Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2017-05.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.24/18(1293) Հոդ.296
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2017
Дата вступления в силу
03.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի ու Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության Անվտանգության կանոնակարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի 29-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «կատարում տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ» բառերով,

բ. «է» ենթակետից հանել «իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագրի մշակման և պահպանման միջոցառումներ,» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 16-ի N 274-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) N 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ) կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» (այսուհետ՝ կանոնակարգ) (Դոկ. 30) փաստաթղթի դրույթների հիման վրա:

2. Ծրագրի նպատակներն են՝

1) ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի չափորոշիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող միջոցառումների որակի համապատասխանությունն ապահովելը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ՝ ազգային ծրագիր) արդյունավետ իրականացումը գնահատելը և հավաստիանալը, որ ավիացիոն անվտանգության միջոցառումները և ընթացակարգերն իրականացվում են շարունակական սկզբունքով՝ ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան (այսուհետ՝ համապատասխանություն).

3) ավիացիոն անվտանգության չափորոշիչների և ընթացակարգերի թերությունները հայտնաբերելը և դրանց վերացումն ապահովելը.

4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում բարելավում պահանջող ոլորտները բացահայտելը և պետական վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններին խորհրդատվություն ու փորձագիտական օգնություն տրամադրելը:

3. Ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող որակի հսկողության աշխատանքների ընթացքում ստուգվում են ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ նաև ավիացիոն անվտանգության ոլորտում վարվող քաղաքականության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին:

4. Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպություններում և ավիացիոն այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումները հնարավորինս պետք է լինեն համապարփակ և պետք է ընդգրկեն ազգային ծրագրով տվյալ կազմակերպությունների նկատմամբ սահմանված միջոցառումները:

5. Ծրագրի դրույթները տարածվում են միջազգային և ներքին օդային փոխադրումներն սպասարկող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների վրա:

6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների պարբերական իրականացումը նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը, ստուգելու օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի սպասարկման գործընթացի անվտանգության մակարդակը, գնահատելու կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության ընթացակարգերը, բացահայտելու դրանցում առկա թերություններն ու խոցելի կետերը:

7. Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի որակի հսկողության վերաբերյալ դրույթների և սահմանված չափորոշիչների փոփոխությունների դեպքում դրանց համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ծրագրում:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է (այսուհետ` գլխավոր վարչություն), որը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով իրականացնում է պետական վերահսկողություն՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների (այսուհետ՝ միջոցառում) միջոցով։

9. Ծրագրի 8-րդ կետում նշված՝ պետական վերահսկողություն իրականացնող գլխավոր վարչության համապատասխան աշխատողները պետք է ունենան որակի հսկողության մասով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) և (կամ) ԵԿԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցության և որակավորումը հավաստող սերտիֆիկատ։ Դրա հիման վրա գլխավոր վարչության կողմից տվյալ աշխատողներին թույլատրվում է իրականացնել ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ, դիտարկումներ։

10. Միջոցառումների իրականացման ընթացքում ուսումնասիրվում են՝

1) ստուգման ենթակա կազմակերպության կառուցվածքը.

2) օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից մշակված և ներդրված ավիացիոն անվտանգության ծրագրերը.

3) ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և որակի հսկողության ներքին միջոցառումների իրականացումը.

4) անձնակազմի ուսուցումը և վերապատրաստումը.

5) օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող անձանց զննման միջոցառումները, փոքր ավիացիային և օդանավակայանի ենթակառուցվածքներին վերաբերող միջոցառումները.

6) վտանգի գնահատման, սպառնալիքի մակարդակի բարձրացման և ռիսկային չվերթերի ժամանակ անվտանգության հատուկ միջոցները.

7) անօրինական միջամտության գործողությունների հետ կապված պատասխան գործողությունների պատրաստականության վիճակը.

8) ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող աշխատողներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը.

9) օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով շահագործվող սարքավորումների աշխատունակության վիճակը և համապատասխանությունը:

11. Գլխավոր վարչության կողմից մշակվում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների իրականացման տարեկան ծրագիր-ժամանակացույց՝ հաշվի առնելով կազմակերպությունների աշխատակարգը, գործունեության ծավալները, օդանավերի չվերթերի հաճախականությունը, թռիչքների առավել ծանրաբեռնված ժամանակահատվածները, ուղևորների, ուղեբեռների, բեռների փոստի կամ օդանավ տարվող սննդի հետ կապված ավիացիոն անվտանգության աշխատանքների ծավալները, ռիսկային չվերթերի առկայությունը, դրանց ժամերը, որակի հսկման ներքին միջոցառումների արդյունքները, նախորդ տարիների ընթացքում անվտանգության ոլորտում տեղի ունեցած պատահարների մասին հաշվետվությունները, գլխավոր վարչության և միջազգային կազմակերպությունների կողմից որակի հսկողության մասով նախորդ միջոցառումների տվյալները, նախորդ տարիների ընթացքում օդանավակայանի գործունեության, օդանավերի թռիչքների, ավիացիոն անվտանգության ապահովման համար նոր սարքավորումների ներդրման և շահագործման հետ կապված փոփոխությունները:

12. Քաղաքացիական ավիացիայի համակարգ անօրինական միջամտության դեպքում ավիացիոն անվտանգության համակարգի աուդիտը, տեսչական գործառույթները, փորձարկումը, ուսումնասիրություններն ու դիտարկումներն անհապաղ դադարեցվում են՝ դրա մասին անմիջապես տեղեկացնելով գլխավոր վարչությանը:

 

II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԱՈՒԴԻՏՆԵՐԸ

 

13. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աուդիտը համակարգի համապատասխանության անկախ գնահատում է, որը լինում է համալիր և թեմատիկ:

14. Համալիր աուդիտներն իրականացվում են կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի բոլոր պահանջների մանրամասն ուսումնասիրման նպատակով: Համալիր աուդիտների միջոցով ստուգվում են՝

1) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի դրույթների շարունակական հիմքով կիրառումը.

2) կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի պահանջներին:

15. Թեմատիկ աուդիտներն իրականացվում են հաստատելու համար օդանավակայանի, օդանավ շահագործողի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասի դրույթների համապատասխանությունն ազգային ծրագրի՝ այդ մասին վերաբերող պահանջներին:

16. Ավիացիոն անվտանգության աուդիտներն իրականացվում են գլխավոր վարչության պետի հրամանով՝ ծրագրի 9-րդ կետով սահմանված անձանց ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով:

17. Անվտանգության աուդիտի անցկացման մեթոդաբանությունը ներառում է գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) ծանուցում անվտանգության աուդիտ անցկացնելու մասին և անհրաժեշտության դեպքում նախաաուդիտային հարցաշարի տրամադրում.

2) նախապատրաստական փուլ՝ ներառյալ լրացված նախաաուդիտային հարցաշարի և այլ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրումը.

3) նախնական խորհրդատվություն կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախքան տեղում միջոցառումների մեկնարկը.

4) տեղում անցկացվող գործողություններ.

5) հետաուդիտային խորհրդատվություն և հաշվետվություն.

6) թերությունների հայտնաբերման դեպքում դրանց վերացման գործողությունների պլան և այդ գործողությունների նկատմամբ համապատասխան վերահսկումը:

18. Անվտանգության միջոցառումների իրականացումը հաստատելու համար աուդիտի անցկացումը պետք է հիմնվի տեղեկությունների հավաքման վրա՝ հետևյալ եղանակներից մեկի կամ մի քանիսի միջոցով՝

1) փաստաթղթերի ստուգում.

2) դիտարկումներ.

3) հարցազրույցներ.

4) փաստաթղթերի վավերականության ստուգում:

19. Ծրագրի 13-րդ կետով սահմանված աուդիտները կազմակերպություններում իրականացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

20. Աուդիտի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

III. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

21. Տեսչական գործառույթներն իրականացվում են կազմակերպությունների կողմից որոշակի ժամանակահատվածի ընթացքում ավիացիոն անվտանգության գործող համակարգի և ընթացակարգերի մեկ կամ միմյանց հետ սերտորեն փոխկապակցված մի քանի ընթացակարգերի իրականացման համապատասխանությունը հաստատելու համար:

22. Տեսչական գործառույթներն իրականացվում են առանց նախնական ծանուցման: Տեսչական գործառույթների իրականացման մեթոդաբանության մեջ ներառվում են գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) տեսչական խմբի նախապատրաստական փուլը և պլանի կազմումը.

2) տեսչական գործառույթի ստուգաթերթերի լրացումը.

3) արդյունքների քննարկումը տեսչական գործառույթի ավարտին.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) թերությունների վերացման գործընթացը և դրա վերահսկումը:

23. Տարեկան ավելի քան երկու միլիոն ուղևոր երթևեկության ծավալ ունեցող օդանավակայաններում տեսչական գործառույթներն իրականացվում են առնվազն յուրաքանչյուր տասներկու ամիսը մեկ անգամ՝ կանոնակարգի համաձայն, եթե այդ ժամանակահատվածում օդանավակայանում չի անցկացվել տվյալ հատվածի թեմատիկ աուդիտ:

24. Յուրաքանչյուր տեսչական գործառույթի իրականացման համար կազմվող պլանը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) որակի հսկողության միջոցառման տեսակը և նպատակը.

2) կազմակերպության անվանումը, գործունեության բնույթը, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող աշխատողների թիվը, պաշտոնները, ավիացիոն անվտանգության մասով պահանջվող այլ տեղեկատվություն.

3) միջոցառման վայրը, ամսաթիվը և ժամանակը.

4) աշխատանքային խմբի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները.

5) աշխատանքների կատարման ժամանակացույցը.

6) կազմակերպության ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու անձի անունը, պաշտոնը և աշխատավայրի հեռախոսահամարը:

25. Տեսչական գործառույթն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով՝ ծրագրի 9-րդ կետով սահմանված անձանց ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։ Տեսչական գործառույթն իրականացվում է ծրագրի N 1 ձևով սահմանված ստուգաթերթով և ավիացիոն անվտանգության տվյալ ոլորտի հսկիչ ստուգաթերթով, որը հաստատվում է գլխավոր վարչության պետի հրամանով:

26. Տեսչական գործառույթի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

IV. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

27. Փորձարկումը քաղաքացիական ավիացիայի ոլորտի ավիացիոն անվտանգության համակարգի թեստավորումն է, որի դեպքում, կիրառելով կեղծ (ենթադրյալ) անօրինական միջամտության գործողություններ, անցագրային վերահսկողության և օբյեկտների պահպանության կանոնների կեղծ խախտումներ, ստուգվում է գոյություն ունեցող անվտանգության համակարգերի արդյունավետությունն ու կիրառելիության համապատասխանությունը:

28. Փորձարկումներն իրականացվում են առնվազն հետևյալ անվտանգության միջոցառումների իրականացման արդյունավետությունն ստուգելու համար՝

1) օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքերի հսկողություն.

2) օդանավի պաշտպանություն.

3) ուղևորների և ուղեբեռի զննում.

4) աշխատողների և նրանց ձեռքի իրերի զննում.

5) ուղեբեռի պաշտպանություն.

6) փոխադրվող բեռների և փոստի զննում.

7) փոխադրվող բեռների և փոստի պաշտպանություն:

29. Փորձարկման մեթոդաբանությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով իրավական, անվտանգության և շահագործման պահանջները: Փորձարկման մեթոդաբանության մեջ ներառվում են գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները՝

1) նախապատրաստման փուլը.

2) տեղում անցկացվող գործողությունների փուլը.

3) քննարկման փուլը.

4) հաշվետվությունը ներկայացնելու փուլը.

5) շտկման գործընթացը և դրա վերահսկումը:

30. Փորձարկումների տեսակներն են՝

1) օդանավակայանի վերահսկելի գոտու մուտքի թույլտվության անվավեր փաստաթղթի օգտագործում պայմանական խախտողի կողմից.

2) պայթուցիկ սարքերի, հրազենի, դանակների և գործիքների նմանակների պայմանական տեղափոխում ուղեբեռում, բեռում կամ ձեռքի իրերում՝ նպատակ ունենալով ստուգելու տեխնիկական միջոցներով աշխատող անվտանգության օպերատորների մասնագիտական ունակությունները.

3) պայմանական իրերն օդանավակայանի զննման կետերում, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում և ուղևորների սպասասրահներում դիտավորյալ թողնելը, որը նպատակ ունի գնահատելու ավիացիոն անվտանգության աշխատողների արձագանքը նման իրերի՝ որպես անվտանգությանը հնարավոր սպառնալիքի միջոցի նկատմամբ.

4) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների մուտքի փորձարկումը:

31. Ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանի հիման վրա, որում պարտադիր նշվում են՝

1) փորձարկումն իրականացնող ավիացիոն անվտանգության մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ներգրավված այլ անձանց (այդպիսինների առկայության դեպքում) անուններն ու ազգանունները, նույնականացման տվյալները.

2) իրականացվող փորձարկման տեսակը, նպատակը և միջոցները.

3) փորձարկման անցկացման վայրը և ժամանակը:

32. Իրականացված փորձարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են փորձարկմանը մասնակցող բոլոր մասնակիցները:

33. Փորձարկումն իրականացնող ավիացիոն անվտանգության մասնագետը պատասխանատու է փորձարկման իրականացման համար. այն պետք է անցկացվի գործող օրենսդրության շրջանակներում և չպետք է սպառնա մարդկանց կյանքին ու առողջությանը, օդանավերի և օբյեկտների անվտանգությանը, խուճապ չառաջացնի ուղևորների մոտ, վնասներ չպատճառի սեփականատիրոջ գույքին և պետք է իրականացվի մշտական հսկողության պայմաններում:

 

V. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

34. Ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվում են անվտանգության ոլորտում կիրառվող որևէ միջոցառման արդյունավետության և խոցելիության մակարդակի բացահայտման համար՝ այդ նպատակով կատարելով օդանավակայանի կամ օդանավ շահագործողի գործունեության գնահատում:

35. Ուսումնասիրություններն ու դիտարկումներն անցկացվում են բոլոր այն դեպքերում, երբ գլխավոր վարչությունը հիմնավոր պատճառներ ունի վերագնահատելու աշխատանքների որակը՝ խոցելիության աստիճանը որոշելու և այն նվազեցնելու համար: Խոցելի կողմերի հայտնաբերման դեպքում գլխավոր վարչությունը մշակում է վտանգին համաչափ պաշտպանական միջոցառումների ծրագիր, որն իրականացվում է կազմակերպության կողմից:

36. Իրականացված ուսումնասիրության և դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է դրանք իրականացնող պաշտոնատար անձանց կողմից։

 

VI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Հաշվետվությունն անցկացված աուդիտի և (կամ) տեսչական գործառույթների արդյունքներն ամփոփող գրավոր փաստաթուղթ է, որը ներառում է միջոցառման իրականացման գործընթացի ամբողջ ժամանակաշրջանը և ավիացիոն անվտանգության մասով ուսումնասիրման ենթարկված ոլորտների բնութագրերը:

38. Հաշվետվությունը ներառում է`

1) ներածական մասը.

2) միջոցառման տեսակը, անցկացման վայրը, ամսաթիվը և ժամանակահատվածը.

3) միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.

4) միջոցառմանը ենթակա ավիացիոն անվտանգության ոլորտները.

5) ազգային ծրագրի դրույթներին համապատասխանության աստիճանը.

6) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները՝ ըստ ծրագրի 39-րդ կետում նշված գնահատման սանդղակի.

7) աշխատանքային խմբի եզրակացությունը և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ (եթե այդպիսիք կան).

8) թերությունների վերացման ընդունելի ժամկետները (եթե այդպիսիք կան):

39. Աշխատանքային խմբի կողմից աուդիտի և (կամ) տեսչական գործառույթի արդյունքների հիման վրա համապատասխանության համգամանքները դասակարգվում են ավիացիոն անվտանգության ոլորտում ԻԿԱՕ-ի Տեսչական ստուգումների համընդհանուր ծրագրով գործող հետևյալ սանդղակով՝

1) 1-ին կարգ՝ համապատասխանում է.

2) 2-րդ կարգ՝ համապատասխանում է, սակայն ունի շտկման ենթակա թերություններ.

3) 3-րդ կարգ՝ չի համապատասխանում.

4) 4-րդ կարգ՝ չի համապատասխանում պահանջներին և ունի շտկման ենթակա լուրջ թերություններ.

5) 5-րդ կարգ՝ չի կիրառվում.

6) 6-րդ կարգ՝ հաստատված չէ:

40. Հաշվետվությունը կազմվում և ներկայացվում է կազմակերպություն՝ աուդիտի և (կամ) տեսչական գործառույթի ավարտից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կազմակերպությունը քննարկում և, անհրաժեշտության դեպքում, իր դիրքորոշումը և պարզաբանումները ներկայացնում է գլխավոր վարչություն` հաշվետվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո արդյունքներն ամփոփվում և 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են գլխավոր վարչության պետին։ Գլխավոր վարչության պետի մոտ հաշվետվությունը քննարկելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կազմակերպության կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների վերացման ուղղիչ գործողութունների պլան և ներկայացվում գլխավոր վարչություն։

 

VII. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

41. Թերությունների վերացման ուղղիչ գործողությունների պլանը ներառում է իրականացման ենթակա գործողության հստակ նկարագիրը և կատարման ժամկետները:

42. Գլխավոր վարչությունն իրականացնում է շարունակական վերահսկողություն ավիացիոն անվտանգության համակարգի որակի հսկողության միջոցառումների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքային խմբի արձանագրմամբ տեղում վերացված թերությունների հետագա կրկնելիությունը բացառելու նկատմամբ:

43. Ուղղիչ գործողությունների պլանի կատարումը վերահսկվում է գլխավոր վարչության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Ավիացիոն անվտանգության
որակի հսկողության ստուգման թերթիկ

(սահմանափակ տարածման)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի

 20  թ. …….  …-ի N…….-Ա հրաման

Անցկացման ամսաթիվը 

 

 

Կնիքի տեղը

  Ստուգման ոլորտը

Ավիացիոն անվտանգություն

(անվտանգության համակարգի տեսչական ստուգումներ, լայնածավալ ստուգումներ, վերահսկողություն և դիտարկումներ)

Ստուգվող ընկերությունը  

Հանձնաժողովի անդամները


____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
____________________________________ _____________________
 (պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)  
 

Հարցի համարը

Հարցաշարը

  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

1.

Օրինակ՝ Մշակվա՞ծ է արդյոք և ավիացիոն անվտանգության ծրագիր կիրառվում է ընկերությունում:

 


Համապատասխանում է:
Համապատասխանում է, սակայն ունի շտկման ենթակա թերություններ:
Չի համապատասխանում:
Չի համապատասխանում պահանջներին և ունի շտկման ենթակա լուրջ թերություններ:
Չի կիրառվում:
Հաստատված չէ:

Տեսչական խմբի դիտողությունները -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------