Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.2
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2016
Дата вступления в силу
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0016/01/14

ԵԱՔԴ/0016/01/14

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան
Դատավորներ` Ռ. Բարսեղյան
                           Գ. Մելիք-Սարգսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ  
պաշտպան Ե. Սարգսյանի
տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանի
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի

 

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հուլիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14134513 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հունվարի 31-ի որոշումներով Լիլիթ Ավետիքի Վարդանյանը և Զարինե Արթուրի Այվազյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի փետրվարի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով Լիլիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման ակտ) 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Լ.Վարդանյանն ազատվել է հիմնական պատժից:

Զարինե Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Զ.Այվազյանն ազատվել է հիմնական պատժից:

Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:

3. Ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանի, ամբաստանյալ Լ.Վարդանյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանի, տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ` Տ.Սիրադեղյանի և Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցը, ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանը և ամբաստանյալ Լ.Վարդանյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանը:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի մարտի 4-ի որոշումներով ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանի և ամբաստանյալ Լ.Վարդանյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանի ներկայացրած բողոքները թողել է առանց քննության, իսկ 2016 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ` տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի ներկայացրած վճռաբեկ բողոքը` ընդունել վարույթ:

Ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանը և ամբաստանյալ Լ.Վարդանյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանը կրկին ներկայացրել են վճռաբեկ բողոքներ` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը և այն վերականգնել:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարել է վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին պաշտպաններ Ե.Սարգսյանի և Գ.Հովհաննիսյանի միջնորդությունները և մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանի և ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Լիլիթ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այսպես`

2012թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին «Արաբկիր» բժշկական համալիրի բոքսային բաժանմունք է ընդունվել 2010թ. ծնված Լիա Գեորգիի Միսակյանը: Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է թերի ախտորոշում /սուր շնչառական ինֆեկցիա/, քանի որ հիվանդի անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները վկայել են օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիայի մասին, ինչը բնորոշ է եղել ոչ թե սուր շնչառական ինֆեկցիային, այլ՝ թոքաբորբին: Թերի ախտորոշման հետևանքով Լ.Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում: Բացի այդ, 31.12.2012թ. չի կատարվել ռենտգեն նկարահանում` թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով, որպիսի գործողությունների ժամանակին կատարումը հնարավորություն կտար հիվանդին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու և կոմբինացված հակաբակտերիալ բուժում և արյան փոխարինիչների ներարկումներ կատարելու համար: Այսինքն՝ 31.12.2012թ. Լիլիթ Վարդանյանի կողմից Լ.Միսակյանի առողջական վիճակի ճիշտ գնահատման, ճիշտ և ժամանակին ախտորոշման և համապատասխան բուժման նշանակման պայմաններում հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը:

Դրանից բացի Լ.Վարդանյանը հիվանդի ընդունման ժամանակ նշանակելով արյան ընդհանուր քննություն, ցուցաբերել է անգործություն, հետևողական չի եղել նույն օրը արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և արդյունքները ստանալու ուղղությամբ, այն դեպքում, երբ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատորիան գործել է շուրջօրյա և որևէ խոչընդոտ չի եղել արյան ընդհանուր քննությունն անցկացնելու հարցում: Մինչդեռ, 02.01.2013թ. հերթապահությունն ընդունած մանկաբույժ Իրինա Մամյանը հենց արյան ընդհանուր քննության արդյունքներից ելնելով է գնահատել Լ.Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիմնական հիվանդության համապատասխան ցուցված բուժում: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 284):

Զարինե Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, չի կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այսպես`

2013թ. հունվարի 1-ին Լ.Վարդանյանից հերթապահությունն ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյանը դրսևորել է բացահայտ անգործություն, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները` անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով դրանց նկատմամբ: Այն է՝ հերթապահությունը ստանձնելիս Լ.Միսակյանի հիվանդության պատմագրում տեսնելով, որ 31.12.2012թ. նշանակվել է արյան ընդհանուր քննություն, իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին այն դեպքում, երբ 01.01.2013թ. ժամը 11:00-ին դրանք արդեն պատրաստ են եղել և վկայել են լեյկոպենիայի /լեյկոցիտների ցածր քանակի/ և ագրանուլոցիտոզի /լեյկոցիտների հակաբակտերիալ իմունիտետի պատասխանատու ձևերի` սեգմենտակորիզավոր նեյտրոֆիլների քանակի խիստ նվազման/ մասին, որպիսի գործողության ժամանակին կատարումը Լ.Միսակյանի հիվանդության ճիշտ ախտորոշման, համապատասխան ցուցված բուժման և ապաքինման հնարավորություն կտար: Զ.Այվազյանի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարումը անզգուշությամբ առաջացրել է Լ.Միսակյանի մահը: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 284-285):

6. Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռի պատճառաբանական մասում անդրադառնալով ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, ի թիվս այլ հանգամանքների, արձանագրել է. «Որպես ամբաստանյալներ Լ. Վարդանյանի և Զ. Այվազյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, ինչպես նաև Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ:

Ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(…)

Դատարանը քննության առնելով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցը, գտնում է, որ նպատակահարմար չէ նրանց նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ, մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկում նշանակելը հետևյալ պատճառաբանությամբ.

Լ.Վարդանյանը 2011թ. օգոստոսի 1-ից, իսկ Զ.Այվազյանը 2010թ. նոյեմբերի 17-ից աշխատել են Արաբկիր բժշկական համալիրում որպես մանկաբույժներ: Ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի կողմից նրանց մեղսագրվող արարքը կատարվել է 2012թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2013թ. հունվարի 2-ը: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածով նախատեսված «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» դատավարական հարկադրանքի միջոցը: Ամբաստանյալները դեպքից հետո մինչև օրս, շուրջ երկուսուկես տարի, շարունակում են աշխատել Արաբկիր բժշկական համալիրում, որպես մանկաբույժներ: Համաձայն նշված համալիրի տնօրենի 12.06.2015թ. գրության, Լ.Վարդանյանն ու Զ.Այվազյանը իրենց դրսևորել են որպես բարեխիղճ և կարգապահ աշխատողներ և որևէ կարգապահական խախտում թույլ չեն տվել:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, դատարանը գտնում է, որ Լ.Վարդանյանի ու Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը վերացել է (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 297):

7. Վերաքննիչ դատարանը, 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթն, անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող տվյալները` մասնավորապես այն, որ նրանք երիտասարդ են, նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, ինչպես նաև Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը` մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, ինչպես նաև պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` վերջիններիս նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ:

(...)

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի ու Տ.Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի փաստարկները, որ «Արաբկիր» ԲԿ-ի գործադիր տնօրենը, որպես ամբաստանյալների ղեկավար կարող էր` շահագրգռված լինելով հիվանդանոցի հեղինակությամբ, ամբաստանյալներին դրական բնութագիր տալ: Հենց վերաքննիչ բողոքից երևում է, որ բողոք բերած անձինք ոչ թե համոզված են, այլ ընդամենը հնարավոր են համարել ամբաստանյալների բնութագրերը ոչ օբյեկտիվ ներկայացրած լինելը: Ամբաստանյալներին բացասական բնութագրող այլ հիմնավոր փաստարկներ տուժող կողմը վերաքննիչ բողոքում չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր պատճառաբանել է ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելու հանգամանքը: Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները համարելով հիմնավոր, Վերաքննիչ դատարանը, լրացուցիչ պատիժ նշանակելու նպատակահարմարության հարցը լուծելիս, հաշվի է առնում նաև ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև այն, որ դեպքից հետո` անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հետ կապված ամբաստանյալների գործունեության մեջ այլ թերություններ չեն արձանագրվել: Վերոհիշյալ հանգամանքները ողջամտորեն նվազեցրել են ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցն ու Տ.Սիրադեղյանը վերաքննիչ բողոքում բերած` ամբաստանյալների կողմից մեղքը չընդունելու, «Արաբկիր» ԲՀ-ի աշխատակիցների կողմից հակասական ցուցմունքներ տալու հանգամանքները, դատավճիռը հրապարակելուց հետո ամբաստանյալ Լ.Վարդանյանի վարքագիծը, ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատժի` այդ թվում նաև լրացուցիչ պատժի համար նշանակություն ունենալ չեն կարող:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով լրացուցիչ պատժի նշանակումը պարտադիր չլինելու պայմաններում` Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական և պատճառաբանված դատական ակտ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 268):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հաշվի առնված հանգամանքները, այն է` նրանց նախիկինում դատված չլինելը, դրական բնութագրվելը, ինչպես նաև «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը` մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, չեն կարող բավարար և հիմնավոր գնահատվել հանցավորների անձը բնութագրելու համար:

 Մասնավորապես, ըստ բողոքաբերի` «Արաբկիր» ԲՀ-ի տնօրենի տված բնութագրերը չեն կարող հիմք հանդիսանալ ամբաստանյալների անձը դրական բնութագրելու համար, քանի որ ամբաստանյալները նախաքննության և դատաքննության ընթացքում շարունակել են աշխատել տվյալ կազմակերպությունում, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Մասնավորապես` տվյալ հիմնարկի տնօրենը չէր կարող անձնական և մասնագիտական շահագրգռվածություն չունենալ իր աշխատող բժիշկների մասնագիտական որակները դրական բնութագրելու հարցում, քանզի դա նաև անմիջականորեն առնչվում է բժշկական կենտրոնի հեղինակության հետ: Ավելին` ամբաստանյալները Լ.Միսակյանի մահվան դեպքի առթիվ չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Բողոքաբերը, անդրադառնալով «Արաբկիր» ԲՀ-ի տնօրենի` մեղմ պատիժ նշանակելու խնդրանքին, Պարույր Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ գտել է, որ այն ողջամտորեն չի կարող նվազեցնել ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորությունը և չի կարող դիտարկվել որպես մեղմացնող հանգամանք:

Բողոքաբերը նշել է նաև, որ հիմնավոր չեն ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելու` ստորադաս դատարանների այն հիմնավորումները, որ նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը, ամբաստանյալները դեպքից հետո շարունակել են աշխատել նշված բժշկական հիմնարկում որպես մանկաբույժ, նրանք չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության և այլն:

9. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ` համապատասխանաբար երեք և երեք տարի վեց ամիս ժամկետներով` նրանց նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ նշանակելով որոշակի գործունեությանբ զբաղվելու իրավունքից զրկելը, համապատասխանաբար երեք և երկու տարի ժամկետներով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. քրեական պատժի նպատակների և պատժի արդարության սկզբունքի տեսանկյունից հիմնավորված են արդյոք ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

 Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից: Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

Պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատիժ նշանակելու սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է դատապարտյալի, տուժողի և հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ: Ուստի պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, որը պետք է կիրառվի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների համատեքստում (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-րդ կետը):

13. ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` պատիժները դասակարգվում են հիմնական և լրացուցիչ պատիժների, ընդ որում, օրենքը նախատեսում է դեպքեր, երբ կոնկրետ հանցանք կատարած անձի նկատմամբ կարող է կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի մասնավորեցնում և չի տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, որից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն) և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով: Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին: Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի վերոթվարկած չափանիշներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը:

13.1. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ որոշակի հոդվածի սանկցիայով նախատեսված է ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) լրացուցիչ պատիժ, վերջինիս նշանակման հարցը լուծելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կամ նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության վրա: Այն դեպքերում, երբ որոշակի հանցագործության առանձնահատկությունից ելնելով` դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, կգա եզրահանգման, որ ամբաստանյալի նկատմամբ միայն հիմնական պատիժ նշանակելով հնարավոր չէ հասնել քրեական օրենսգրքում ամրագրված պատժի նպատակներին, հոդվածի սանկցիայով նախատեսված դեպքերում պետք է նշանակի լրացուցիչ պատիժ, որը կապահովի պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը և ամբաստանյալի կողմից տվյալ բնույթի հանցավոր վարքագիծ դրսևորելու հետագա հնարավոր ռիսկի չեզոքացումը:

 14. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով], որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Մեջբերված նորմի սանկցիայով նախատեսված է հիմնական պատժի հետ միասին որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ նշանակելու հնարավորություն:

14.1. ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:

4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից»:

Մեջբերված նորմի վերլուծությունից երևում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ` կախված կոնկրետ հոդվածով ամրագրված սանկցիայից:

Պատժի նշված տեսակի բովանդակությունը մի շարք զրկանքների և սահմանափակումների առաջացման մեջ է: Դրանք են, ի թիվս այլնի, որոշակի ժամանակով անձի աշխատանքային իրավունակության, պաշտոնի, մասնագիտական գործունեության կամ զբաղվածության տեսակի ազատ ընտրության իրավունքի սահմանափակումները, որոնք որոշ դեպքերում առաջացնում են որակավորման կորուստ, որոշակի նյութական կորուստ, առավելությունների և արտոնությունների սահմանափակում: Այս պատժատեսակի հիշյալ պատժիչ տարրերն արտացոլում են դրա վառ արտահայտված կանխարգելիչ ուղղվածությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է երկու առանձին պատժամիջոցներ, առաջին` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում և որոշակի գործունեությամբ զբաղվելու սահմանափակում: Առաջինի կիրառման դեպքում դատապարտյալը զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում սահմանափակվում է որոշակի մասնագիտական կամ այլ գործունեությամբ մեղավոր ճանաչված անձի զբաղվելու իրավունքը:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ:

Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը:

15. Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Լ.Վարդանյանը և Զ.Այվազյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ, ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ (տե'ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, մեղավոր ճանաչելով ամբաստանյալներին, պատիժ նշանակելիս որպես նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու մասին Արաբկիր բժշկական համալիրի տնօրենը ներկայացրել է համապատասխան խնդրանք, ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տվյալ դեպքում՝ մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկումը նպատակահարմար չէ, քանի որ նրանց նկատմամբ նախաքննության փուլում կիրառված չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» դատավարական հարկադրանքի միջոցը, և հանցագործության կատարման պահից մինչ դատավճռի կայացման օրը նրանք շարունակել են աշխատել «Արաբկիր» ԲՀ-ում որպես մանկաբույժներ: Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև «Արաբկիր» ԲՀ-ի տնօրենի գրությունը, համաձայն որի` Լ.Վարդանյանն ու Զ.Այվազյանն իրենց դրսևորել են որպես բարեխիղճ և կարգապահ աշխատողներ և որևէ կարգապահական խախտում թույլ չեն տվել: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Լիլիթ Վարդանյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով և Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա նրան ազատել պատժից, իսկ Զարինե Այվազյանի նկատմամբ պատիժ է նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով և Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա նրան նույնպես ազատել պատժից (տե'ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ ստորադաս դատարանն ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ պատիժ նշանակելիս բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել ամբաստանյալների կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող տվյալները և նրանց նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ: Ըստ Վերաքննիչ դատարանի` ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև այն, որ դեպքից հետո` երեք տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հետ կապված ամբաստանյալների գործունեության մեջ այլ թերություններ չեն արձանագրվել, ողջամտորեն նվազեցրել են ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի կատարած արարքի հանրային վտանգավորությունը (տե'ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14.1.-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արաբկիր» ԲՀ-ի տնօրենի կողմից տրված` Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի դրական բնութագիրը, նույն անձի խնդրանքը` նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու մասին, և այն հանգամանքը, որ ամբաստանյալները հանցանքը կատարելուց հետո շարունակում են աշխատել նույն հիմնարկում որպես մանկաբույժ, ողջամտորեն չեն նվազեցնում նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքանով, որ դատարանին հնարավորություն տան եզրահանգելու, որ տվյալ դեպքում պատժի նպատակները կարող են իրացվել առանց լրացուցիչ պատժի կիրառման:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալների նկատմամբ լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն գործով կիրառման ենթակա չէ այն հիմնավորմամբ, որ նրանց նկատմամբ նախաքննության փուլում կիրառված չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» դատավարական հարկադրանքի միջոցը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող լրացուցիչ պատժատեսակը նշանակելու այդպիսի սահմանափակում օրենքով նախատեսված չէ: Հետևաբար ստորադաս դատարանների կողմից հիշատակված վերոնշյալ հանգամանքը որևէ իրավական նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու հարցի լուծման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր ճանաչելով, նրանց նկատմամբ լրացուցիչ պատիժ, այն է` մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկումը, չկիրառելով և Համաներման ակտի հիման վրա պատժից ազատելով, սույն գործի փաստերը գնահատման չեն ենթարկել կատարած արարքի և վրա հասնող հետևանքների համաչափության պահանջի, համանման բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտության, նշանակված պատժի նկատմամբ տուժողի և հասարակության սպասվելիք վերաբերմունքի համատեքստում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատժի նպատակների և պատժի արդարության սկզբունքի տեսանկյունից հիմնավորված չեն ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

17. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա լրացուցիչ պատժի մասով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն այդ մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան