Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.13
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2016
Дата вступления в силу
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0094/01/15

ՍԴ/0094/01/15

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան  

Դատավորներ`

Ա. Խաչատրյան

Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

ե. դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Կարապետ Խաչիկի Խաչատրյանի և Նարեկ Սերոբի Միրաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան, շինություն, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 32101815 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 9-ի որոշմամբ անչափահաս Կարապետ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 6 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 10-ի որոշմամբ անչափահաս Նարեկ Միրաքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 6 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2015 թվականի հուլիսի 9-ին Կ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 5 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով:

2015 թվականի հուլիսի 9-ին Ն.Միրաքյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 5 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով:

2015 թվականի հուլիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճռով Կարապետ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

Նարեկ Միրաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ն.Միրաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Գևորգ Էլյազյանը:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճիռն` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Կարապետ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, «անչափահաս Նարեկ Միրաքյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի մարտի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21:30-ի սահմաններում, տնամերձ այգու ցանկապատը մագլցելով մտել է Գորիս քաղաքի Երվանդունիների 2ա հասցեում գտնվող, Արշակ Երվանդի Գալստյանին պատկանող տան տարածք, ապա իր հետ տարած գործիքներով 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակի մուտքի դռան փականները սղոցելու, այնուհետև լնգել-ջարդելու միջոցով ապօրինի մուտք գործելով այնտեղ, գաղտնի հափշտակել է զգալի չափերով` ընդհանուր 8.200 ՀՀ դրամ արժողության գազօջախ, բամբակյա կտորներ, ապա նախքան ցանկապատն անցնելը` գողացված իրերը փոխանցել է հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար տան դիմացի ճանապարհահատվածում սպասող Նարեկ Միրաքյանին, ու միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, Նարեկ Միրաքյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 10-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21-ի սահմաններում, դարպասը մագլցելով մտել է Գորիս քաղաքի Յուրի Բախշյանի 3-րդ հասցեում գտնվող, Մարատ Միրաքյանին պատկանող տան տարածք և պատուհանի փեղկը բացելու միջոցով ապօրինի մուտք գործելով 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակ, այնուհետև լոգարանի պատուհանի բաց փեղկով` տուն, գաղտնի հափշտակել է զգալի չափերով` ընդհանուր 50.500 ՀՀ դրամ արժողության վոլտմետր, ջրատաքացուցիչ` դրա խողովակաձև պղնձյա 2 դետալներով, «DVD» և «VHS» տեսակի 2 տեսանվագարկիչ, արդուկ, ապա նախքան դարպասն անցնելը` գողացված իրերը փոխանցել է հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար դարպասի դիմաց սպասող Նարեկ Միրաքյանին, ու միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Դրանից հետո, նա, Նարեկ Միրաքյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 20-ին կամ 21-ին` ժամը 21-ի սահմաններում, մտել է Գորիս քաղաքի Թանգու Ձոր 22-րդ հասցեում գտնվող, Անահիտ Շահնուբարյանին պատկանող բնակելի տան տարածք և տեղում եղած փայտով մուտքի դռան փականը լնգել-պոկելու միջոցով ապօրինի մուտք գործելով 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող հավաբուն, գաղտնի հափշտակել է զգալի չափերով` ընդհանուր 17.000 ՀՀ դրամ արժողության 3 թև հավ, 1 աքլոր, ապա տեղավորելով պարկի մեջ` իրեն մոտեցած հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովող Նարեկ Միրաքյանի հետ տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, ուրիշի զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակությունը համատեղ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Նարեկ Միրաքյանի հետ, 2015 թվականի ապրիլի 22-ին` ժամը 21-ի սահմաններում, դարպասը մագլցելու միջոցով ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Օրբելյանների 26-րդ հասցեում գտնվող, Կարինե Ավետիսյանին պատկանող բնակելի տանը կից` որպես պահեստարան ծառայող ավտոտնակ, փնտրել է գունավոր մետաղներով պատրաստված ապրանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, այն է` փնտրելու արդյունքում այդպիսի ապրանքներ չհայտնաբերելու պատճառով հեռացել է հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար ավտոտնակի դարպասի դիմաց սպասող Նարեկ Միրաքյանի հետ` իրենց հետ տանելով արժեք չունեցող «Սովետական լիմոնադ» ապրանքային պիտակով 1,2 լիտր տարողության 34 շիշ ըմպելիք:

Բացի այդ, նա, Նարեկ Միրաքյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 17-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21-ի սահմաններում, 1-ին հարկի պատուհանի կաղապարամածը հրելու միջոցով ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Օրբելյանների 41-րդ հասցեում գտնվող, Սամվել Ասատրյանին պատկանող կիսակառույց շինություն, 2-րդ հարկից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` ընդհանուր 35.000 ՀՀ դրամ արժողության 1 փաթեթ ջրամերժ թաղանթ, պղնձյա երկֆազ 100 մետր հաղորդալար, ապա նախքան շինությունից դուրս գալը` դրանք փոխանցել է հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար շինության դիմացի ճանապարհահատվածում սպասող Նարեկ Միրաքյանին, ու միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, ուրիշի զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակությունը համատեղ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Նարեկ Միրաքյանի հետ, 2015 թվականի ապրիլի 17-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 22-ի սահմաններում, պատուհանի բաց փեղկով ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Սաթյան 35-րդ հասցեում գտնվող, Վահրամ Հովհաննիսյանին պատկանող տուն, տեղաշարժել է տան գույքը, փնտրել գունավոր մետաղներով պատրաստված ապրանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, այն է` տան գույքը տեղաշարժելու, փնտրելու արդյունքում այդպիսի ապրանքներ չհայտնաբերելու պատճառով հեռացել է հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար տան հարակից տարածքում սպասող Նարեկ Միրաքյանի հետ` տնից վերցված զգալի չափեր չունեցող` 3.500 ՀՀ դրամ արժողության նկարը թողնելով դարպասներից ներս:

Ավելին, նա, Նարեկ Միրաքյանի և Գևորգ Էլյազյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 23-ին` ժամը 22-ի սահմաններում, վերջինիս հետ 2-րդ հարկի բաց պատշգամբը մագլցելու միջոցով ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Օրբելյանների 47-րդ հասցեում գտնվող, Սուրեն Խանոյանին պատկանող կիսակառույց շինություն, 1-ին հարկից գաղտնի հափշտակել են զգալի չափերով` ընդհանուր 56.000 ՀՀ դրամ արժողության ինքնաեռ, ջրի էլեկտրական պոմպ, 20 լիտր տարողության ապակյա 3 տարա, ապա նախքան շինությունից դուրս գալը` դրանք փոխանցել են հափշտակության կատարման գաղտնիությունն ապահովելու համար շինության դիմացի ճանապարհահատվածում սպասող Նարեկ Միրաքյանին ու միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, Նարեկ Միրաքյանի և Գևորգ Էլյազյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 25-ին` ժամը 22-ի սահմաններում, վերջինիս հետ 2-րդ հարկի բաց պատշգամբը մագլցելու միջոցով մտել են Գորիս քաղաքի Ավանգարդ 1-ին փողոցի 13-րդ հասցեում գտնվող, Վարյա Մուրադյանին պատկանող տան տարածք և ներսից բացված դարպասով իրենց միացած Նարեկ Միրաքյանի հետ մուտքի դռան փականի շրջակայքը պտուտակահանով փորելու, այնուհետև լնգել-բացելու միջոցով ապօրինի մուտք գործելով 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակներ, գաղտնի հափշտակել են զգալի չափերով` ընդհանուր 176.600 ՀՀ դրամ արժողության օղի թորելու համար նախատեսված պղնձյա կաթսա` դրա կափարիչով, էլեկտրական կտրող-հարթեցնող գործիք, կարգավորվող պտուտակաբանալի, ձեռքի մեխանիկական կառավարմամբ գայլիկոնիչ, փոշեկուլ, ալյումինե և մետաղյա 40 լիտր տարողության 2-ական տարա, 3 էլեկտրաշարժիչ, մալուխ, ճոպան, ապա միասին տիրանալով դրանց` տեղափոխել են»:

5.1. Նարեկ Միրաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «անչափահաս Կարապետ Խաչատրյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի մարտի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21:30-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Երվանդունիների 2ա հասցեում գտնվող, Արշակ Գալստյանին պատկանող տան դիմացի ճանապարհահատվածում` ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից հիշյալ տան 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակներ ապօրինի մուտք գործելով զգալի չափերով` ընդհանուր 8.200 ՀՀ դրամ արժողության գազօջախի, բամբակյա կտորների հափշտակության գաղտնիությունը, ապա վերցրել է Կարապետ Խաչատրյանի` նախքան ցանկապատն անցնելը փոխանցած վերը նշված ապրանքները և միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, Կարապետ Խաչատրյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 10-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Յուրի Բախշյանի 3-րդ հասցեում գտնվող, Մարատ Միրաքյանին պատկանող տան դիմացի ճանապարհահատվածում, ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից հիշյալ տան` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակ, այնուհետև տուն ապօրինի մուտք գործելով զգալի չափերով` ընդհանուր 50.500 ՀՀ դրամ արժողության վոլտմետրի, ջրատաքացուցչի, դրա խողովակաձև պղնձյա 2 դետալների, «DVD» և «VHտեսակի 2 տեսանվագարկիչների, արդուկի հափշտակության գաղտնիությունը, ապա վերցրել է Կարապետ Խաչատրյանի` նախքան տան դարպասն անցնելը փոխանցած վերը նշված ապրանքները, և միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Դրանից հետո նա, Կարապետ Խաչատրյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 20-ին կամ 21-ին` ժամը 21-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Թանգու Ձոր 22-րդ հասցեում գտնվող, Անահիտ Շահնուբարյանին պատկանող բնակելի տան հարակից տարածքում, ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից տան 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող հավաբուն ապօրինի մուտք գործելով զգալի չափերով` ընդհանուր 17.000 ՀՀ դրամ արժողության 3 հավերի, 1 աքլորի հափշտակության գաղտնիությունը, ապա մոտենալով վերցրել է Կարապետ Խաչատրյանի կողմից պարկի մեջ տեղավորած հավերն ու աքլորը, և միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, ուրիշի զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակությունը համատեղ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Կարապետ Խաչատրյանի հետ, 2015 թվականի ապրիլի 22-ին` ժամը 21-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Օրբելյանների 26-րդ հասցեում գտնվող, Կարինե Ավետիսյանին պատկանող բնակելի տանը կից` որպես պահեստարան ծառայող ավտոտնակի դարպասի դիմաց, ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից ավտոտնակ ապօրինի մուտք գործելով գունավոր մետաղներով պատրաստված զգալի չափերով ապրանքների հնարավոր հափշտակության գաղտնիությունը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է` Կարապետ Խաչատրյանի կողմից փնտրելու արդյունքում այդպիսի ապրանքներ չհայտնաբերելու պատճառով հեռացել են` տանելով արժեք չունեցող «Սովետական լիմոնադ» ապրանքային պիտակով 34 շիշ ըմպելիք:

Բացի այդ, նա, Կարապետ Խաչատրյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 17-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 21-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Օրբելյանների 41-րդ հասցեում գտնվող, Սամվել Ասատրյանին պատկանող կիսակառույց շինության դիմացի ճանապարհահատվածում, ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից հիշյալ շինություն ապօրինի մուտք գործելով զգալի չափերով` ընդհանուր 35.000 ՀՀ դրամ արժողության 1 փաթեթ ջրամերժ թաղանթի, պղնձյա երկֆազ 100 մետր հաղորդալարի հափշտակության գաղտնիությունը, ապա վերցրել է Կարապետ Խաչատրյանի` նախքան շինությունից դուրս գալը փոխանցած վերը նշված ապրանքները, և միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, ուրիշի զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակությունը համատեղ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Կարապետ Խաչատրյանի հետ, 2015 թվականի ապրիլի 17-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 22-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Սաթյան 35-րդ հասցեում գտնվող, Վահրամ Հովհաննիսյանին պատկանող տան հարակից տարածքում, ապահովել է Կարապետ Խաչատրյանի կողմից տուն ապօրինի մուտք գործելով գունավոր մետաղներով պատրաստված զգալի չափերով ապրանքների հնարավոր հափշտակության գաղտնիությունը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է` Կարապետ Խաչատրյանի կողմից տան գույքը տեղաշարժելու, փնտրելու արդյունքում այդպիսի ապրանքներ չհայտնաբերելու պատճառով հեռացել են` տնից վերցված 3.500 ՀՀ դրամ արժողության նկարը թողնելով դարպասներից ներս:

Ավելին` նա, Կարապետ Խաչատրյանի և Գևորգ Էլյազյանի հետ նախապես պայմանավորվելով գողությունը համատեղ կատարելու մասին, 2015 թվականի ապրիլի 23-ին` ժամը 22-ի սահմաններում, սպասելով Գորիս քաղաքի Օրբելյանների 47-րդ հասցեում գտնվող, Սուրեն Խանոյանին պատկանող կիսակառույց շինության դիմացի ճանապարհահատվածում, ապահովել է Կարապետ Խաչատրյանի և Գևորգ Էլյազյանի կողմից հիշյալ շինություն ապօրինի մուտք գործելով և զգալի չափերով` ընդհանուր 56.000 ՀՀ դրամ արժողության ինքնաեռի, ջրի էլեկտրական պոմպի, 20 լիտր տարողության ապակյա 3 տարաների հափշտակության գաղտնիությունը, ապա վերցրել է վերջիններիս` նախքան շինության ներսից դուրս գալը փոխանցած վերը նշված ապրանքները, և միասին տիրանալով դրանց` տեղափոխել են:

Բացի այդ, նա, Կարապետ Խաչատրյանի և Գևորգ Էլյազյանի հետ նախապես պայմանավորվել է պահեստարան ապօրինի մուտք գործելով ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը համատեղ կատարելու մասին, այն է` 2015 թվականի ապրիլի 25-ին` ժամը 22-ի սահմաններում, վերջիններս 2-րդ հարկի բաց պատշգամբը մագլցելու միջոցով մտել են Գորիս քաղաքի Ավանգարդ 1-ին փողոցի 13-րդ հասցեում գտնվող, Վարյա Մուրադյանին պատկանող տան տարածք, որից հետո ներսից փականը բացված դարպասով մտել է նաև նա, և մուտքի դռան փականի շրջակայքը պտուտակահանով փորելու, այնուհետև լնգել-բացելու միջոցով ապօրինի մուտք գործելով 1-ին հարկի` որպես պահեստարան ծառայող նկուղային սենյակներ, գաղտնի հափշտակել են զգալի չափերով` ընդհանուր 176.600 ՀՀ դրամ արժողության օղի թորելու համար նախատեսված պղնձյա կաթսա` դրա կափարիչով, էլեկտրական կտրող-հարթեցնող գործիք, կարգավորվող պտուտակաբանալի, ձեռքի մեխանիկական կառավարմամբ գայլիկոնիչ, փոշեկուլ, ալյումինե և մետաղյա 40 լիտր տարողության 2-ական տարա, 3 էլեկտրաշարժիչ, մալուխ, ճոպան, ապա միասին տիրանալով դրանց` տեղափոխել են» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 257-282):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Ամբաստանյալներ [Կ.Խաչատրյանի, Ն.Միրաքյանի] պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են կատարած հանցագործությունների համար իրենց լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը (տվել են խոստովանական ցուցմունքներ), մեղայականով ներկայանալը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը, (…) հանցանքը կատարելու պահին նրանց անչափահաս լինելը:

Ամբաստանյալները բնութագրվում են դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չեն եղել, (...) Կարապետ Խաչատրյանը (…) միակողմանի ծնողազուրկ [է]:

Տուժողները և տուժողի ներկայացուցիչները հայտնել են, որ ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունեն և խնդրել են նրանց նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատարանը (...), հաշվի առնելով կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորների անձը բնութագրող տվյալները, այդ թվում` նրանց պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, տվյալ գործով հնարավոր է հասնել (...) պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում դրանով կապահովվեն նաև (...) արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 152-186):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(…) [Ա]մբաստանյալներ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է (…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ամբաստանյալների նկատմամբ նշանակել է արդարացի ու համաչափ պատիժ, որը բխում է (…) արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանը, դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորների անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել (…) պատժի նպատակների իրագործումը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

(…) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ [Առաջին ատյանի դատարանը] վերջնական իրավաչափ հետևության է հանգել այն մասին, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու` պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցում ըստ էության հանգելով իրավաչափ ու հիմնավոր հետևության» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 106-129):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի համոզմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` համապատասխանաբար թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԵՇԴ/0143/01/13, թիվ ՎԲ-192/07 և թիվ ՏԴ/0018/01/13 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել Կ.Խաչատրյանին ու Ն.Միրաքյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի վրա ազդող մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում դատարաններն ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել են սխալ հետևության:

Մասնավորապես` բողոք բերած անձը փաստել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել Կ.Խաչատրյանի ու Ն.Միրաքյանի կողմից կատարված արարքների բազմադրվագ լինելը, դրանց կազմակերպվածության աստիճանը, գողությունների կատարման եղանակը, ամբաստանյալների միջև դերերի կոնկրետ բաժանումը, ինչպես նաև` նրանց պատրաստվածության աստիճանը: Բացի այդ, անչափահասներ Կ.Խաչատրյանն ու Ն.Միրաքյանը վեց դրվագ հափշտակություններ կատարելուց հետո հանցագործությունների կատարմանն են ներգրավել նախկինում չարատավորված, առողջական խնդիրներ ունեցող չափահաս Գ.Էլյազյանին, որպիսի հանգամանքն, ըստ բողոքի հեղինակի, էապես բարձրացնում է հանցավորների և նրանց կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը:

9. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոք բերած անձը վերլուծել է մեղմացնող հանգամանքների և դրանց կիրառման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-84/07, թիվ ԵԷԴ/0048/01/14, թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները և եզրահանգել, որ ստորադաս դատարանների կողմից որպես ամբաստանյալներ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող են համարվել այնպիսի հանգամանքներ, որոնք չէին կարող այդպիսին գնահատվել: Մասնավորապես` բողոք բերած անձը փաստարկել է, որ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի կողմից անկեղծորեն զղջալն ու մեղայականով ներկայանալը որպես մեղմացնող հանգամանքներ դիտելն անհիմն է` կատարված հանցագործության մասին իրավապահ մարմինների տեղյակ լինելու և ամբաստանյալների կողմից իրենց հայտնի ոչ բոլոր հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալու պարագայում:

Տուժողների կողմից բողոք չունենալու և ամբաստանյալներին մեղմ վերաբերվելու խնդրանքի կապակցությամբ բողոք բերած անձն արձանագրել է, որ Կ.Խաչատրյանին և Ն.Միրաքյանին մեղսագրվող հանցագործությունները գտնվում են հանրային հետապնդման տիրույթում, ինչից հետևում է, որ քննարկվող հանգամանքները չէին կարող որևէ կերպ ազդել վերջիններիս կողմից կատարված արարքների հանրային վտանգավորության վրա:

Անդրադառնալով ամբաստանյալների` նախկինում դատապարտված և արատավորված չլինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին` բողոքաբերը եզրահանգել է, որ այդ հանգամանքները Վճռաբեկ դատարանի` թիվ ԳԴ/0014/01/14 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով չեն կարող դիտվել որպես անձի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Կարապետ Խաչատրյանի և Նարեկ Միրաքյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի գոյություն ունեցող այնպիսի օբյեկտիվ տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքն ու հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն):

13. Սույն գործի նյութերից երևում է, որ Կարապետ Խաչատրյանին և Նարեկ Միրաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախապես պայմանավորվել և 2015 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում համատեղ կատարել են հափշտակություններ (տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ ամբաստանյալներ Կարապետ Խաչատրյանի և Նարեկ Միրաքյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են կատարած հանցագործությունների համար իրենց լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը (տվել են խոստովանական ցուցմունքներ), մեղայականով ներկայանալը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը, հանցանքը կատարելու պահին նրանց անչափահաս լինելը: Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ ամբաստանյալները բնութագրվում են դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չեն եղել, ամբաստանյալ Կ.Խաչատրյանը միակողմանի ծնողազուրկ է, ինչպես նաև տուժողներն ու տուժողի ներկայացուցիչներն ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունեն և խնդրել են նրանց նկատմամբ մեղմ վերաբերվել: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալներ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին և ապահովել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 12-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես` ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել՝

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այն, որ ամբաստանյալները ոտնձգել են անձանց` բնակարանի անձեռնմխելիության և սեփականության իրավունքների դեմ,

բ) Կ.Խաչատրյանին և Ն.Միրաքյանին մեղսագրվում են մեկից ավելի ծանրացնող հանգամանքներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան և շինություն, ինչպես նաև` բնակարան ապօրինի մուտք գործելով) հանցանքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և նույն հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով,

գ) հանցագործությունների կատարման եղանակը, գործիքներն ու միջոցները, մասնավորապես այն, որ ամբաստանյալներն Արշակ Գալստյանի տան տարածքից հափշտակություն կատարելիս իրենց հետ նախապես գործիքներ են տարել և սղոցել, ապա լնգել-ջարդել են մուտքի դռան փականները, իսկ Անահիտ Շահնուբարյանի տան տարածքից հափշտակություն կատարելիս փայտով լնգել-պոկել են դռան փականը,

դ) հանցավորների կատարած արարքներն ու հանցագործություններին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, մասնավորապես այն, որ համակատարողներ Կ.Խաչատրյանը և Ն.Միրաքյանը նախապես կատարել են դերաբաշխում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարանները ընդհանրապես չեն անդրադարձել և գնահատման ենթարկել այն հանգամանքը, որ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի մոտ առկա է հանցավոր վարքագծի պարբերականություն: Մասնավորապես՝ ամբաստանյալների կողմից ութ նույնաբնույթ հանցանքների (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պահեստարան ապօրինի մուտք գործելով գողություն, այդ հանցանքի փորձ, բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ) կատարումը վկայում է հանցանք կատարած անձանց հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչը դատարանների կողմից պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պետք է համարժեք գնահատականի արժանանար:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարաններն ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ գնահատման չեն ենթարկել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցագործությունների կատարման եղանակը ու օգտագործված գործիքները, հանցավորների կատարած արարքներն ու հանցագործություններին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալներին մեղսագրվում են մեկից ավելի ծանրացնող հանգամանքներով հանցանքներ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ չեն։

16. Անդրադառնալով Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների կողմից հաստատված` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հիմնավորվածության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

- Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի կողմից անկեղծորեն զղջալու և նրանց մեղայականով ներկայանալու հանգամանքների կապակցությամբ պետք է փաստել, որ իրավապահ մարմինները տեղյակ են եղել ամբաստանյալներին մեղսագրվող ութ հանցագործություններից միայն մեկի մասին, և հանցավորների փաստացի ներկայանալն ու ինքնախոստովանական ցուցմունքներ տալը կարևոր նշանակություն են ունեցել այդ հանցագործությունների արագ բացահայտման և գործի քննության համար (տե՛ս mutatis mutandis Էդվարդ Ադամյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշման 22-րդ կետը): Այս պայմաններում բողոքի հեղինակի մատնանշած այն հանգամանքը, որ ամբաստանյալները վարույթն իրականացնող մարմնին չեն հայտնել իրենց մասնակցությամբ կատարված և հետագայում բացահայտված ևս մեկ հափշտակության մասին, չի կարող ի չիք դարձնել քննարկվող մեղմացնող հանգամանքների առկայությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող մեղմացնող հանգամանքների վերաբերյալ ստորադաս դատարանները եկել են իրավաչափ հետևության, իսկ բողոքաբերի փաստարկներն այդ մասով անհիմն են:

- անդրադառնալով Կ.Խաչատրյանի և Ն.Միրաքյանի` նախկինում դատապարտված ու արատավորված չլինելու և տուժողների ու նրանց ներկայացուցիչների կողմից բողոքներ չունենալու հանգամանքներին` պետք է նշել, որ ստորադաս դատարաններն այս հանգամանքները չեն դիտել որպես ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ուստի դրանց իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի դատողությունները ևս հիմնազուրկ են:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Կարապետ Խաչիկի Խաչատրյանի և Նարեկ Սերոբի Միրաքյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, հինգ դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Կարապետ Խաչիկի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալ Նարեկ Սերոբի Միրաքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, փոփոխել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

    Ս. Ավետիսյան
    Ե. Դանիելյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան