ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0201/02/12 |
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան |
Դատավորներ` |
Ա. Հունանյան |
Ա. Սմբատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ Նազելի Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ Մարգարիտա Լալայանի դիմումի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մարգարիտա Լալայանը պահանջել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) 30.05.2012 թվականի վճռով Մարգարիտա Լալայանի դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. Միքայելյան, Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) 19.09.2012 թվականի որոշմամբ Մարգարիտա Լալայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բարսեղյան) (այսուհետ՝ Դատարան) 25.12.2012 թվականի վճռով Մարգարիտա Լալայանի դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.10.2015 թվականի որոշմամբ Նազելի Պետրոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նազելի Պետրոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (այսուհետ՝ Կոնվենցիա) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն։ Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել «Նարինե» համատիրության կողմից տրված գրությունը, ըստ որի՝ բողոք բերողն իր ընտանիքի անդամների հետ 1989 թվականից առ այսօր բնակվում է վերը նշված բնակարանում: Նույն փաստի մասին է վկայում վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ Նարինե Պետրոսյանի հարևանների կողմից տրված գրավոր հայտարարությունը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված Նազելի Պետրոսյանի և «Երևան ջուր» ՓԲԸ-ի միջև 21.05.2014 թվականին կնքված վիճելի բնակարանի նկատմամբ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրված բաժանորդի էպիկրիզը, ըստ որի՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդ է հանդիսանում Նազելի Թովմասյանը (Պետրոսյան), և նրա կողմից են կատարվել բոլոր վճարումները:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ներկայացված ապացույցներին, գտել է, որ դրանք բավարար չեն հիմնավորելու համար այն փաստը, որ բողոքաբերը տիրապետել և տիրապետում է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը, ուստիև կայացված վճիռը վերաբերում է վերջինիս իրավունքներին:
Փաստորեն, դիմող Մարգարիտա Լալայանը բողոք բերողից գաղտնի պայմաններում նախաձեռնել է այնպիսի դատավարություն, որի արդյունքում վերջինս զրկվել է իր կողմից ավելի քան 26 տարի տիրապետվող բնակարանի նկատմամբ սեփականատեր ճանաչվելու հնարավորությունից, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի բոլոր փաստարկներն ու ապացույցները, ակնհայտ անհիմն կերպով մերժելով վերաքննիչ բողոքը՝ զրկել է վերջինիս իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Նարինե» համատիրության նախագահ Ա. Համբարձումյանի կողմից 29.11.2011 թվականին տրված թիվ 988 տեղեկանքի համաձայն՝ Մարգարիտա Լալայանը 2001 թվականից մշտապես, փաստացի բնակվում է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանում և բարեխղճորեն կատարում է բոլոր տեսակի կոմունալ վճարումները՝ փաստացի, տիրապետելով այն որպես սեփականը (հատոր 1-ին, գ.թ. 6).
2) «Նարինե» համատիրության բնակարանային և կոմունալ վարձերի հաշվարկային գրքույկի համաձայն` Մարգարիտա Լալայանը Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի նկատմամբ 2007-2011 թվականներին կատարել է բնակարանի սպասարկման վարձի և սանիտարական մաքրման (աղբահանության) վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 8-11).
3) 01.10.1979 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն՝ Նազելի Թովմասյանը և Ռազմիկ Պետրոսյանն ամուսիններ են: Ամուսնությունը գրանցելուց հետո ամուսինները կրում են հետևյալ ազգանունները՝ ամուսինը՝ Պետրոսյան, կինը՝ Պետրոսյան (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 17).
4) Նազելի Պետրոսյանի հարևաններ Ռուբեն Բալյանի, Անահիտ Բաղդասարյանի, Արսեն Զախարյանի հայտարարության համաձայն՝ Նազելի Պետրոսյանը 1989 թվականից մինչ օրս բնակվում է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանում (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 10).
5) «Նարինե» համատիրության նախագահ Ա. Համբարձումյանի կողմից տրված գրության համաձայն՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանում 1989 թվականից առ այսօր գրանցված բնակվում է Պետրոսյանների ընտանիքը, այդ թվում՝ Նազելի Պետրոսյանը, Վարիկո Պետրոսյանը, Էդուարդ Հովհաննիսյանը (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 31).
6) «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 28.02.2014 թվականին տրված բաժանորդի էպիկրիզի համաձայն` Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդ Նազիկ Թովմասյանը (Նազելի Պետրոսյան) նշված բնակարանում ծախսված էլեկտրաէներգիայի համար կատարել է վճարումներ 1997 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2001 թվականի դեկտեմբեր ամիսը և 2012 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2014 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 11-15).
7) Նազելի Պետրոսյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի միջև 21.05.2014 թվականին կնքված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» պայմանագրի համաձայն՝ ջրամատակարար Ընկերությունը պարտավորվել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդ Նազելի Պետրոսյանին մատուցել պայմանագրի 1-ին կետում նշված ծառայությունները, իսկ բաժանորդը պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց պայմանագրի անբաժանելի մասը կազմող պարտքի մարման ժամանակացույցին համապատասխան (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 18).
8) Նազելի Պետրոսյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված Դատարանի վճիռը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):
Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե´ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Մարգարիտա Լալայանը 19.03.2012 թվականի դիմումով պահանջել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը ճանաչել տիրազուրկ և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը: Մարգարիտա Լալայանի դիմումը Դատարանի վճռով բավարարվել է:
Նազելի Պետրոսյանը` որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի վճիռը, նշել է, որ այն վերաբերում է իր իրավունքներին՝ բողոքին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- «Նարինե» համատիրության նախագահ Ա. Համբարձումյանի կողմից տրված գրությունը, ըստ որի՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանում 1989 թվականից առ այսօր գրանցված բնակվում է Պետրոսյանների ընտանիքը, այդ թվում՝ Նազելի Պետրոսյանը, Վարիկո Պետրոսյանը, Էդուարդ Հովհաննիսյանը:
- Նազելի Պետրոսյանի հարևաններ՝ Ռուբեն Բալյանի, Անահիտ Բաղդասարյանի, Արսեն Զախարյանի հայտարարությունն առ այն, որ Նազելի Պետրոսյանը 1989 թվականից մինչ օրս բնակվում է Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանում:
- «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 28.02.2014 թվականին տրված բաժանորդի էպիկրիզը, ըստ որի՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդ Նազիկ Թովմասյանը (Նազելի Պետրոսյանը) նշված բնակարանում ծախսված էլեկտրաէներգիայի համար կատարել է վճարումներ 1997 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2001 թվականի դեկտեմբեր ամիսը և 2012 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2014 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում:
- Նազելի Պետրոսյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի միջև 21.05.2014 թվականին կնքված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» պայմանագիրը, որում որպես Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդ նշված է բաժանորդ Նազելի Պետրոսյանը:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներով բողոք բերողը չի հիմնավորել, որ 1989 թվականից մինչ այժմ տիրապետում է վիճելի բնակարանը, մասնավորապես՝ այդ ապացույցներից որևէ մեկով չի հերքվում Մարգարիտա Լալայանի կողմից դատարանում վկայակոչված այն հանգամանքը, որ 2001 թվականից մինչև 2012 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում վերջինս բացահայտ, բարեխիղճ և որպես սեփական գույք տիրապետել է վիճելի բնակարանը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Նազելի Պետրոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն, հանգել է այն հետևության, որ սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ բողոքարկվող վճիռը կայացվել է բողոք բերող անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտվել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցները: Մասնավորապես` սույն գործում առկա և Նազելի Պետրոսյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Նարինե» համատիրության նախագահ Ա. Համբարձումյանի կողմից տրված գրության, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 28.02.2014 թվականին տրված բաժանորդի էպիկրիզի, Նազելի Պետրոսյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի միջև 21.05.2014 թվականին կնքված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» պայմանագրի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ նշված փաստաթղթերն ուղղակիորեն տեղեկություններ են բովանդակում Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը Նազելի Պետրոսյանի կողմից որոշակի ժամանակահատված տիրապետվելու փաստի մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը, որով բավարարվել է Մարգարիտա Լալայանի պահանջը՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը տիրազուրկ ճանաչելու և այդ բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, շոշափում է նաև Նազելի Պետրոսյանի իրավունքները, հետևաբար կայացված դատական ակտը վերաբերում է Նազելի Պետրոսյանի իրավունքներին, մինչդեռ վերջինս սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, ինչն անհիմն կեպով անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործը հարուցվել և քննվել է հատուկ վարույթի կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես` հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:
Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի՝ թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա։ Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի Աշոտ Սիմոնյանի՝ թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Մարգարիտա Լալայանի` Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջին, գտնում է, որ վերոնշյալ փաստերի հաստատման հետ կապված` առկա է իրավունքի մասին վեճ հետևյալ պատճառաբանությամբ։ Մասնավորապես` իրավունքի վերաբերյալ վեճի մասին ուղղակիորեն վկայում է այն հանգամանքը, որ Նազելի Պետրոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ դրանք վերաբերում են նույն վեճի առարկա բնակարանի (Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարան) փաստացի տիրապետմանը, որի նկատմամբ Մարգարիտա Լալայանը Դատարանի 25.12.2012 թվականի վճռով ճանաչվել է սեփականատեր:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու դիմումի կապակցությամբ վեճ է ծագել Երևանի Շիրակի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի սեփականության իրավունքի վերաբերյալ: Բացի այդ, առերևույթ առկա է փոխադարձ կապ վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման փաստի և այդ բնակարանի նկատմամբ Նազելի Պետրոսյանի իրավունքների ծավալի փոփոխության միջև:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարգարիտա Լալայանի դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, պետք է թողնել առանց քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ նույն կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի գործերով`բազային տուրքի 20-պատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև` վճռաբեկ ատյանում:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Նազելի Պետրոսյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, որը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել է պատշաճ չափով վճարած, իսկ վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն՝ այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերողի անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նազելի Պետրոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Մարգարիտա Լալայանի կողմից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշումը և Մարգարիտա Լալայանի դիմումը՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննության։
2. Մարգարիտա Լալայանից հօգուտ Նազելի Պետրոսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մարգարիտա Լալայանից հօգուտ Նազելի Պետրոսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|