Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1336
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.01/7(1282) Հոդ.84
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
24.01.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
24.01.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 հունվարի 2017թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում:

Արձանագրությունը բաղկացած է ներածությունից, 14 հոդվածներից և հավելվածից:

2. Արձանագրության նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում դյուրացնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված և 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրագործումը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113):

3. Արձանագրությամբ սահմանվում են՝ ա) Համաձայնագրի կիրարկման համար իրավասու մարմինները՝ հետընդունման դիմումներ ներկայացնելու, ստանալու և դրանց ընթացք տալու, վերադարձի վկայական տրամադրելու և հարցազրույց կազմակերպելու, տարանցման դիմումներ ընդունելու և դրանց ընթացք տալու, սույն Արձանագրության մեկնաբանության հետ կապված դժվարությունները կարգավորելու նպատակով (1-ին հոդվ.), բ) սահմանային անցակետերը (2-րդ հոդվ., 2.1 կետ), գ) երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը (4-րդ հոդվ.), դ) հարցազրույցների կազմակերպման կարգը (5-րդ հոդվ.), ե) հետընդունման արագացված ընթացակարգը (6-րդ հոդվ.), զ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները (9-րդ հոդվ.) և այլն:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի իրավասու մարմիններն անհապաղ տեղեկացվեն սահմանային անցակետերին վերաբերող ցանկացած փոփոխության մասին (2-րդ հոդվ., 2.2 կետ),

- ապահովել, որպեսզի Հայցող ՀՀ իրավասու մարմինն էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով Հայցվող ֆրանսիական կողմի իրավասու մարմնին ներկայացնի Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն կազմված հետընդունման դիմումը՝ օգտագործելով Համաձայնագրի 5-րդ հավելվածին կցված ձևաթուղթը (3-րդ հոդվ., 3.1 կետ),

- ապահովել, որպեսզի Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայցվող ՀՀ իրավասու մարմինը հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանն էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով հաղորդի Հայցող ֆրանսիական կողմի իրավասու մարմնին 12 օրացուցային օրվա ընթացքում, ինչպես նաև ապահովել, որպեսզի Հայցվող ֆրանսիական կողմի դրական պատասխանի դեպքում Արձանագրության 1-ին հոդվածի 1.3-րդ կետում նշված իրավասու մարմինն անմիջապես և ամենաուշը 3 աշխատանքային օրվա ընթացքում անվճար տրամադրի վերադարձի վկայական (3-րդ հոդվ., 3.2 կետ),

- ապահովել, որպեսզի ըստ Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում կամ Արձանագրության 3 և 4-րդ հոդվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, կամ դրանց իսկությունը կասկածի տակ է, Հայցող ՀՀ իրավասու մարմինները հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը հաստատելու համար, այդ մասին նշելով Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված հետընդունման դիմումի մեջ, խնդրեն հարցազրույցի կազմակերպում Հայցվող ֆրանսիական կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններից դիմումն ստանալուց հետո ամենաուշը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև ապահովել, որպեսզի հարցազրույցի արդյունքում համապատասխան անձի քաղաքացիության հաստատման դեպքում Հայցվող ՀՀ կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններն անմիջապես և ամենաուշը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրեն վերադարձի վկայական, իսկ անձի քաղաքացիությունը չհաստատվելու դեպքում հարցազրույցի արդյունքը՝ հարցազրույցի գրավոր արձանագրության ձևով, հետընդունման դիմումի հետ միասին ամենաուշը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայցող ֆրանսիական կողմին (5-րդ հոդվ., 5.1, 5.3 և 5.4 կետեր),

- Ֆրանսիայի Հանրապետության տարածքից անմիջականորեն ժամանող օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության մերձսահմանային շրջանում սահմանն անօրինական հատելուց հետո Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված ձևով արգելանքի վերցնելու դեպքում, որպես Հայցող կողմ արագացված ընթացակարգով հետընդունման դիմումը ներկայացնել Հայցվող ֆրանսիական կողմի իրավասու մարմիններին, համապատասխան անձին արգելանքի վերցնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով (6-րդ հոդվ., 6.2 կետ),

- երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տարանցման դիմումը Հայցող ՀՀ իրավասու մարմնի կողմից նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ՝ էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով փոխանցել Հայցվող ֆրանսիական կողմի իրավասու մարմնին, ինչպես նաև երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տարանցման Հայցող ֆրանսիական կողմի իրավասու մարմնի դիմումին Հայցվող ՀՀ իրավասու մարմնի միջոցով պատասխանել նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ (8-րդ հոդվ., 8.2 կետ) և այլն:

5. Սույն Արձանագրությունը չի ազդում Կողմերի՝ միջազգային այլ պայմանագրերից բխող իրավունքների, պարտավորությունների և պարտականությունների վրա (12-րդ հոդվ.):

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

24 հունվարի 2017 թ.

ՍԴՈ-1336