Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2016
Дата вступления в силу
26.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0045/02/14

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0045/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 

 Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Մարանյանի, երրորդ անձինք Սամվել, Սոս, Ավետիք, Սարգսյանների` ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա նկատմամբ բռնագանձում տարածելու, իսկ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում` համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը պատասխանողի և երրորդ անձանց միջև բաշխելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է համատեղ սեփականության իրավունքով համասեփականատերերին պատկանող գույքից առանձնացնել Հռիփսիմե Մարանյանի բաժնեմասը և դրա նկատմամբ տարածել բռնագանձում:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2016 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.02.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունը 30.01.2014 թվականի թիվ 305/04-6 գրությամբ երրորդ անձ հանդիսացող համասեփականատերերին առաջարկել է գնել պարտապանի բաժնեմասը կամ իրենց մտադրության մասին հիշյալ գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում Տեսչությանը տեղյակ պահել իրենց մտադրության մասին, մինչդեռ երրորդ անձանց անվամբ ուղարկված փոստային ծանուցագրերը հետ են վերադարձվել` «տեղափոխված» և «գտնվելու վայրը անհայտ է» նշումներով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Տեսչությունն իր իրավասությունների սահմաններում կատարել է իր պարտականությունները, այն է` երկու անգամ տարբեր հասցեներով ուղարկել է ծանուցումներ երրորդ անձանց, սակայն Տեսչությունը չէր կարող ապահովել վերջիններիս կողմից այդ ծանուցումների ստացումը: Հետևաբար այդ հիմքով հայցապահանջը մերժելը չի բխում օրինականության սկզբունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Մարանյանի թիվ ՎԴ2/0241/05/12 վարչական գործով 08.08.2012 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Հռիփսիմե Մարանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 580.948 ՀՀ դրամ, ինչպես նաև 11.619 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 25.10.2012 թվականի որոշման համաձայն` ՀՀ վարչական դատարանի կողմից 13.06.2012 թվականին տրված թիվ ՎԴ2/0241/05/12 կատարողական թերթով Հռիփսիմե Մարանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 580.948 ՀՀ դրամ՝ որպես հարկի գումար, և 11.619 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5%-ը` որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Հռիփսիմե Մարանյանի անվամբ համասեփականության իրավունքով գրանցված Իջևանի Բլբուլյան փողոցի թիվ 99/12 հասցեում գտնվող բնակարանի վրա (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման 28.02.2001 թվականի թիվ 2150005 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց 99-րդ շենքի թիվ 12 հասցեի բնակարանի նկատմամբ գրանցված է Հռիփսիմե Մարանյանի, Սամվել, Սոս, Ավետիք Սարգսյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26-30):

4. Տեսչության կողմից 30.01.2014 թվականին պարտապանին պատկանող բաժնեմասը գնելու առաջարկը երրորդ անձանց ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել` «տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 18-25):

5. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 18.12.2015 թվականի թիվ 15-0237Դ եզրակացության համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 99/12 հասցեում գտնվող բնակարանից հնարավոր չէ առանձնացնել 1/4 բաժնեմասը, քանի որ նման պայմաններում կխախտվեն քաղաքաշինության բնագավառում գործող նորմերով սահմանված պահանջները (հատոր 2-րդ, գ.թ. 84-91):

6. Սույն գործով Դատարանի կողմից 19.03.2014 թվականին, 11.04.2014 թվականին, 14.05.2015 թվականին, 05.06.2015 թվականին, 27.01.2016 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին երրորդ անձանց ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել` «տեղափոխված» նշումով, իսկ 27.01.2016 թվականին նշանակված դատական նիստի և ժամանակի մասին ծանուցումներն ուղարկվել են համայնքի ղեկավարին: Միաժամանակ 05.06.2015 թվականին, 27.01.2016 թվականին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները՝ հասցեագրված երրորդ անձանց, տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 38-49, 56-63, 68-71, հատոր 2-րդ, գ.թ. 19-30, 45-59, 104-118, 121):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի իրացման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես` վերջիններիս շահերից ելնելով` սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով (տե'ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը՝ պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, Լաուրա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության կամ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի դեմ առարկելու դեպքում ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք են ստանում գնելու ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը` օրենքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում օրենսդիրը նախատեսել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժնի առանձնացման և/կամ դրա իրացման կարգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործողությունները լիարժեք կարող են իրականացվել` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցներին գործին մասնակից դարձնելով, նրանց ներկայությունը դատական քննությանը պատշաճ ապահովելով, նրանց կողմից իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները բարեխիղճ իրականացվելու միջոցով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Տեսչությունը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որով կապացուցվի այն փաստը, որ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց, հետևաբար չի ապացուցել այն փաստը, որի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-րդ կետի հիմքով կրում է, և բացակայում են ինչպես գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, այնպես էլ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հիմքերը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Տեսչությունը չի ապացուցել վիճելի անշարժ գույքերում Հռիփսիմե Մարանյանի ունեցած բաժնեմասը ձեռքբերելու վերաբերյալ առաջարկը երրորդ անձանց կողմից ստանալու փաստը, ավելին` հայցադիմումին կից ներկայացվել է նրանց ուղարկված ծրարները` «տեղափոխված» նշագրմամբ, ինչը նշանակում է, որ այդ առաջարկը երրորդ անձինք չեն ստացել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմավոր է համարել Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը հարկ է գնահատել ոչ պարտապան համասեփականատերերին գործի քննությանը պատշաճ ծանուցելու հանգամանքի համատեքստում՝ նկատի ունենալով, որ արդեն իսկ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում պարտատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը գնելու առաջարկ ներկայացնելը և համապատասխանաբար այդ առաջարկին արձագանքելն իրականացվում են դատարանի անմիջական մասնակցությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում նաև այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի հիմքով գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելը պետք է իրականացվի միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Այսպես, գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով, իսկ եթե ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, համապատասխան համայնքի ղեկավարին, ինչպես նաև գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Սույն գործով Դատարանի կողմից 19.03.2014, 11.04.2014, 14.05.2015, 05.06.2015, 27.01.2016 թվականներին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին երրորդ անձանց՝ համասեփականատերին հասցեագրված ծանուցումները հետ են վերադարձվել «տեղափոխված» նշումով, 27.01.2016 թվականին նշանակված դատական նիստի և ժամանակի մասին ծանուցումներն ուղարկվել են համայնքի ղեկավարին: Միաժամանակ 05.06.2015, 27.01.2016 թվականներին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները՝ հասցեագրված պատասխանողին և երրորդ անձանց, տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, ներգրավված լինելով որպես դատավարության կողմ և, ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 10-րդ մասերի համաձայն, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չեն իրացրել պարտապանին ընդհանուր սեփականությունում պատկանող բաժնեմասի գնման` օրենքով իրենց վերապահված իրավունքը: Մասնավորապես` սույն գործով երրորդ անձանց՝ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային ծառայության, այնպես էլ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և համապատասխան համայնքի ղեկավարին ծանուցելու միջոցով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից գործին մասնակցող անձանց, տվյալ դեպքում պատասխանողին (պարտապանին) և երրորդ անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով՝ ապահովելով տվյալ հոդվածներով ամրագրված ծանուցման հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի չիրացման պայմաններում պետք է ապահովվեր պարտատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն չկատարելու պայմաններում չի ապահովվել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Վ. Ավանեսյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան