Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.22/12(1287) Հոդ.170
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0515/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0515/02/10
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 

 Գ. Կարախանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի` կատարողական թերթերի ներկայացման ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է հարգելի համարել կատարողական թերթերի ներկայացման համար բաց թողնված ժամկետը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2015 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.05.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2015 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 33-րդ, 53-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռով հաստատվել է մի կողմից Բանկի և մյուս կողմից Լիլիթ Հայրապետյանի, Լուսիկ Հակոբյանի և Ռոման Բարսեղյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն՝ վերջիններս պարտավորվել են կատարել Բանկի հանդեպ իրենց վարկային պարտավորությունը մինչև 15.05.2018 թվականը՝ ամսական հավասարաչափ վճարումների ձևով: Մինչդեռ Լիլիթ Հայրապետյանը, Լուսիկ Հակոբյանը և Ռոման Բարսեղյանը ոչ պատշաճ կերպով են կատարել նշված հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունը: Հետևաբար Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթերի կատարման ներկայացնելու ժամկետը պետք է ճանաչվի հարգելի նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պարտապանների կողմից ստանձնած պարտավորության պատշաճ կատարումն ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել նաև, որ տվյալ դեպքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու ժամկետային սահմանափակումը չպետք է բացասական հետևանքներ առաջացնի Բանկի համար, քանի որ հաշտության համաձայնության ստորագրման պահին Բանկը չգիտեր և չէր կարող իմանալ պարտապանների կողմից այդ հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորության խախտման պահը, և, ըստ այդմ, Բանկը չէր կարող կանխատեսել կատարողական թերթերը կատարման ներկայացնելու անհրաժեշտության առաջացման պահը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հարգելի ճանաչել և վերականգնել թիվ ԵԱՔԴ/0515/02/10 կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռով հաստատվել է մի կողմից Բանկի և մյուս կողմից Լիլիթ Հայրապետյանի, Լուսիկ Հակոբյանի և Ռոման Բարսեղյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով վերջիններս պարտավորվել են Բանկին վճարել 6.732.529,90 ՀՀ դրամ՝ 15.06.2013 թվականից մինչև 15.05.2018 թվականը՝ ամսական վճարումների եղանակով: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 02.07.2013 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 116-128, գ.թ. 151-169).

2. Բանկը 18.06.2014 թվականին դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով 31.05.2013 թվականի վճռի հիման վրա կատարողական թերթեր տրամադրելու պահանջով (հատոր 2-րդ, գ.թ. 150).

3. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով 31.05.2013 թվականի վճռի հիման վրա 20.06.2014 թվականին Բանկին տրվել է երեք՝ յուրաքանչյուր պարտապանի մասով առանձին, կատարողական թերթեր (հատոր 2-րդ, գ.թ. 151-169).

4. Բանկը թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով 31.05.2013 թվականի վճռի հիման վրա 20.06.2014 թվականին տրված կատարողական թերթերը կատարման է ներկայացրել 05.05.2015 թվականին, որոնք հարկադիր կատարողի 13.05.2015 թվականի որոշմամբ վերադարձվել են Բանկին՝ կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետը բաց թողնելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման միայն ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտով պարբերական վճարումների համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (...):

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...)։

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և 74-րդ հոդվածով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` (...) եթե լրացել է [կատարողական թերթը] կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (...) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորմանը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վկայակոչված հոդվածի 1-ին մասում առկա «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է նաև վերջիններիս նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (Nօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (Nօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե'ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե'ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

Նախկին որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։

Գործող օրենսդրության պայմաններում նման դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը ևս պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը՝ այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ որոշ դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը կատարողական թերթ տված դատարանի կողմից պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)՝ հաշվի առնելով այդ ժամկետը բաց թողնելու պատճառները։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ նշված կանոնը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,

2) կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու պահին չի լրացել կատարման ենթակա դատական ակտով սահմանված պարտավորության (ների) կատարման համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը,

3) առկա է այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում՝ ուղղված այդ կատարողական թերթը տված դատարանին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պայմանների առկայության դեպքում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jսre) վերականգնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել այդ դատական ակտով պահանջատեր հանդիսացող անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների երաշխավորված իրացումը։ Նման պայմաններում, չի բացառվում նաև պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռով հաստատվել է մի կողմից Բանկի և մյուս կողմից Լիլիթ Հայրապետյանի, Լուսիկ Հակոբյանի և Ռոման Բարսեղյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով վերջիններս պարտավորվել են Բանկին վճարել 6.732.529,90 ՀՀ դրամ՝ 15.06.2013 թվականից մինչև 15.05.2018 թվականը՝ ամսական վճարումների եղանակով: Այսինքն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճիռը, որն ուժի մեջ է մտել 02.07.2013 թվականին, հանդիսանում է պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտ, որի հիման վրա Բանկին 20.06.2014 թվականին տրվել է երեք (յուրաքանչյուր պարտապանի մասով առանձին) կատարողական թերթ: Այդ կատարողական թերթերը Բանկն առաջին անգամ կատարման է ներկայացրել 05.05.2015 թվականին, այսինքն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված մեկամյա ժամկետի ավարտից հետո: Նշված պատճառաբանությամբ հարկադիր կատարողը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթերը 13.05.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է Բանկին:

Դատարանը 10.12.2015 թվականի որոշմամբ մերժել է Բանկի դիմումը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու համար հարգելի պատճառներ առկա չեն:

Վերաքննիչ դատարանը մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 10.12.2015 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ «(...) սույն գործով բացակայում են կատարողական թերթն օրենքով սահմանված ժամկետում կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու վերաբերյալ այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու (...) ժամկետը (...) վերականգնելու համար (...)»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ հետևյալը.

1) Բանկի կողմից 05.05.2015 թվականին կատարման ներկայացված կատարողական թերթերը տրվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը։

2) Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության 7-րդ կետով նախատեսվել է դատական ակտի կամավոր կատարման առաջնահերթություն և միայն այդ պայմանի չկատարման դեպքում է սահմանվել հարկադիր կատարումը։

3) Բանկը՝ որպես պահանջատեր, բաց է թողել այդ կատարողական թերթերն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,

4) Բանկը Դատարանին ներկայացրել է դիմում՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի` որպես պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jսre) վերականգնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել այդ դատական ակտով պահանջատեր հանդիսացող Բանկի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների երաշխավորված իրացումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը նշված պայմանների միաժամանակյա առկայությունը հիմք է հանդիսանում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Բանկի դիմումն իրավունքի ուժով (ex jսre) վերականգնելու համար։ Հետևաբար սույն գործով Բանկի կողմից Դատարան ներկայացված դիմումը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի դիմումը բավարարել՝ վերականգնել թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի վճռի հիման վրա 20.06.2014 թվականին տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան