ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 փետրվարի 2017 թ. |
1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՂՁՈՒՑԻՉ, ԹՈՒՆԱՎՈՐՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԳԱԶԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված` Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 23.01.2017թ. Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրությունն (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում՝ պատերազմի ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի և բոլոր համանման հեղուկների, նյութերի կամ սարքերի օգտագործման արգելքի նպատակով:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ընդունել պատերազմի ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի և բոլոր համանման հեղուկների, նյութերի կամ սարքերի օգտագործման արգելքը, համաձայնել տարածել այս արգելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա և համաձայնել այլ Պայմանավորվող կողմերի նկատմամբ պարտավորված լինել Արձանագրությամբ կատարված հայտարարության պայմանների համաձայն,
● ձեռնարկել բոլոր ջանքերը հորդորելու այլ պետություններին միանալու Արձանագրությանը,
● Արձանագրության վավերագրերը հասցեագրել Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:
3. 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված` Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված` Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 14 փետրվարի 2017 թվականի ՍԴՈ-1345
Գ. Հարությունյան