Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0781/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0781/02/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

 Կ. Չիլինգարյան

 

 Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մակիչ Նազարյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է ՀՀ Արագածոտնի մարզի Ափնագյուղ համայնքում գտնվող թիվ 115-005 կադաստրային ծածկագրով խոտհարքից, թիվ 122-011, թիվ 104-015 և թիվ 122-008 կադաստրային ծածկագրերով վարելահողերից առանձնացնել Մակիչ Նազարյանին պատկանող բաժինը և դրա վրա տարածել բռնագանձում 655.759 ՀՀ դրամի չափով:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 12.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2016 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ՀՀ ֆինանսների նախարարության իրավահաջորդը):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունը հնարավորություն չուներ ներկայացնելու սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար անհրաժեշտ ապացույցները: Այսպես` տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Մակիչ Նազարյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից վերջինիս բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը կարող էր հաստատվել միայն համապատասխան փորձաքննության միջոցով, որը Դատարանը կարող է նշանակել սեփական նախաձեռնությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.05.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ՎԴ3/0155/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 13.05.2013 թվականին կայացված վճռով բավարարվել է Կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մակիչ Նազարյանի` ՀՀ պետական բյուջեի օգտին 655.759 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 6-9).

2) նշված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, որի հիման վրա 18.05.2013 թվականին հարուցվել է կատարողական վարույթ (գ.թ. 10).

3) հարկադիր կատարողը 03.04.2015 թվականին գրավոր առաջարկ է արել պահանջատիրոջը` պարտապան Մակիչ Նազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Արագածոտնի մարզի Ափնագյուղ համայնքում գտնվող թիվ 115-005 կադաստրային ծածկագրով խոտհարքից, թիվ 122-011, թիվ 104-015 և թիվ 122-008 կադաստրային ծածկագրերով վարելահողերից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայց ներկայացնելու դատարան (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատարանների կողմից սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել՝ ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակելու լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործող քաղաքացիադատավարական իրավակարգավորման պայմաններում դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն՝ օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում՝ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ՝ պայմանավորված սահմանադրաիրավական այն հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Անհրաժեշտ համարելով կարևորել «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:

Բնորոշելով «դատական հայեցողությունը»` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է, որը, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն, քանի որ իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Սայեն Ղազարյանի և այլոց թիվ ԱՎԴ/0011/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչությունը հայց է ներկայացրել Դատարան` խնդրելով ՀՀ Արագածոտնի մարզի Ափնագյուղ համայնքում գտնվող թիվ 115-005 կադաստրային ծածկագրով խոտհարքից, թիվ 122-011, թիվ 104-015 և թիվ 122-008 կադաստրային ծածկագրերով վարելահողերից առանձնացնել Մակիչ Նազարյանին պատկանող բաժինը և դրա վրա տարածել բռնագանձում 655.759 ՀՀ դրամի չափով:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է նաև, որ Տեսչությունը, կրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ընդհանուր կանոններով իր վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը, որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հաստատել, որ պատասխանողի բաժինն առանձնացնելն անհնար է:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նաև պատճառաբանել է, որ «հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջ ներկայացնելուց առաջ պետք է իրականացներ նշված հոդվածով սահմանված որոշակի գործողություններ և ներկայացներ դրանց վերաբերյալ համապատասխան ապացույցներ, ինչը, սակայն, չի արել»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով այն գործերի քննության ընթացքում սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությանը, որոնցով հայցի առարկան ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելը և դրա վրա բռնագանձում տարածելն է, իսկ հայցի իրավական հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, գտել է, որ այդպիսի գործերով փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունը պետք է գնահատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների լույսի ներքո:

Այսպես, նշված օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Ընդ որում, այն դեպքում, երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվում են պարտապանի բաժինը ձեռք բերելուց, պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Փաստորեն, նմանատիպ փաստական և իրավական հիմքերով վեճից բխող քաղաքացիական գործի լուծման համար նախևառաջ էական նշանակություն ունի պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը. այն կարող է պարզվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցներից է գործով փորձաքննության նշանակումը: Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը քննարկվող հայցապահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերի քննության ընթացքում պետք է իրացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված` սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը` դրանով ապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը (տե՛ս, օրինակ, Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և մյուսների թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանը չի իրացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված` փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը, ինչի արդյունքում էլ ոչ իրավաչափորեն արձանագրել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի` բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության բացակայությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը: Մինչդեռ տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ, նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վիճելի իրավահարաբերության բնույթից և գործի փաստական հանգամանքներից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան