ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 փետրվարի 2017 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄՔՄՄԿ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՔՄՄԿ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2017 թվականի հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Երևանում:
Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 14 հոդվածներից:
2. Համաձայնագրի նպատակն է սահմանել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (այսուհետ՝ ՄՔՄՄԿ) և նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններն ու անձեռնմխելիությունները Հայաստանի Հանրապետությունում: ՄՔՄՄԿ-ն իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում և աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ տեղական և միջազգային անձնակազմ (հոդվ. 1):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՄՔՄՄԿ-ի միջազգային իրավաբանական անձի կարգավիճակը և իրավունակությունը Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու, տիրապետելու և տնօրինելու, ինչպես նաև դատական հայց ներկայացնելու և որպես պատասխանող հանդես գալու (հոդվ. 2):
4. Եթե սույն Համաձայնագրում այլ բան նախատեսված չէ, բացառապես ՄՔՄՄԿ-ի՝ որպես միջազգային կազմակերպության համար կանոններ ու կանոնակարգեր մշակելու ՄՔՄՄԿ-ի իրավունքով պայմանավորված, ներկայացուցչության ներսում կկիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենքները (հոդվ. 3, կետ 6):
5. Ըստ Համաձայնագրի՝ ներկայացուցչությանը պատկանող կամ նրա կողմից օգտագործվող շենքերը, արխիվը և բոլոր փաստաթղթերն ու նյութերն անձեռնմխելի են (հոդվ. 3, կետ 1): Ներկայացուցչության գույքը և ակտիվներն անձեռնմխելի են և ենթակա չեն վարչական կամ ժամանակավոր դատական սահմանափակումների (հոդվ. 4, կետ 2):
6. Համաձայնագրով նախատեսվում է, որ ներկայացուցչությունն անձեռնմխելիություն կունենա դատական գործընթացներից և հարկադիր կատարման միջոցներից, բացառությամբ՝
ա) այն առանձնահատուկ դեպքերի, երբ ներկայացուցչությունը հստակ կերպով հրաժարվել է անձեռնմխելիությունից,
բ) երրորդ կողմի քաղաքացիական հայցի դեպքում, որը հարուցվել է ներկայացուցչությանը պատկանող կամ նրա անունից շահագործվող շարժիչային փոխադրամիջոցով վթարի հետևանքով առաջացած վնասի կամ շարժիչային փոխադրամիջոցների պահպանումը, շահագործումն ու օգտագործումը կարգավորող կանոնակարգերի խախտման առնչությամբ,
գ) ներկայացուցչության կողմից իր անձնակազմին չվճարված աշխատավարձերի, վարձատրությունների կամ փոխհատուցումների առգրավման դեպքում՝ դատական իշխանությունների որոշման համաձայն (հոդվ. 4, կետ 1):
7. Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության առնչությամբ ներկայացուցչության անձնակազմն օգտվում է արտոնություններից և անձեռնմխելիությունից, մասնավորապես՝ դատական գործընթացների, անձնական և պաշտոնական ուղեբեռի առգրավման, պաշտոնական ուղեբեռի զննման, պաշտոնական բոլոր փաստաթղթերի, տվյալների և այլնի առնչությամբ (հոդվ. 8, կետ 1):
8. Սահմանափակված չլինելով ֆինանսական վերահսկողությամբ, կանոնակարգերով կամ որևէ տեսակի մորաթորիումով` ներկայացուցչությունը կարող է՝ ա) բացել և վարել ցանկացած արժույթով բանկային հաշիվ, բ) թույլատրելի ուղիներով գնել և ստանալ, պահել և տնօրինել ցանկացած արժույթ կամ արժեթուղթ և գ) փոխանցել իր միջոցները, ավանդները կամ արժույթը մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում և փոխարկել իր մոտ եղած արժույթը ցանկացած այլ արժույթի (հոդվ. 5):
9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
- Հայաստանի Հանրապետության պետական հատուկ ծառայությունների աշխատակցի կամ պաշտոնյայի կամ ցանկացած հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձի՝ ներկայացուցչություն մուտք գործելու համար ստանալ ներկայացուցչության ղեկավարի թույլտվությունը (հոդվ. 3, կետ 2),
- Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով պատշաճ կերպով ապահովել, որ ներկայացուցչության անդորրը չխախտվի որևէ անձի կամ անձանց խմբի կողմից, որոնք կփորձեն չարտոնված կերպով մուտք գործել ներկայացուցչության շենքեր (հոդվ. 3, կետ 3),
- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ներկայացուցչությանը տրամադրվեն անհրաժեշտ կոմունալ ծառայություններ (հոդվ. 3, կետ 4),
- ապահովել, որ ներկայացուցչությունը կարողանա առանց գրաքննության կամ այլ միջամտության ուղարկել և ստանալ իր գործունեության հետ կապված հաղորդագրություններ (հոդվ. 3, կետ 5),
- ներկայացուցչության գույքը, տարածքները, եկամուտները և այլ ակտիվներն ազատել հարկման բոլոր տեսակներից (հոդվ. 6, կետ 1),
- ներկայացուցչությանը մատակարարվող ապրանքների և ծառայությունների գներում ներառված անուղղակի հարկերի, վարձակալության և լիզինգի հետ կապված վճարների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններ (հոդվ. 6, կետ 2),
- ներկայացուցչության կողմից ներմուծված կամ արտահանված՝ պաշտոնական գործունեության համար անհրաժեշտ ապրանքները, ներառյալ շարժիչային փոխադրամիջոցները և դրանց պահեստամասերը, ազատել մաքսատուրքերից և այլ վճարներից (բացի պահպանման, տեղափոխման և այդ բնույթի ծառայությունների դիմաց գանձվող վճարներից), ինչպես նաև ներմուծման և արտահանման վրա տարածվող արգելքներից և սահմանափակումներից (հոդվ. 6, կետ 3),
- ներկայացուցչության յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար տրամադրել դիվանագիտական համարանիշ, որով այն կտարբերակվի՝ որպես միջազգային կազմակերպության պաշտոնական փոխադրամիջոց (հոդվ. 6, կետ 5),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ներկայացուցչության անձնակազմին և անձնակազմի անդամների հետ համատեղ բնակվող նրանց ընտանիքի անդամներին տրամադրել նույնականացման քարտեր՝ քարտատիրոջ լուսանկարով (հոդվ. 7, կետ 2) և այլն:
10. Համաձայնագրով նախատեսված են նաև դրույթներ՝ վեճերի կարգավորման (հոդվ. 11), դրանում լրացումներ ու փոփոխություններ կատարելու (հոդվ. 12) և դրա ուժի մեջ մտնելու (հոդվ. 13) կամ գործողության դադարեցման (հոդվ. 14) վերաբերյալ:
11. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
14 փետրվարի 2017 թվականի ՍԴՈ-1346 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|