ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5370/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5370/02/14 |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Գ. Կարախանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար (այսուհետ՝ Հաշտարար) Փիրուզ Սարգսյանի, երրորդ անձ Վարդան Ամիրյանի՝ 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Վարդան Ամիրյանի ընդդեմ Բանկի, երրորդ անձ Հաշտարար Փիրուզ Սարգսյանի՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարար Փիրուզ Սարգսյանի 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշումը (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5370/02/14):
Դիմելով դատարան՝ Վարդան Ամիրյանը պահանջել է պարտավորեցնել Բանկին իր հաշվին վերականգնելու 3.889.000 ՀՀ դրամը և չպահանջել հաշվարկված տոկոսները կամ չպահանջել 3.889.000 ՀՀ դրամը և հաշվարկված տոկոսները (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0306/02/15):
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2015 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0306/02/15 և թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում, և գործի քննությունը շարունակվել է թիվ ԵԿԴ/5370/02/14 համարի ներքո:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 16.11.2015 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ Վարդան Ամիրյանի հայցի ընդդեմ Բանկի, երրորդ անձ Հաշտարար Փիրուզ Սարգսյանի` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասով, կարճվել է` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ Հաշտարարի որոշման առկայության հիմքով, իսկ Բանկի հայցն ընդդեմ Հաշտարար Փիրուզ Սարգսյանի, երրորդ անձ Վարդան Ամիրյանի` Հաշտարարի 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.03.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, խախտել է 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին տված մեկնաբանությանը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը, պատճառաբանել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն այդ որոշմամբ արդեն իսկ դիտել է Հաշտարարի ինստիտուտը որպես (2005 թվականի խմբագրությամբ) ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային իրավական հնարավորություն: Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ նշել է, որ այն դեպքում, երբ կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն` իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարանում վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Այսինքն՝ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր չունենալու պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանը ևս համարել է, որ ֆինանսական կազմակերպության իրավունքի սահմանափակումն ըստ էության հանգեցնում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը:
Բացի այդ, եթե ստորադաս դատարանները Բանկի հայցը քննեին ըստ էության, օբյեկտիվորեն հետազոտեին ու գնահատեին սույն գործի փաստերը, ապա կհաստատեին, որ Բանկի կողմից հաճախորդին տրված գաղտնի ծածկագրի կիրառմամբ վերջինիս հաշվից ելքագրվել են գումարներ, ինչի համար Բանկը չպետք է կրեր որևէ պատասխանատվություն, մինչդեռ անհիմն ձևով, առանց համապատասխան փաստական ու իրավական հիմնավորման, Հաշտարարի որոշմամբ Բանկին առաջադրվել է հաճախորդի հաշվից արդեն ելքագրված գումարները կրկնակի վճարելու պարտականություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2016 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Տվյալ դեպքում Դատարանը Բանկի հայցը քննել է հայցի իրավական և փաստական հիմքերի շրջանակներում, իսկ Վերաքննիչ դատարանն էլ Բանկի վերաքննիչ բողոքը քննել է վերաքննիչ բողոքի սահմաններում: Հակառակ դեպքում, եթե Դատարանն անդրադառնար Հաշտարարի որոշմանն ըստ էության, ապա սեփական նախաձեռնությամբ կընդլայներ հայցի հիմքը, թույլ կտար տնօրինչականության և մրցակցության սկզբունքների խախտում, իսկ Վերաքննիչ դատարանն էլ թույլ կտար վերաքննության սահմանների խախտում:
Բացի այդ, ստորադաս դատարաններն իրավացիորեն նշել են, որ Բանկը մինչև հաճախորդի կողմից Հաշտարարի որոշմանն անվերապահորեն գրավոր համաձայնելը և դրա արդյունքում այդ որոշման պարտադիր դառնալը, ունեցել է դատարան դիմելու և գործի ըստ էության քննություն պահանջելու իրավունք, մինչդեռ Բանկը չի օգտվել իր այդ իրավունքից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի («Վարկատու») և Վարդան Ամիրյանի («Վարկառու») միջև 13.04.2013 թվականին կնքված թիվ 32748 վարկային գծի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 5.5 կետի համաձայն` Պայմանագրի շուրջ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում, Վարկառուն կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կամ դատարան: Պայմանագրի կնքման օրվա դրությամբ Բանկը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (հատոր 2-րդ, գ.թ. 22-25):
2) 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշմամբ Հաշտարարը բավարարել է Վարդան Ամիրյանի կողմից 22.07.2014 թվականին Բանկի դեմ ներկայացված 3.889.000 ՀՀ դրամի պահանջը մասնակիորեն` 2.592.882 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 22-35):
3) 30.10.2014 թվականին Վարդան Ամիրյանն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնել է թիվ 07-116/14 գործի շրջանակներում Հաշտարարի 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշման հետ, որից հետո որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր (հատոր 2-րդ, գ.թ. 79):
4) Գործում առկա չէ Բանկի և Հաշտարարի գրասենյակի միջև Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից հրաժարվելու մասին կնքված համաձայնագիր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում Հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու հիմքերի սահմանափակումը չի հանգեցնում դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտմանը:
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման դրույթ է պարունակում նաև 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
Համանման դրույթ է պարունակում նաև 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածը, որի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
ՀՀ սահմանադրական դատարանը, 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ գնահատելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի սահմանադրականությունը, արձանագրել է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն՝ իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը:
Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա չէ նման գրավոր համաձայնություն, ապա կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի («Վարկատու») և Վարդան Ամիրյանի («Վարկառու») միջև 13.04.2013 թվականին կնքված թիվ 32748 վարկային գծի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 5.5 կետի համաձայն` Պայմանագրի շուրջ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում, Վարկառուն կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կամ դատարան: Պայմանագրի կնքման օրվա դրությամբ Բանկը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշմամբ Հաշտարարը բավարարել է Վարդան Ամիրյանի կողմից 22.07.2014 թվականին Բանկի դեմ ներկայացված 3.889.000 ՀՀ դրամի պահանջը մասնակիորեն` 2.592.882 ՀՀ դրամի չափով: 30.10.2014 թվականին Վարդան Ամիրյանն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնել է թիվ 07-116/14 գործի շրջանակներում Հաշտարարի 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշման հետ, որից հետո որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր: Գործում առկա չէ Բանկի և Հաշտարարի գրասենյակի միջև Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից հրաժարվելու մասին կնքված համաձայնագիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, Բանկի հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վերջինս չի ապացուցել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով ամրագրված իրավական հիմքերից որևէ մեկի առկայությունը, ուստի Հաշտարարի 23.09.2014 թվականի որոշումը հիմնավոր է:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է, որ Բանկի կողմից չեն ներկայացվել համապատասխան փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնք կհաստատեն Հաշտարարի որոշման չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկի առկայությունը, ուստի Դատարանն իրավացիորեն ներկայացված պահանջն անհիմն է համարել:
Անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններս չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, մասնավորապես՝ պատճառաբանելով, որ Բանկը չի ապացուցել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով ամրագրված իրավական հիմքերից որևէ մեկի առկայությունը, անտեսել են այն հանգամանքը, որ Բանկը Հաշտարարի որոշումը վիճարկում է ըստ էության և գործում առկա չէ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից Բանկի կողմից կամովին հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր կնքված լինելու վերաբերյալ որևէ ապացույց: Ավելին, ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների, Բանկի և Վարդան Ամիրյանի միջև 13.04.2013 թվականին կնքված թիվ 32748 Պայմանագրի 5.5 կետում նշում է կատարվել այն մասին, որ Պայմանագրի կնքման օրվա դրությամբ Բանկը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, մինչդեռ սույն գործով գույքային պահանջի և գործարքի գումարի չափը գերազանցում է համապատասխանաբար 250.000 և 500.000 ՀՀ դրամը, ուստի Բանկի կողմից Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից մասամբ հրաժարումը սույն գործով չի կարող սահմանափակել Բանկի` Հաշտարարի որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորությունը:
Այսինքն՝ ստորադաս դատարանները Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու համաձայնագիր կնքված լինելու կամ չլինելու փաստը չպարզելով, սխալ մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Բանկին զրկել են Հաշտարարի որոշումը դատարանում ըստ էության վիճարկելու հնարավորությունից, դրանով իսկ խախտելով Բանկի՝ Կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքը: Հետևաբար սույն քաղաքացիական գործով ստորադաս դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ չգնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին՝ Հաշտարարի որոշումն ըստ էության սխալ լինելու վերաբերյալ, ապա ստորադաս դատարանների կողմից գործի լուծման վրա ուղղակիորեն ազդող վերոհիշյալ դատավարական իրավունքի խախտումը թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ բողոքի այդ փաստարկին, քանի որ ստորադաս դատարանները Հաշտարարի որոշման ըստ էության իրավաչափ լինելու վերաբերյալ քննություն չեն կատարել:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկում միայն Բանկի հայցապահանջի մասով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն Բանկի կողմից և միայն իր հայցը մերժելու մասով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է՝ հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2016 թվականի որոշումը և գործը` ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի, երրորդ անձ Վարդան Ամիրյանի՝ 23.09.2014 թվականի թիվ 15-2009/14 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասով, ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
Ս. անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|