Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1349
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.09/15(1290) Հոդ.216
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.02.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
28.02.2017
Дата вступления в силу
28.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 փետրվարի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի օգոստոսի 12-ին Բրազիլիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության (Կողմեր) միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի օգոստոսի 12-ին՝ Բրազիլիայում:

Համաձայնագրի նպատակն է Կողմերի նախանշած գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումը:

Համաձայնագրի ներքո տեխնիկական համագործակցության ծրագրերը և նախագծերը կիրականացվեն լրացուցիչ համաձայնագրերի միջոցով:

Կողմերը համատեղ կամ առանձին կֆինանսավորեն իրենց հաստատած ծրագրերը, նախագծերը և գործողությունները և կարող են անհրաժեշտ ֆինանսավորում ներգրավել միջազգային կազմակերպություններից, հիմնադրամներից, տարածաշրջանային ու միջազգային ծրագրերից և այլ դոնորներից:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) երաշխավորել, որ Համաձայնագրի իրականացման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, տեղեկությունները և այլ տվյալները հասանելի չլինեն կամ չփոխանցվեն երրորդ կողմերի` առանց բրազիլական կողմի գրավոր համաձայնությունը նախապես ստանալու,

բ) փոխադարձության սկզբունքի հիման վրա բրազիլական կողմի նշանակած անձնակազմին, ինչպես նաև նրանց խնամառուներին, եթե այդպիսիք կան, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն կամ օտարերկրացիներ են, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք ունեն, Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց պարտականություններն իրականացնելու համար՝

- տրամադրել դիվանագիտական ուղիներով հայցված վիզաներ` Հայաստանի Հանրապետությունում կիրառելի կանոններին համապատասխան.

- ազատել անձնական իրերի նկատմամբ գանձվող` ներմուծման հարկերից և այլ տուրքերից կեցության առաջին վեց ամսվա ընթացքում` բացառությամբ այն հարկերի, որոնք վերաբերում են սկզբնական բնակեցման համար նախատեսված` պահեստավորման, փոխադրման կամ նմանատիպ այլ ծառայություններին, երբ Հայաստանի Հանրապետությունում օրինական մնալու ժամանակահատվածը գերազանցում է մեկ տարին, ինչպես նաև տրամադրել նույն ազատումը և սահմանափակումները, երբ հիշյալ ապրանքները վերաարտահանվում են.

- ազատել Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատավարձերից գանձվող եկամտահարկից, եթե անձն աշխատանքի է ընդունվում բրազիլական կողմի հաստատությունների կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության հաստատությունների կողմից վճարվող վարձատրության կամ օրապահիկի դեպքում կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.

- տրամադրել անձեռնմխելիություն Համաձայնագրի ներքո ի պաշտոնե կատարած ցանկացած գործողության կապակցությամբ դատական հետապնդումից.

- ճգնաժամային իրավիճակում տրամադրել հայրենիք վերադառնալու միջոցներ,

գ) այն ապրանքները, սարքավորումները և այլ իրերը, որոնք Համաձայնագրի ներքո ծրագրերի, նախագծերի և գործողությունների իրականացման նպատակով տրամադրել է բրազիլական կողմը, համապատասխան լրացուցիչ համաձայնագրերով սահմանված կարգով, ազատել արտահանման և ներմուծման հարկերից, տուրքերից և այլ գանձումներից` բացառությամբ մաքսային գանձումների, պահեստավորման, փոխադրման և հարակից այլ ծառայությունների դիմաց վճարների,

դ) երաշխավորել, որ Համաձայնագրի շրջանակում ծրագրերի, նախագծերի և գործողությունների իրականացման համար ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունը կրի այդ ապրանքների մաքսազերծման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են ամրապնդելու Կողմերի ժողովուրդների բարեկամական կապերը և զարգացնելու տեխնիկական առաջընթացին նպաստող համագործակցությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի օգոստոսի 12-ին Բրազիլիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1349