Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1335
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.01/7(1282) Հոդ.83
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
24.01.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
24.01.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 հունվարի 2017թ.


2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Երևանում:

2. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) կողմից անհրաժեշտ հսկողության իրականացման նպատակով:

Համաձայնագիրը գործում է Պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքը Կողմերի կողմից օգտագործելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

3. Ըստ Համաձայնագրի՝ Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմն իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում վերջինիս հսկողությունն իրականացնելու համար (1-ին հոդվ.):

4. Համաձայնագրի իրագործման համար Կողմերի լիազորված մարմիններն են՝ Հայկական կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ռուսական կողմից՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը: Համաձայնագրի իրագործման համար Հայաստանի Հանրապետության լիազորված կազմակերպություններն են՝ պետական կառավարման հանրապետական այն մարմինները, որոնք իրենց կազմում ունեն զորքեր և զինվորական կազմավորումներ, ռազմական նշանակության արտադրանքի հետ կապված գործունեություն իրականացնելու հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունեցող, ինչպես նաև յուրահատուկ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) նկատմամբ արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքի վկայականներ ունեցող կազմակերպությունները (4-րդ հոդվ.):

5. Մատակարարող Կողմի լիազորված մարմնի ներկայացուցիչը և (կամ) լիազորված կազմակերպության ներկայացուցիչն իրավունք ունեն (ունի) ներկա գտնվելու սույն Պայմանագրի շրջանակներում կնքված կոնտրակտներով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի դուրսգրման, ոչնչացման (օգտահանության) ժամանակ (5-րդ հոդվ.):

6. Ըստ Համաձայնագրի՝ մատակարարող Կողմի լիազորված մարմինը հսկողության իրականացման նպատակով նախապես դիվանագիտական ուղիներով հսկողություն իրականացնելու մասին հայտ է ներկայացնում մյուս Կողմի լիազորված մարմնին, որում նշվում են հսկողություն իրականացնելու ենթակա ռազմական նշանակության արտադրանքը, դրա իրականացման ժամկետները և հսկողության ընթացքում օգտագործվող տեխնիկական միջոցները (6-րդ հոդվ.):

7. Համաձայնագրով նախատեսվում է հսկողությունն իրականացնել 2002 թվականի նոյեմբերի 5-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների հաշվառմամբ և պահպանելով այն Կողմի օրենսդրությամբ նախատեսված ռեժիմային պահանջները, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը: Հսկողության խմբի անդամները հսկողության իրականացման ժամանակահատվածում պարտավոր են պահպանել այն Կողմի օրենսդրությունը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը (9-րդ հոդվ.):

8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տրամադրել անհրաժեշտ պայմաններ առաքող Կողմին ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար (1-ին հոդվ.),

- հսկողության նպատակով ձևավորել հսկողության խումբ՝ կազմված ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, լիազորված մարմնի և լիազորված կազմակերպության ներկայացուցիչներից (6-րդ հոդվ.),

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը, ռազմական նշանակության արտադրանքը Հայաստանի Հանրապետության տարածք առաքելու պարագայում, չի հրաժարվի հսկողության խմբին ընդունելուց (7-րդ հոդվ., մաս 1),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը, ռազմական նշանակության արտադրանքը Հայաստանի Հանրապետության տարածք առաքելու պարագայում, հսկողություն իրականացնելու մասին հայտը ստանալուց հետո հսկողության իրականացման վայրը, ժամկետները և ընթացակարգերը համաձայնեցնի առաքող Կողմի լիազորված կազմակերպության հետ և դիվանագիտական ուղիներով առաքող Կողմի լիազորված մարմնին ուղարկի հսկողության իրականացման հնարավորության հաստատում (7-րդ հոդվ., մաս 2),

- ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (8-րդ հոդվ.),

- Հայաստանի Հանրապետության հսկողության խմբի անդամների կողմից հսկողության իրականացման ժամանակահատվածում պահպանել մյուս Կողմի օրենսդրությունը, որի տարածք առաքվում է ռազմական նշանակության արտադրանքը (9-րդ հոդվ.),

- իր միջոցների հաշվին ֆինանսավորել հսկողության իրականացման հետ կապված ծախսերը, եթե առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ հսկողության խմբի անդամների կեցության, սննդի, տրանսպորտային և միջազգային (միջքաղաքային) կապի միջոցների օգտագործման հետ կապված ծախսերի վճարումը հսկողության իրականացման ընթացքում կատարել ստացող Կողմի ներքին գներով ներկայացված հաշիվների հիման վրա, (10-րդ հոդվ.) և այլն:

9. Ըստ Համաձայնագրի՝ հսկողության իրականացման արդյունքները ձևակերպվում են երկկողմանի ակտով, որտեղ նշվում են՝ հսկողության խմբի անհատական կազմը և այն Կողմի ներկայացուցիչների ցանկը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա իրականացվում է հսկողություն, հսկողության օբյեկտները, իրականացման ժամկետները և արդյունքները:

Ակտը կազմվում է երկու հավասարազոր օրինակից, ստորագրվում է հսկողության խմբի անդամների կողմից և այն Կողմի լիազորված մարմնի ու լիազորված կազմակերպության ներկայացուցիչների կողմից, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը (12-րդ հոդվ.):

Համաձայնագրով նախատեսվում է, որ առաքված ռազմական նշանակության արտադրանքի ոչ նպատակային օգտագործման կամ դրա բացակայության հաստատված և ակտի մեջ գրանցված փաստերը հիմք են հանդիսանում կոնտրակտների համապատասխան դրույթների կիրառման, ինչպես նաև նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված միջոցների մշակման վերաբերյալ Կողմերի լիազորված մարմինների կողմից խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման համար (13-րդ հոդվ.):

10. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Համաձայնագրում հղում է կատարվում 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրին, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 4-ին` ԱԺՈ-098-Ն որոշմամբ, ինչպես նաև 2002 թվականի նոյեմբերի 5-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրին, որը վավերացվել է ՀՀ Նախագահի 2003 թվականի հունվարի 9-ի ՆՀ-1255-Ն հրամանագրով և ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 23-ից:

Ընդ որում, քննության առարկա Համաձայնագրի կնքումը բխում է հատկապես «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ին կնքված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի 9-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի.

«…Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմն իրավունք ունի վերջինիս առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու, որի կարգը Կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Այն Կողմը, որին սույն Պայմանագրի շրջանակներում մատակարարվել է ռազմական նշանակության արտադրանք, այդ արտադրանքը մատակարարող Կողմի համար ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար»:

11. Վաճառվող զենքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու ինստիտուտի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինս բխում է ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված մի շարք իրավական ակտերում (1991թ. դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 46/36H հռչակագրում, «Զենքի միջազգային առևտրի մասին» ՄԱԿ-ի 2013թ. պայմանագրում, 2000 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակակիրների կողմից առաջարկված և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված` «Զենքի մատակարարման վարքագծի միջազգային օրենսգիրք» վերտառությամբ փաստաթղթում) ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից, ինչի դեպքում միայն պետությունները պետք է իրականացնեն զենքի վաճառքի գործարքները:

Միաժամանակ, միջազգային իրավունքում ամրագրված սկզբունքների վերլուծությունը վկայում է, որ վաճառող պետության կողմից վաճառված զենքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը պետք է հետապնդի հետևյալ նպատակները.

ա/ զերծ մնալ զենքի վաճառքից, եթե.

- նման վաճառքը կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված և պետության կողմից ստանձնված պարտավորությունները, մասնավորապես զենքի էմբարգոները,

- նման վաճառքը կխախտի միջազգային համաձայնագրերով պետության կողմից ստանձնված այն պարտավորությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են սովորական սպառազինության փոխանցմանը կամ դրա անօրինական շրջանառության կանխմանը,

- վաճառքի մասին որոշում կայացնելու պահին վաճառող պետությունը հավաստի տեղեկացված է, որ այդ զենքը կամ ռազմամթերքն օգտագործվելու է ցեղասպանության ակտ, մարդկության դեմ կատարվող հանցագործություն, 1949թ. Ժնևյան կոնվենցիաների լրջագույն խախտումներ, քաղաքացիական օբյեկտների կամ քաղաքացիական բնակչության վրա /որոնք որպես այդպիսիք պաշտպանության տակ են/ հարձակվելու կամ միջազգային համաձայնագրերով սահմանված այլ ռազմական հանցագործություններ կատարելու նպատակով,

բ/ եթե բացակայում են զենքի վաճառքի համար խոչընդոտ հանդիսացող վերոհիշյալ հանգամանքները՝ ղեկավարվելով վաճառող պետության հսկողական ազգային համակարգով, օբյեկտիվ և անխտրական կերպով գնահատել հավանականությունը, թե արդյո՞ք զենքը և զինամթերքը`

- կնպաստի խաղաղությանը և անվտանգությանը, թե` կվնասի դրանց,

- կարող է օգտագործվել հումանիտար իրավունքի խախտմանն ուղղված հանցագործության կատարմանը կամ դրա աջակցմանը, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի լրջագույն խախտմանը կամ դրա աջակցմանը, միջազգային կոնվենցիաներով կամ ահաբեկչության մասին, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների մասին արձանագրություններով հանցագործություն համարվող գործողությունների կատարմանը կամ դրանց աջակցմանը:

Քննության առարկա Համաձայնագրի շրջանակներում, քանի որ այլ պարզաբանումներ առկա չեն, Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը` «նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն» դրույթի առնչությամբ, դիտարկում է միջազգային իրավունքի վերոնշյալ սկզբունքների համատեքստում:

12. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քննության առարկա Համաձայնագրում «մատակարարող կողմ» հասկացությունը վերաբերելի է առևտրական գործարքի արդյունք հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի «վաճառող կողմ», «առաքող կողմ», իսկ «մատակարարվում է», «մատակարարված», «մատակարարվող» հասկացությունները վերաբերելի են «առաքվում է», «առաքված», «առաքվող» հասկացություններին: Հասկացութային այս մոտեցումն է առկա նաև քննության առարկա Համաձայնագրի ռուսերեն տարբերակում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

24 հունվարի 2017 թ.

ՍԴՈ-1335