առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնելու այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա էր կարճման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքների մյուս հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների կողմից դատավարական նման խախտում թույլ տալու պայմաններում դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության (...):

Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարները, մասնավորապես` հայցադիմումը դատարան ներկայացնելու համար 4.000 ՀՀ դրամի չափով Հայցվորներիի կողմից, վերաքննիչ բողոքի համար 30.000 ՀՀ դրամի չափով Մամիկոն Օհանյանի և 30.000 ՀՀ դրամի չափով Ծառայության կողմից, վճռաբեկ բողոքի համար 60.000 ՀՀ դրամի չափով Ծառայության կողմից վճարված պետական տուրքի գումարները ենթակա են վերադարձման այն վճարած անձանց:

Այսպիսով պետական տուրքի հարցը, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.03.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Մամիկոն Օհանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2015 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ և Ալիսա Մանուկյանների, Անահիտ Հարությունյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Մամիկոն Օհանյանի՝ բնակարանի էլեկտրոնային աճուրդը, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրն ու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, կարճել:

2. Պետական տուրքի հարցը, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.03.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Ս. անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան