ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայրենական գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունները պետականորեն գնահատելու և հիշյալ բնագավառի ստեղծագործողներին խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառի բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների համար, հետևյալ համամասնությամբ`
ա) գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ.
բ) երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ.
գ) կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.
դ) թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.
ե) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում (ինքնուրույն նախագծով և ավարտված շինության կամ համալիրի համար)` մեկ մրցանակ:
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով:
3. Հաստատել գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:
4. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերի մասում սահմանված կարգով նախատեսում է համապատասխան միջոցներ:
(4-րդ կետը խմբ. 15.06.04 ՆՀ-108-Ն)
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող կրծքանշանների և վկայագրերի պատրաստումը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 4-ի «գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-543 հրամանագիրը:
7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված | |
|
1. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների հեղինակներին:
2. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում է մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա վերջին 10 օրվա ընթացքում:
3. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերը (այսուհետ` հանձնախումբ) մրցանակների յուրաքանչյուր շնորհումից հետո ապրիլի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում (2002 թվականի համար` սեպտեմբերի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում)` միևնույն օրը, մամուլի և զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մասին:
4. Ստեղծագործությունները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի բնագավառի այլ կազմակերպությունների կողմից:
5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդած երկու տարվա ընթացքում:
6. Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում հանձնախմբերին մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
7. Ստեղծագործությունը մրցանակի հայցման ներկայացվելիս դրան կցվում են այդ ոլորտի երեք մասնագետների` ստեղծագործության վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:
8. Մրցանակի հայցման ներկայացվելիս ստեղծագործության հեղինակի (հեղինակների) և այդ ոլորտում նրա (նրանց) գործունեության վերաբերյալ ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն:
9. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են հանձնախմբերը:
10. Հանձնախմբերի կազմերը, սույն հրամանագրի 1-ին կետում նշված ոլորտներին համապատասխան, հաստատվում և փոփոխվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:
11. Հանձնախումբը բաղկացած է ինն անդամից:
(11-րդ կետը խմբ. 14.03.05 ՆՀ-52-Ն)
12. Հանձնախմբերում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
13. Հանձնախմբի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով հանձնախումբն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է իր աշխատակարգը:
14. Հանձնախումբն ունի նախագահ, որին իր անդամներից ընտրում է հանձնախումբը:
15. Հանձնախմբերի անդամները գրականության և արվեստի բնագավառում իրենց ստեղծագործությունների համար չեն կարող հավակնել հրամանագրի 1-ին կետում նշված պետական մրցանակներ ստանալուն:
16. Հանձնախումբը, սույն կարգին և իր աշխատակարգին համապատասխան, աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների առնվազն մեկ երրորդի կողմից:
17. Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնախմբի անդամների կեսից ավելին:
18. Հանձնախմբի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության կամ նրա բացակայության դեպքում նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնախմբի անդամներից որևէ մեկի վրա` հանձնախմբի որոշմամբ:
19. Հանձնախմբի նախագահը`
ա) հրավիրում և վարում է հանձնախմբի նիստը.
բ) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
գ) ստորագրում է հանձնախմբի որոշումները.
դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:
20. Հանձնախմբի անդամը`
ա) մասնակցում է հանձնախմբի աշխատանքներին.
բ) կատարում է հանձնախմբի հանձնարարականները.
գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնախմբի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.
դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:
21. (21-րդ կետն ուժը կորցրել է 12.09.07, ՆՀ-205-Ն):
22. Հանձնախումբն է որոշում մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:
23. Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու որոշումը հանձնախումբն ընդունում է գաղտնի քվեարկությամբ, հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
24. Մրցանակների շնորհման մասին առաջարկությունները հանձնախմբերը Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:
25. Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
26. Մրցանակը ստեղծագործության համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
27. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Հանձնախմբերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
29. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը` հանդիսավոր պայմաններում:
ՀՀ Նախագահի |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|