Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2013.12.12/10(57) Հոդ. 34
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
10.12.2013
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
10.12.2013
Дата вступления в силу
22.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

N 93-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով՝

(նախաբանը փոփ. 14.02.17 N 672-Ն)

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

N 93-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման

 

1. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղերը կազմակերպվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղվող դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ավագանու որոշումներով (այսուհետ` որոշում): Հայցվող ծառայողական ավտոկայանատեղերի հստակ տեղերը, սահմանները և ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ եթե ավտոկայանատեղը պետք է կազմակերպվի զորամասի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքում, ապա նաև համապատասխան մարմինների հետ:

2. Ծառայողական ավտոկայանատեղը կարող է տրամադրվել միայն դիմողին սեփականության իրավունքով պատկանող կամ այլ օրինական հիմքով տիրապետվող և գործունեության իրականացման վայր հանդիսացող շենքին և (կամ) շինությանը (կամ դրա հատվածին) անմիջապես հարակից ճանապարհահատվածի սահմաններում, բայց ոչ պակաս, քան 3 ավտոտրանսպորտային միջոցների (անկախ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման ձևից) կայանման համար սահմանված չափերի սահմաններում։ Ընդ որում.

1) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպիչը կարող է սահմանափակել այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը տվյալ ծառայողական ավտոկայանատեղում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

2) եթե շենքը կամ շինությունը, որին հարակից ճանապարհահատվածում ավտոկայանատեղի կազմակերպում է հայցվում, սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպիչը չի կարող սահմանափակել տվյալ շենքի կամ շինության այլ սեփականատերերի կամ այլ օրինական հիմքով տիրապետողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը տվյալ ծառայողական ավտոկայանատեղում, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է տվյալ շենքում կամ շինությունում որպես սեփականություն գույքային միավորներ ունեցող բոլոր սեփականատերերի և (կամ) այլ օրինական հիմքով տիրապետողների համաձայնությունը:

3. Այլ անձանց, այդ թվում` տվյալ շենքի և (կամ) շինության սեփականատերերի կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ավտոկայանատեղերը կարող են գործել աշխատանքային օրերին, բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպչի գործունեությունից բխում է նրա այլ աշխատանքային ռեժիմը: Յուրաքանչյուր ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը սահմանվում է ավագանու որոշմամբ՝ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի գործունեության աշխատանքային ռեժիմին համապատասխան:

4. Ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման հայցման դիմումում նշվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը կամ անուն, ազգանուն, հայրանունը, կազմակերպման վայրը, կազմակերպման ձևը՝ առանց այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակման, թե այդպիսի սահմանափակմամբ, և վերջին դեպքում՝ կազմակերպչի գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը:

5. Դիմումին կից ներկայացվում են.

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, եթե դիմողն իրավաբանական անձ է,

2) անձնագրի պատճենը՝ եթե դիմողը ֆիզիկական անձ է,

3) ավտոկայանատեղի կազմակերպման տարածքի տեղագրական հանույթը՝ ավտոկայանատեղի կազմակերպման տարածքի սահմանների նշումով,

4) սեփականության իրավունքով պատկանող կամ այլ օրինական հիմքով տիրապետվող այն շենքի կամ շինության կամ դրա մասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որին հարակից տարածքում հայցվում է ավտոկայանատեղի կազմակերպման թույլտվություն,

5) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ շենքի կամ շինության սեփականատերերի համաձայնությունը,

6) համապատասխան չափով տեղական վճարի վճարման անդորրագիրը:

(5-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

6. Ծառայողական ավտոկայանատեղերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, բացառությամբ՝ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով չթույլատրվող գոտիների կամ հատվածների, հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները և ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակահարմարությունը: Ծառայողական ավտոկայանատեղերը կազմակերպվում են որոշման հավելված հանդիսացող հատակագիծ-սխեմային համապատասխան, հետևյալ պայմաններով.

1) երթևեկելի մասերում՝ միայն այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ երկու և ավելի գոտիներով, իսկ այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով՝ ավտոկայանատեղը կազմակերպվում է երթևեկելի մասի տեղային լայնացման հատվածներում («գրպանիկներում»), իսկ միակողմ երթևեկության փողոցներում՝ միայն երկու և ավելի գոտիների առկայության դեպքում, ընդ որում՝

ա. փողոցի երթևեկելի գոտում՝ միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ, ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ՝ պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը և մերձակա տարածքներից ելքերը.

բ. փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացման հատվածներում՝ ավտոտրանսպորտային միջոցների միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխման սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան.

2) հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելիս դրանց սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացվում են երթևեկելի մասից և կանոնակարգվում են դեպի կայանատեղ մուտքի և ելքի հատվածները:

7. Ծառայողական ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը՝

1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ծառայողական ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.

3) ծառայողական ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ 6.4 «Կայանման տեղ», 8.6.1 կամ 8.6.4 կամ 8.6.5 «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ճանապարհային նշաններ, ինչպես նաև «Ծառայողական» ցուցանակ.

5) ծառայողական ավտոկայանատեղի համար մատչելի և տեսանելի վայրերում տեղադրված ցուցանակ, որը պետք է պարունակի ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, այլ անձանց, այդ թվում` տվյալ շենքի և (կամ) շինության սեփականատերերի կամ այլ օրինական հիմքով տիրապետողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը սահմանափակելու կամ չսահմանափակելու մասին տվյալներ, իսկ վերջին դեպքում՝ նաև գրառում այն մասին, որ կայանումն անվճար է: Եթե ծառայողական ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման իրավունքը չի սահմանափակվելու տվյալ շենքի և (կամ) շինության սեփականատերերի կամ այլ օրինական հիմքով տիրապետողների համար, ապա ցուցանակը պետք է նաև դրույթներ պարունակի դրա մասին:

(7-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

8. Սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ցուցանակի դնելու տեղը սահմանվում է հատակագիծ-սխեմայով: Ցուցանակի ձևին, չափին և գույնին ներկայացվող պահանջները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ:

9. Ծառայողական ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան՝ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին։ Ծառայողական ավտոկայանատեղի կահավորանքը և գետնանշումը պարբերաբար ենթակա է թարմացման` մայրաքաղաքի գեղագիտական տեսքը պատշաճ պահպանելու համար:

10. Եթե հայցվել և որոշմամբ թույլատրվել է այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպում, ապա կազմակերպչի կողմից սեփական ուժերով ու օրենսդրությամբ չարգելված միջոցներով կարող են սահմանափակվել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց (ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի հետ գործառութային հարաբերություն չունեցող և տվյալ շենքի և (կամ) շինության սեփականատեր կամ այլ օրինական հիմքով տիրապետող չհանդիսացող) կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն վերջինս իրավունք չունի ծառայողական ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:

11. Ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից չի կարող սահմանափակվել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցի կանգառ կատարելու իրավունքը:

12. Որոշումն ու դրա հավելված հանդիսացող հատակագիծ-սխեման ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ծառայողական ավտոկայանատեղը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով չկահավորելու դեպքում` որոշումը համարվում է ուժը կորցրած։

13. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակով տրամադրվող տարածքի չափերը պետք է համապատասխանեն դիմողի կողմից հայցվող տարածքի սահմաններում և ավտոտեղերի առավելագույն քանակը որոշվում է ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշմամբ մեկ ավտոտեղի համար սահմանված չափերից:

(հավելվածը փոփ. 14.02.17 N 672-Ն)