Գլխավոր տեղեկություն
Номер
N 90-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2017
Дата вступления в силу
07.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2017 թվականի N 90-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ Ի ՇԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ոստիկանություն)`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման N ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր).

2) պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրում պարտադիր նախատեսել դրույթ, ըստ որի՝ համաձայնագրի կնքման պահից Հայաստանի Հանրապետությունն ընկերության նկատմամբ չի ունենում որևէ այլ գույքային (դրամական) պարտավորություն՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ պատճառված վնասի (բաց թողնված օգուտի) հատուցման գումարի.

3) ընկերությունից, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, կատարել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված ու ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքի հավատարմագրային կառավարման աշխատանքների գնում և մինչև 2017 թվականի փետրվարի 15-ը կնքել գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր:

2. Սահմանել, որ`

1) պայմանագրի դադարման արդյունքում, որպես պատճառված վնասի (բաց թողնված օգուտի) հատուցում՝ ընկերությանը ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրով արտաբյուջետային հաշվի միջոցներից վճարվում է 2500000000 դրամ, որից շահութահարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման.

2) ոստիկանությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարն ընկերության բանկային հաշվեհամարին է փոխանցում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը` կողմերի ստորագրությամբ հաստատված վճարման ժամանակացույցի համաձայն:

3. Գույքի հավատարմագրային կառավարիչն ունի գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով նախատեսված վարձատրության, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու իրավունք՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումներից, որից՝

1) հատուցում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերի չափով.

2) վարձատրություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումների և նշված հատուցման գումարների տարբերության 10 տոկոսի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

3) գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որևէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված՝ այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով.

4) գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի էական պայմանները նախատեսվում են գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 6

Երևան