ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0948/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0948/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Հ. Ենոքյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամսոն Ղազարյանի ներկայացուցիչ Մարգարիտ Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2015 թվականի որոշման դեմ`ըստ դիմումի Սամսոն Ղազարյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամսոն Ղազարյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ 21.01.1993 թվականին մահացած Վաղարշակ Տեր-Ղազարյանը` նույն Վաղարշակ Ղազարյանը, իր հարազատ հայրն է, 27.03.2003 թվականին մահացած Սուսաննա Ղազարյանը` նույն Սուլթան Ղազարյանը, իր հարազատ մայրն է, և ճանաչել իրեն Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի և Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ՝ Դատարան) 18.06.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2015 թվականի որոշմամբ Լյուքսեմ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.06.2010 թվականի վճիռը բեկանվել է, և դիմումը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամսոն Ղազարյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լյուքսեմ Պողոսյանի ներկայացուցիչ Վարուժան Վարդանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 103-րդ, 219-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լյուքսեմ Պողոսյանը Դատարանի վճիռը բողոքարկել էր միայն Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ հողատարածքի թիվ 8 հողակտորի մասով և իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջել էր մասնակիորեն բեկանել Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը փոփոխել է վերաքննիչ բողոքի պահանջը՝ Դատարանի վճիռը բեկանել է ամբողջությամբ և դիմումն ամբողջությամբ է թողել առանց քննության:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ գործի փաստական հանգամանքներից հստակ հետևում է, որ Դատարանի վճիռը Լյուքսեմ Պողոսյանի իրավունքներին և պարտականություններին չի վերաբերել, քանի որ վերջինս 1992 թվականին հրաժարվել է իրեն հատկացված հողամասից և խնդրել է հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցել Վաղարշակ Տեր-Ղազարյանին: Լյուքսեմ Պողոսյանը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել է 28.11.2011 թվականին` Սամսոն Ղազարյանին հողամասի նկատմամբ ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված ոչ ճիշտ տեղեկատվություն պարունակող տեղեկանքի հիման վրա: Հետևաբար 2010 թվականին գործի քննության ընթացքում իրավունքի վերաբերյալ վեճ առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացված` «Նարեկ» այգեգործական ընկերության նախագահության նիստի 22.06.1992 թվականի արձանագրության քաղվածքը, ըստ որի` այգեգործական միության անդամ Լյուքսեմ Պողոսյանի` Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ հողամասի թիվ 8 հողակտորն անվանափոխելու մասին դիմումի համաձայն` ընկերության նախագահությամբ որոշվել է Լյուքսեմ Պողոսյանին իր դիմումի համաձայն ազատել ընկերության անդամի պարտականությունից և հողակտորն անվանափոխել Վաղարշակ Տեր-Ղազարյանի անվամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.06.2010 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքում նշված պնդումները, մասնավորապես, այն, որ իրականում Լյուքսեմ Պողոսյանի որևէ իրավունք չէր կարող շոշափվել կայացվելիք դատական ակտով, ինչի հետևանքով էլ վերջինս գործին մասնակից անձ չի դարձվել, չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ հիմնավոր չէ նաև վճռաբեկ բողոքի այն պնդումը, թե վիճելի հողամասի մասով խախտվել է Սամսոն Ղազարյանի սեփականության իրավունքը, հետևաբար Լյուքսեմ Պողոսյանին պատկանող հողամասի մասով դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ կայացված դատական ակտը բեկանման ենթակա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցի 12.06.1992 թվականին կայացած արհմիութենական ժողովի թիվ 5 արձանագրության քաղվածքի համաձայն` որոշվել է Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորը հատկացնել Լյուքսեմ Պողոսյանին (գ.թ. 50)։
2. Այգեգործական ընկերության 25.02.1994 թվականի թիվ 59400 այգեգործի անդամատոմսի համաձայն` Վաղարշակ Տեր-Ղազարյանը հանդիսացել է այգեգործական ընկերության անդամ, և նրան է պատկանել Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորը (գ.թ. 7)։
3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 28.11.2011 թվականին տրված թիվ 2847405 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ տեղամասի թիվ 8 հասցեի հողամասի նկատմամբ գրանցվել է Լյուքսեմ Պողոսյանի սեփականության իրավունքը (գ.թ. 53-55)։
4. Ի պատասխան Սամսոն Ղազարյանի ներկայացուցչի 19.12.2014 թվականի գրությանը` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 25.12.2014 թվականին տրվել է Մասիսի շրջանի Նուբարաշենի Բ այգետարածքի «Նարեկ» այգեգործական ընկերության նախագահության հունիսի 22-ի նիստի արձանագրության քաղվածքը, համաձայն որի` «Նարեկ» այգեգործական ընկերության 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի այգեգործ Լյուքսեմ Պողոսյանն ազատվել է նույն այգեգործական ընկերության անդամի պարտականություններից, և փոխարենը որպես անդամ ընդունվել է Վաղարշակ Տեր-Ղազարյանը (գ.թ. 85)։
5. 20.05.2010 թվականի դիմումով Սամսոն Ղազարյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ 21.01.1993 թվականին մահացած Վաղարշակ Տեր-Ղազարյանը` նույն Վաղարշակ Ղազարյանը, իր հարազատ հայրն է, իսկ 27.03.2003 թվականին մահացած Սուսաննա Ղազարյանը` նույն Սուլթան Ղազարյանը, իր հարազատ մայրն է, ինչպես նաև ճանաչել իրեն Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի և Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Սամսոն Ղազարյանի դիմումը Դատարանի 18.06.2010 թվականի վճռով բավարարվել է ամբողջությամբ (գ.թ. 4, 22):
6. Լյուքսեմ Պողոսյանն իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով Դատարանի 18.06.2010 թվականի վճիռը բողոքարկել է մասնակիորեն` Սամսոն Ղազարյանին Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով, և խնդրել է դատական ակտը բեկանել մասնակիորեն՝ միայն այդ մասով (գ.թ. 29-36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի և 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.
1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմում քննելիս իրավունքի վերաբերյալ վեճ ծագելու դատավարական հետևանքներին,
2) Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու խնդրին:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կա'մ հայց, կա'մ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես` հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:
Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կարգավորել է նաև այն դեպքերը, երբ հատուկ վարույթի կարգով քննվող` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով ծագել է վեճ իրավունքի մասին: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իրավակարգավորման` նման դեպքերում կիրառելի է դիմումն առանց քննության թողնելու իրավական հետևանքը: Ընդ որում, նախկինում կայացրած որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավական հետևանքը կիրառման ենթակա է նաև այն դեպքում, երբ իրավունքի մասին վեճը ծագել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո (տե՛ս, ըստ դիմումի Էդիկ Բալայանի՝ թիվ 3-1805(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ Աշոտ Սիմոնյանի դիմումի՝ թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մասիսի շրջանի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 12.06.1992 թվականին կայացած արհմիութենական ժողովի թիվ 5 արձանագրության քաղվածքով Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորը հատկացվել է Լյուքսեմ Պողոսյանին: Հետագայում, Այգեգործական ընկերության 25.02.1994 թվականի թիվ 59400 այգեգործի անդամատոմսի վկայականով Վաղարշակ Տեր-Ղազարյանը հանդիսացել է այգեգործական ընկերության անդամ և նրան է պատկանել Նուբարաշենի Բ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորը: Այնուհետև` 28.11.2011 թվականին, նշած հողատարածքի նկատմամբ գրանցվել է Լյուքսեմ Պողոսյանի սեփականության իրավունքը: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 25.12.2014 թվականին տրված գրությամբ տրամադրվել է Մասիսի շրջանի Նուբարաշենի Բ այգետարածքի «Նարեկ» այգեգործական ընկերության նախագահության հունիսի 22-ի նիստի արձանագրության քաղվածքը, որի համաձայն`«Նարեկ» այգեգործական ընկերության 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի այգեգործ Լյուքսեմ Պողոսյանն ազատվել է նույն այգեգործական ընկերության անդամի պարտականություններից, և փոխարենը, որպես անդամ ընդունվել է Վաղարշակ Տեր-Ղազարյանը:
20.05.2010 թվականի դիմումով Սամսոն Ղազարյանը, ի թիվս այլնի, պահանջել է նաև իրեն ճանաչել Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Դատարանի 18.06.2010 թվականի վճռով Սամսոն Ղազարյանի դիմումը բավարարվել է ամբողջությամբ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանելով և փոփոխելով, այն է՝ Սամսոն Ղազարյանի դիմումն ամբողջությամբ առանց քննության թողնելով, պատճառաբանել է, որ սույն քաղաքացիական գործով դիմումատուի կողմից ներկայացված պահանջի բավարարման հետևանքով, այն է` փաստացի տիրապետման հիմքով դիմումատուին ճանաչելով իր հոր` Վաղարշակ Տեր-Ղազարյանի` Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի և Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, շոշափվել և խախտվել է Լյուքսեմ Պողոսյանի իրավունքը, քանի որ կայացվել է վերջինիս իրավունքների մասին վճիռ:
Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Սամսոն Ղազարյանի` Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, գտնում է, որ այն հիմնավոր է և իրավաչափ, քանի որ վերոնշյալ փաստի հաստատման հետ կապված առկա է իրավունքի մասին վեճ: Մասնավորապես` իրավունքի վերաբերյալ վեճի մասին ուղղակիորեն վկայում են այն փաստերը, որ Սամսոն Ղազարյանը Դատարանի 18.06.2010 թվականի վճռով ճանաչվել է Մասիսի շրջանի Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի 500քմ մակերեսով թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, միևնույն ժամանակ նույն հողակտորի նկատմամբ 28.11.2011 թվականին գրանցվել է մեկ այլ անձի` Լյուքսեմ Պողոսյանի սեփականության իրավունքը: Այսինքն` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի, այն է` Սամսոն Ղազարյանի կողմից Վաղարշակ Տեր-Ղազարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվելու և այլ անձի` Լյուքսեմ Պողոսյանի սեփականության իրավունքի միջև:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 18.06.2010 թվականի վճիռը` Մասիսի շրջանի Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ Սամսոն Ղազարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի մասով, անմիջականորեն վերաբերում է Լյուքսեմ Պողոսյանի իրավունքներին, հետևաբար առկա է իրավունքի մասին վեճ, որն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով դիմումն այդ մասով առանց քննության թողնելու համար:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Լյուքսեմ Պողոսյանի կողմից Դատարանի վճիռը բողոքարկել է միայն Նուբարաշեն Բ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի մասով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է ամբողջությամբ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե'ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միաժամանակ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե'ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի վճռի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել (տե'ս, Ռաֆիկ Նիկողոսյանն ընդդեմ Լավուրիկ Ասլանյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2082/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, Սամսոն Ղազարյանի դիմումը բավարարելով, հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը` 21.01.1993 թվականին մահացած Վաղարշակ Տեր-Ղազարյանը` նույն Վաղարշակ Ղազարյանը, Սամսոն Ղազարյանի հայրն է, 27.03.2003 թվականին մահացած Սուսաննա Ղազարյանը` նույն Սուլթան Ղազարյանը, նրա հարազատ մայրն է, ճանաչել Սամսոն Ղազարյանին Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի և Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Լյուքսեմ Պողոսյանը` որպես գործին մասնակից չդարձված անձ, իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով Դատարանի 18.06.2010 թվականի վճիռը բողոքարկել է մասնակիորեն` Սամսոն Ղազարյանին Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով և պահանջել է դատական ակտը բեկանել մասնակիորեն` միայն այդ մասով:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Լյուքսեմ Պողոսյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել է ամբողջությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները վերաբերում են բացառապես Երևանի Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի մասին ծագած վեճին, մինչդեռ Դատարանի 18.06.2010 թվականի վճռով հաստատվել են նաև մի շարք այլ` իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, որոնց մասով դատական ակտը Լյուքսեմ Պողոսյանի կողմից վերաքննության կարգով չի բողոքարկվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում բացակայում են Դատարանի վճռով հաստատված` վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հետ կապված իրավունքի մասին վեճի առկայության վերաբերյալ հիմքը և հիմնավորումները: Ավելին` վերաքննիչ բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Դատարանի 18.06.2010 թվականի վճիռը` միայն Երևանի Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի նկատմամբ Սամսոն Ղազարյանի կողմից ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով: Հետևաբար Վերաքննիչ դատարանը Լյուքսեմ Պողոսյանի վերաքննիչ բողոքը պետք է վերանայեր բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և բեկաներ միայն վճռի` նրա կողմից բողոքարկված մասը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշված հանգամանքը, և դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` եկել է այն եզրահանգման, որ դիմումն ամբողջությամբ պետք է թողնել առանց քննության, քանի որ առկա է իրավունքի վերաբերյալ վեճ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված` Երևանի Նուբարաշեն (Բ այգետարածքի) 8-րդ թաղամասի թիվ 8 հողակտորի մասով դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանման ենթակա չլինելու մասին փաստարկը հիմնավոր է` վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Սամսոն Ղազարյանի դիմումի` 21.01.1993 թվականին մահացած Վաղարշակ Տեր-Ղազարյանին` նույն Վաղարշակ Ղազարյանին, Սամսոն Ղազարյանի հայրը ճանաչելու, 27.03.2003 թվականին մահացած Սուսաննա Ղազարյանին` նույն Սուլթան Ղազարյանին, նրա հարազատ մայրը ճանաչելու և Սամսոն Ղազարյանին Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատված ճանաչելու պահանջների մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` դատարաններում վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով նկատի ունենալով, որ Սամսոն Ղազարյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի հիմքով նա ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարը, մասնավորապես` վճռաբեկ բողոքի համար 20.000 ՀՀ դրամի չափով Սամսոն Ղազարյանի կողմից վճարված պետական տուրքի գումարը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2015 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի վճիռը` Սամսոն Ղազարյանի դիմումը` 21.01.1993 թվականին մահացած Վաղարշակ Տեր-Ղազարյանին` նույն Վաղարշակ Ղազարյանին, Սամսոն Ղազարյանի հայրը ճանաչելու, 27.03.2003 թվականին մահացած Սուսաննա Ղազարյանին` նույն Սուլթան Ղազարյանին, նրա հարազատ մայրը ճանաչելու և Սամսոն Ղազարյանին Երևանի Շահվերդյան թիվ 15 շենքի 23-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասերով բավարարելու մասերով բեկանելու և այդ մասերով դիմումն առանց քննության թողնելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010 թվականի վճռին:
Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|