Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1347
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.22/12(1287) Հոդ.153
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.02.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
14.02.2017
Дата вступления в силу
14.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 փետրվարի 2017 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16 հունվարի 2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրն (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին` Հայաստանի Հանրապետությանը Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետության ու անվտանգության բարելավման համար 44.037.000 եվրո վարկ տրամադրելու նպատակով:

2. Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության տարածքում Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը: Ծրագիրը ներառում է Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի՝ մոտ 51.5 կմ-ի վերակառուցում՝ բարելավված ճանապարհային ծածկույթով, անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցներով և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (Ծրագրի իրականացման մարմին) ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Ծրագրի իրականացման ուղղությամբ աջակցություն։ Ծրագիրը պետք է ներառի խորհրդատվական ծառայությունների ապահովում շինարարության վերահսկման, Ծրագրի կառավարման, Ծրագրի աուդիտի, անվտանգության միջոցառումների իրականացմանն ուղղված աջակցության, պայմանագրի կառավարման, գնումներին ուղղված աջակցության, ճանապարհային անվտանգության և վերապատրաստումների համար:

3. Ըստ Վարկային համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը համաձայնում է Ասիական զարգացման բանկի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քառասունչորս միլիոն երեսունյոթ հազար եվրո (44.037.000 եվրո) (այսուհետ` Վարկ): Վարկն ունի հիմնական գումարի 22 տարի մարման ժամկետ և արտոնյալ ժամանակահատված` մինչև 2032թ. մայիսի 15-ը: Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Ասիական զարգացման բանկին վճարել տոկոսադրույք առհանված և չվճարված Վարկի մայր գումարի մասով (հոդված II, բաժին 2.02),

- Վարկային համաձայնագրի ժամկետից 60 օր հետո՝ կիսամյակային կտրվածքով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, վճարել տարեկան 0.15%-ի չափով պարտավճար, որը հաշվարկվում է Վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ առհանված գումարները) (հոդված II, բաժիններ 2.03 և 2.04),

- սկսած 2032թ. մայիսի 15-ից մինչև 2038թ. նոյեմբերի 15-ը` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին մարել Վարկի հաշվից առհանված Վարկի մայր գումարը՝ 2032թ. մայիսի 15-ից մինչև 2038թ. մայիսի 15-ը 7.142857%, իսկ 2038թ. նոյեմբերի 15-ին 7.142859% մասնաբաժիններով (հոդված II, բաժին 2.05, Առդիր 2, կետ 1),

- վարկային միջոցներն օգտագործել Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01),

- Ասիական զարգացման բանկի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող առարկաները գնել կամ ձեռք բերել Վարկային համաձայնագրի Առդիր 4-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող առարկաներն օգտագործել բացառապես Ծրագրի իրականացման նպատակով (հոդված III, բաժիններ 3.03 և 3.04),

- ապահովել Ծրագրի իրականացումը պատշաճ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ և տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման ընդունելի գործընթացներին համապատասխան, ինչպես նաև Ծրագիրն իրականացնելիս և Ծրագրի կառույցները շահագործելիս կատարել կամ նպաստել Վարկային համաձայնագրի Առդիր 5-ում նախատեսված պարտականությունների կատարմանը (հոդված IV, բաժին 4.01),

- Վարկային միջոցներից զատ՝ Ասիական զարգացման բանկի համար ընդունելի պայմաններով ապահովել ֆինանսական միջոցների, կառույցների, ծառայությունների, հողի և այլ անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը՝ Ծրագիրը և Ծրագրի կառույցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու նպատակով (հոդված IV, բաժին 4.02),

- կիրառելիության դեպքում, Ծրագիրն իրականացնելիս, ապահովել Ասիական զարգացման բանկի համար ընդունելի` իրազեկ և բարձր որակավորում ունեցող խորհրդատուների և կապալառուների ներգրավումը՝ Հայաստանի Հանրապետությանը և Ասիական զարգացման բանկին բավարարող չափով և պայմաններով (հոդված IV, բաժին 4.03, կետ «ա»),

- ապահովել Ծրագրի իրականացումը` Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի համար ընդունելի պլանների, նախագծման ստանդարտների, տեխնիկական բնութագրերի, աշխատանքային Առդիրների և շինարարության մեթոդների համաձայն, և Ասիական զարգացման բանկին տրամադրել այդ պլանները, նախագծման ստանդարտները, տեխնիկական բնութագրերը, աշխատանքային Առդիրները և դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ նյութն անմիջապես դրանք մշակելուց հետո և Ասիական զարգացման բանկի կողմից ողջամտորեն պահանջվող մանրամասնությամբ (հոդված IV, բաժին 4.03, կետ «բ»),

- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացմանը և Ծրագրի կառույցների շահագործմանն առնչվող վարչությունների և գործակալությունների գործունեությունն իրականացվի և համակարգվի վարչարարական ճիշտ քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան (հոդված IV, բաժին 4.04),

- ապահովել Ծրագրի կառույցների շահագործումը, սպասարկումը և վերանորոգումը` տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի, զարգացման, շահագործման և սպասարկման՝ գործող սահուն գործընթացների համաձայն (հոդված IV, բաժին 4.07):

Հայաստանի Հանրապետությունը Վարկային համաձայնագրի համաձայն ստանձնել է նաև այլ պարտավորություններ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

14 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1347